Cover Image
close this bookՋանփոլադյան Լևոն Միքայելի (1912-1997)
View the documentԼ. Մ. ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԼ. Մ. ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լ. Մ. Ջանփոլադյանը ծնվել է 1912 թ. Երևանում: 1926-1930 թթ. սովորել է Երևանի այգեգործական տեխնիկումում, որն ավարտելուց հետո, 1930-1931 թթ., աշխատել է Անդրկովկասի ջրային տնտեսության հիդրոմելիորատիվ կայանում (ք. Էջմիածին) որպես լաբորանտ: 1931-1936 թթ. սովորել է Մոսկվայի Կ. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի ագրոքիմիական ֆակուլտետում: 1936 թ. ընդունվել է վերոհիշյալ ակադեմիայի ասպիրանտուրա՝ օրգանական քիմիայի գծով: Հիվանդության պատճառով տարեկետում է վերցրել, և 1938-1939 թթ., աշխատել է Երևանի խաղողագինեգործական «Արարատ» տրեստի կենտրոնական լաբորատորիայում որպես վարիչ: 1940-1941 թթ. շարունակել է ուսումնառությունը ասպիրանտուրայում: 1941 թ. համալրել է ԽՄԿԿ շարքերը, ավարտել է ասպիրանտուրան ատենախոսության պաշտպանությամբ և նրան շնորհվել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1941-1943 թթ. ղեկավարել է «Արարատ» տրեստի գիտահետազոտական լաբորատորիան: 1941-1947 թթ., համատեղության կարգով, աշխատել է Երևանի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնում որպես դոցենտ: 1943-1946 թթ. եղել է Հայկ. ՍՍՀ սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսարի տեղակալը, իսկ 1946-1947 թթ. զբաղեցրել է Հայկ. ՍՍՀ սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսարի պաշտոնը: 1947-1952 թթ., արդեն որպես հիմնական աշխատող, աշխատել է Երևանի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնում որպես դոցենտ: 1948-1951 թթ.եղել է Խաղողագործության (այգեգործության) գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտի «Կոնյակի լաբորատորիայի» վարիչը, 1948-1952 թթ.` վերոհիշյալ ինստիտուտի գինեգործության բաժնի վարիչը (համատեղությամբ), իսկ 1951-1994 թթ.՝ «Գինու և կոնյակի տեխնոլոգիայի բաժնի» վարիչը (1951-1962 թթ.՝ հիմնական աշխատանք, 1963-1984 թթ.՝ համատեղությամբ, 1984-1994 թթ.՝ հիմնական աշխատանք):
1955-1958 թթ. եղել է Սննդի արդյունաբերության գիտատեխնիկական ընկերությունների հանրապետական վարչության ընտրված նախագահը: Լինելով ՀԽՍՀ գիտատեխնիկական ընկերությունների պատվավոր անդամ, 1958 թ. ընտրվել է ՀԽՍՀ գիտատեխնիկական ընկերությունների հանրապետական խորհրդի նախագահ: 1962 թ. ընտրվել է Գիտատեխնիկական ընկերությունների համամիութենական խորհրդի պլենումի անդամ: 1963-1965 թթ. զբաղեցրել է Հայկ. ԽՍՀ նախարարների խորհրդի գիտատեխնիկական աշխատանքների կոորդինացման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:1964 թ. ընտրվել է ՀԱՄԽ պլենումի անդամ: 1965 թ. ընտրվել է Գյուտ. և ռաց. հանրապետական խորհրդի պլենումի անդամ և ՀԽՍՀ սննդի արդյունաբերության փոխնախարար:
1966 թ. Լ. Մ. Ջանփոլադյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1967 թ.՝պրոֆեսորի գիտական կոչում «Գինու և կոնյակի տեխնոլոգիա» մասնագիտությամբ, ինչպես նաև, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի կոչում: 1971 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ «Գյուղատնտեսական գիտություններ» մասնագիտության գծով:
1994 -1997 թթ. եղել է Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտի «Գինու և կոնյակի տեխնոլոգիայի բաժնի» վարիչը:
Լ. Մ. Ջանփոլադյանը բազմաթիվ գիտական աշխատանքների և գյուտերի հեղինակ է: Նրա հիմնական աշխատանքներն ուղղված են գինու, կոնյակի քիմիայի հետազոտություններին, խաղողի վերամշակման տեխնոլոգիական պրոցեսների մշակման, կատարելագործման, խաղողի՝ որպես գինու հումքի, որակի բարձրացման հարցերին: Բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել գինու որակի վրա պարարտանյութերի ազդեցության ուղղությամբ, մշակել է խաղողի վազի պարարտացման տարբերակված համակարգ, առաջարկել է գինու և կոնյակի որակի բարձրացման հետ կապված խաղողի մշակման եղանակներ, որոնք կիրառվել են արտադրությունում:
Լ. Մ. Ջանփոլադյանի տեսական և կիրառական հետազոտությունները մեծ ճանաչում են բերել նրան Հայաստանում և արտասահմանում: Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտի գինու և կոնյակի տեխնոլոգիայի բաժնում նրա ղեկավարությամբ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, որոնց արդյունքները հրապարակվել են ամսագրերում, մենագրություններում, հեղինակային վկայականների ձևով, իսկ ներդրումը արտադրության մեջ՝ տնտեսական բարձր արդյունավետությամբ, հանրապետությանը տվել է հսկայական եկամուտներ:
Բազմաթիվ աշխատանքներ են տարվել կապված՝ խաղողի վերամշակման և գինու նոր՝ գազացված, արոմատացված թնդեցված տեսակների ստացման հետ /117, 119, 134/ (փակագծերում նշված են թղթակից անդամ ընտրվելուց հետո կատարված հետազոտությունները ըստ 3.3 ձևի):
Լ. Մ. Ջանփոլադյանի կողմից մշակվել են խաղողն անընդհատ հոսքով թառամեցնելու եղանակով կիսաքաղցր և թնդեցրած գինիներ ստանալու տեխնոլոգիաներ /104, 109, 110, 131, 149/, գինիների կայունացման եղանակներ՝ ֆլոկուլյանտներով, ուլտրաձայնով, և նոր տեխնոլոգիաներ /90, 127, 128, 161, 162/, խաղողի վերամշակման թափոնները օգտագործելու միջոցներ /108/, ոչ ալկոհոլային խմիչքների կայունացման ձևեր /118, 119, 120/:
Նախագծվել է շիթային ռեակտոր՝ գինիների մշակման և գինեթթվակիր ստանալու համար /93, 94,153, 156/:
Լ. Մ. Ջանփոլադյանի ղեկավարությամբ լայն հետազոտություններ են կատարվել կոնյակի արտադրության պրոցեսների ուսումնասիրության ուղղությամբ: Քիմիական փոփոխությունների հետազոտությունները հրապարակվել են մամուլում, զեկուցվել են կոնֆերանսներում /98, 100, 101, 102, 121, 122, 124, 126/: Լ. Մ. Ջանփոլադյանի կողմից կատարելագործվել է կոնյակի սպիրտի հնեցման տեխնոլոգիան, մշակվել և ներդրվել է կոնյակի սպիրտը բաբախող հոսքով հնեցնելու եղանակը /99, 104, 106, 107, 123, 125, 132, 147, 149, 157, 158/: Հիմնավորվել և հրապարակվել են կոնյակի քիմիայի և տեխնոլոգիայի հիմնական դրույթները /101, 11, 115, 129, 130, 143, 144/:
Լ. Մ. Ջանփոլադյանը հրապարակել է հետազոտություններ, առաջարկություններ գինու, կոնյակի պատմության, էկոնոմիկայի շուրջ /110, 133, 135, 138, 139, 140, 141, 142/, պեղումների, հնագույն ձեռագրերի, արխիվային նյութերի և գրական աղբյուրների հիման վրա հանգամանալից աշխատել է Հայաստանի գինեգործության և կոնյակագործության պատմության վրա՝ ինստիտուտում խաղողի, գինու թանգարան գինեդարանի թեմայով:
Լ. Մ. Ջանփոլադյանի գիտահետազոտական աշխատանքները մեծապես նպաստել են գինու և կոնյակի քիմիայի ավելի խոր հիմնավորմանը, նոր տեխնոլոգիական պրոցեսների մշակմանը, կատարելագործմանը: Նա է կազմել Հայաստանի միկրոգոտիավորման քարտեզը ըստ գինիների տեսակների:
Լ. Մ. Ջանփոլադյանը արժանացել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի Պատվոգրի 1961, 1972, 1982 և 1984 թթ., 1972 թթ.՝ «Աշխատանքային արիության համար» մեդալի, 1967 թ.՝ «Պատվո նշան» շքանշանի, 1970 թ.՝ Վ. Ի. Լենինի 100-ամյակի մեդալի, 1971 թ.՝ «Աշխատանքային Կարմիր դրոշ» շքանշանի, 1975 թ.՝ «Աշխատանքի վետերան» մեդալի, 1985 թ.՝ Էջմիածնի գործադիր կոմիտեի Պատվոգրի:
1958 թ. Լ. Մ. Ջանփոլադյանը եղել է Հունգարիայում (աշխատանքային գործուղում), 1961 թ.՝ Բուլղարիայում (դելեգացիայի հետ), 1963 թ.՝ Լեհաստանում (դելեգացիայի հետ), 1965 թ.՝ Ֆրանսիայում (գիտական տուրիզմ), 1969 թ.՝ Ֆրանսիայում (աշխատանքային գործուղում), 1969 թ.՝ Ռումինիայում՝ (դելեգացիայի հետ):
Լ. Մ. Ջանփոլադյանը հանդիսացել է Խաղողագործության (այգեգործության), գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտի, Էկոնոմիկայի ինստիտուտի, Տեխնիկական ինֆորմացիայի ինստիտուտի, Գյուղատնտեսության նախարարության գիտական խորհուրդների անդամ, «Виноделие и виноградарство СССР» և «Наука и жизнь» ամսագրերի խմբ. անդամ, ակտիվորեն մասնակցել է Խաղողագործության և գինեգործության միջազգային կոնգրեսների և մրցույթների Բուդապեշտում, Թբիլիսիում, Յալթայում, Գինու և կոնյակի համամիութենական կոնֆերանսների, եղել է Կոնյակի՝ 1957 և 1968 թթ. համամիութենական կոնֆերանսների կազմակերպիչը և Հայաստանում հասարակական ասպիրանտուրայի հիմնադիրներից մեկը:
Լ. Մ. Ջանփոլադյանը մեծ ավանդ ունի գիտական կադրերի պատրաստման գործում: Նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք դոկտորական և թեկնածուական թեզեր, բազմիցս եղել է թեզերի պաշտպանության ընդդիմախոս: 6 տարի դասավանդել է Երևանի պետական համալսարանում:
Լ. Մ. Ջանփոլադյանը եղել է ԽՍՀՄ գինեգործության առաջատար մասնագետներից մեկը: Նա հաջողությամբ համատեղել է գիտական գործունեությունը գիտության ձեռքբերումները արտադրության մեջ ներդնելու հետ: Նրա ակտիվ մասնակցությամբ սննդի արդյունաբերությունում իրականացվել է արտադրության տեխնիկական վերազինում, արտադրանքի նոր տեսակների յուրացում, նոր ձեռնարկությունների՝ հատկապես գինու և կոնյակի գործարանների կառուցում Հայաստանում: Նրա աշխատանքները մեծապես նպաստել են գինեգործության և կոնյակի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների կատարելագործմանը, գինու և կոնյակի որակի բարելավմանը, նոր արտադրատեսակների ստեղծմանը: