Cover Image
close this bookԱվագյան Գրիգոր Երեմի (1928-2005)
View the documentԳ. Ե. ԱՎԱԳՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԳ. Ե. ԱՎԱԳՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գրիգոր Երեմի Ավագյանը ծնվել է 1928 թ. սեպտեմբերի 23-ին Գրոզնի քաղաքում, դարբնի ընտանիքում։

1936 թ. տեղափոխվել են Ադրբեջանական ԽՍՀ։

1947 թ. ընդունվել և 1952 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը։ Ուսանողական տարիների ընտրվել է համալսարանի արհմկոմի նախագահի տեղակալ։ 1951 թ. ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։

Համալսարանն ավարտելուց հետո Գրիգոր Երեմի Ավագյանը 1952-1958 թթ. աշխատել է Երևանի դպրոցներում (№12, 32, 85) որպես աշխարհագրության ուսուցիչ։ 1958 թ. մրցույթով աշխատանքի է անցել Մանկավարժական գիտությունների գ/հ ինստիտուտում։ 1962թ. մրցույթով ընդունվել է աշխատանքի Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում։ 1962-1973 թթ․ զբաղեցրել է դոցենտի, ապա՝ պրոֆեսորի պաշտոններ։ 1976 թ. ընդունվել է աշխատանքի՝ նորաստեղծ Ժողտնտ. Ինստիտուտ և զբաղեցրել է «աշխարհագրության» ամբիոնի վարիչի պաշտոնը։ Միաժամանակ «Լեռնային շրջանների տնտեսական և սոցիալական հետազոտությունների» լաբորատորիայի գիտական ղեկավարն է եղել։

Թեկնածուական թեզը պաշտպանել է 1961 թ., դոկտորականը՝ 1971 թ.։

Պրոֆեսոր Գ.Ե. Ավագյանը ճանաչված մասնագետ է սոցիալական, տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության տեսության բնագավառում։ Հեղինակ է ավելի քան 170 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 10 մենագրության, 7 գրքույկի, 4 բուհական ձեռնարկի, միջնակարգ դպրոցի համար 23 դասագրքերի, մեթոդական ձեռնարկների։ Նրա աշխատությունները ծանրակշիռ ներդրում են աշխարհագրական գիտության զարգացման մեջ։ Գ. Ե. Ավագյանը մեծ ծառայություն ունի մեր հանրապետության լեռնային շրջանների զարգացման և մանր գյուղատնտեսական բնակավայրերի ամրապնդման, վերացված գյուղերի վերականգնման տնտեսական, ժողովրդագրական և սոցիալական պրոբլեմների հետազոտության գործում։

Գ. Ե. Ավագյանը բազմիցս զեկուցել է ինչպես միութենական, այնպես էլ միջազգային կոնֆերանսներում՝ արժանանալով մասնագետների բարձր գնահատականին։

Այդպիսի գնահատականը հիմք է ծառայել, որ լաբորատորիան ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» (ՄԱԲ) ծրագրի «Մարդու ազդեցությունը լեռնային էկոսիստեմների վրա» նախագծի մշակման աշխատանքում։

Գիտատեսական և կիրառական կարևոր նշանակություն ունեն «լեռնային տերիտորիաներ» հասկացության նրա սահմանումը, դրանց առանձնացման համար նրա մշակած չափանիշներն ու սկզբունքները, որոնք անմիջապես գրավեցին խորհրդային և արտասահմանյան մասնագետներին։ Նրա ուշադրության կենտրոնում էր մեր հանրապետության բնատնտեսական առանձնահատկություններին համապատասխան՝ տնտեսական հատուկ քաղաքականություն մշակելու խնդիրների վրա։

Մեծ է նրա ավանդը նաև թեմատիկ քարտեզագրության բնագավառում, հատկապես Հայկական ԽՍՀ-ի տնտեսական և սոցիալական խոշորամասշտաբ (1։200.000) քարտեզների ստեղծման գործում։ Նա ակտիվորեն մասնակցել է երկրաշարժի գոտու վերականգնման աշխատանքներին։ Կազմել է աղետի գոտու քարտեզներ և ատլասներ, որոնք այժմ էլ ունեն գործնական նշանակություն։

Պրոֆեսոր Գ. Ե. Ավագյանի հիմնարար հետազոտությունները ճանաչում են ստացել մասնագետների շրջանում։ Գ. Ե. Ավագյանի, ինչպես նաև նրա գլխավորած աշխատակազմի հետազոտություններն աշխարհագրական գիտությունը հարստացրել են նոր նվաճումներով։

Նրա ղեկավարությամբ կազմակերպվել է լեռնային տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման առաջատար գիտական պրոբլեմների կոլեկտիվ մշակումը, պատրաստվել են բարձր որակավորման կադրեր։ Գ. Ե. Ավագյանը եղել է հանրապետության լեռնային շրջանների տնտեսական և սոցիալական հետազոտության լաբորատորիայի գիտական ղեկավարը։

Գ. Ե. Ավագյանը կուսակցական և դիրեկտիվ մարմիններին ներկայացրել է գիտական զեկուցագրեր՝ հանրապետության ժողտնտեսության զարգացման կարևոր խնդիրների վերաբերյալ։

Կարելի է անվերապահորեն հաստատել, որ պրոֆեսոր Գ. Ե. Ավագյանն իր գիտական գործունեության որոշակի նպատակաուղղվածությամբ և ձեռք բերված արդյունքներով փաստորեն հիմնադրել է լեռնային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պրոբլեմների համակողմանի հետազոտության գիտական իր դպրոցը՝ պատրաստելով միաժամանակ բարձր որակավորման կադրեր (10-ից ավելի գիտության թեկնածուներ)։

Պրոֆեսոր Գ. Ե. Ավագյանը ակտիվորեն մասնակցել է հասարակական աշխատանքներին։ Ընտրվել է աշխարհագրական ֆակուլտետի կուսբյուրոյի առաջին քարտուղար և համալսարանի կուսկոմի անդամ։ Նա ԽՍՀՄ և ՄՄԿ մինիստրությանն առընթեր բարձրագույն աշխարհագրական կրթության գիտամեթոդական խորհրդի նախագահության տնտեսաշխարհագրական սեկցիայի անդամ էր, աղետի գոտու և էկոլոգիական կառավարման հանձնաժողովի անդամ էր, ակտիվորեն մասնակցել է հանրապետությունը տնտեսական ինքնուրույն քաղաքականության անցնելու սկզբունքների և պլաննների մշակմանը։ ՀԽՍՀ պետպլանի աշխատուժի օգտագործման փորձագիտական հանձնաժողովի անդամ էր։ ՀԽՍՀ ԳԱ նախագահությանն առընթեր կոորդինացիոն խորհրդի նախագահի տեղակալ էր, տնտեսական աշխարհագրության միջբուհական ժողովածուի գլխավոր խմբագիրն էր և այլն։ Նա մեծ հեղինակություն էր վայելում ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի շրջանում։