Cover Image
aizvērt šo grāmatuԳուրզադյան Գրիգոր Արամի (1922-2014)
Skatīt dokumentuԳ. Ա. ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԳ. Ա. ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գրիգոր Արամի Գուրզադյանը ծնվել է 1922 թ. հոկտեմբերի 15-ին Բաղդադում /Իրաք/: Գուրզադյան ընտանիքը 1924 թ. հայրենադարձվում է ` հաստատվելով Հայաստանում` Երևանում, հայրենիքում էլ ձևավորվում է ապագա գիտնականի` գիտության, հասարակության հանդեպ զգոն, ակտիվ վերաբերմունքը, հետաքրքրությունների անսպառ պաշարը, մտահորիզոնի խորությունը, աշխարհայացքի համոզվածականությունն ու համապատասխանությունը կյանքի ու գիտության զարգացման ընթացքին:

1944 թվականին Գրիգոր Գուրզադյանն ավարտում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի երկու ֆակուլտետները միաժամանակ` ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի և ինժեներ-շինարարի որակավորում:

1943 թ. Հայաստանում արդեն հիմնադրվել էր Գիտությունների ակադեմիան, և Լենինգրադից Հայաստան էր տեղափոխվել հայտնի աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը. Նա ընտրվել էր նորաստեղծ ակադեմիայի փոխպրեզիդենտ և աշխատում էր ստեղծել ֆիզիկամաթեմատիկական և աստղագիտական գիտությունների հետազոտություններով զբաղվելու ընդունակ երիտասարդ գիտաշխատողների աշխատախումբ: Գ. Գուրզադյանին հրապուրում էր աստղաֆիզիկան, և շուտով նա դառնում է Վիկտոր Համբարձումյանի ասպիրանտը` 1946 թ. ընդգրկվելով Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր աշխատակիցների կազմում` ամբողջապես նվիրվելով աստղաֆիզիկային:

Նրա գիտական հետազոտությունների առաջին բնագավառը դարձավ մոլորակաձև միգամածությունների ուսումնասիրությունը` հետաքրքիր մի բնագավառ աստղաֆիզիկայում. միգամածությունների այդ դասը գազային միջավայրում ճառագայթման տեղափոխման, ինչպես նաև դրա հետևանքով այդ միջավայրի դինամիկային վերաբերող խնդիրների ուսումնասիրման համար լայն տիրույթ էր բացում: Գ. Գուրզադյանը իր հետազոտությունների և ուրիշ հեղինակների հրապարակած տվյալների ու տեսական ընդհանրացումների հիման վրա տարիներ անց հրատարակեց «Մոլորակաձև միգամածությունների դինամիկան» / 1954 / և «Մոլորակաձև միգամածություններ» /1962,1970 / մենագրությունները, որոնք դարձան աստղագետների տարբեր սերունդների կողմից փնտրվող տեղեկատուներ: Այս բնագավառում ստացած արդյունքներն էլ հիմք դարձան նրա դոկտորական ատենախոսության համար: 1955 թ. Լենինգրադի համալսարանում կայացավ նրա ատենախոսության հրապարակային պաշտպանությունը:

Որպես տեսաբան աստղաֆիզիկոս` պրոֆեսոր Գուրզադյանը դեռ 1960-ական թվականներին էր կանխատեսել մագնիսական դաշտի առկայությունը մոլորակաձև միգամածություններում, ինչը դիտումների միջոցով հայտնաբերվեց և հաստատվեց միայն վերջերս` 2005 թվականին : Գուրզադյան-տեսաբանի այլ աշխատանքներ նվիրված են բռնկվող աստղերին, միջաստղային նյութին, կրկնակի աստղերին, կրկնակի աստղակույտերի դինամիկային:

1960-ական թվականներին Գուրզադյանն սկսեց ակտիվորեն զբաղվել արտամթնոլորտային դիտումների համար նախատեսված աստղադիտարանների ստեղծմամբ, որոնք հրթիռներով պետք է հանվեին մթնոլորտի խիտ շերտերից դուրս և թույլ տային դիտել տիեզերական օբյեկտների ճառագայթումը կարճալիք տիրույթում: Հետազոտողների այդ շարքի առաջին օբյեկտը, բնականաբար, Արեգակն էր, քանի որ սեփական ճառագայթումով օժտված մյուս մարմինների թվում այն ամենամերձավորն էր, այդ պատճառով էլ կարճալիք տիրույթում առավել դյուրին գրանցվողը:

Հետազոտությունների այս ոլորտը հանրապետությունում զարգացնելու նպատակով Գ. Գուրզադյանի ղեկավարությամբ նախ ստեղծվեց Բյուրականի աստղադիտարանի մասնաճյուղը, ապա` Գառնիի տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որը հետագայում վերակազմավորվեց Տիեզերական հետազոտությունների Գառնիի ինստիտուտի:

Տիեզերագնացության արագ զարգացմանը զուգընթաց` գերտերությունները` ԱՄՆ-ը և ՍՍՀՄ-ը, սկսեցին լուրջ ուշադրություն դարձնել նաև երկրաշուրջ ուղեծրում աստղադիտարաններ ստեղծելու խնդրին: Ի տարբերություն հրթիռային դիտումների` ուղեծրային աստղադիտարանները կարող էին տևական դիտումներ իրականացնել և դրա շնորհիվ շատ ավելի ծավալուն ու որակյալ աստղագիտական ինֆորմացիա ընձեռել: Խորհրդային Միության նախագիծը հաջողվածն էր, հեղինակը` 1965 թվականից ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Գրիգոր Գուրզադյանը, որի ղեկավարած կոնստրուկտորային բյուրոյի ստեղծած «Օրիոն 1» և «Օրիոն 2» ուղեծրային աստղադիտակները այդ ասպարեզի առաջնեկներից էին: «Օրիոն 1-ը» տեղադրված էր «Սալյուտ» ուղեծրային կայանի վրա, որի միջոցով հնարավոր եղավ Ստանալ պայածառ աստղերի կարճալիք սպեկտրներ, որոնց վերաբերյալ միջազգային հեղինակավոր հանդեսների հաղորդումները մեծ ուշադրության արժանացան: «Օրիոն 2» աստղադիտակը տեղակայվեց «Սոյուզ 13» տիեզերանավում, որն արձակվեց 1973 թ.: «Օրիոն 2-ի» դիտողական հնարավորությունները անհամեմատ ավելի մեծ էին. այն թույլ էր տալիս ստանալ մինչև 13-րդ աստղային մեծության հազարավոր աստղերի կարճալիք սպեկտրները: Ստացվեցին նաև մոլորակաձև միգամածությունների սպեկտրներ` նոր տիրույթում: Այդ դիտարկումների շնորհիվ հնարավոր եղավ քանակական տվյալներ ստանալ ջրածնի ռեզոնանսային Լայման-ալֆա գծում երկֆոտոն ճառագայթման վերաբերյալ, ինչը հաստատում էր մոլորակաձև միգամածությունների անընդհատ սպեկտրի առաջացման այդ կարևոր մեխանիզմի առկայությունը: «Օրիոն 2-ի» հնարավորությունները 200 անգամ գերազանցում էին /ավելի թույլ աստղեր գրանցելով/ միաժամանակ ուղեծրում գտնվող ամերիկյան «Սկայլեբ» կայանի հնարավորությունները:

Պրոֆեսոր Գրիգոր Գուրզադյանը 1986 թ. ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս: Գիտությանը անմնացորդ նվիրված եռանդուն, լայնախոհ ու բեղմնավոր գիտնականը մեծ ավանդ ունի նաև երիտասարդ գիտական կադրերի պատրաստման և նրատակին ուղղորդելու շնորհակալ գործում: Նրա աստղագետ ուսանողները, ովքեր ժամանակի ընթացքում դարձան այդ բնագավառի ճանաչված մասնագետներ, չեն մոռանում «Տեսական աստղաֆիզիկա» և «Երկնային մեխանիկա» դասընթացներում նրա կարդացած դասախոսությունները, որոնք ոչ միայն ինֆորմատիվ էին, այլև զարմանալիորեն հրապուրիչ` չնայած գրատախտակաչափ բանաձևերի առատությանը:

Ակադեմիկոս Գ.Գուրզադյանի գիտական մենագրությունները, որոնք նվիրված են ժամանակակից տիեզերագիտության տարբեր բնագավառներին, աչքի են ընկնում մատուցվող նյութի տեղեկատվական բազմազանությամբ ու գրավիչ լեզվով: Դրանք թարգմանվել ու հրատարակվել են ռուսերենով ու անգլերենով:

Գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը լայն հասարակությանը քաջ հայտնի է նաև իր բարձրարվեստ էսսեներով, որոնք նվիրված են ինչպես գիտությանը, այնպես էլ արվեստին:

Հիասքանչ է Գրիգոր Գուրզադյանի հետաքրքրությունների մեկ այլ տիրույթը ևս` գեղանկարչությունը, որտեղ նա գույների լեզվով արտահայտում է այն ամենը, ինչը անհնար է արտահայտել բանաձևերի, գրաֆիկների ու բառերի միջոցով:

2019 թվականի մարտի 19-ին Երևանի պետական համալսարանի մուտքի ճեմասրահում հադիսավոր բացվել է Գուրզադյանի կիսանդրին։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իր ելույթում նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է, որ Գրիգոր Գուրզադյանի նման անձնավորության կիսանդրին այսօր զարդարում է Երևանի պետական համալսարանի այս ճեմասրահը»: