Cover Image
aizvērt šo grāmatuՏերտերյան Արսեն Հարությունի (1882-1953)
Skatīt dokumentuԱ. Հ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱ. Հ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայ գրականագիտության զարգացման ճանապարհին և բարձրագույն կրթության ասպարեզում ակադեմիկոս Արսեն Հարությունի Տերտերյանը բացառիկ դեր է խաղացել:
Նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շուշիքենդ գյուղում / Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաք/, 1882 թվականի դեկտեմբերի 22-ին: Նախնական կրթությունը նա ստացել է գյուղի ծխական դպրոցում, ավարտելով դպրոցը` ընդունվել է Շուշիի հոգևոր սեմինարիան, այնուհետև` Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Մեծ հաջողությամբ ավարտելով ճեմարանը` Ա. Տերտերյանը 1905-1907 թթ. Շուշիի հոգևոր սեմինարիայում և 1909-1920 թթ. Երևանի թեմական դպրոցում դասավանդում է գրականության պատմություն և գրականության տեսություն: 1907-1909 թթ. նա մեկնում է Պետերբուրգ, ընդունվում հոգենյարդաբանական ինստիտուտ, բայց հիվանդության պատճառով ընդհատում է ուսումնառությունը, վերադառնում է Հայաստան և շարունակում մանկավարժական աշխատանքը:
1920 թ. վերջերից Ա. Տերտերյանը Երևանի համալսարանում հայ գրականություն է դասավանդում, իսկ 1929 թվականից նա նշանակվում է հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ:
Արսեն Տերտերյանի անվան հետ են կապված համալսարանական գրական կյանքի ավելի քան երեսուն տարիները: Օժտված լինելով ստեղծագործական եռանդով, կյանքի ու գրականության ներքին կապի խոր և նուրբ զգացողությամբ` նա կարողացել է ստեղծել լուրջ գրականագիտական դպրոց, մշակել գրական ճաշակ ու աշխարհայացք:
Գրականագետի առաջին գրքերում նկատելի են թեմատիկ սահմանափակումները, կերպարների նույնականացումը, գրական ժանրերի խիստ տարաբաժանումը, քաղաքացիական պաթոսի օտարումը քնարերգությունից և այլն: Միաժամանակ, Ա. Տերտերյանը նպատակասլաց կռիվ է մղում պահպանողական և լիբերալ քննադատության որոշ սահմանափակումների դեմ, հակադրվում արվեստի յուրահատկության անտեսման փաստերին և զուտ հրապարակախոսության դիրքերից ժամանակի իսկական արվեստագետներին նսեմացնելու երևույթներին: Տեսական լայն հետաքրքրություններ ունեցող գրականագետը աչքի է ընկնում իբրև քննադատ, ստեղծում է հրաշալի էջեր Դուրյանի, Մեծարենցի, Տերյանի քնարերգության, Նար-Դոսի երկերի հոգեբանական տարերքի, Մուրացանի ռոմանտիզմի, Թումանյանի պոեզիայի փիլիսոփայական շերտերի մասին, տեսնում նոր շրջանի գրողների առաջընթացը` հրապարակախոսությունից դեպի տիպականացումը և հոգեբանական քննությունը:
Արսեն Տերտերյանը հայ դեմոկրատական գրական երիտասարդության ակնառու դեմքերից էր: Այդ սերնդի մարդիկ լավ էին հասկանում, որ ազգային կյանքը չի կարող մնալ հին շրջանակների մեջ, այն մշտապես զարգացում է ապրում: Տերտերյանն իր մեջ հիանալիորեն զուգակցում էր տեսաբանի, քննադատի և գրականության պատմաբանի ձիրքերը, հետագայում իր ստեղծագործական կյանքի մի նշանակալից մասը նվիրում է հայ գրականության գիտական պատմության ստեղծմանը: Դժվար որոնումները ու տենդագին աշխատանքը նրան տանում են դեպի ճշմարիտ գիտություն: Արտասովոր ոգևորությամբ և շիկացումով նա գրում է իր լավագույն երկերը: Լույս են տեսնում «Միքայել Նալբանդյանի էսթետիկան», «Հակոբ Պարոնյանի գեղագիտական հայացքները» իրենց տեսակի մեջ շատ կարևոր երկերը: Տերտերյանի երկերում ուրվագծվում են նաև հայկական ռոմանտիզմի պատմությունը և պատմավեպի անցած ճանապարհը: Այդ բնագավառում առանձնապես էական դեր խաղաց «Աբովյանի ստեղծագործությունը» արժեքավոր աշխատությունը: Տերտերյանը խորությամբ բնութագրում է Աբովյանի դարաշրջանը, գրական-քաղաքական մթնոլորտը և գրողի դեմոկրատական հայացքների կենսական ակունքները:
Արսեն Տերտերյանի գիտական և մանկավարժական վաստակը բարձր է գնահատվել. 1940 թ. առանց ատենախոսության պաշտպանության նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: 1943 թ. նա ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ հիմնադիր անդամների կազմում:
Գրականագետի ստեղծագործական հայտնագործումները նոր ուժով են շարունակվում Հայրենական պատերազմի տարիներին: Նա բացահայտում է հայ գրականության հայրենասիրական հզոր ոգին: «Ալիշանը և հայրենասիրությունը», «Հայրենասեր կինը Ծերենցի վեպերում», «Սունդուկյանը և ժողովուրդների բարեկամությունը», «Թումանյանի հայրենասիրական պոեզիան», երկեր, որոնք ապացույցն են գրականագետի քաղաքացիական բարձր ոգու: Այս երկերում Տերտերյանը նորովի է գնահատում արևելահայ և արևմտահայ գրականության հարուստ բովանդակությունը: Նա ուներ գրական երևույթների և փաստերի խոր իմացություն, հրաշալի գիտեր հայ գրականության երկու հատվածների պատմական ընթացքը, օժտված էր արտասովոր հիշողությամբ և փաստերը զուգորդելու մեծ կարողությամբ: Այս ամենի շնորհիվ նա ստեղծում էր հայ նոր գրականության զարգացման համայնապատկերը, հավասար ուշադրությամբ քննում երկու հատվածների նշանակալից երկերը:
Մերժելով բոլոր տեսակի չափազանցություններն ու ձախությունները` տաղանդավոր գրականագետը պատմական ընթացքի լույսի տակ գնահատում է Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի, Գրիգոր Զոհրապի, Ղևոնդ Ալիշանի, Ծերենցի երկերը, համալսարանում ևս ստեղծում է և մեծ հաջողությամբ կարդում «19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արևմտահայ գրականության» դասընթացը:
Շատ կարևոր էին նաև հետպատերազմյան շրջանում գրված մի շարք աշխատություններ` նվիրված հայ խոշոր ռեալիստների ստեղծագործությանը: Նկատի ունենք «Շիրվանզադեի տիպերի հանրագիտարանը», «Պերճ Պռոշյան» ծավալուն երկերը և «Զոհրապի արվեստը» աշխատությունը, Նար-Դոսին նվիրված ուշագրավ գործերը: Այսպիսով` Ա. Տերտերյանը վիթխարի աշխատանք է կատարել ոչ միայն հայ ռոմանտիզմի, երգիծանքի և գեղագիտության, այլ նաև ռեալիզմի գիտական պատմության ստեղծման ճանապարհին: Նա քննել է ռեալիզմի թեմատիկ հարստությունը, տիպական արվեստը, հոգեբանական և հասարակական տարերքը, պոետիկան, ազգային և համաշխարհային չափանիշները:
Խոշոր ռեալիստների գործերը քննելիս` նա հերքել է ռեալիզմի հոգեբանական արժեքը թերագնահատելու հին ու նոր միտումները, ցույց է տվել այդ ուղղության ուղղորդող ազդեցությունը մարդու ներաշխարհի և իդեալներն արտացոլելու ասպարեզում:
Տերտերյանը հիմք է դրել նաև գրական առնչությունների, ժողովուրդների գրական-մշակութային կապերի պատմությանը: Պատերազմի տարիներին լույս տեսան «Վալերի Բրյուսովը և հայ կուլտուրան», «Ռուս մեծ առակախոս բանաստեղծը», «Կռիլովը հայ գրականության մեջ» աշխատությունները: Պատերազմից հետո նա հրատարակեց «Վ.Գ. Բելինսկին և հայ գրականությունը» ուսումնասիրությունը և «Վ.Գ. Բելինսկի» ծավալուն մենագրությունը:
Արսեն Տերտերյանը հարստացնում և ամբողջացնում էր իր մեծ ժառանգությունը:
Երախտագետ աշակերտների և հետնորդների համար Արսեն Տերտերյանը մնում է որպես խոշոր գիտնական ու բարոյական մեծություն, որպես մարդ` անբասիր ու անաղարտ: