Cover Image
close this bookՋահուկյան Գևորգ Բեգլարի (1920-2005)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ.Բ.ՋԱՀՈՒԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Բ. ՋԱՀՈՒԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Բեգլարի Ջահուկյանը ծնվել է 1920թ. ապրիլի 1-ին Կալինինոյի շրջանի Շահնազար (ներկայումս՝ Տաշիրի շրջանի Մեծավան) գյուղում։ 1937թ. ավարտել է Երևանի Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1941թ՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Բանակում ծառայելուց և մոտ մեկ տարի Հրազդանի միջնակարգ դպրոցում ուսուցիչ աշխատելուց հետո Գ. Ջահուկյանը 1944թ. տեղափոխվում է Երևան՝ ուսումնառությունը համալսարանի ասպիրանտուրայում շարունակելու համար։ Նրա գիտական ղեկավարն է դառնում մեծ հայագետ Հ. Աճառյանը։ 1947թ. Գ. Ջահուկյանը հաջողությամբ պաշտպանում է «Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում» ատենախոսությունը և ստանում բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ «18-19-րդ դդ.հայ լեզվաբանական միտքը և աշխարհա-բարի հարցերը» ատենախոսության համար 1955թ. նրան շնորհվում է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1949թ. ստանում է դոցենտի, իսկ 1958թ.՝ պրոֆեսորի կոչում։
Գ. Ջահուկյանի դասախոսական աշխատանքն սկսվել է 1945թվականից, Երևանի պետական համալսարանում, և շարունակվել մինչև կյանքի վերջ։ Այդ ժամանակամիջոցում նա դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, գրաբար, լատիներեն, լեզվաբանության պատմություն, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն և այլ առարկաներ։ 1948-1956թթ. Ջահուկյանը ղեկավարել է Երևանի համալսարանի օտար լեզուների, իսկ 1957-1970թթ.՝ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնը։
Նշանավոր լեզվաբանի գիտական գործունեության նոր և կարևոր փուլը սկսվում է 1962թ., երբ նա նշանակվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն։ Այստեղ է, որ նա իր գիտելիքները, փորձը և գիտության կազմակերպչի ձիրքը ի սպաս է դնում լեզվաբանության տարբեր բնագավառների հետագա զարգացմանը։ Գ. Ջահուկյանի ղեկավարությամբ մշակվում են ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները, կենտրոնացվում են ուժերը կարևորագույն հայագիտական և ընդհանուր լեզվաբանական թեմաների վրա, պատրաստվում են բարձրորակ գիտական կադրեր։
Գիտական և մանկավարժական աշխատանքը Գ. Ջահուկյանը զուգակցել է հասարակական ակտիվ գործունեության հետ։ Երկար տարիներ նա անփոփոխ գլխավորել է լեզվի ինստիտուտին կից̀ գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը, կատարել է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի փոխնախագահի պարտականությունները, գործուն մասնակցություն է ունեցել բարձրագույն կրթության և լուսավորության նախարարությունների մեթոդական խորհուրդների աշխատանքներին, դասախոսություններով, հանդիպումներով և զրույցներով մեծ նպաստ բերել դասախոսների և ուսանողների մասնագիտական մակարդակի բարձրացմանը։ Գ. Ջահուկյանի գիտական և մանկավարժական բեղմնավոր գործունեությունն ստանում է իր արժանի գնահատականը. 1956թ. նրան շնորհվում է գիտության վաստակավոր գործչի կոչում, 1968թ. ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1974թ.՝ ակադեմիկոս։ Նա արժանացել է կառավարական մի շարք պարգևների և շքանշանների։
Գ. Ջահուկյանն այն բացառիկ հետազոտողներից է, որոնց հետաքրքրությունների շրջանակն արտակարգ լայն է ու բազմազան։ Գրեթե չկա հայերենագիտության մի բնագավառ, որտեղ նա ասած չլինի իր ծանրակշիռ ու վճռական խոսքը։ Նա հայերենի համեմատական քերականության ամենաճանաչված մասնագետն է։ Այս բնագավառում նրա առաջին աշխատությունն է «Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը» (1959թ.) մենագրությունը, որը նվիրված է հայոց լեզվի պատմահամեմատական քերականության կարևոր հատվածներից մեկի քննությանը։ Ուրվագծելով հնդեվրոպական հոլովման համակարգը և դիտարկելով նրա հետագա զարգացումը հին հայերենում, Ջահուկյանը առանձնացնում է հին հայերենի հոլովման բոլոր հնարավոր տիպերը ըստ հիմքակազմական և ձևակազմական առանձնահատկությունների, նշում բոլոր բացառություններն ու շեղումները.նրան հաջողվել է սահմանել հոլովման տարբեր տիպերին բառերի պատկանելության օրինաչափությունները, մի խնդիր, որ Ա.Մեյեի, Հ. Աճառյանի կողմից համարվել է անլուծելի։
Այնուհետև մի շարք հոդվածներում ու մենագրություններում Գ. Ջահուկյանը արծարծում է հայերենի համեմատական ուսումնասիրության և հնդեվրոպաբանության բազմաթիվ հարցեր։ Նա առաջինն է քննել հնդեվրոպական, խուռա-ուրարտական և կովկասյան լեզուների փոխհարաբերությունը՝ բացահայտելով հնդեվրոպական –խուռա-ուրարտական զուգաբանություններ, որոնք վկայում են այդ լեզվաընտանիքների միջև գոյություն ունեցած հեռավոր ցեղակցության մասին։ Դեռ ավելին. նա առաջ է քաշել խուռա-ուրարտական լեզվաընտանիքի երրորդ անդամի ̀ էնտեոկիպրերենի գոյության վարկածը։ Տեղանունների և անձնանունների համեմատական ուսումնասիրության հիման վրա հեղինակը հաստատում է հայասերենի հնդեվրոպական-հին անատոլիական բնույթը, որոշում է նրա դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում։ Առանձնապես հետաքրքրական է Գ. Ջահուկյանի վարկածը հայասերենի՝ որպես հայերենի երկրորդ հնդեվրոպական շերտի մասին։ Նրան այդ կարծիքին է հանգեցրել հայերենում զգալի թվով հնդեվրոպական ծագման բառերի առկայությունը, որոնց հնչյունաբանական կազմում նկատելի են շեղումներ հնչյունական հայտնի օրինաչափություններից։ «Очерки по истории дописьменного периода армянского языка» (1967) աշխատության մեջ, գիտական շրջանառության մեջ եղած նյութի քննական ուսումնասիրության և համակարգման հիման վրա հեղինակն առանձնացնում է օրինաչափ երևույթներից եղած շեղումները և փորձում բացահայտել այդ շեղումների բնույթն ու պատճառները։ Նրանց համեմատական քննությունը հեղինակին հանգեցնում է այն եզրակացության, որ հայերենում առկա է ինչպես հնդեվրոպական, այնպես էլ խուռա-ուրարտական զգալի ենթաշերտ։ Այս գրքում Գ. Ջահուկյանը սահմանում է հետնալեզվայինների քմայնացման և բաղաձայն հնչյունների կապակցությունների փոփոխության որոշ օրինաչափություններ, առաջարկում է նոր ստուգաբանություններ, քննում է հայերենի հնդեվրոպական հնաբանությունները, նախահնդեվրոպական կոկորդայինների արտացոլումը և այլ հարցեր։ Ուշադրություն է դարձվում նաև հարաբերական և բացարձակ ժամանակագրությանը և հայերենի նախագրային շրջանի պատմության շրջանաբաժանմանը։ Գ. Ջահուկյանի մի շարք աշխատություններ նվիրված են հայերենի տարածքային փոխհարաբերությանը Բալկանյան թերակղզու և Փոքր Ասիայի հնդեվրոպական հին լեզուների հետ։ Հայերենի տարածքային դիրքի ճշգրտմանը զուգընթաց Գ. Ջահուկյանը հանգամանալից քննության է ենթարկում հայերենի փոխառնչությունները Առաջավոր Ասիայի հնդեվրոպական և ոչ հնդեվրոպական լեզուների հետ՝ հստակ տարբերակելով այդ լեզուների միջև եղած ծագումնաբանական ընդհանրությունները փոխառություններից և այլ կարգի ազդեցություններից, առաջինը ուշադրություն է դարձնում հայերենից ուրարտերենին, խեթա-լուվական և այլ հնագույն լեզուներին անցած փոխառություններին, ուսումնասիրում է հայերենի անհայտ ծագման բառապաշարը։ Հայերենի համեմատական քերականության բնագավառում հեղինակի երկարամյա հետազոտությունների արդյունքներն ամփոփված են նրա «Сравнительная грамматика армянского языка» ծավալուն մենագրության մեջ, որտեղ նա տալիս է հայերենի համեմատական ուսումնասիրության հարցի պատմությունը, քննարկում է լեզվական նյութի վերականգման և նրա տեղաբաշխման հարցերը, բնութագրում հայերենի տարածքային դիրքը և մանրամասն ու խորությամբ ներկայացնում հայերենի համեմատական հնչյունաբանության և ձևաբանության փաստերը։ Կարևոր է նշել, որ նա հայերենի բաղաձայնական տեղաշարժի, քմայնացման և շփականների փոփոխության գործընթացների հետ միասին որպես ինքնուրույն գործընթաց առանձնացնում է բաղաձայնախմբերի փոփոխությունը՝ սահմանելով սրանց մեջ ուժի և լարման աճման օրենքը։
Բացի հայերենի պատմահամեմատական նկարագրությունից Գ. Ջահուկյանն զբաղվել է նաև հնդեվրոպաբանության համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերով, ինչպիսիք են՝ հնդեվրոպական նախալեզվի վերականգնումը, նրա բարբառային մասնատվածությունը, հնդեվրոպական հիմք լեզվի մեջ ժամանակագրական տարբեր շերտերի առանձնացումը, հնդեվրոպական լեզվաընտանիքի հեռավոր ցեղակցությունը, նոստրատիկ լեզվաբանությունը։ Առանձնապես արժեքավոր է Գ. Ջահուկյանի վարկածը հնդեվրոպական նախալեզվի տարբերակայնության (վարիանտիվության) մասին, ըստ որի հնդեվրոպական նախալեզուն չի կարելի վերականգնել որպես միակ միասնական ստանդարտ լեզու, այլ մասնակի զուգաբանություններով բնորոշվող տարածական, այլև հասարակական ու ոճական տարբերակների ամբողջություն։ Այդ կապակցությամբ նա առաջարկում է հնդեվրոպական բաղաձայնական համակարգի տարբերակային կաղապարը, առաջ քաշում միջխմբային մասնակի զուգաբանությունների գաղափարը։
Համեմատական լեզվաբանության առանձին խնդիրներից գիտնականի ուշադրությունն են գրավել կիմերների և կիմերերենի պրոբլեմը, էտեոկիպրերենի վերծանությունը, այսպես կոչված, ձայնածերպայինների տեսությունը և բազմաթիվ այլ հարցեր։ Փաստերի համակողմանի քննությամբ նա ժխտում է Գ. Շրամի վարկածն այն մասին, թե կիմերները հայերի նախնիններն են։ Գ. Ջահուկյանն առաջ է քաշել էտեոկիպրերեն (մ.թ.ա. VIII-II դդ. վանկագիր արձանագրությունների լեզուն Կիպրոսում) խուռա-ուրարտական լեզվաընտանիքին պատկանելու վարկածը։ Հայերենի պատմահամեմատական քերականությունը սերտորեն առնչվում է լեզվի նախագրային ժամանակաշրջանի պատմությանը։ Այն խոր ու բազմակողմանի քննությամբ ներկայացված է Գ. Ջահուկյանի «Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան» հիմնարար աշխատությամբ, որի համար հեղինակն արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի։ Աշխատության առաջին մասում տրվում է հնդեվրոպական նախալեզվի, հնդեվրոպացիների կյանքի և մշակույթի ընդհանուր բնութագիրը, վերականգնվում են հայերենի հնդեվրոպական բաղադրիչները, որոշվում է հայերենի դիրքը հնդեվրոպական բարբառների մեջ։ Երկրորդ մասը նվիրված է հնդեվրոպական միասնությունից անջատվելուց հետո հայերենի անկախ գոյության վաղնջական պատկերին։ Երրորդ մասում տրվում է հայերենի հնագույն շրջանի պատմությունը,հայերենի հնագույն շրջանի պատմությունը, ուրվագծվում է V դ. լեզվավիճակի ձևավորումը։ Հատուկ ուշադրություն է դարձված նախագրային հայերենի զարգացմանը ողջ ընթացքում այլ լեզուների հետ ունեցած նրա փոխառնչությունների հարցերին։
Հայոց լեզվի գրավոր ժամանակաշրջանի պատմական զարգացման ընթացքի համառոտ շարադրանքը և նրա պատմության շրջանաբաժանումը տրված են Գ. Ջահուկյանի «Հայոց լեզվի զարգացումն ու կառուցվածքը» (1969) աշխատության առաջին մասում։Գտնելով, որ հայոց լեզվի իրական պատմությունը պետք է ընդգրկի հայերենի բոլոր տարատեսակների պատմությունը, ինչպես նաև շրջանաբաժանման ժամանակ հաշվի առնելով լեզվի համակարգի, նրա գործառության ոլորտների, զարգացման միտումների ուղղվածությունը և գրական մշակման ընթացքում կրած փոփոխությունները, Գ. Ջահուկյանն առանձնացնում է գրավոր հայերենի զարգացման երեք շրջան՝ դրանք պայմանականորեն անվանելով «հին» և «նոր», իսկ այդ շրջանների լեզվավիճակները՝ «հին հայերեն», «միջին հայերեն», «նոր հայերեն»։ Այդ անվանումներն արտացոլում են լեզվի հաջորդական անընդմեջ պատմական զարգացման ուղին։ Միաժամանակ ճշգրտվում են լեզվի տարբերակային ձևերն անվանող տերմինները. այսպես՝ «գրաբար» տերմինով Գ. Ջահուկյանը նշանակում է հին հայերենի գրական տարբերակը, իսկ «աշխարհաբար» տերմինով անվանում է հայերենի զարգացման նոր շրջանն ամբողջությամբ վերցրած՝ իր բոլոր տարբերակներով հանդերձ։ Գ. Ջահուկյանի առաջարկած շրջանաբաժանումը ներկայումս ընդունված է գրեթե բոլոր հայագետների կողմից և հայերենի պատմական քննության հիմքն է կազմում։
Գ. Ջահուկյանը մեծ ներդրում ունի նաև հայ բարբառագիտության բնագավառում։ Գտնելով, որ «հայ բարբառների պատմությունը հայոց լեզվի պատմության անքակտելի մասն է կազմում», նա իր «К вопросу о происхождения консонатизма армянских диалектов» ( ВЯ, 1960, հոդվածում առանձնացնում է հին հայերենի (V-XII դդ.), միջին հայերենի (XII-XVI դդ.) և նոր հայերենի (XVII-XXդդ.) բարբառներ, միաժամանակ նշելով, որ դրանք միմյանց անմիջական հետևողական շարունակությունը չեն կազմում, այլ ամեն մի շրջանում հանդես են բերել փոխհարաբերության տարբերություններ։ Այնուհետև հեղինակը հավաստում է այն կարծիքը, որ հին հայերենի շրջանի նախնական փուլում բարբառային տարբերակումը ավելի թույլ էր արտահայտված, քան հետագա շրջանում։ Զբաղվելով հայ բարբառների դասակարգման հարցով, Գ. Ջահուկյանը նախապես առաջարկում է, այսպես կոչված, պատմաձևաբանական դասակարգումը, որը հաշվի է առնում բարբառների ձևաբանական դասակարգման համար հիմք ծառայող հատկանիշների ծագումը (նախնական ձևը)։ Առանձնացնելով երկու ձևաբանական – տիպաբանական խումբ՝ Գ. Ջահուկյանը նշում է, որ դրանք պատմականորեն համընկնում են արևմտյան և արևելյան բարբառախմբերին, որոնք առանձնացվում են ավանդական պատմատարածական սկզբունքով։
1972թ. լույս տեսավ Գ. Ջահուկյանի «Հայ բարբառագիտության ներածություն» աշխատությունը, որը մի կողմից հանրագումարի էր բերում հայ բարբառագիտության նվաճումները, մյուս կողմից նշում էր նրա հետագա զարգացման ուղիները։ Այս մենագության մեջ հեղինակը քննում է ինչպես համաժամանակյա, այնպես էլ պատմական բարբառագիտության հարցերը։ Համաժամանակյա բարբառագիտության բնագավառում հեղինակի հիմնական խնդիրն է ժամանակակից հայ բարբառների դասակարգումը հատկանիշների մի ամբողջ խմբի հիման վրա՝ ի տարբերություն նախորդ դասակարգումների, որոնք հաշվի էին առնում միայն մեկ՝ ձևաբանական կամ հնչյունական հատկանիշ։ Որպես դասակարգման հիմք Գ. Ջահուկյանն ընտրում է 100 հատկանիշ (զուգաբանություն), որոնք համամասնորեն արտացոլում են լեզվական համակարգի տարբեր կողմերը։ Այդ հատկանիշները տեղայնացված են ըստ պատմական Հայաստանի և հայկական գաղթօջախների 120 բարբառախոս վայրերի։ Այսպիսով, հեղինակը փաստորեն հիմք է դնում լեզվաբանական մի նոր գիտակարգի՝ վիճակագրական բարբառագիտության՝ հայերենի յուրաքանչյուր տարածական տարբերակի տեղի որոշման համար տալով քանակական չափանիշներ, ընդ որում ոչ միայն նշված 120 խոսվածքների, այլև հետագայում հայտնաբերվելիք բոլոր հնարավոր միավորների համար։
Պատմական բարբառագիտության պրոբլեմների մեջ, որոնք քննվում են աշխատության երկրորդ մասում, ամենակարևորն են V դարում բարբառային իրավիճակի, հայերենի զարգացման տարբեր շրջաններում գրական լեզվի և բարբառների, գրաբարում բարբառային հնագույն տարբերակների հետքերի և ժամանակակից բարբառներում հնչյունական, քերականական և բառային հնաբանությունների հայտնաբերման հարցերը։ Ուշադրության արժանի է հայ բարբառների նյութի նկատմամբ լեզվաժամանակագրական մեթոդի կիրառման փորձը՝ հայերենի բարբառային մասնատման ժամանակը պարզելու նպատակով։ Հայոց լեզվի ծագման ու ձևավորման, նրա քերականական կառուցվածքի, գործառության և զարգացման բազմակողմանի հետազոտումից բացի, Գ. Ջահուկյանին հետաքրքրել են նաև անցյալի գիտական ժառանգության, հայ լեզվաբանական մտքի զարգացման ուղիների ուսումնասիրության հարցերը։ Քերականական ուսմունքների պատմությանն են նվիրված նրա երկու մենագրությունները՝ «Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում» (1954) և «Գրաբարի քերականության պատմություն» (1974), ինչպես նաև նրա «Հայ լեզվաբանական միտքը և աշխարհաբարի հարցերը XIII-XIXդդ.» դոկտորական ատենախոսությունը։ Նշված մենագրություններից առաջինում հեղինակը քննում է հայ քերականագիտական մտքի սկզբնավորման ու զարգացման առանձին շրջանների հետ կապված հարցերը, ընդ որում նախապես տրվում էին հին հունական քերականագիտության պատմական զարգացման համառոտ ակնարկ և բացահայտվում է նրա նշանակությունը հայ լեզվաբանական մտքի ձևավորման և քերականության վաղ շրջանի պատմության համար։ Այնուհետև, գրաբարի քերականությանն ու ուղղագրությանը նվիրված միջնադարյան ձեռագիր աշխատությունների ուսումնասիրության հիման վրա, դիտարկվում է քերականագիտական ուսմունքների զարգացումը V-XVդդ. ընթացքում։ Առանձին ուշադրություն է դարձված քերականների կողմից հին հայերենի համակարգի առանձնահատկությունների բացահայտմանը, հունական, ավելի ուշ՝ լատինական քերականության ազդեցության հետագա հաղթահարմանը։ Երկրորդ մենագրությունում ներկայացված է հայ քերականագիտության զարգացումը նոր ժամանակներում։ Հեղինակն առանձնացնում է լատինատիպ և ինքնուրույն քերականությունների շրջաններ, դասակարգելով յուրաքանչյուր շրջանի աշխատություններն ըստ առանձին տիպերի և ուղղությունների։ Քերականական աշխատությունները քննվում են տեսական հարցերի ուսումնասիրության և գրաբարի քերականական համակարգի՝ նախկինում չնկատված առանձնահատկությունների բացահայտման մեջ յուրաքանչյուր հեղինակի բերած նորության տեսակետից։ Նոր շրջանի լեզվաբանական գրականության մեջ աշխարհաբարի հարցերի արտացոլմանը նվիրված աշխատությունում Գ. Ջահուկյանը հատկապես անդրադառնում է գրաբարի քերականական համակարգի ազդեցությունից զերծ աշխարհաբարի նկարագրության ստեղծման, նոր գրական հայերենի առանձնահատկությունների բացահայտման, նրա նորմավորման սկզբունքների մշակման և հետագա զարգացման ուղիների որոնման խնդիրներին։ Այստեղ հատկապես կարևոր պետք է համարել հեղինակի կողմից, այսպես կոչված, «գրապայքարի» փուլերի առանձնացումն ու բնութագրումը։ Հասարակական այդ շարժումը բաժանելով երկու փուլի՝ Գ. Ջահուկյանը գտնում է, որ առաջին փուլում պայքարի նպատակն էր նոր հայերենի՝ գրական լեզվի կարգավիճակի հաստատումը, իսկ երկրորդ փուլում՝ լեզվի զարգացման ու նորմավորման ուղիների ճշտումը։ Գ. Ջահուկյանի գիտական ստեղծագործության մեջ հատուկ տեղ են գրավում արդի հայերենի կառուցվածքի նկարագրության հարցերը։ «Հայոց լեզվի զարգացումն ու կառուցվածքը» (1969) և «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքներ» (1974) մենագրություններում առաջ է քաշվում լեզվաբանական նկարագրության նոր եղանակ, որը հեղինակն անվանում է բովանդակության և արտահայտության պլանների հարաբերակցված քննության սկզբունք։ Ընդսմին նա նշում է լեզվի քերականական կառուցվածքի բացահայտման երկու հնարավոր ուղի՝ արտահայտության պլանից դեպի բովանդակային կողմը և, ընդհակառակը՝ անվանելով դրանք քերեկանության կառուցման «արտահարաբերական» և «ներհարաբերական» եղանակներ։
Նշված աշխատություններում հեղինակը կիրառում է «արտահարաբերական» մոտեցումը, քանի որ բովանդակաության տարրերի բացահայտման ընդհանրական բանալու (համընդհանուր տեսության) բացակայության պայմաններում ներհարաբերական (իմաստահարաբերական) մոտեցումը կարող է հանգեցնել նկարագրության տրամաբանականացմանը կամ հոգեբանականացմանը (լոգիցիզմին և պսիխոլոգիզմին)։ Սակայն դա չի նշանակում, որ հեղինակն անտեսում է բովանդակային կողմը։ Բովանդակության պլանի համակարգությունը նա քննում է արտահայտության պլանի համակարգայնության հետ հարաբերակցված։ Անցումը բովանդակության պլանին իրականացվում է արտահայտության պլանի տարրերի բաշխման և փոխակերպման կանոնների սահմանմամբ։ Նշված մենագրություններից առաջինում հեղինակը հիմնականում քննում է ժամանակակից հայերենի հոլովման և խոնարհման համակարգերը, իսկ երկրորդը նվիրված է լեզվական կառուցվածքի ամբողջական նկարագրությանը։ Այստեղ, ձևաբանությունից բացի, ներկայացված են հնչյունաբանությունը, գրաբանությունն ու շարժաբանությունը (որոնք միավորված են արտահայտաբանական ուսմունքի մեջ), ինչպես նաև շարահյուսությունը։ Ձևաբանությունը Գ. Ջահուկյանը սահմանում է որպես ուսմունք ոչ միայն ձևերի, ինչպես անում էր Մ. Աբեղյանը, այլև «այդ ձևերի անփոփոխակային իմաստների» մասին։ Շարահյուսությունը սահմանվում է որպես բառակապակցությունների, նախադասությունների և նախադասությունների կապակցությունների ուսմունք։ Ձևաբանության բաժնում հեղինակն անդրադառնում է նաև ըստ խոսքի մասերի բառերի դասակարգման, բառի ձևաբանական կառուցվածքի և հիմքակազմության հարցերին։ Հետաքրքիր է նշել, որ Գ. Ջահուկյանը, հայագիտության մեջ առաջին անգամ, առանձնացնում է դասի և առկայացման անվանական և տիպարի բայական կարգերը։ Շարահյուսության բաժնում, անվանական և բայական քերականական կարգերի ծավալման հետ կապված քննության են ենթարկվում անվանական և բայական բառակապակցությունների, նախադասությունների և վերջիններիս կապակցությունների կառուցվածքային կաղապարները։ Նախադասությունը համարվում է բայական կարգերի ծավալման վերջնական արդյունքը՝ ստորոգման հետ զուգորդված։ Բառակապակցությունների և նախադասությունների կառուցվածքային կաղապարների փոփոխությունները, ինչպես նաև խոսքի մասերի փոխանցումը քննվում են առանձին, որպես փոխկաղապարման առարկա։ Նշված մենագրության մեջ Գ. Ջահուկյանը տալիս է ժամանակակից հայերենի քերականական կառուցվածքի մի շարք փաստերի նոր մեկնաբանումներ, վերանայում է խոսքի մասերի համակարգը, հոլովների թիվն ու իմաստային առանձնահատկությունները, կատարում է հոլովման տիպերի նոր դասակարգում, նորովի է լուսաբանում բայի դիմավոր և անդեմ ձևերը և այլն։ Գրված լինելով ավանդական քերականության նվաճումների և ժամանակակից լեզվաբանության քննադատական օգտագործման հիման վրա՝ այս մենագրությունն արժեքավոր է ոչ միայն հայ քերականագիտության առաջ նոր հեռանկարներ բացելու առումով, այլև կարևոր նշանակություն ունի ընդհանուր լեզվաբանական տեսակետից՝ որպես ընդհանրական լեզվաբանական կաղապարի կիրառման փորձ (հմմտ. «Լեզվի համընդհանուր տեսություն» գիրքը 1999թ. ռուսերեն և 2003թ.անգլերեն)։ «Ժամանակակից հայերենի իմաստաբանություն և բառակազմություն» մենագրությունը նույնպես ունի ինչպես հայագիտական,այնպես էլ ընդհանուր լեզվաբանական նշանակություն։ Այս աշխատության մեջ հեղինակը նորովի է ներկայացնում իր մշակած համընդհանուր լեզվաբանական տեսությունը, որ կազմված է ընդհանրական լեզվական կաղապարից և ընդհանրական տիպաբանությունից։ Կաղապարը կառուցված է ընդհանրականության, ամբողջականության (ինտեգրալության), միասնության (մոնիզմի), սուբստանցիոնալության և տնտեսման (քանակական ճշգրիտ արտահայտությամբ) սկզբունքների վրա։ Ընդհանրական տիպաբանությունը կառուցված է մակարդակային և ենթամակարդակային միավորների առանձնացման, նրանց ընդհանուր կառուցվածքային կաղապարների որոշման և փոխակերպման (փոխկաղապարման) միջոցով։ Վերջնական տեսքով ընդհանրական կաղապարը ներկայանում է որպես սկզբնական համակարգված հասկացությունների (կարգերի ) մի ամբողջություն (8գոյորոշ և 8 առգոյորոշ կարգեր, յուրաքանչյուրը 6-ական եզրով), որը հնարավորություն է տալիս միասնական սկզբունքներով բնութագրելու ամեն մի լեզվական իրակություն՝ իր բովանդակության և արտահայտության դիտվածքներով (պլաններով)։ Հեղինակը ճշգրտում է նաև լեզվական մակարդակների իր դասակարգումը, համապատասխանաբար նշելով յուրաքանչյուր մակարդակի ու ենթամակարդակի հիմնական միավորները և դրանք ուսումնասիրող լեզվաբանական գիտակարգերը։ Ըստ համընդհանուր լեզվաբանական հարաբերակցության սկզբունքի լեզվական մակարդակ կարող են ստեղծել միայն երկպլանային (թե՜ արտահայտության, թե՜ բովանդակության պլան ունեցող) միավորները։ Ըստ այդ դասակարգման, բառակազմությունը դիտվում է որպես բառագիտության ենթամակարդակ, իսկ ժամանակակից հայոց լեզվի բառապաշարը՝ որպես 1) արմատական ձևույթների, 2) ածանցական ձևույթների և 3) նրանց զանազան համակցությունների ամբողջություն։
Գ. Ջահուկյանի ուշադրության կենտրոնում են տեսական լեզվաբանության մի շարք կարևոր խնդիրներ, որոնց լուծմանը նա ինքնուրույն մոտեցում է ցուցաբերում։ Լեզվաբանության տեսությանը վերաբերող, տարբեր տարիներին գրած նրա աշխատություններն ամփոփված են «Общее и армянское языкознание» գրքում (1978)։ Բացի արդեն հիշատակված ընդհանրական լեզվաբանական կաղապարից, այստեղ նոր լուսաբանություն են ստանում լեզվի և խոսքի փոխհարաբերության լեզվական մակարդակների, լեզվական միավորների և նրանց տարբերակիչ հատկանիշների, քերականական կարգերի, լեզվաբանական հետազոտության մեթոդների, լեզվաբանության կառուցվածքի ու անդրլեզվաբանության և այլ կարևոր հիմնահարցեր։ Լեզվի և խոսքի փոխհարաբերության հարցը քննվում է գիտակցության և մտածողության փոխհարաբերության հետ հարաբերակցված։ Հեղինակը բնորոշում է լեզուն որպես եռյակ էություն՝ որպես ա) համամարդկային, բ) լեզվական որոշակի հանրության և գ) լեզվակիր անհատի ունեցվածք, իսկ խոսքը ՝ որպես անհատի լեզվի դրսևորում։ Խոսքը հակադրվում է ոչ թե լեզվին ընդհանրապես, այլ անհատական լեզվին, և դրանով լեզվի և խոսքի հակադրությունը դիտվում է ոչ թե որպես հասարակականի և անհատականի, ինչպես ընդունվում էր շատերի կողմից, այլ իբրև հնարավորի և իրականի հակադրություն։ Արժեքավոր է Գ. Ջահուկյանի տեսությունը լեզվական միավորների և նրանց դասակարգման համար անհրաժեշտ ու բավարար հատկանիշների քանակի հարաբերության մասին, որ արտահայտվում է հատուկ բանաձևով։ Գիտնականը գտնում է, որ տարբերակիչ հատկանիշների ընտրության մեջ պետք է առաջնորդվել սուբյեկտիվ մոտեցումը բացառող գիտական ճշգրտության և տնտեսման սկզբունքներով, երբ հատկանիշների նվազագույն քանակով կարելի է նկարագրել միավորների առավելագույն քանակը։
Այդ գրքում հեղինակը տալիս է լեզվաբանական գիտակարգերի և լեզվաբանության բաժինների դասակարգում՝ ստեղծելով, այսպես կոչված, անդրլեզվաբանության իր տեսությունը և լեզվաբանության կառուցվածքը։ Լեզվաբանական գիտակարգեր ասելով Գ. Ջահուկյանը հասկանում է լեզուն ուսումնասիրող գիտության մասերը, որոնք վերաբերում են լեզվի «ժամանակատարածական ընդհանրացման տարբեր աստիճաններին», իսկ լեզվաբանության բաժիններն ուսումնասիրում են լեզվական կառուցվածքի տարբեր կողմերը։ Լեզվաբանական գիտակարգերի և լեզվաբանության բաժինների միջև գոյություն ունի ազատ զուգորդման հարաբերություն, ամեն մի գիտակարգի մեջ կարելի է առանձնացնել նույն կարգի բաժիններ, մյուս կողմից՝ ամեն մի բաժին կարող է տարբերակվել ըստ գիտակարգերի, ինչպես՝ ընդհանուր հնչյունաբանություն, պատմական հնչյունաբանություն և այլն։ Լեզվաբանության բաժինների հարցի հետ կապված՝ հեղինակը քննում է լեզվական մակարդակների հարցը՝ տալով դրան ինքնուրույն լուծում։ Ապահովելով դասակարգման տրամաբանական անհակասականությունը, Գ. Ջահուկյանը խստորեն տարբերակում և սահմանում է լեզվական մակարդակ, մակարդակի միավոր և միավորի տարբերակիչ հատկանիշ հասկացությունները։ Ըստ այդմ, մերժում է տարբերակիչ հատկանիշների (այսպես կոչված, մերիզմատիկ) մակարդակ առանձնացնելու իրավացիությունը։ Մեծ ուշադրություն է դարձնում գիտնականը նաև լեզվանական հետազոտության մեթոդների նկարագրությանը, գնահատմանն ու դասակարգմանը՝ հատուկ տեղ հատկացնելով կաղապարման մեթոդներին ու փոխկաղապարմանը։ Կաղապարների մասին խոսելիս հեղինակն անհրաժեշտ է համարում տարբերակել մարդկանց գիտակցության մեջ գոյություն ունեցող բուն լեզվական կաղապարները լեզվաբանների կողմից ստեղծվող լեզվաբանական հետազոտությանը ծառայող կաղապարներից, որոնք, վերջին հաշվով, նպատակ ունեն առավել կամ պակաս ճշգրիտ վերարտադրելու բուն լեզվական կաղապարները։ Հաշվի առնելով նաև լեզվաբանների գործունեությունը վերարտադրող և գնահատող կաղապարները, Գ. Ջահուկյանն այսպիսով առանձնացնում է երեք կարգի կաղապարներ՝ ա) բուն լեզվական, բ) լեզվաբանական և գ) անդրլեզվաբանական (անդրկաղապար)։ Լեզվաբանական տեսության բնագավառում Գ. Ջահուկյանի բերած նորություններից հիշատակության արժանի են նաև խոսքի մասերի նոր դասակարգումները, ստորոգման, քերականական կարգերի, շարույթի, բայական սեռի, դերանունների և լեզվական այլ երևույթների ու իրականությունների ինքնատիպ բնորոշումներն ու մեկնաբանությունները։
Ընդհանուր լեզվաբանական բնույթի աշխատությունների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Լեզվաբանության պատմություն» երկհատոր մենագրությունը, որտեղ Գ. Ջահուկյանը ներկայացնում է լեզվաբանության սկզբնավորումն ու զարգացումը ամենալիակատար աշխարհագրական (Հին Եգիպտոս, Միջագետք, Հնդկաստան, Չինաստան, Հունաստան և այլն) և ժամանակագրական (մ.թ.ա. III հազ.-մ.թ. XXդ.կեսեր) ընդգրկմամբ։ Այս հիմնարար աշխատության մեջ հատկապես արժեքավոր է լեզվաբանության պատմության՝ հեղինակի մշակած շրջանաբաժանումը, այս գիտության զարգացման ողջ ընթացքում ի հայտ եկած զանազան դպրոցների և ուղղությունների դասակարգումն ու ճշգրիտ բնութագրումը, զարգացման տարբեր շրջաններին բնորոշ լեզվաբանական աշխատանքի առանձին բնագավառների սահմանումը, լեզվաբանության պատմության մեջ նշանակալից դեր խաղացած լեզվաբանների հայացքների քննադատական լուսաբանումը։ Այս համառոտ ակնարկում խոսվում է Գ. Ջահուկյանի միայն ամենակարևոր աշխատությունների մասին։ Թե որքան մեծ է նրա գիտական վաստակը, երևում է մատենագիտական ցանկից և նրա աշխատությունների մասին տպված գրախոսականներից, որոնցից շատերը լույս են տեսել Հայաստանի սահմաններից դուրս։ Գիտնականի լայն մտահորիզոնը, գիտության այդօրվա մակարդակին անմիջաբար հաղորդակից լինելու կարողությունը, սթափ և ստեղծագործ միտքը, հարատև լարված աշխատանքն ու բեղուն գրիչը մնայուն տեղ են ապահովել նրան հայագետների ամենաառաջին շարքերում և միջազգային ճանաչում ու համբավ բերել նրան։