Cover Image
close this bookՀակոբյան Վիլեն Պարույրի (1938)
View the documentՎ. Պ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՎ. Պ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանը ծնվել է 1938 թ. ՀՀ Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղում, ծառայողի ընտանիքում։ 1954 թ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որն ավարտել է 1960 թ.-ին։

Մինչև 1962 թ. աշխատել է Արթիկի շրջանի բուժմիավորումում, իսկ 1962-ից տեղափոխվել է Երևանի բժշկական ինստիտուտի դեղաբանության ամբիոն. նախ՝ ավագ լաբորանտ, ապա՝ ամբիոնի վարիչ պաշտոններով։ Պրոֆ. Վիլեն Հակոբյանի գիտական գործունեությունը ծավալվել է դեռևս ինստիտուտում ուսանելու տարիներից՝ դեղաբանության ամբիոնի վարիչ, Հայկ. ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ս.Հ. Միրզոյանի ղեկավարությամբ։ Նրա գիտական աշխատանքները վերաբերում են գլխուղեղի և ստամոքսի արյան շրջանառության վրա խոլինոլիտիկ դեղամիջոցների (ատրոպին, քվատերոն, գանգլերոն), ինչպես նաև նորադրենալինի և ածխաթթու գազի ազդեցության մեխանիզմների բացահայտմանը։ Նրա կողմից անցկացված հետազոտությունները կենտրոնական նյարդային համակարգի ընդերածին ինքնակարգավորման նոր մեխանիզմների բացահայտման ուղղությամբ լայն հեռանկարներ են բացել։

Շնորհիվ կենտրոնական նյարդային համակարգի ինտեգրատիվ գործունեության մեջ զանազան նյարդաակտիվ գործոնների դերի նպատակաուղղված հետազոտությունների՝ Վ. Պ. Հակոբյանը պրոֆ. Ս. Հ. Միրզոյանի հետ միասին, աշխարհում առաջինը, բացահայտեց նյարդաակտիվ ամինոթթուների (գամմա-ամինոկարագաթթվի՝ ԳԱԿԹ,գլյուտամինաթթվի, ասպարագինա թթվի և գլիցերինի) կարգավորիչ դերը ուղեղային արյան շրջանառության վրա։ Ստացել են գիտականորեն հիմնավորված նոր փաստեր, որոնք վկայում են ուղեղային անոթների պատերում ԳԱԿԹ-ի և նրա համակարգի կարևորագույն մի շարք ֆերմենտների, մասնավորապես, գլյուտամատ դեկարբօքսիլազայի առկայությունը։

Տեսական վերոհիշյալ հայտնագործություններն ունեցան նաև գործնական մեծ արժեք՝ առաջարկվեց ԳԱԿԹ-ի կիրառումը կլինիկայում ուղեղային արյան շրջանառության տարբեր խանգարումների ժամանակ։ Վ. Պ. Հակոբյանը հետազոտել է նաև ուղեղային արյան շրջանառության վրա ԳԱԿԹ-ի և նիկոտինաթթվի զուգակցված ազդեցությունը, որը տեսական հիմք հանդիսացավ նոոտրոպ նոր միջոցի՝ պիկամիլոնի ստացման և օգտագործման համար։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում պրոֆ. Վ. Պ. Հակոբյանի՝ նորմայում և ախտաբանական վիճակներում ուղեղային արյան հեմոդինամիկայի կարգավորման մեջ ԳԱԿԹ-ի և ԳԱԿԹ-երգիկ այլ միջոցների՝ պիրացետամի, մուսցիմոլի և բիկուկուլինի դերի բացահայտմանն ուղղված հետազոտությունները։ Այսպես, առաջին անգամ բացահայտվեց ուղեղային հյուսվածքի նյարդաքիմիական կարևոր բաղկացուցիչներից մեկի՝ ԳԱԿԹ-երգիկ համակարգի անփոխարինելի դերը ուղեղային արյան շրջանառության զանազան խանգարումների համուղղման մեջ։

Գիտական հետազոտությունների նոր ուղղություն հանդիսացան պրոֆ. Վ. Պ. Հակոբյանի կողմից առաջ քաշված և ղեկավարած՝ սակավաշարժության (հիպոկինեզիայի) և ֆիզիկական ակտիվության պայմաններում ուղեղային արյան շրջանառության կանոնավորմանն ուղղված աշխատանքները։

Պրոֆ. Վ. Պ. Հակոբյանն առաջինն է, որ բացահայտեց ընդերածին անոթասեղմիչների նկատմամբ վաղ սակավաշարժության պայմաններում արյունատար անոթների պատի զգայունության կտրուկ բարձրացումը, որն արտահայտվում է արյունատար անոթների ինքնածին կծկողականության բարձրացմամբ ուղեղային արյունահոսքի զգալի անկմամբ։ Այս տեղաշարժերն ուղեկցվում են գլխուղեղի կեղևի միկրոշրջանառության խանգարումներով, արյան թիթեղիկների կպչողունակության բարձրացմամբ և գլխուղեղում ներանոթային թրոմբոզների զարգացմամբ։ Միաժամանակ ուղեղային հյուսվածքում դիտվում են կառուցվածաբանական լուրջ տեղաշարժեր, որոնք նպաստում են արյունազեղման և մեռուկային օջախների զարգացմանը։ Հեղինակի կողմից հայտաբերվել են լուրջ նյութափոխանակային տեղաշարժեր ուղեղային հյուսվածքում։ Այսպես, սակավաշարժության պայմաններում բացահայտված է գլյուկոզայի յուրացման արագության մեծացում, որն ուղղված է այդ պայմաններում զարգացող էներգետիկ անբավարարության կանխմանը։ Նկատվել են նաև ուղեղային հյուսվածքի ֆոսֆոլիպիդների քանակական և որակական կազմի զգալի տեղաշարժեր։

Պրոֆ. Հակոբյանը ռադիոիզոտոպային հետազոտություններով բացահայտել է նաև կալցիումական հավասարակշռության ախտածնիչ նշանակություն ունեցող խախտում ուղեղի, սրտամկանի և լյարդի բջիջներում։ Ստացված գիտական աշխատանքների արդյունքներն ունեն բացառիկ կարևոր նշանակություն սակավաշարժ կենսաձևի ժամանակ առաջացած ուղեղային արյան շրջանառության մեխանիզմները ճիշտ հասկանալու և համապատասխան կանխարգելիչ միջոցների մշակման համար։

Այդ աշխատանքների միջազգային ճանաչման և գնահատման շնորհիվ Վ. Հակոբյանը ընտրվել է Անոթաբանների Միջազգային Քոլեջի գիտխորհրդի պատվավոր անդամ (Նյու-Յորք, 1994 թ.)։ Հաշվի առնելով օրգանիզմի վրա զանազան արտակարգ (սթրես) ազդակների հարաճուն ազդեցությունը, որոնք նպաստում են ճարպերի գերօքսիդացման պրոցեսների ուժեղացմանը, պրոֆ. Հակոբյանն անց է կացրել մի շարք փորձարարական հետազոտություններ՝ ուղղված ճարպերի տրոհման միջանկյալ արգասիք հանդիսացող մալոնիլ դիալդեհիդի ուղեղա-անոթային և նյութափոխանակային, ինչպես նաև ԳԱԿԹ-երգիկ միացությունների հակաօքսիդանտային ազդեցությունների բացահայտմանը։ Առաջին անգամ Վ. Հակոբյանի և նրա աշխատակիցների կողմից բացահայտվել է մալոնիլ դիալդեհիդի արտահայտված ուղեղային անոթակտիվություն, որը դրսևորվում է ուղեղային զարկերակների կծկողականության բարձրացմամբ, տեղային արյունահոսքի ընկճմամբ, արյան թիթեղիկների կպչողունակության ուժեղացմամբ։

Ստացված գիտական տվյալների հիման վրա պրոֆ. Վ. Պ. Հակոբյանը պրոֆ. Ս. Հ. Միրզոյանի հետ ձևակերպել և առաջադրել է գլխուղեղի արյան շրջանառության նյարդաքիմիական կարգավորման նոր տեսակետ։ Ըմբռնումների այս համակարգը նոր ուղղություն է հանդիսանում ուղեղի արյան շրջանառությունը հետազոտող գիտնականների և ուղեղի արյունահոսքի խանգարումների ու բուժման հարցերն ուսումնասիրող պրակտիկ բժիշկների համար։

Ուշադրության են արժանի պրոֆ. Վ. Հակոբյանի և ՀՀ ԳԱ ՆՕՔ-ի և օրգանական քիմիայի ինստիտուտների աշխատակիցների հետ կատարված հետազոտությունները։ Ստացվել են տվյալներ, որոնք ցույց են տալիս սիրտ-անոթային համակարգի և ուղեղային արյունահոսքի վրա իզոինդոլինի շարքին պատկանող մի շարք նյութերի ակտիվությունը։ Վ. Հակոբյանի կողմից անցկացված հետազոտությունների մեծ արժեքը հաստատվում է նաև այն փաստով, որ նրա կողմից մշակվող հիմնահարցը՝ «Գլխուղեղի անոթների հետսինապսային ԳԱԿԹ-ընկալիչների անոթալայնիչ դերը ուղեղային արյան շրջանառության ինքնակարգավորման պրոցեսում» թեմայով ընդգրկված է եղել նախկին ԽՍՀՄ ԲԳԱ «Սրտի և անոթների ֆարմակոլոգիան» համամիութենական ծրագրի մեջ։

Ավելի քան 60 տարի զբաղվել է ուղեղային արյան շրջանառության ֆիզիոլոգիայի և դեղագիտության հարցերով։ 1967թ.–ին պաշտպանել է թեկնածուական, 1977 թ.-ին՝ դոկտորական դիսերտացիաները։ Մասնակցել և զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային մի շարք գիտաժողովներում՝ Լենինգրադում (1964, 1976, 1994), Մոսկվայում (1965, 1976, 1991, 1992, 1993), Կիևում (1971), Բառնաուլում (1978), Գորկիում (1980), Թբիլիսիում (1988), Տարտուում (1983), Ֆրունզեում (1982, 1986), Տաշքենդում (1988), Քիշինևում (1983), Բուլղարիայում (1978), ԱՄՆ-ում (1989, 1991) և այլուր։

Երկար տարիներ աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ որպես սփյուռքահայ ուսանողության, այնուհետ՝ բուժական ֆակուլտետի դեկան։ 1983-1986 թթ. եղել է ինստիտուտի կուսկոմիտեի քարտուղար, 1987 թ.-ից մինչև 2006 թ.՝ բժշկական ինստիտուտի ռեկտոր։

Պրոֆ. Վ. Պ. Հակոբյանը գլխուղեղի արյան շրջանառության ֆարմակոլոգիայի բնագավառում մեր երկրի անվանի գիտնականներից է։ Նրա կատարած հետազոտությունները հիմնարար նշանակություն ունեն ժամանակակից ֆարմակոլոգիայի համար՝այդ բնագավառում հայտնաբերելով նոր ուղղություններ։ Պրոֆ. Վ. Հակոբյանը ավելի քան 350 գիտա-հանրամատչելի աշխատանքների, այդ թվում 7 մենագրության, 3 դասագիրք (2 հայերեն) բժշկական ինստիտուտի ուսանողների համար, ուսումնամեթոդական ձեռնարկների՝ 11 և 21 հայտնագործությունների հեղինակ է ։ Նրա ղեկավարությամբ պատրաստվել է 18 թեկնածուական և 6 դոկտորական թեզեր։ Իր գիտական գործունեության ընթացքում նա կարդացել է 50-ից ավելի զեկուցումներ, մասնակցել և զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային մի շարք գիտաժողովներում:

Վ. Պ. Հակոբյանի հետևողական աշխատանքների շնորհիվ մեծացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջազգային ճանաչումը: Կարևորելով արտասահմանյան ուսանողների ներգրավումը՝ նա ստեղծեց անգլալեզու ուսուցման համակարգը: Նրա անմիջական նախաձեռնության և հետևողական աշխատանքների շնորհիվ ձեռք բերվեցին սեփական համալսարանական կլինիկական հիվանդանոցներ և հանրակացարաններ: Վ. Պ. Հակոբյանի ջանքերի շնորհիվ ԵՊԲՀ-ը դարձել էր աշխարհի բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը, որի դիպլոմը ճանաչվում և հարգվում էր Եվրոպայի, Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի բազմաթիվ երկրներում:

Ակադեմիկոս Վ. Պ. Հակոբյանի հետևողական գործունեության շնորհիվ 1991թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտը վերանվանվեց Մխ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի, իսկ 1995թ. Վերակազմավորվեց Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի:

Կրթական համակարգի որակական վերափոխումների կարևոր գործոններից է նրա կատարած նորամուծությունը՝ նոր եռաստիճան համակարգի ներդրումը և ընտանեկան բժիշկների համակարգին անցնելը: Վ.Պ. Հակոբյանի մշտական ուշադրության կենտրոնում է եղել համալսարանի գիտական ներուժի կողմից կատարվող գիտահետազոտական աշխատանքների հիմնախնդիրների կոորդինացումը: Վ.Պ. Հակոբյանն իր ավանդն ունի նաև հայկական բանակի հզորացման գործում: Մեր անկախ պետականության համար ֆիզիկապես ամուր, առողջ և մարտունակ բանակ ունենալու և բանակը բարձրորակ զինվորական բժիշկներով ապահովելու կարևորության գիտակցումով՝ նրա անմիջական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ 1994թ. Համալսարանում հիմնադրվեց և մինչ օրս հաջողությամբ գործում է ռազմաբժշկական ֆակուլտետը: Տարիներ շարունակ Վ.Պ. Հակոբյանի անձնական նախաձեռնությամբ համալսարանը ստանձնել է հայկական բանակի զորամասերից մեկի հովանավորումը: Հայրենիքի պաշտպանության և բանակաշինության գործընթացում ներդրած նրա ուրույն ավանդի մասին են վկայում նրան շնորհվածբազմաթիվ մեդալները և պատվոգրերը:

Պրոֆ. Վ.Պ. Հակոբյանի գիտական, հասարակական և մանկավարժական գործունեությունը ըստ արժանվույն է գնահատվել աշխարհի առաջադեմ շատ գիտնականների և գիտական կազմակերպությունների կողմից։ Ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանը բազմաթիվ ակադեմիաների պատվավոր անդամ է եղել՝ Ինֆորմատիզցիայի միջազգային ակադեմիա (Մոսկվա), «Արարատ» միջազգային ակադեմիա (Փարիզ), Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիա (Սանկտ-Պետերբուրգ), Բարձրագույն դպրոցի միջազգային ակադեմիա (Մոսկվա), Լեհաստանի բժշկական ակադեմիա (Վարշավա), ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիա (Մոսկվա), Բժշկական գիտությունների միջազգային ակադեմիա (Դելի) և բազմաթիվ գիտական ընկերությունների և խորհուրդների անդամ, նաև եղել է «Գյուղատնտեսական հանրագիտարան»-ի, «Հայ երաժշտության հանրագիտարան»-ի, «Հովհաննես Թումանյան. Հանրագիտարան»-ի, «Հայ գրատպություն և գրքարվեստ. Հանրագիտարան»-ի և «Հանրագիտական բառարան»-ի գիտահրատարակչական խորհրդի անդամ։