Cover Image
փակիր այս գիրքըՄանանդյան Հակոբ Համազասպի (1873-1952)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Հ. Հ.ՄԱՆԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Հ. Հ.ՄԱՆԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հակոբ Համազասպի Մանանդյանը ծնվել է 1873 թվականի նոյեմբերի 22-ին Ախալցխա քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի քաղաքի վարժարանում: 1883 թ.` հոր մահից հետո, նա տեղափոխվում է Թիֆլիս, ուր ընդունվում է 1-ին դասական գիմնազիան: 1893 թ. ավարտելով գիմնազիան` բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնում է Գերմանիա, ընդունվում է Ենայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը` միաժամանակ հետևելով Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարանների արևելագիտական և լեզվաբանական դասընթացներին: Աշակերտելով ժամանակի նշանավոր արևելագետներ ու լեզվաբաններ Բ. Դելբրույկին, Կ. Բրուգմանին, Հ. Հյուբշմանին, Հ. Գելցերին, Օ. Շրադերին` Հ Մանանդյանը բազմակողմանի ու խոր գիտելիքներ է ձեռք բերում` հմտանալով բանասիրության, արևելագիտության, պատմության, համեմատական լեզվաբանության, հին և նոր բազմաթիվ լեզուների / սանսկրիտ, եբրայերեն, պարսկերեն, հին հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն / ուսումնասիրության մեջ: Այդ տարիներին նա հափշտակությամբ կարդում է անտիկ և ժամանակակից հեղինակների գործերը: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Արիստոտելի, Ֆ. Բեկոնի, Շ. Մոնտեսքյոյի, Ժ. Ռուսոյի, Ի. Կանտի, Հ. Սպենսերի, Հ. Թենի, Հեգելի, Չ. Դարվինի, Մ. Գորկու աշխատությունների վերաբերյալ ուսանողական տարիների նրա գրառումները:
Ստանալով փայլուն և բազմակողմանի կրթություն` Հ. Մանանդյանը 1897 թ. հաջողությամբ պաշտպանում է «Պատմութիւն Աղուանից» աշխատության հեղինակի հարցի շուրջը» ավարտական թեզը` ստանալով փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան: Նրա աշխատանքի պաշտոնական ընդդիմախոսներն էին հայտնի գիտնականներ Բ. Դելբրույկը և Հ. Գելցերը, որոնց առաջարկությամբ էլ Հ. Մանանդյանի թեզը ներկայացվում է տպագրության և լույս է տեսնում Լայպցիգում` 1897 թ.: Նույն թվականի աշնանը Հ. Մանանդյանը տեղափոխվում է Պետերբուրգ և մեկ տարվա ընթացքում էքստեռն կարգով ավարտում է նաև տեղի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը` ստանալով հայ-պարսկական բանասիրության թեկնածուի առաջին կարգի դիպլոմ: 1898-1899 թթ. Լոնդոնի, Փարիզի, Վիեննայի, Վենետիկի գրադարաններում և թանգարաններում զբաղվում է հայկական ձեռագիր մատյանների ուսումնասիրությամբ: 1899 թ. վերջերին Գևորգյան ճեմարանի վարչության հրավերով Հ. Մանանդյանը գալիս է Հայաստան և անմնացորդ նվիրվում գիտամանկավարժական գործունեությանը: Ճեմարանի բարձր դասարաններում դասավանդում է հին հունարեն և գերմաներեն, հունական գրականություն և փիլիսոփայության պատմություն: 1901-1903 թթ. պրոֆ. Ֆրանց Ֆինկի և Եզնիկ Գյանջեցյանի հետ միասին երիտասարդ հայագետը նախաձեռնում է Աբգար Հովհաննիսյանի նյութական օժանդակությամբ լույս տեսնող «Հանդէս հայագիտութեան» / հայերեն և գերմաներեն լեզ./ գիտական պարբերականի հրատարակումը և դառնում է նրա խմբագիրներից մեկը: 1902 թ. հունվարից նա նշանակվում է «Արարատ» ամսագրի խմբագրի տեղակալ: Էջմիածնում գտնվելու տարիներին / 1900-1905 թթ./ Հ. Մանանդյանը մտերմանում է ճեմարանում դասավանդող ուսուցիչներ Կոմիտասի և Հրաչյա Աճառյանի հետ: Վերջինիս հետ ուսումնասիրում է Էջմիածնի մատենադարանի իմաստասիրական և պատմագրական ձեռագրերը, ծրագրում է աշխատություն գրել հայոց մշակույթի մասին: 1905 թ. սեպտեմբերին Հ. Մանանդյանը տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ շուրջ երկու տարի / 1905-1907 թթ. / զբաղվում է ուսուցչությամբ 1-ին և 2-րդ արական գիմնազիաներում և Ներսիսյան դպրոցում` դասավանդելով գերմաներեն, հայերեն, հայ գրականություն, անգլիական գրականություն և այլն: Միաժամանակ նա այստեղ լայն հասարակական և հրապարակախոսական գործունեություն է ծավալում, աշխատակցում է օրաթերթերին, իսկ 1906 թ. մարտի 5-ից դառնում է խմբագիր-հրատարակիչ Գ. Մելիք-Կարագյոզյանի «Արշալույս» հայկական օրաթերթի ժամանակավոր խմբագիրը:
Հակոբ Մանանդյանն ապրել է իր ժամանակի հասարակական-քաղաքական կյանքով և արձագանքել դրան: Դժբախտաբար, Հ. Մանանդյանի, ինչպես այս, այնպես էլ հետագա տարիների հասարակական և հրապարակախոսական գործունեությունր անուշադրության է մատնվել նրա կենսագիրների կողմից, հանգամանք, որն, անշուշտ, ստվերում է թողնում Մանանդյան-քաղաքացու դեմքը:
Նրան հատկապես հուզել են Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները: Ինչպես ժամանակի մյուս առաջադեմ ու հեռատես գործիչները, Մանանդյանը ևս Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը կապում էր ռուս ժողովրդի եղբայրական օգնության հետ: 1920 թ. մայիսից Հ. Մանանդյանը ընդմիշտ տեղափոխվում է Հայաստան: Նա գործուն մասնակցություն է ունենում համալսարանի ստեղծման ուղղությամբ տարվող նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքներին: 1921 թ. հունվարին Լուժողկոմատը հրավիրում է համալսարանի խորհրդի անդրանիկ նիստը` քննարկելու համալսարանի ռեկտորի ընտրության հարցը: Փակ քվեարկությամբ համալսարանի առաջին ռեկտոր է ընտրվում Հակոբ Մանանդյանը: 1921-1924 թթ. Հ. Մանանդյանը վարում է արևելագիտական ֆակուլտետի դեկանի պաշտոնը, իրեն հատուկ ոգևորությամբ ու նվիրվածությամբ ձեռնամուխ լինում երիտասարդ սերնդի դաստիարակության պատվավոր ու վեհ գործին: 1925-1931 թթ. նա հայ ժողովրդի պատմության ամբիոնի պրոֆեսոր էր, միաժամանակ վարում էր նաև գիտության և արվեստի ինստիտուտի պատմահասարակագիտական բաժնի գիտքարտուղարի պաշտոնը: 1931 թ. Հ. Մանանդյանը թողնում է մանկավարժական աշխատանքը և նվիրվում գիտական գործունեությանը: 1935 թ. նրան շնորհվում է ՀՍԽՀ գիտության վաստակավոր գործչի կոչում, իսկ 1938 թ.` առանց դիսերտացիայի պաշտպանության, պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1939 թ. Հ. Մանանդյանն ընտրվում է ՍՍՀՄ ԳԱ իսկական անդամ, 1943թ.` ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս: Հ. Մանանդյանը, գիտական բազմաբեղուն գործունեությանը զուգընթաց, ծավալել է հասարակական ակտիվ գործունեություն. 1921 թ. Հայաստանի Լուսժողկոմատի հրամանով գործուն մասնակցություն է ունեցել հայոց լեզվի ուղղագրության բարեփոխման հանձնաժողովի աշխատանքներին, մասնակցել է «Սասունցի Դավիթ» էպոսի 1000 և Սովետական Հայաստանի 20-ամյակների տոնակատարությունները կազմակերպող հանձնաժողովների աշխատանքներին: Հաշվի առնելով Հ. Մանանդյանի մանկավարժական գործունեությունը և նրա ներդրած ավանդը պատմագիտության զարգացման բնագավառում` կառավարությունը նրան պարգևատրել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, մեդալներով, պատվոգրերով: 1952 թ. փետրվարի 4-ին վախճանվեց սովետահայ պատմագիտության նահապետը:
Հակոբ Մանանդյանը հայագիտության ասպարեզ մտավ որպես բանասեր: Դեռևս Էջմիածնում մանկավարժական աշխատանքին զուգընթաց նա սկսում է բանասիրական առաջին պրպտումները Գևորգյան ճեմարանի հարուստ մատենադարանում և մի շարք ուշագրավ հոդվածներ ու գրախոսականներ տպագրում «Արարատ» ամսագրում: Ի սկզբանե Հ. Մանանդյանը հանգում է այն ճիշտ հետևությանը, որ հայոց պատմության հարցերը անհնարին է համակողմանի լուսաբանել, առանց ուսումնասիրելու հայկական և օտար աղբյուրները:
Հ. Մանանդյանի բանասիրական հետազոտությունների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Մովսես Խորենացուն նվիրված ուսումնասիրությունները:
Գիտական մեծ արժեք ունեն Հ. Մանանդյանի հետազոտությունները` նվիրված գրերի գյուտին և Մեսրոպ Մաշտոցի գործունեությանը: Հայաստանի 4-5-րդ դարերի քաղաքական, սոցիալ – տնտեսական և մշակութային կյանքի հետազոտության վրա հենվող նրա հարցապնդումները բացահայտում են Մաշտոցի կենսագրության և գործունեության, գրերի գյուտի պատմության հետ կապված մի շարք առեղծվածներ: Նա իրավացիորեն գրերի գյուտը համարում է ոչ միայն մշակութային, այլև քաղաքական նշանակություն ունեցող խոշորագույն իրադարձություն:
Հայաստանի պատմության հելլենիստական ժամանակաշրջանի հարցերի լուսաբանմանն է նվիրված պատմաբանի «Տիգրան Բ և Հռոմը» արժեքավոր մենագրությունը: Փաստական և աղբյուրագիտական հարուստ նյութերի հիման վրա Հ. Մանանդյանը վեր է հանել Տիգրան Երկրորդի փոթորկալից ժամանակաշրջանի գիտական պատմությունը: Մանրակրկիտ կերպով համադրելով, գիտականորեն քննելով և վերագնահատելով Տիգրան Երկրորդի ժամանակաշրջանին նվիրված բոլոր սկզբնաղբյուրներն ու առկա գրականությունը` Հ. Մանանդյանը ժխտել է պատմագրության մեջ եղած այն թյուր տեսակետը, ըստ որի, Հռոմեական հանրապետության դեմ Տիգրանի և Միհրդատի մղած պայքարը ոչ այլ ինչ էր, քան “բարբարոս Արևելքի” պայքար “ քաղաքակիրթ Արևմուտքի” դեմ: Միաժամանակ պատմաբանը բացահայտեց հռոմեական նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի` մինչ այդ մութ մնացած դրվագները: Սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունների վրա կառուցված նրա եզրակացությունները ու հարցապնդումները գիտական մեծ նշանակություն ունեն: Ընդհանուր պատմագրության մեջ առաջին անգամ Հ. Մանանդյանն ապացուցեց Հռոմի դեմ հայերի մղած պատերազմների ազատագրական բնույթը, ցույց տվեց, որ հայերը մղում էին պաշտպանական-ազատագրական պատերազմներ` հանուն իրենց հայրենիքի անկախության, մինչդեռ պատմագրության մեջ արմատավորվել էր այն սխալ տեսակետը, թե իբր հայ-հռոմեական պատերազմներն իրենց բնույթով եղել են ազգային-կրոնական: Ակադեմիկոս Մանանդյանի կարևոր ներդրումներից մեկն էլ այն էր, որ նա մեծ վարպետությամբ կարողացավ վեր հանել հելլենիստական մշակույթի, կենցաղի, ինչպես նաև առևտրի, արհեստների, քաղաքների և տնտեսության զարգացման երևույթները Տիգրան Մեծի ժամանակի Հայաստանում: Նա նկատում է, որ Հռոմը, կործանելով Հայաստանի հելլենիստական մշակույթը, դրանով իսկ ոչնչացնում էր նաև երկրի «տնտեսական ու մշակութային հետագա զարգացման նախադրյալները»: Մեծ է «Տիգրան Բ և Հռոմ» երկի ճանաչողական նշանակությունը համաշխարհային պատմության հելլենիստական ժամանակաշրջանի հանգուցային հարցերի լուսաբանման բնագավառում:
1940-ական թվականների սկզբներից Հ. Մանանդյանը ձեռնամուխ է լինում «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատության ստեղծմանը: Նա ծրագրել էր իր բազմամյա գիտահետազոտական պրպտումների արդյունքները հանրագումարի բերելով ստեղծել հայ ժողովրդի ամբողջական պատմությանը նվիրված ընդհանրացնող մի աշխատություն` հնագույն ժամանակներից / մ.թ.ա. 6-րդ դար/ մինչև մ.թ. 16-րդ դարը: Օժտված լինելով հին և նոր բազմաթիվ լեզուների տիրապետելու կարողությամբ, սկզբնաղբյուրները քննադատորեն հաղթահարելու հմտությամբ և,հատկապես, Առաջավոր Ասիայի ու Կովկասի երկրների պատմության խոր իմացությամբ ` Հ. Մանանդյանը, հաղթահարելով մեթոդաբանական դժվարությունները, ընթերցողի սեղանին դրեց գիտականորեն հիմնավորված հայ ժողովրդի քննական պատմության եռահատոր / չորս գրքով/ աշխատությունը` «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» խորագրով: Ճիշտ է, աշխատությունը նվիրված է գերազանցապես Հայաստանի քաղաքական պատմությանը, բայց և այնպես, Հ. Մանանդյանը մասնակիորեն անդրադարձել է նաև երկրի սոցիալ-տնտեսական հարաբերությունների, օտար տիրապետություննրի դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական,ինչպես նաև դասակարգային ու ներդասակարգային պայքարի և մշակույթի պատմության հարցերին: «Քննական տեսությունը» իրավամբ դարձավ այն հիմքը, որը սովետահայ պատմաբանների նոր սերնդին հնարավորություն տվեց իրականացնել հայ ժողովրդի պատմության բուհական և ակադեմիական հրատարակությունները:
Անգնահատելի է ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի աշխատությունների գիտական արժեքը հին և միջնադարյան Հայաստանի, Աղվանքի, Վրաստանի ու Առաջավոր Ասիայի այլ երկրների պատմության ուսումնասիրության բնագավառում: Կեսդարյա գիտական բեղմնավոր գործունեության ընթացքում նա հրատարակել է հարյուրից ավելի աշխատություններ, որոնք նպաստել են պատմագիտության, բանասիրության, պատմական աշխարհագրության և պատմագիտության օժանդակ ճյուղերի զարգացմանը: