Cover Image
aizvērt šo grāmatuՉուբարյան Էդվարդ Վարդանի (1936-2021)
Skatīt dokumentuԷ. Վ. ՉՈՒԲԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԷ. Վ. ՉՈՒԲԱՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Վարդանի Չուբարյանը ծնվել է 1936թ. մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Ֆ. Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1953թ՝. ոսկե մեդալով։ 1958թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։

Է. Վ. Չուբարյանի գիտական գործունեությունը սկսվել է դեռևս համալսարանում ուսանելու տարիներին։ Նշված շրջանում նրա հրապարակած աշխատանքները նվիրված էին այդ ժամանակվա համար չափազանց հրատապ՝ β-պրոցեսներում զույգության պահպանության հարցին։ Համալսարանն ավարտելուց հետո Է.Վ. Չուբարյանը 1958-1961 թվականներին ուսումը շարունակում է ասպիրանտուրայում՝ ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբինում, իսկ 1961-1965 թվականներին աշխատում է ՀՍՍՀ ԳԱ կենտրոնական գիտահետազոտական ֆիզիկատեխնիկական լաբորատորիայում։ 1965թվականից Է.Վ. Չուբարյանը աշխատում է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ սկզբում որպես ավագ դասախոս, 1967թվականից՝ դոցենտ, իսկ 1975թվականից՝ որպես ամբիոնի պրոֆեսոր։ 1985 թվականից Է.Վ. Չուբարյանը տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչն է։ 1965-1978թթ. նա, որպես ավագ գիտաշխատող, համատեղությամբ աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանում։

60-ական թվականների սկզբին, ակադեմիկոս Վ.Հ. Համբարձումյանի և ՀՍՍՀ ԳԱԱ իսկական անդամ Գ.Ս. Սահակյանի համատեղ աշխատանքներով հիմք դրվեց այլասերված նյութի թերմոդինամիկական տեսությանը և գերխիտ աստղային կոնֆիգուրացիաների (սպիտակ թզուկներ և նեյտրոնային աստղեր) տեսությանը։Այդ թեմատիկայի մշակման գործում ծանրակշիռ ներդրում ունի պրոֆ. Է.Վ. Չուբարյանը։ Նա հետազոտել է այլասերված նյութի ֆազային վիճակները՝ խտության ենթամիջուկային տիրույթում, մշակել է սառը Ae-պլազմայում միջուկային ռեակցիաների տեսությունը, ուսումնասիրել գերխիտ երկնային մարմինների ջերմաստիճանների ազդեցությունը այդ ռեակցիաների արագության վրա։

«Առանցքահամաչափ գրավիտացիոն դաշտերը Էյնշտեյնի ձգողականության տեսության մեջ» աշխատանքների ցիկլի համար Է.Վ. Չուբարյանին շնորհվել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության դափնեկրի պատվավոր կոչում ։

Գերխիտ երկնային մարմինների տեսությանը նվիրված աշխատանքների հիման վրա Է.Վ. Չուբարյանը 1972թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Այնուհետև ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի մի շարք աշխատակիցների հետ միասին Է.Վ. Չուբարյանը կատարել է աշխատանքների մի ցիկլ, որը նվիրված է բաբախող աստղերի՝ պուլսարների մագնիսասֆերայի տեսությանը։

Հատուկ ուշադրության են արժանի պրոֆ. Է.Վ. Չուբարյանի ջանքերը՝ երկմետրիկական ֆորմալիզմի շրջանակներում գրավիտացիայի ռելյատիվիստիկ տեսության զարգացման ուղղությամբ։ Է.Վ. Չուբարյանը ձգողականության երկմետրիկական տեսության շրջանակներում մշակել է ստատիկ սֆերիկ-սիմետրիկ գերխիտ կոնֆիգուրացիաների մոդելներ, հաշվել է նրանց զանգվածը, շառավիղները և ներքին կառուցվածքը, ցույց է տվել, որ այդպիսի կոնֆիգուրացիաների զանգվածը կարող է մի կարգով մեծ լինել, քան Էյնշտեյնի տեսության մեջ։

Մատերիայի առանցքասիմետրիկ բաշխման համար երկմետրիկական տեսության հավասարումների՝ Է.Վ. Չուբարյանի գտած վակուումային լուծումը միակ անալիտիկ լուծումն է երկմետրիկական տեսության մեջ։

Է.Վ. Չուբարյանը հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատանքների։ Նա զեկուցումներով հանդես է եկել ՍՍՀՄ միջազգային կոնֆերանսներում, սիմպոզիումներում և լայն ճանաչման արժանացել ինչպես նախկին Միության, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակներում։

Է.Վ. Չուբարյանը «Քվանտային մեխանիկա» դասագրքի հեղինակներից մեկն է (գիրքը գրվել է ակադեմիկոս Գ.Ս. Սահակյանի հետ համատեղ), այն հրատարակվել է հայերեն և ռուսերեն լեզուներով։ Նա հեղինակ է նաև «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու բուհ ընդունվողների համար» ձեռնարկի։

Հանրաճանաչ են Է.Վ. Չուբարյանի ծառայությունները ֆիզիկոսների բարձրորակ կադրեր պատրաստելու գործում։ Նա ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար կարդում է «Քվանտային մեխանիկա» դասընթացը, ինչպես նաև տեսական ֆիզիկայի հատուկ դասընթացներ։ Նրա ղեկավարմամբ պաշտպանվել է վեց թեկնածուական ատենախոսություն։

Սկսած 1991 թվականից՝ պրոֆեսոր Է.Վ. Չուբարյանը, լինելով Երևանի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետների գծով պրոռեկտոր, մեծ ուշադրություն է դարձնում ուսումնական պրոցեսի կազմակերպմանը, ակտիվ մասնակցում է համալսարանական ուսուցման ռեֆորմի իրականացման գործին։ Դպրոցական կրթության ասպարեզը նույնպես հանդիսանում է Է.Վ. Չուբարյանի գործուն ջանքերի բնագավառ։

Բեղուն գիտամանկավարժական գործունեության հետ մեկտեղ, Է.Վ. Չուբարյանը ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Նա անդամ էր ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի պրոբլեմային խորհրդի, դոկտորական դիսերտացիաների պաշտպանության երկու մասնագիտացված խորհուրդների, «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» ամսագրի խմբագրական կոլեգիայի, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտխորհրդի, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտխորհրդի։