Cover Image
ປິດຫນັງສຶ່ເລັ້ມນີ້ 	Թավադյան Լևոն Աղասու (1951)
ເບິ່ງຕາມເອກກະສານ	Լ. Ա. ԹԱՎԱԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
ເບິ່ງຕາມເອກກະສານ	Լ. Ա. ԹԱՎԱԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ
ເປີດໂຟເດີນີ້ ແລະເບິ່ງເນື້ອຫາ 	ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լևոն Աղասու Թավադյանը ծնվել է 1951 թ. հունիսի 9-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում:

1968 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 8 միջնակարգ դպրոցը: Նույն տարում ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ, որը գերազանցության դիպլոմով, ավարտել է 1973 թ. ապա ընդունվել աշխատանքի ՀԽՍՀ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայում որպես ավագ լաբորանտ:

1974 թ. ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի (ք. Մոսկվա) ասպիրանտուրա:

1977 թ. ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների մրցույթում հաջողությամբ հանդես գալու համար արժանացել է ակադ. Ն. Ն. Սեմյոնովի հատուկ դիպլոմի:

Ակադեմիկոս Ն. Էմանուելի և պրոֆեսոր Է. Բլյումբերգի հետ հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների բնագավառում կատարած աշխատանքների հիման վրա 1978 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1978 թ. վերադարձել է Երևան և, որպես կրտսեր գիտաշխատող, աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի՝ Ա. Բ. Նալբանդյանի ղեկավարած լաբորատորիայում:

1979 թ. դարձել է ինստիտուտի ավագ գիտաշխատող և նշված լաբորատորիայի վարիչի տեղակալ:

1980-1981 թթ. պայմանագրով աշխատել է Հունգարիայի ԳԱ Քիմիայի կենտրոնական ինստիտուտի միջազգային լաբորատորիայում: Միջազգային այլ համագործակցություններ և դրամաշնորհներ՝ Swedish Univ. of Agric. Sciences, Uppsala, Sweden, University of Arkansas for Medical Sciences, USA, Carlson School of Chemistry and Biochemistry, INTAS Award No 94-771 (1994), NFSAT Award EISI 01-01 (2001), ANSEF No NS74-01 (2002), Հայ-բելառուսական համագործակցության դրամաշնորհ. ֆինանսավորող՝ Աբդուլազիզ թագավորի անվ. գիտական կենտրոն, Սաուդյան Արաբիա, 2011-2013 թթ., ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի թեմատիկ նախագծեր (2011-2013 թթ.; 2013-2015 թթ.), ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների նախագիծ (2011-2012 թթ.):

1986-1987 թթ. աշխատել է որպես ՀԽՍՀ ԳԱ Ա. Բ. Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտի՝ գիտության գծով փոխտնօրեն և միաժամանակ ղեկավարել է «Հեղուկաֆազ ազատ ռադիկալային օքսիդացման ռեակցիաներ» առանձին գիտական խումբը (հետագայում՝ լաբորատորիան), որը ստեղծվել էր կոնդենսված միջավայրում հեղուկաֆազ ազատ ռադիկալային ռեակցիաների, ինստիտուտում իր իսկ կողմից հիմնադրված, գիտական նոր ուղղության զարգացման նպատակով:

1987 թ. եղել է ՀԽՍՀ ԳԱ Ա. Բ. Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2006 թ. ընտրվել է նշված ինստիտուտի տնօրենի պաշտոնում:

1988 թ. Մոսկվայում, ԽՍՀՄ ԳԱ Ն. Ն. Սեմյոնովի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Ազատ ռադիկալային ռեակցիաները օրգանական միացությունների հեղուկաֆազ օքսիդացման հետերոգեն կատալիտիկ և արգելակման պրոցեսներում» և ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Բազմակենտրոն շղթայական պրոցեսների ընտրողական արգելակման բնագավառում կատարած աշխատանքների հիման վրա դարձել է ԽՍՀՄ հայտնագործության հեղինակ՝ “Явление избирательного ингибирования многоцентровых цепных химических реакций” - ԽՍՀՄ Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի № 388 դիպլոմ, 30.10.1989 թ:

1990 թ. ակտիվորեն մասնակցել է Լեռնային Արցախի Հանրապետությունում Քիմիական էկոլոգիայի լաբորատորիայի ստեղծման աշխատանքներին:

Հեղուկաֆազ ազատ-ռադիկալային ռեակցիաները, կատալիզը, հակաօքսիդիչների ազդեցության քիմիական մեխանիզմները, բարդ քիմիական ռեակցիաների թվային մոդելավորումը կազմում են Լ. Ա. Թավադյանի գիտական գործունեության ոլորտը: Նշանակալի է նրա ներդրումը նշված գիտական ուղղություններում. առաջին անգամ քիմիական կինետիկայում բարդ (բազմափուլ) ռեակցիաների մեխանիզմների թվային վերլուծութան համար կիրառվել է համիլտոնյան ֆորմալիզմը, որը ճանաչվել է որպես բարդ քիմիական ռեակցիաների մեխանիզմների մոդելավորման և վերլուծության արժեքային թվային եղանակ: Որպես հետևանք, քիմիական կինետիկայում ներմուծվել են նոր արժեքային հասկացություններ, որոնք թույլ են տվել թվայնորեն ի հայտ բերել քիմիական բաղադրիչների և բարդ ռեակցիաների առանձին փուլերի կինետիկական դերը, որոնք կիրառվել են VALKIN համակարգչային ծրագրում: Վերջինը կարևոր դեր է խաղում քիմիական ռեակցիաների մոդելավորման և նպատակային ղեկավարման, կրիտիկական վիճակների բացահայտման, ինչպես նաև քիմիական ռեակցիայի ընթացքի կանխագուշակման համար: Ռեագենտների իմպուլսային ներմուծմամբ ստեղծված նոր կինետիկական ԷՊՌ մեթոդով չափվել են հեղուկ ֆազում տարրական ռեակցիաների բազմաթիվ արագության հաստատուններ, որոնք օգտագործվել են միջազգային տեղեկատվական հրապարակումներում: Հայտնաբերվել են ազատ-ռադիկալային ռեակցիաների հետևյալ նոր մեխանիզմները՝
1. Մետաղաքելատների առաջացման ժամանակ ներմոլեկուլային ջրածնական կապի թուլացման հաշվին սալիցիլաթթուների օրինակով հակառադիկալային ակտիվացման մեխանիզմ:
2. Միջավայրի սառեցված բևեռացման երևույթ, որը բերում է բևեռային մոլեկուլների միջև ընթացող ռեակցիայի վրա միջավայրի բևեռային ազդեցության բացառմանը:
3. Փոխարկման նոր ուղիներ օքսիդացման պրոցեսներում, որոշիչ դեր ունեցող պերօքսիդային ռադիկալների միջև ընթացող ռեակցիաներում:

Բացահայտվել է ազատ ռադիկալային ռեակցիաների վրա միջավայրի ազդեցության նոր մեխանիզմ՝ միջավայրի «միջնորդավորված» կինետիկական երևույթը: Քիմիական կենսանմանակման հիման վրա ստեղծվել է օքսիդացման ռեակցիաների արդյունավետ կատալիզատորների նոր դաս՝ ազոտ պարունակող ածխի մետաղակոմպլեքսային միացություններ: Հայտնաբերվել է կատալիզատորի մակերևույթի վրա ակտիվ թթվածնի մասնակցությամբ շղթայի փոխանցման նոր ցիկլիկ ռեակցիա, որը զգալիորեն մեծացնում է ալկիլարեններից արժեքավոր արգասիքների հիդրոպերօքսիդների փոխարկման ելքը: Քիմիական ռեակցիայի վրա միջավայրի փորձնականորեն դիտարկված դինամիկական ազդեցությունը բնութագրելու նպատակով առաջին անգամ կիրառվել է Վ. Հ. Համբարձումյանի ոչ էմպիրիկ, հիմնարար «Ինվարիանտության սկզբունք»-ը: «Արժեքավորման եղանակ»-ով հիմնավորելով՝ առաջարկվել է α-տոկոֆերոլի հակառադիկալային ազդեցության ընդունված մեխանիզմը:

Հիշատակման է արժանի նաև մեծանուն գիտնականի դասախոսական գործունեությունը։ 1991 թ.–ից սկսած կարդացել է ընդհանուր և մասնագիտական դասընթացներ (ֆիզիկական քիմիա, քիմիական կինետիկա և կատալիզ)Երևանի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում, 2006 թ.-ից՝ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում, 2009 թ.–ից՝ Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում: Եղել է թեկնածուական ատենախոսությունների ղեկավար, նախապատրաստել է պաշտպանության դոկտորական թեզ:

1998 թ. եղել է ՀՀ նախագահին առընթեր գիտատեխնիկական խորհրդի անդամ:

2006 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ: Ինստիտուտում գործող «017» մասնագիտական խորհրդի անդամ է:

Եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի քիմիայի փորձագիտական խորհրդի նախագահ, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) հանձնաժողովի անդամ, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) գիտական խորհրդի անդամ, ՀՀ կառավարությանն առընթեր գիտատեխնիկական խորհրդի անդամ, ՀՀ կառավարությանն առընթեր ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի անդամ, Ամերիկյան քիմիական ընկերության, Եվրո. ֆեդ. լիպիդ միջազգային ընկերության անդամ, Միջերկրական քիմիական ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, Մոսկվայի պետական համալսարանի և ՌԴ ԳԱ Ն. Սեմյոնովի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համատեղ Գիտակրթական կենտրոնի գիտխորհրդի անդամ:

Լ. Ա. Թավադյանը բազմիցս հանդես է եկել միջազգային գիտաժողովներում պլենար զեկուցումներով:

2010 թ.-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 2011 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս – քարտուղար: Նույն տարում գիտության ոլորտում երկարամյա, անբասիր աշխատանքի համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի հրամանով պարգևատրվել է ոսկե մեդալով: 2012 թ. «Գիտական գործընկերություն» միջազգային բարեգործական հիմնադրամի, ՌԳԱ և Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի կողմից արժանացել է «Ակադեմիկոս Ն. Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանի՝ քիմիական և կենսաքիմիական ֆիզիկայի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար: 2013 թ. պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով և Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի հոբելյանական մեդալով:

Լ. Ա. Թավադյանը ավելի քան 150 գիտական աշխատանք է հրապարակել մեջբերումների բարձր վարկանիշ ունեցող միջազգային և հանրապետական հեղինակավոր ամսագրերում: Նա նաև 3 մենագրության հեղինակ է, որոնցից մեկը 2005 թ. լույս է տեսել Հայաստանում, իսկ մյուս երկուսը՝ 2008 թ. և 2014 թ., ԱՄՆ – ում: 2005 թ. Երևանում հրատարակված “Анализ кинетических моделей химических реакционных систем. Ценностный подход” մենագրությունը 2014 թ. հրատարակվել է ԱՄՆ – ում՝ L. A. Tavadyan, G. A. Martoyan, “Analysis of Kinetic Models of Chemical Reaction Systems. Value Approach”. – New York: Nova Science Publishers, 2014. – 223 P. Մասնակցել է Բազմակենտրոն շղթայական քիմիական ռեակցիաների ընտրողական արգելակման երևույթի հայտնագործմանը (ԽՍՀՄ հայտնագործությունների պետական գրանցամատյան, 1987)։

Լ. Ա. Թավադյանը իրականացրել է նաև ինովացիոն գործունեություն. մշակվել է չորս անուն արգասիք, որոնք հաստատվել և գրանցվել են ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտում: Դրանք են՝
1. Ախտահանիչ միջոց «ԲԻՕՔՍԻԼ» - ՀՀ ԱՆ հիգենիկ և հակահամաճարակային տեսչություն, ՀՀ ՍԱԻ № 9403, 2006:
2. Ջրամեկուսիչ և հակակորոզիոն մածիկ «ԲԻՏԱԼ-1» - ՀՀ ՍԱԻ № 9281, 2006:
3. Ժանգի ձևափոխիչ լուծույթ «ԼԱ-1» - ՀՀ ՍԱԻ № 9279, 2006:
4. Ջրամեկուսիչ և հակակորոզիոն ներկեր «ԷԼԱՄԱ» «ԷԼԱՄԵ» - ՀՀ ՍԱԻ № 9280, 2006:

«Դորոժնիկ» ՍՊԸ – ի հետ համատեղ նախագծվել և կառուցվել է արտադրամաս, արտադրվել է նշված արգասիքներից 100 տ. փորձնական արտադրանք (2010 թ.):

ՀՀ ԳԱԱ ՔՖԻ –ում ստեղծվել է 1000 տ. տարեկան արտադրողականությամբ հեղուկ կոմպոզիցիոն նութերի ստացման փորձնական արտադրամաս (2013 թ.):

2014 թ. Լ. Ա. Թավադյանին, ՀՀ նախագահի հրամանագրով, շնորհվել է գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: