Cover Image
close this bookՆերսիսյան Մկրտիչ Գեղամի (1910-1999)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վեաստակավոր գործիչ Մկրտիչ Գեղամի Ներսիսյանը լավ հայտնի է մեր գիտական հասարակությանը։ 60 տարուց ավելի անվանի գիտնականը հարստացրել է մեր պատմագիտությունը ծանրակշիռ և մնայուն ուսումնասիրություններով։ Մ. Գ. Ներսիսյանը ծնվել է 1910 թ. Երևանի նահանգի Աշտարակի շրջանի Փարպի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայում, ապա շարունակել Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1927 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, որն ավարտել է 1931 թ.՝ ստանալով պատմաբանի մասնագիտություն։ Դեռևս 1930-ական թթ. սկզբներին երիտասարդ պատմաբանը հրապարակեց մի շարք աշխատություններ Հայաստանի և Անդրկովկասի հեղափոխական շարժումների պատմության վերաբերյալ։ Այդ շրջանում նա լույս ընծայեց հոդվածներ ու գրքեր Ստեփան Շահումյանի, Բաքվի կոմունայի, Մայիսյան ապստամբության, 1918-1920 թթ. Հայաստանում տիրող տնտեսական ու քաղաքական դրության մասին և այլն։ Պրոֆ. Կ. Ղազարյանի հետ միասին Մ. Ներսիսյանը կազմել է «Առաջին մասսայական հեղափոխական շարժումները Հայաստանում» փաստաթղթերի ժողովածուն, որը լույս տեսավ 1932 թ.։ Երկրորդ ժողովածուն, որ կազմվեց Ներսիսյանի ակտիվ մասնակցությամբ և հրատարակվեց 1935 թ. ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի առաջաբանով, նվիրված է Հայաստանի առաջին կոմունիստական երիտասարդական միության՝ «Սպարտակի» պատմությանը։ Ընդարձակելով գիտահետազոտական աշխատանքների շրջանակները, Մ. Ներսիսյանը հետագա տարիներին զբաղվեց XVIII և XIX դդ. պատմության խնդիրներով։ 1939 թ. նա պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն «Նարոդնիկական խմբակները Անդրկովկասում 1870-1880 թթ.» թեմայով։ Այդ, ըստ ամենայնի հետաքրքիր ուսումնասիրությունը, որ լույս տեսավ 1940 թ., նոր և կարևոր խոսք էր սովետահայ պատմագրության մեջ։ Հեղինակը, առաջին անգամ հատուկ քննարկման ենթարկելով հայ նարոդնիկության հարցը, հիմնավորապես հերքեց բավական տարածում գտած այն տեսակետը, թե հեղափոխական նարոդնիկությունը օտար երևույթ է եղել Հայաստանի և Անդրկովկասի համար։ Հենվելով արխիվային նյութերի և այլ աղբյուրների հարուստ տվյալների վրա, Ներսիսյանը ցույց տվեց, որ Անդրկովկասի հեղափոխական տարաստիճան (ռազնոչին) մտավորականության մի մասը 1860-1880 թթ. գործուն մասնակցություն ունեցավ համառուսական հեղափոխական իրադարձություններին, և որ դեմոկրատական երիտասարդ սերնդի հենց այդ թևի ներկայացուցիչներն էին, որ ընդգրկվեցին հեղափոխական նարոդնիկական շարժման մեջ՝ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Մոսկվայում, Պետերբուրգում, Կիևում, Դոնի Ռոստովում և Ռուսական կայսրության այլ քաղաքներում։
Աշխատության մեջ բերված են հետաքրքիր տվյալներ հայ հեղափոխական նարոդնիկների կյանքի և գործունեության, նրանց հայացքների ու ծրագրերի մասին։ Նկատենք, որ մի շարք հետազոտողների կողմից կատարված արխիվային պրպտումները (օրինակ, Ա. Գ. Տերեշչենկոյի «Նոր նախիջևանցիները հեղափոխական նարոդնիկական շարժման մեջ» հոդվածը, (տե՛ս «Պատմա-բանասիրական հանդես», 1975, № 4), հայտնաբերելով նոր տվյալներ հայ նարոդնիկների վերաբերյալ, լիովին հաստատում են Մ. Ներսիսյանի տասնյակ տարիներ առաջ գրված աշխատության թեզերն ու եզրակացությունները։ Պրոֆ. Մ. Ներսիսյանի գիտական աշխատությունների մեջ զգալի տեղ են գրավում այն ուսումնասիրությունները, որոնք նվիրված են Օսմանյան կայսրության դեմ ուղղված հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմության հարցերին։ Պատմաբանն իր «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850-1870 թթ.» մենագրությունը, որպես դոկտորական ատենախոսություն հաջողությամբ պաշտպանեց 1946 թ.։ Այդ ծանրակշիռ գիտական հետազոտությունը, որ լույս տեսավ 1955 թ., աչքի է ընկնում հարցերի խորը, բազմակողմանի քննարկմամբ, նոր և համարձակ մտքերով ու եզրահանգումներով։ Այս աշխատության մեջ հեղինակը փաստական հարուստ նյութի հիման վրա պատկերում է արևմտահայության ծանր կացությունը XIX դարի 50-80-ական թթ., շարադրում նրա հերոսական մաքառումը, ազատագրական շարժման ընթացքը, բացահայտում է այդ շարժման կապերը հարևան ժողովուրդների հակասուլթանական ընդվզումների հետ, հայ ազատագրական պայքարի սոցիալ-դասակարգային բովանդակությունը և շարժիչ ուժերը, արևմտյան տերությունների հետադիմական դիրքորոշումը, ազատագրական շարժման ռուսական կողմնորոշումը և այլ հարցեր։ Վճռականորեն ժխտելով հակագիտական այլևայլ «տեսություններ», Մ. Ներսիսյանը համոզիչ, անվիճելի փաստերով և հիմնավորապես ցույց է տվել արևմտահայ ազատագրական շարժման ինքնաբուխ, ժողովրդական-համազգային բնույթը, նրա գաղափարախոսության առաջադեմ և դեմոկրատական էությունը։ Առանձին ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ 1940-ական թթ. ստեղծված այդ կապիտալ գործում տեղ չեն գտել այն տարիներին լայն տարածում ստացած գռեհիկ սոցիոլոգիզմի պատմագիտական դրույթները։ Մերժելով դրանք և ցուցաբերելով գիտական օբյեկտիվություն, Ներսիսյանը ճիշտ դիրքերից է լուսաբանել մեր ժողովրդի պատմության այդ շրջանի շատ հանգուցային խնդիրներ, որոնց թվում Ռաֆայել Պատկանյանի, Ռաֆֆու, Գ. Արծրունու, Գ. Սրվանձտյանի և անցյալ մի շարք նշանավոր այլ գործիչների առաջադեմ դեմոկրատական գաղափարների գնահատության հարցերը։ Սխալ չի լինի, եթե ասենք, որ պատմաբանի այս աշխատությունը գիտական մի խիզախ քայլ էր՝ ուղղված քարացած դոգմատիզմի «տեսությունների» դեմ, որոնք իր ժամանակ ստեղծվել էին տվյալ պրոբլեմի շուրջը և տակավին չէին հաղթահարվել։ Ներսիսյանի մենագրությունը ամենայն իրավմամբ բարձր գնահատականի արժանացավ ինչպես հանրապետական, այնպես էլ կենտրոնական մամուլում (ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր», «Вопросы истории», «Советское востоковедение» և այլն)։ Մ. Ներսիսյանի «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ» դոկտորական ատենախոսությունը փաստորեն սկիզբ դրեց արևմտահայ ազգային-ազատագրական շարժման գիտական ուսումնասիրության գործին սովետահայ պատմագրության մեջ։ Այդ խնդրի շուրջ այնուհետև հանդես եկան նրա ղեկավարությամբ աշխատող մի շարք երիտասարդ գիտնականներ, ապա ուրիշ պատմաբաններ։
Նշված մենագրությունից բացի Ներսիսյանը գրել է նաև հոդվածներ՝ Զեյթունի 1862 թ. ապստամբության, արևմտահայերի կոտորածների, հայ ազատագրական պայքարի հերոս Անդրանիկի և հարակից այլ հարցերի մասին։ 1965 թ. լույս տեսավ Մ. Ներսիսյանի «Ժողովրդական հերոսը» խորագիրը կրող հոդվածը, ուր առաջին անգամ սովետահայ պատմագիտության մեջ տրվեց ականավոր հայրենասեր, անվեհեր պարտիզան-հայդուկ և տաղանդավոր զորահրամանատար Անդրանիկի փայլուն կերպարը, նրա հերոսական կյանքի ու գործի հիմնավոր ու ճշմարտացի բնութագիրը։ «Հայ ժողովրդի ազգային հերոսը,- ասված է այստեղ,- մոտ 30 տարի շարունակ մարտնչել է սուլթանական արյունոտ բռնակալության դեմ, կազմակերպել և ղեկավարել է արևմտահայ գյուղացիության ինքնապաշտպանական-ազատագրական կռիվները, միշտ հանդես բերելով անօրինակ խիզախություն և հնարամտություն»։ Պատմաբանի գնահատականները օբյեկտիվ են, գիտական։ Չի կարելի չհամաձայնվել հեղինակի հետ, երբ նա գրում է, թե ժողովրդական հերոսը ունեցել է նաև վրիպումներ։ «Նա միշտ չէ, որ հստակ պատկերացում ուներ իր ժողովրդի ազատագրության ճիշտ ուղու մասին, միշտ չէ, որ ըմբռնել է բարեկամի ու հովանավորողի դիմակ հագած «մեծ տերությունների» խարդախ քաղաքականությունը։ Բայց Անդրանիկը ոչ քաղաքագետ էր և ոչ էլ դիվանագետ... նա մարտիկ էր, պարտիզան ու զորավար. նրա կոչումն էր կազմակերպել զինված ելույթներ բռնակալների դեմ ու զենքը ձեռքին կռվել ժողովրդի ազատության համար։ Եվ նա անում էր չգերազանցված հերոսությամբ ու վարպետությամբ» («Սովետական Հայաստան», 1965 թ., 25 փետր.)։ Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Մ. Ներսիսյանի նախաձեռնությամբ ու խմբագրությամբ 1966 թ. լույս տեսավ «Հայերի գենոցիդը Օսմանյան կայսրության մեջ» փաստաթղթերի կապիտալ և արժեքավոր ժողովածուն (ռուսերեն), ուր ամենայն մանրամասնությամբ ցույց է տրված սուլթան Աբդուլ Համիդի և Երիտասարդ թուրքերի մասսայական կոտորածների արյունոտ քաղաքականությունը արևմտահայերի նկատմամբ։ Ժողովածուն պարունակում է բազմաթիվ նորահայտ արխիվային փաստաթղթեր, կարևոր պաշտոնական նյութեր և առաջին հերթին զանազան պետությունների դեսպանների, արտաքին գործերի մինիստրների և պետական այլ գործիչների գաղտնի զեկուցագրեր, ապա կոտորածների ականատեսների, այդ թվում՝ հայ, արաբ, թուրք, ինչպես նաև եվրոպական միսիոներների վկայություններ։ Իր չափազանց հարուստ և բազմատեսակ նյութերով, որոնք քաղված են տարբեր աղբյուրներից (անգլիական, գերմանական, ֆրանսիական, ռուսական, իսպանական, թուրքական, արաբական, հայկական և այլն), հայերի ցեղասպանությանը նվիրված այս ժողովածուն փաստագրական մի անհերքելի վկայագրություն է թուրք ջարդարարների անասելի ոճրագործությունների և արևմտահայության մեծ ողբերգության մասին։ Ժողովածուն նոր լրացումներով վերահրատարակվեց 1982 թ. և լայն արձագանք գտավ ընթերցողների շրջանում։
Մ. Ներսիսյանի գիտական ուսումնասիրություների մի մասը նվիրված է հայ-ռուսական պատմական կապերի ու հարաբերությունների պրոբլեմին։ Դեռևս 1944 թ. լույս տեսավ նրա «Ա. Վ. Սուվորովը և ռուս-հայկական հարաբերությունները 1770-1790-ական թթ.» աշխատությունը, որը հետեգայում՝ 1981 թ. զգալի լրացումներով հրատարակվեց նաև ռուսերեն լեզվով։ 1956-1961 թթ. լույս տեսավ Ներսիսյանի «Ռուս-հայկական հարաբերությունների պատմությունից» երկհատոր հոդվածների ժողովածուն (ռուսերեն), որտեղ քննարկվում են XVIII-XIX դարերի հայ-ռուսական պատմական կապերին ու քաղաքական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Այդ թեմաներին նա անդրադարձավ նաև հետագա տարիներին՝ գրելով մի շարք հոդվածներ, որոնցում մասնավորապես լուսաբանվում են Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին և այդ ակտի պատմական նշանակությունը, հայ ժողովրդի ռուսական կողմնորոշումը, Դ. Վ. Դավիդովը Հայաստանում (1826 թ.), Երևանի ազատագրումը ռուսական բանակի կողմից 1827 թ., հայ կամավորների ու աշխարհազորականների մասնակցությունը ռուս-պարսկական 1826-1828 թթ., ռուս-թուրքական 1828-1829 թթ. պատերազմներին և այլն։ Առանձին հետաքրքրություն են ներկայացնում Մ. Ներսիսյանի ուսումնասիրություները ռուս առաջին փառապանծ հեղափոխականների՝ դեկաբրիստների վերաբերյալ։ 1958 թ. հրատարակված «Դեկաբրիստները Հայաստանում» մեծարժեք աշխատության մեջ, որի ռուսերեն թարգմանությունը լույս տեսավ 1975 թ., հեղինակը, օգտագործելով արխիվային հարուստ նյութեր, վերականգնում է Կովկաս աքսորված դեկաբրիստների թիվն ու ցուցակը, ցույց է տալիս 1825 թ. հերոսների գործուն մասնակցությունը 1826-1828 թթ. ռուս-պարսկական և ապա՝ 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմներին, այդ հեղափոխականների դերը Արևելյան Հայաստանը պարսկական խաների ու բեկերի ծանր լծից ազատագրելու գործում և այլն։ Աշխատության մեջ բերված են հետաքրքիր տեղեկություններ դեկաբրիստների և հայ, վրացի ու ադրբեջանցի գործիչների կապի մասին, ինչպես նաև ցույց են տրված այն ջերմ, բարեկամական հարաբերությունները, որոնք ստեղծվել էին կովկասյան բանակ փոխադրված ռուս հեղափոխականների ու լեհ ապստամբների միջև։ Աշխատելով «Դեկաբրիստները Կովկասում» թեմայի վրա, Ներսիսյանը հայտնաբերել է արժեքավոր փաստաթղթեր տվյալ հարցի վերաբերյալ։ Հիշենք, որ առաջինը նա հայտնաբերեց ու հրապարակեց դեկաբրիստներ Ե. Լաչինովի գրառումներն ու նոթերը Հայաստանի մասին, Դ. Իսկրիցկու և Վ. Վոլխովսկու նամակները Անդրկովկասի, Ի. Բուրցովի զեկուցագրերը ռուս-թուրքական 1828-1829 թթ. պատերազմի վերաբերյալ և այլն։ Հատկապես պետք է նշել Ներսիսյանի «Նոր տվյալներ դեկաբրիստների մասին» հոդվածը (տես «Պատմա-բանասիրական հանդես», 1975, № 4), ուր բազմաթիվ նոր տվյալների հետ մեկտեղ բերված են խիստ կարևոր տեղեկություններ Ուկրանիայում ապստամբած հայտնի Չեռնիգովյան գնդի զինվորների սոցիալական ու ազգային կազմի մասին։ Գիտական արժեքավոր ուսումնասիրություն է Մ. Ներսիսյանի «1812 թ. Հայրենական պատերազմը և Կովկասի ժողովուրդները» աշխատությունը, որը լույս է տեսել 1965 թ. ռուսերեն լեզվով։ Պատմական նոր փաստերի ու հարուստ նյութերի հիման վրա այս հետազոտության մեջ ցույց է տրված Անդրկովկասի և Հյուսիսայն Կովկասի ժողովուրդների, Կովկասի լեռնականների, Կուբանի կազակների, կալմիկների մասնակցությունը ռուս ժողովրդի 1812 թ. համաժողովրդական Հայրենական պատերազմի և թուրք-պարսկական, ֆրանսիական ու անգլիական կառավարող շրջանների ագրեսիվ հակառուսական քաղաքականության ձախողումը Կովկասում։ Այնուհետև բերված են մանրամասն ու ճշգրտված տվյալներ Նապոլեոն I-ի բանակի դեմ մարտնչած կովկասցիների, ինչպես նաև պատերազմից տուժած ռուս բնակչությանը օգնելու նպատակով երկրամասում կազմակերպված նվիրատվությունների և այլ միջոցառումների մասին։ Գրքում մանրամասնորեն ցույց է տրված կովկասահայության հայրենասիրական շարժումը՝ օգնելու Ռուսաստանին ընդդեմ ֆրանսիական ագրեսորների։ Առանձնապես հետաքրքիր են այն տվյալները, որոնք վերաբերում են Նոր Նախիջևանի ու Աստրախանի հայ բնակչությանը։ Պատմաբանը մի շարք արժեքավոր հոդվածներ է նվիրել հայ ժողովրդի պատմության XVIII դարի երկրորդ կեսի և XIX դարի սոցիալ-տնտեսական ու քաղաքական հարցերին, հասարակական գործիչներին, գիտության ու մշակույթի ականավոր դեմքերին։ Դրանցից առանձնապես պետք է հիշել «Հայ կամավորները ռուս-թուրքական 1787-1791 թթ. պատերազմում», «Ա. Վ. Սուվորովի հայ զինակիցներն ու բարեկամները», «Աբովյանի առաջին հրապարակային ելույթը», «Առաջին հայ ուտոպիստ-սոցիալիստը» (Դ. Դ. Ախշարով), «Հայաստանի սոցիալ-տնտեսական դրությունը 1860-1880-ական թթ.», «Արևմտահայերի ազատագրական պայքարը թուրքական դեսպոտիզմի դեմ և արևմտյան պետությունները», «Պրոֆեսոր Լեոյի պատմագիտական ժառանգությունը» հոդվածներն ու հաղորդումները։ Մ. Ներսիսյանի ուսումնասիրություններն աչքի են ընկնում ինքնատիպությամբ, գիտական խորությամբ, պրոբլեմատիկայի կարևորությամբ ու հրատապությամբ, ճշմարիտ փաստերով հիմնավորված եզրահանգումներով։ Նրա աշխատությունները նոր լույս են սփռում մեր ժողովրդի պատմության բազմաթիվ կնճռոտ հարցերի վրա։ Ներսիսյանը խոշոր աշխատանք է կատարել արխիվյին նոր փաստթղթերի հայտնաբերման ու հրատարակության ուղղությամբ։ Նա հրապարակել է արժեքավոր նյութեր հատկապես հայ ժողովրդի ազատագրական պայքարի և հայ-ռուս կապերի ու հարաբերությունների պատմության վերաբերյալ։ Պատմագիտության բնագավառում ունեցած վաստակի համար Ներսիսյանը 1950 թ. ընտրվում է Հայկական ՍՍՀ ԳԱ իսկական անդամ, իսկ 1961 թ. նրան շնորհվում է հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչում։ Գիտահետազոտական գործունեության հետ մեկտեղ Ներսիսյանը զբաղվել է նաև մանկավարժական աշխատանքով։ Տարիներ շարունակ նա հայ և ՍՍՀՄ ժողովուրդների պատմության դասընթաց է կարդացել Երևանի բանֆակում, Կոմհամալսարանում, հայկական և ռուսական մանկավարժական ինստիտուտներում, Երևանի պետական համալսարանում, որտեղ մի շարք տարիներ վարել է հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչի պարտականությունները։ Ներսիսյանը ունեցել է բազմաթիվ ասպիրանտներ, ղեկավարել է շատ երիտասարդ պատմաբանների թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները, մասնակցել է հայ ժողովրդի պատմության դասագրքերի և գիտամասսայական աշխատությունների ստեղծման գործին։ Նրա խմբագրությամբ 1972 թ. լույս տեսավ «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակնարից մինչև մեր օրերը» (մեկ հատորով)։ 1980 թ. այն հրատարակվեց նաև ռուսերեն լեզվով։ Ականավոր գիտնականը նաև ակտիվ հասարակական գործիչ էր։ Նա երկար տարիներ վարել է պատասխանատու պաշտոններ գիտական և ուսումնական հիմնարկներում։ Ներսիսյանը եղել է հանրապետության ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, վիցեպրեզիդենտ, գլխավորել է ակադեմիայի խմբագրական-հրատարակչական խորհրդի աշխատանքը որպես նրա նախագահ, խմբագրել է Հայկական ՍՍՀ ԳԱ «Տեղեկագիրը» (հասարակական գիտություններ)։ Մ. Գ. Ներսիսյանը 1966-1977 թթ. աշխատել է որպես Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ավելի քան 28 տարի եղել է Գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ։ Նրա նախաձեռնությամբ ակադեմիայում կազմակերպվեց արևելագիտության բաժինը, որը հետագայում դարձավ ինստիտուտ, ստեղծվեց «Պատմա-բանասիրական հանդեսը», պետական համալսարանում հիմնվեցին արևելագիտության ֆակուլտետը, հայագիտական կենտրոնը, «Երևանի համալսարանի բանբեր», «Երևանի համալսարան» պարբերականները։ Գիտնականը ակտիվորեն մասնակցել է Հայկական սովետական հանրագիտարանի աշխատանքներին՝ որպես նրա գլխավոր խմբագրության անդամ և հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմության գիտաճյուղային խորհրդի նախագահ։ Նա միաժամանակ հայ ժողովրդի պատմության բազմահատորյակի գլխավոր խմբագրության անդամ էր։ Երկար տարիներ եղել է Սովետա-բուլղարական համամիութենական ընկերության հայկական մասնաճյուղի նախագահը։
Մ. Գ. Ներսիսյանը ՍՄԿԿ անդամ է 1938 թ., մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է ՍՍՀՄ Գերագույն սովետի և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ, քանիցս ընտրվել է Հայաստանի կոմկուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի և ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ, եղել է ՀԿԿ մի շարք համագումարների պատգամավոր։ Նա պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով և բազմաթիվ մեդալներով, այդ թվում բուլղարական «Գեորգի Դիմիտրով» մեդալով։ Մ. Ներսիսյանը ՀՍՍՀ ԳԱ նախագահության օրգան «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիրն էր հիմնադրման ժամանակից սկսված (1958 թ.)։ Երկարամյա խմբագրի ջանքերի շնորհիվ «Պատմա-բանասիրական հանդեսը» դարձել է հայագիտական լուրջ, ծանրակշիռ գիտական հանդես և ստացել է միութենական ու համաշխարհային ճանաչում։ Ներսիսյանը միաժամանակ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ-ռուսական պատմական կապերի բաժնի վարիչն էր։ Այստեղ նրա ղեկավարությամբ պատրաստվում են մի շարք աշխատություններ՝ նվիրված հայ-ռուսական հարաբերությունների պատմության կարևոր հարցերին։ Մ. Գ. Ներսիսյանն իր վարած բոլոր պաշտոններում էլ միշտ հանդես է բերել կազմակերպչական ընդունակություն, սկզբունքայնություն և ազնվություն։