Cover Image
փակիր այս գիրքըԱղալովյան Լենսեր Աբգարի (1940)
Դիտել փաստաթուղթըԼ. Ա. ԱՂԱԼՈՎՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԼ. Ա. ԱՂԱԼՈՎՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Դիտել փաստաթուղթըԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ

Լենսեր Աբգարի Աղալովյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում 1940 թ.-ի փետրվարի 3-ին, ուսուցչի ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1956 թ.-ին։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, որն ավարտել է գերազանցության դիպլոմով 1961թ.-ին «Մեխանիկա» մասնագիտության գծով։ Ուսման տարիներին ստացել է Լենինյան կրթաթոշակ։

Համալսարանն ավարտելուց հետո նույն համալսարանի Տեսական մեխանիկայի ամբիոնում աշխատել է որպես ասիստենտ (1961-1963 թթ.), 1963-1966 թթ.-ին սովորել է ասպիրանտուրայում։ 1966 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1967-1969 թթ.-ին աշխատել է Երևանի պետական համալսարանի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում որպես ավագ դասախոս, իսկ 1969-1987 թթ.-ին՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։

1980 թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` “Асимптотические представления решений уравнений теории упругости анизотропного тела и связанные с ними прикладные теории балок, пластин и оболочек” (Автореферат дисс. на соиск. уч. степени доктора физ.-мат. наук. Казанский Госуниверситет. Казань. 1980. - 26 с.) և նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1987 թ.-ին մրցութային կարգով ընտրվել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, իսկ 1993, 1998 և 2004 թթ.-ին նույն ընտրական համակարգով վերընտրվել է նույն պաշտոնում։

Լենսեր Աբգարի Աղալովյանի գիտական հետազոտությունները նվիրված են անիզոտրոպ սալերի և թաղանթների ասիմպտոտիկ տեսության կառուցման, բարակ մարմինների առաձգականության տեսության խառը եզրային խնդիրների լուծման, հիմքերի և հիմնատակերի կիրառական մոդելների կիրառելիության շրջանակների ճշտման, շերտերի, սալերի և թաղանթների ոչ դասական եզրային խնդիրների ուսումնասիրման, սեփական տատանումների հաճախությունների որոշման և դեֆորմացվող բարակ մարմինների մեխանիկայի այլ հարցերին։ Լ. Ա. Աղալովյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է նաև սեյսմոլոգիային, սեյսմակայուն շինարարությանը և տիեզերաբանությանն առնչվող հարցեր։

Լ. Ա. Աղալովյանի առաջին իսկ գիտական աշխատանքում ստացվեց կարևորագույն արդյունք՝ ճշգրտվեց անիզոտրոպ սալերի ծռման դասական հավասարումը և կապ հաստատվեց ֆիզիկական և երկրաչափական վարկածների հիման վրա ստացվող հավասարումների և եռաչափ խնդրից ասիմպտոտիկ մեթոդով երկչափի բերվող հավասարումների միջև։

Նրա կողմից առաջին անգամ ուսումնասիրվեց սահմանային շերտը անիզոտրոպ հեծաններում։ Մինչ այդ հետազոտությունները իզոտրոպ սալերի և որոշ տիպի թաղանթների համար էներգետիկ մեթոդով ստացված էր միայն որակական արդյունք՝ սահմանային շերտի էքսպոնենցիալ մարման վերաբերյալ։ Լ. Աղալովյանը ստացավ փակ լուծում սահմանային շերտի համար, ինչից հետևեց ոչ միայն մարման՝ էքսպոնենցիալ լինելը, այլև որոշվեց մարման արագությունը բնորոշող էքսպոնենցիալ ֆունկցիայի ցուցիչը։ Հեծանների համար կապ հաստատվեց սահմանային շերտի և Սեն-Վենանի հայտնի սկզբունքի միջև։ Ապացուցվեց Սեն-Վենանի սկզբունքի ճշմարտացի լինելը առաձգականության տեսության առաջին եզրային խնդրի դեպքում, բացատրվեց, թե ինչու այն կիրառելի չէ, երբ հեծանի ճակատային հատույթներում տրված են տեղափոխման վեկտորի բաղադրիչները։ Արտածվեցին այն պայմանները, երբ, ի տարբերություն իզոտրոպ հեծանների, կախված անիզոտրոպիան բնութագրող գործակիցներից, սահմանային շերտը կարող է դառնալ ներթափանցող։

Ելակետ ընդունելով առաձգականության տեսության տարածական խնդրի հավասարումները՝ Լ. Աղալովյանի կողմից կառուցված է անիզոտրոպ սալերի և թաղանթների ասիմպտոտիկ տեսությունը, կապ է հաստատված այդ տեսության հավասարումների և անիզոտրոպ սալերի և թաղանթների դասական և ճշգրտված տեսությունների հավասարումների միջև, առավելագույն ձևով ի հայտ է բերված անիզոտրոպիայի ազդեցությունը։

Շատ դրույթներ, որոնք մինչ այդ հետազոտությունները առաջադրվել էին վարկածների տեսքով, ստացան իրենց մաթեմատիկական հիմնավորումը։ Ի տարբերություն մյուս տեսությունների, ասիմպտոտիկ տեսությունը սալերի համար կառուցվեց ամենաընդհանուր անիզոտրոպիայի (21 առաձգականության գործակից) դեպքում։

Լ. Աղալովյանն ապացուցեց, որ դասական տեսությանԿիրխհոֆ-Լյավի վարկածները կիրառելի չեն այն դեպքերում, երբ սալի կամ թաղանթի դիմային մակերևույթների վրա տրված են տեղափոխման վեկտորի բաղադրիչները, կամ առաձգականության մաթեմատիկական տեսության խառը եզրային պայմաններ։ Հավանաբար դրանով պետք է բացատրվի համապատասխան կիրառական տեսությունների բացակայությունը այդ դեպքերի համար, այն դեպքում, երբ տեսությունը գոյություն ունի ավելի քան մեկ դար։ Լ. Աղալովյանի կողմից գտնվեցին միանգամայն նոր ասիմպտոտիկաներ լարման թենզորի և տեղափոխման վեկտորի բաղադրիչների համար և արտածվեցին ռեկուրենտ բանաձևեր դրանց որոշման համար։

Կառուցված է շերտավոր հեծանների և սալերի ասիմպտոտիկ տեսությունը և խորը վերլուծության են ենթարկված առաձգականության տարբեր գործակիցների, շերտերի հաստությունների և ազդող բեռների փոփոխելիության ազդեցությունները լարվածային դեֆորմացիոն վիճակների բնույթի վրա։ Առաջին անգամ հատուկ ուսումնասիրության են ենթարկվել շերտերի միջև ոչ լրիվ կոնտակտի տարբեր կիրառական մոդելները։ Այդ ուսումնասիրությունների շնորհիվ, մասնավորապես, կապ հաստատվեց հիմքերի և հիմնատակերի կիրառական մոդելների և առաձգականության տեսության համապատասխան եզրային խնդիրների լուծումների միջև։ Ապացուցվել է, որ ամենաընդհանուր անիզոտրոպիայի դեպքում Վինկլերի հայտնի մոդելը կիրառելի չէ, և որ այդ մոդելի կիրառումը մեծ փոփոխելիություն ունեցող բեռների դեպքում նույնպես կարող է բերել մեծ սխալների։ Արտածվել են հույժ կարևորություն ներկայացնող բանաձևեր օրթոտրոպ, շերտավոր, ըստ հաստության անհամասեռ հիքերի հիմնատակային գործակիցների որոշման համար։

Ցույց է տրված ասիմպտոտիկ մեթոդի էֆեկտիվությունը շերտավոր բարակապատ այնպիսի համակարգերի հաշվարկներն իրականացնելու համար, երբ շերտերի մի մասն օժտված է ռեոլոգիական հատկություններով, իսկ համակարգի վրա կարող են ազդել ամենաընդհանուր բնույթի ուժեր, մասնավորապես՝ կենտրոնացված, կտոր առ կտոր անընդհատ, ծավալային (քաշ, բերված սեյսմիկ ուժեր) և այլն։

Առանձին հետաքրքրություն են ներկայացնում նաև նրա կողմից ստացված արդյունքները շերտերի սեփական տատանումների վերաբերյալ։ Կապ է հաստատված սեփական տատանումների հաճախությունների, սեյսմիկ սահքային ու երկայնական ալիքների տարածման արագությունների և շերտերի հաստության միջև։ Արտածված են այն պայմանները, երբ սեյսմիկ ազդեցությունների ժամանակ կառուցվածքի հիմքը զերծ կմնա ռեզոնանսային վիճակ ընկնելուց։ Այս ուղղությունը կարող է դառնալ հեռանկարային՝ սեյսմակայուն շինարարության արդի պահանջների տեսանկյունից։

Լ. Ա. Աղալովյանի գիտական նվաճումների արդյունքները հիմք են հանդիսացել նոր գիտական հետազոտությունների համար։ Նրա ջանքերով 1990 թ.-ին ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտին կից ստեղծվել է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդ «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» և «Տեսական մեխանիկա» մասնագիտությունների գծով. Լ. Ա. Աղալովյանը վերոհիշյալ մասնագիտական խորհդի նախագահն է։

Լ. Աղալովյանի ղեկավարությամբ 14 գիտաշխատող պաշտպանել են թեկնածուական, իսկ երեքը՝ դոկտորական ատենախոսություններ։

Լ. Աղալովյանը հայտնի է նաև իր գիտամանկավարժական և գիտակազմակերպչական գործունեությամբ։ Տարբեր տարիների դասախոսել է Երևանի պետական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարաններում տեսական մեխանիկա, նյութերի դիմադրություն և բարձրագույն մաթեմատիկա առարկաները։ Կարդացել է հատուկ դասընթացներ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրանտների համար։ Ստեղծել է գիտական իր ուրույն ուղղությունը, որով զբաղվում են նրա աշակերտները։ 1994 թ.-ին իր երկու աշակերտների հետ Լ. Ա. Աղալովյանն արժանացել է Սորոսի միջազգային գիտական ֆոնդի (ISF) գրանտին։

Հայ գիտնականների և ճարտարագետների ընկերությունը (ԱՄՆ) 1995 թ.-ին նրան շնորհել է Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակ։ Նույն թվականին նա ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի (Российский национальный комитет по теоретической и прикладной механике) անդամ։

1996 թ.-ին Լ. Ա. Աղալովյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս «Մեխանիկա» մասնագիտության գծով։

Լ. Ա. Աղալովյանի կողմից ստացված արդյունքների մի մասն ամփոփված է նրա «Անիզոտրոպ սալերի և թաղանթների ասիմպտոտիկ տեսություն» լայնածավալ մենագրությունում, որը հրատարակվել է Մոսկվայի «Նաուկա» հրատարակչության կողմից 1997 թ.-ին։

Լ. Ա. Աղալովյանը անդամ է European Mechanics Society (EUROMECH), European Association for the Control of Structures, «International Applied Mechanics» (Ukraine) և «Mechanics of Composite Materials» (Latvia) ամսագրերի միջազգային խմբագրական խորհուրդների, ՀՀ ԳԱԱ նախագահության, ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» ամսագրի խմբագրական կոլեգիայի և Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի։

Միջազգային գիտական մրցույթներին մասնակցելու արդյունքներով ստացել է Սորոսի (1994-1995 թթ.), INTAS 97-1140 (1999-2001 թթ.), ISTC-A651 (2002-2004 թթ.) INTAS 03-51-5547 (2004-2006 թթ.), ISTC-A892 (2005-2006 թթ.), INTAS-06- 100017 (2007-2008 թթ.) դրամաշնորհները՝ հանդիսանալով ներկայացված հայտերի գիտական ղեկավար և կատարող:

Պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ «Գովեստագրով» և «Վաստակագրով»։

2006 թ.-ին, ծննդյան 65 տարին լրանալու կապակցությամբ, դադարեցվել են Լ. Ա. Աղալովյանի՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրենի լիազորությունները, և նա նշանակվել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդական և նույն ինստիտուտի «Բարակապատ համակարգերի մեխանիկա» բաժնի վարիչ։

2009 թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից Լ. Աղալովյանին հանձնվել է «Gold Medal For Armenia», իսկ Միջազգային կենսագրական կենտրոնի կողմից նա ճանաչվել է մեկը «Top 100 Scientists-2009»։

2015 թ.-ին «Համաշխարհային գիտություն» հրատարակչությունը (Սինգապուր - Լոնդոն) թարգմանաբար հրատարակել է «Asymptotic Theory of Anisotropic Plates and Shells» («Անիզոտրոպ սալերի և թաղանթների ասիմպտոտիկ տեսություն») մենագրությունը:

2016 թ.-ին Լ. Ա. Աղալովյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։

Լ. Ա. Աղալովյանը աշխարհի գիտական կենտրոններում մեծ ճանաչում և հեղինակություն վայելող գիտնական է, մեխանիկայի փայլուն մասնագետ։

Մեծ գիտնականը նաև ակտիվ հասարակական գործիչ է. դեռևս 1991 թ. նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպությունը (գրանցվել է 1992 թ.), որի նախագահն է եղել 1992-1996 թթ.- ին։

Նա «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության հիմնադիր անդամ է: Բազմիցս հանդես է եկել Արցախյան հիմնահարցին նվիրված հոդվածներով։ www.diplomat.am կայքում (հեղինակներ) հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տեղադրված են նրա «Միլիոն ազերի-թուրք փախստականների մասին» (08.01.2014 թ.), «Ստատուս-քվոյի պահպանումը՝ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման եվրոպական բանալի» (20.02.2014 թ.), «Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականությունը» (02.06.2016 թ.) և «Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման առկա անկասելի հիմքերը» (24.01.2019 թ.) լայնածավալ վերլուծական հոդվածները։ Վերջին հոդվածը տեղադրված է նաև armtimes.com կայքում։ 2020 թվականին Արցախում 44-օրյա պատերազմից հետո հանդես է եկել ՌԴ Արտաքին գործերի նախարար Ս. Լավրովին ուղված նամակով, տպագրված «Հրապարակ» թերթ, 2021թ. մարտի 24, 25, 26-ի համարներում: Նամակի ռուսերեն տարբերակը 2021թ. մարտի 12-ին ուղարկվել է ՀՀ- ում ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինին ՝ խնդրանքով, որ այն փոխանցի ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովին: Ռուսերեն տարբերակը տեղադրված է նաև «Голос Армении» թերթի 2021թ. մարտի 16-ի կայքում: «Հրապարակ» թերթի 2022թ. նոյեմբերի 18 և 19-ի համարներում հրատարկված է Լ. Աղալովյանի՝ «Թուրքիայի և Ադրբեջանի 100 տարուց ավելի հնչեցվող ստոր սուտը և Արցախի ողբերգությունը» վերլուծական հոդվածը: Հոդվածի ուսերեն տարբերակը ուղարկված է ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինին և տեղադրված է «Голос Армении» թերթի 2022թ. կայքում նոյեմբերի 4-ին: