Cover Image
փակիր այս գիրքըՄուրադյան Զադիգ Մկրտիչ (1930-)
Դիտել փաստաթուղթըԶ. Մ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, աստղաֆիզիկոս Զադիգ Մկրտիչ Մուրադյանը ծնվել է 1930թ. հուլիսի 10-ին Ռումինիայում՝ Բուխարեստ քաղաքում: Զադիգ Մուրադյանի արմատները Արևմտյան Հայաստանի Սվազի նահանգի Փուրկ գյուղից են: Նրա պապը՝ Զադիգ Մուրադյանը, Ռումինիա է եկել դեռևս 1890թ.:
Զադիգը հաճախել է հայկական նախակրթարան, հետո՝ գերմանական դպրոց, որը հիմնվել էր դեռևս 19-րդ դարում և համարվում էր Ռումինիայի լավագույն դպրոցներից մեկը: Պատերազմի տարիներին, երբ խորհրդային զորքերը 1944թ. մտան Ռումինիա, այդ դպրոցը փակվեց: Զադիգը ուսումը շարունակեց Բուխարեստի N 1 դպրոցում, որն էլ ավարտեց բարձր առաջադիմությամբ:
Հատկանշական է, որ Զադիգ Մկրտիչ Մուրադյանի մասնագիտական ապագան կանխորոշվել է դեռևս հայկական դպրոցի 3-րդ դասարանում: Աշխարհագրության ուսուցիչը մի օր չէր եկել դասի, և այդ օրը դասը վարեց ավելի բարձր դասարաններում դասավանդող Լևոն Բալջյանը, ով երեխաներին հարցրեց. «Կուզե՞ք այսօր աշխարհագրության դաս անցկացնենք, թե հետաքրքիր պատմություններ պատմեմ աշխարհագրության հետ կապված»: Բնականաμար երեխաները ցանկացան լսել պատմությունը: Նա սկսեց պատմել Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի լուսին» գրքի բովանդակությունը: Այս գիրքը արթնացրեց Զադիգի հետաքրքրասիրությունը. նա սկսեց կարդալ այդ ոլորտի շատ նյութեր, այնուհետև` գրքեր և հասկացավ, որ իր սերը առհավետ կապված է տիեզերքի հետ:
Այդ երիտասարդ ուսուցիչը՝ Լևոն Բալջյանը, ով ակամայից ազդեց Զադիգ Մկրտիչ Մուրադյանի ապագա մասնագիտության ընտրության վրա, հետագայում որոշեց դառնալ վարդապետ: 1943 թ. սեպտեմբերի 30-ին նա Աթենքում ձեռնադրվեց կուսակրոն քահանա, վարդապետ, ապա ընտրվեց Ռումինիայի հայոց թեմի հոգևոր առաջնորդ: Հետագայում Գևորգ 6-րդ կաթողիկոսը նրան հրավիրում է Էջմիածին: Իսկ 1955թ. Լևոն Բալջյանը դառնում է Ամենայն Հայոց Վազգեն 1-ին կաթողիկոսը: Ամբողջ կյանքի ընթացքում Զադիգ Մուրադյանի և իր ուսուցչի կապը շարունակվեց:
Դպրոցը ավարտելուց հետո հոր խորհրդով նա սովորում է արհեստ՝ արծաթագործություն, այնուհետև լուսանկարչություն:
Քանի որ աստղագիտությունը և ֆիզիկան իրար հետ կապված են, դպրոցից հետո Զադիգ Մկրտիչ Մուրադյանը ընդունվեց Բուխարեստի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ, չորս տարի գերազանց սովորելուց հետո նա ընտրեց աստղաֆիզիկայի մասնաճյուղը: Ավարտելուց հետո Զադիգին՝ որպես լավագույն ուսանողի, առաջարկեցին մնալ աստղաֆիզիկայի բաժնում, որպես ասիստենտ: Բայց կար մեկ խնդիր. Զադիգը համարվեց «սոցիալապես ոչ առողջ» ընտանիքից սերված՝ կապիտալիստ. քանի որ նրանք խանութ ունեին, և դրա համար նրան չտրվեց ասիստենտի հաստիքը:
Զադիգը աշխատանք գտավ Բուխարեստի երկաթագործարանում՝ որպես ինժեներ, մեկ տարի անց այդ գործարանի լաբորատորիայի ղեկավարն էր:
1957թ. միջազգային գեոֆիզիկայի տարի էր, և աստղադիտարանում բացվեց 2 հաստիք, որից մեկը զբաղեցրեց Զադիգը: Նա առավելապես ցանկանում էր մասնագիտանալ տիեզերագիտության ոլորտում, սակայն աստղադիտարանում թափուր տեղը արևային ֆիզիկայի բնագավառն էր: Մեկ տարի աշխատելուց հետո երիտասարդ Զադիգը որոշեց իր գիտելիքները ավելի խորացնելու համար մեկնել Ֆրանսիա: 1959թ. նա աշխատանքի է անցնում Ֆրանսիայի աստղադիտարանի արևային ֆիզիկայի բաժնում՝ միաժամանակ լծվելով գիտական թեզի պատրաստման գործին:
1965թ. Սորբոնի համալսարանում հաջողությամբ պաշտպանեց գիտական ատենախոսությունը և դարձավ հետազոտող: Նա որոշ ժամանակ զբաղեցրել է Ֆրանսիայի աստղադիտարանի արևային ֆիզիկայի բաժնի վարիչի պաշտոնը, սակայն վարչական գործեր չսիրելու պատճառով շուտով դուրս է գալիս և մնում է որպես հետազոտող: Հինգ տարի դասավանդել է Բուխարեստի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Նրա գլխավորությամբ 6 հետազոտող պաշտպանել են իրենց թեկնածուական աշխատանքները: Այսօր նա աշխատում է. հետևում է աստղերի ու Արևի շարժին՝ Փարիզի Մեդոնի աստղադիտարանից՝ տիեզերական հետազոտությունների լաբորատորիայից:
1994թ.-ից մինչև այսօր Զադիգ Մուրադյանը համագործակցում է Բյուրականի աստղադիտարանի հետ, 1997թ.-ից մինչ օրս Տիեզերական հետազոտությունների և աստղաֆիզիկայի սարքավորումների լաբորատորիայի հետ: Անդամակցում է Միջազգային աստղագիտական միությանը, Եվրոպական աստղագիտական միությանը, Ֆրանսիական աստղագիտական միությանը, Ռումինիայի գիտության ակադեմիային, Հայկական աստղագիտական միությանը (ArAS, 2009):
Զադիգ Մուրադյանն առաջին անգամ Հայաստան այցելեց 1989թ.՝ մասնակցելու IAU137 գիտաժողովին: Իսկ սկսած 1990-ականներից՝ համագործակցում է Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Արթուր Նիկողոսյանի հետ: Զադիգ Մուրադյանը 1995-ին անկախ Հայաստանի՝ Բյուրականի աստղադիտարանում հայֆրանսիական առաջին գիտաժողովի կազմակերպիչներից էր, որը նվիրված էր աստղաֆիզիկայի տարաբնույթ խնդիրների:
Բացի գիտական գործունեությունից՝ երիտասարդ տարիներին նա Ֆրանսիայի հայ համայնքում ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել: Նրա ջանքերով 1980-ականների սկզբներին Ֆրանսիայում կազմակերպվել է հայ երաժիշտների համերգների մի շարք, որտեղ հանդես եկան Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ադամ Խուդոյանը, Էդուարդ Միրզոյանը: Անդամակցել է Ֆրանսիայում գործող հայ գիտնականների ասոցիացիային:
1974թ. նա ամուսնացել է Աիդա Բասմաջյանի հետ, ունեցել երկու զավակ՝ Վան Տրդատը և Թալինը, որոնց հայեցի դաստիարակություն է տվել: Դուստրը՝ Թալինը, այսօր բավական ակտիվ գործում է Փարիզի հայկական բարեգործական միությունում:
Հաշվի առնելով Զադիգ Մկրտիչ Մուրադյանի գիտական վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Զադիգ Մկրտիչ Մուրադյանը այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում աստղաֆիզիկայի ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2012, հունիս, № 6