Cover Image
close this bookՍարուխանյան Հովհաննես Հովհաննեսի (1964-)
View the documentՀ. Հ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հովհաննես Սարուխանյանը ծնվել է 1964 թ. հոկտեմբերի 24-ին Երևանում, հայտնի բժիշկների ընտանիքում: Հայրը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժն էր: Մայրը՝ Սվետլանա Հարությունովան նույնպես բժիշկ էր: Հովհաննես Սարուխանյանը բժշկական մեծ գերդաստանի երրորդ սերնդի ներկայացուցիչն է: Հովհաննես Սարուխանյանը 1981 թ. ընդունվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան և 1987 թ. բարձր առաջադիմությամբ ավարտել մանկաբուժության ֆակուլտետը: Մեկ տարի ինտերնատուրայում սովորելուց հետո՝ 1988 թ. գործուղվել է Լենինականի (Գյումրի) թիվ 2 մանկական հիվանդանոց և աշխատել բժիշկ-վիրաբույժ մինչև 1991 թ.:
1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին նա նշանակվեց Լենինականի բուժկետի կազմակերպման պատասխանատու, որտեղ իրականացվում էր բժշկական շտապ օգնություն և տուժածների տարհանում վտանգավոր օջախից: Հովհաննես Սարուխանյանը 1988 թ. ընդգրկվեց «Էրեբունի» հիվանդանոցում ստեղծված երկրաշարժից տուժած երեխաների բժշկական օգնության կենտրոնի՝ երկարատև ճնշման համախտանիշով (կլաշ-համախտանիշ) և նրա բարդություններով հիվանդների բուժմամբ զբաղվող գիտական խմբում: Այս գիտական խմբում աշխատելու ժամանակ ձեռք բերած ողջ գիտելիքները հիմք հանդիսացան Հ.Սարուխանյանի հետագա գիտական գործունեության համար:
1989-1992 թվականներին Սարուխանյանը Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի լազերային վիրաբուժության գիտահետազոտական կենտրոնում հայցորդ էր:
1992թ. հրատարակեց «Тактика хирургического лечения больных с Краш-Синдромом, «Лечение гнойных ран у детей с Краш-синдромом» մեթոդական աշխատանքները. 1992 թ. պաշտպանեց գիտական ատենախոսություն «ИК-лазерное излучение и поли ферментные перевязочные материалыв лечении гнойных ран у больных с Краш-синдромом» թեմայով և ստացավ բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1991 թ. նա Լենինականից տեղափոխվեց Երևանի մանկական կլինիկական թիվ 1 հիվանդանոց իբրև վիրաբույժ-օրդինատոր: Գիտական աշխատնանքներին զուգահեռ նա իր փորձն էր ներդնում նաև վիրաբուժության ոլորտում:
1994 թ. նա վերապատրաստման գործուղվեց Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի (ՌԴ ԲԳԱ) գիտական հետազոտական ինստիտուտի մանկական պլանային վիրաբուժության բաժին: Նույն տարում էլ ընդունվեց ՌԴ ԲԳԱ մանկաբուժության գիտական հետազոտական ինստիտուտի դոկտորանտուրա՝ «մանկական վիրաբուժություն» մասնագիտությամբ: Այդ շրջանում նա իրականացրել է խորքային գիտահետազոտական աշխատանքներ, որը և դարձավ նրա դոկտորական աշխատանքը: Այն վերնագրված էր «Функциональные изменения моторики толстой кишки и их лечение и детей»։ Դոկտորականը փայլուն պաշտպանելուց հետո նա վերադառնում է Հայաստան և շարունակում աշխատել Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնում, որպես դոցենտ:
Հովհաննես Սարուխանյանը 1999- 2000 թթ. գործուղվեց ՌԴ Սուրբ Վլադիմիրի անվան թիվ 2-րդ մանկական կլինիկական հիվանդանոց՝ մասնագիտանալով մանկական էնդոսկոպիկ վիրաբուժության մեջ: Նրա աշխատանքը բարձր է գնահատվել պրոֆեսոր Ա. Ի. Լենյուշկինի և պրոֆեսոր Ռ. Պ. Նառցիսովի կողմից, որոնք էլ երաշխավորեցին Հ. Սարուխանյանին, որպեսզի նա աշխատանքի անցնի ՌԴ ԲԳԱ երեխաների առողջության գիտական կենտրոնում՝ առաջատար գիտաշխատողի հաստիքով: Մեկ տարի անց նա տեղափոխվեց պրոֆեսոր Լ. Մ. Ռոշալի գլխավորած անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության բաժին:
2000 թվականից նա միաժամանակ եղել է «Ինպրոմեդ» բժշկական ընկերության տնօրեն, 2004 թվականից՝ անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության ԳՀԻ փոխտնօրեն:
2003 թ. Հ. Սարուխանյանը ներգրավվեց «Երեխաները արտակարգ իրավիճակներում» թեմայով միջազգային ֆորումի կազմկոմիտեի մեջ և արդեն հաջորդ տարի՝ 2004 թ. նա դարձավ Աղետների և պատերազմների ժամանակ երեխաների օգնության միջազգային բարեգործական հիմնադրամի փոխնախագահը: 2004 թ. Հովհաննես Սարուխանյանը համատեղության կարգով կատարել է Մոսկվայի առողջապահության բաժանմունքի անհետաձգելի մանկական վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը: Սարուխանյանն իր բազմազբաղ օրակարգում միշտ էլ տեղ էր հատկացնում գիտական գործունեությանը և իր փորձով կիսվում գիտաժողովների, ֆորումների, տեսական և գործնական կոնֆերանսների ժամանակ: Հ. Սարուխանյանը 80-ից ավելի գիտական աշխատանքների, մի շարք մենագրությունների, մեթոդական ձեռնարկների հեղինակ է և ունի 3 հայտնագործության հեղինակային իրավունքի վկայական: Նրա համահեղինակությամբ հայերեն լեզվով հրապարակվել է «Երեխաների ողնաշարային վնասվածքների մագնիտո-ռեզոնանսային տոմոգրաֆիա» գիրքը: Նա տիրապետում է օպերատիվ լապարասկոպիայի, տոռակոսկոպիայի մեթոդին և պլանային վիրահատությանը: Հովհաննես Սարուխանյան կրտսերը մոտ երկու տասնամյակ է, ինչ բնակվում է Մոսկվայում, սակայն առիթը բաց չի թողնում տարին մի քանի անգամ հայրեն քում լինելու համար: Փորձառու մանկաբույժը խոստով նում է, որ ինչպես շատ բժշկական ընտանիքներում, ինքն ու եղբայրը նույնպես, կարծես, այլընտրանք չունեին և բժիշկ դառնալու որոշումը կայացրել են ինքնաբերաբար, բայց՝ գիտակցված:
Հովհաննես Սարուխանյան կրտսերի երեխաները բժշկի մասնագիտություն չեն ընտրել, և հենց այդ է պատճառը, որ նրա մեծագույն ցանկությունն է, որ առաջիկայում թոռները դառնան Սարուխանյանների բժշկական գերդաստանի արժանի շարունակողները: Հաշվի առնելով Հովհաննես Սարուխանյանի գիտական, մանկավարժական մեծ վաստակը և Հայաստանի գիտական կառույցների հետ սերտ համագործակցության բարձր ակտիվությունը, 2008թ. ՀՀ ԳԱԱ-ն նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2016, մարտ, № 3