Cover Image
փակիր այս գիրքըԱղայան Սոս Սուրենի (1946-)
Դիտել փաստաթուղթըՍ. Ս. ԱՂԱՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սան Անտոնիոյի (Տեխաս) համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Սոս Աղայանը ծնվել է 1946թ. Երևանում:
Հայրը` Սուրեն Աղայանը, դասավանդել է Երևան պետական համալսարանում, նա տնտեսագիտության դոցենտ էր, մայրը` Հրանուշ Գյուրջյանը, կիսատ թողեց ուսումը բժշկական համալսարաում, որպեսզի դաստիարակի իր երեք զավակներին:
Պատանի Սոսը իր երկու դասընկերների հետ սիրում էր ազատ ժամանակ խնդիրներ առաջադրել և գտնել այդ խնդիրների լուծման նոր եղանակներ: Սոսը համոզված էր, որ իր գիտական ապագան կապելու է ֆիզիկայի հետ, սակայն ինչպես ցույց տվեց կյանքը, նա գնաց մաթեմատիկայի ուղղությամբ: Ի դեպ, հայրը այնքան էլ գոհ չէր որդու ընտրած գիտական ուղուց, բայց, այնուամենայնիվ, Սոսը ընտանիքից գաղտնի, 1968թ. հանձնեց քննությունները և ընդունվեց Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ: Ուսանելու վերջին տարիներին նա որոշում է կրթությունը շարունակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում: Ավարտելով բուհը Աղայանը վերադարձավ հայրենիք, բայց որոշ ժամանակ անց վճռեց շարունակել կրթությունը և ընդունվեց Մոսկվայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրա՝ գիտական աշխատանքներ իրականացնելով ֆունկցիաների տեսության ոլորտում: Ականավոր մաթեմատիկոս Ս. Մերգելյանի ղեկավարությամբ Սոս Աղայանը 1974թ. պաշտպանեց գիտական թեզը‘ ստանալով ֆիզմաթ գիտությունների թեկնածուիաստիճան:
1971թ., երբ Սերգեյ Մերգելյանը դարձավ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Սոս Աղայանին առաջարկեց վերադառնալ Հայաստան և միասին աշխատել: Աղայանն անմիջապես վերադարձավ և աշխատանքի անցավ Գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնում` միաժամանակ դասավանդելով պետական համալսարանում: Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ֆունկցիաների տեսությունից նա անցում կատարի կոմբինատորիկայի ոլորտ: Սոս Աղայանը գտավ իրեն հետաքրքրող նոր ոլորտ և, տարիներ շարունակ իրականացնելով անհրաժեշտ հետազոտություններ, հավաքեց բավականաչափ նոր նյութ, որն էլ հիմք դարձավ նրա դոկտորական ատենախոսության համար: 1985թ. մեծ հաջողությամբ Սոս Աղայանը Մոսկվայում պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը, որը վերաբերում էր նկարների մշակման և փոխանցման ոլորտին:
1993 թվականին Սոս Աղայանը մեկ տարով աշխատանքի հրավեր է ստանում Թաֆթս համալսարանից՝ որպես հրավիրված դասախոս: Հետագայում այդ պայմանագիրն անընդհատ վերաթարմացվում էր: Նա շուրջ երեք տարի դասավանդեց Թաֆթսի համալսարանում:
Այնուհետև հրավեր ստացավ Բոստոնի <Ավեար> (Aware) ընկերությունից, որտեղ գրեթե մեկ տարի աշխատեց որպես գիտական ղեկավար՝ զբաղվելով նկարների մշակման տեսության զարգացմամբ:
Աղայանի առաջին կարևոր ներդրումներից է պատկերների որակի բարձրացման տեխնոլոգիաների մշակումը, որոնք հիմնված են մարդու տեսողական համակարգի մոդելի վրա: Համակարգը թույլ է տալիս գնահատել պատկերի որակը առանց այլ պատկերների հետ համեմատության, ինչպես բնորոշ է մարդու տեսողական համակարգին:
Սակայն Աղայանը վճռեց իր հետագա կյանքը, այնուամենայնիվ, կապել գիտամանկավարժական հաստատության հետ: Ընտրությունը կանգնեց Տեխասի Սան Անտոնիոյի համալսարանի վրա, քանզի այն արագ զարգացող և մեծ գիտական ներուժ ունեցող համալսարան էր: Արդեն դոցենտի հաստիքով Աղայանը Սան Անտոնիոյի համալսարանում դասավանդում էր հիմնականում նկարների և ազդանշանների մշակման դասընթացը: Տարիներ անց Աղայանը նույն համալսարանում ստացավ պրոֆեսորի, իսկ հետո արդեն Peter T. Flawn Professor վաստակավոր պրոֆեսորի կոչում: Սոս Աղայանի գիտական աշխատանքները բարձր են գնահատվում գիտական շրջանակներում, 1985թ.-ից հայտնի են Աղայան-Սարուխանյանի անվան թեորեմները, որոնք այժմ լայնորեն կիրառվու են: Հիմնարար գիտության մեջ Սոս Աղայանի նշանակալից ներդրումն են մատնանշում գիտական հանրության կողմից ընդունված Աղայանի թեորեմները, Աղայանի ընտանիքը, Աղայանի մեթոդը և Աղայանի մատրիցը: Նրա տեխնոլոգիաների ազդեցությունը ծանրակշիռ է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում։ Երեք սկսնակ ընկերություններ (MedicalScan, Latakoo, BA-Logix) ստեղծվել են նրա արտոնագրերի հիմքի վրա: Ըստ Ս.Աղայանի՝ BA-Logix ընկերությունը 2500 արտոնագիր ուսումնասիրելուց հետո ընտրել է նրա արտոնագիրը: Սոս Աղայանը մեծ հպարտությամբ է հիշում 2005թ., երբ արժանացավ տարվա լավագույն դասախոս կոչմանը: Սոս Աղայանն այս տարիների ընթացքում պատրաստել է 40-ից ավելի գիտությունների թեկնածուներ, որից 20-ը՝ Հայաստանում, 12-ը՝ Թաֆթս համալսարանում, որի հետ Աղայանը մինչև այժմ համագործակցում է: Նա ղեկավարում է ասպիրանտների նաև Սթենֆորդի համալսարանում:
Սոս Աղայանն այսօր էլ պահպանում է կապը հայրենական գիտական կենտրոնների հետ: Սերտորեն համագործակցում է Հակոբ Սարուխանյանի հետ և իրականացնում համատեղ գիտական աշխատանք: Սոս Աղայանն այս տարիների ընթացքում միշտ պատրաստակամ է եղել համագործակցելու, դասախոսությամբ հանդես գալու հայ երիտասարդ գիտնականների համար ակադեմիական շրջանակներում, ինչպես նաև լինելու որպես երկրորդ գիտական ղեկավար: Սոս Աղայանը տպագրել է 500-ից ավելի գիտական հոդված, 6 մենագրություն, հեղինակ է միջազգային 14 արտոնագրի: Յուրաքանչյուր տարի այդ կառույցների անդամների միայն մեկ տոկոսն է ստանում պատվավոր ,Ֆելոուե կոչումը: Սոս Աղայանը բազմաթիվ հեղինակավոր գիտական ամսագրերի՝ SPIE, IS&T, IEEE խմբագրական խորհրդի անդամ է, հարյուրից ավելի միջազգային գիտաժողովների կազմակերպիչ-նախագահ:
Սոս Աղայանը սերտ կապեր է պահպանում նաև Միացյալ Նահանգների հայ համայնքի հետ և համայնքի ղեկավարներից մեկն է: Սոս Աղայանն ամուսնացած է և ունի մեկ որդի‘ Սարգիս Աղայանը, ով ժամանակին երեք անգամ եղել է ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն և հետագայում համալրել ԱՄՆ-ի շախմատի թիմը: Սարգիս Աղայանը մասնագիտությամբ ինժեներ է, ավարտել է Սթենֆորդի համալսարանը և աշխատում է Goldman sachs-???:
Հաշվի առնելով Սոս Աղայանի գիտական, մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ: Սոս Աղայանը այսօր էլ համագործակցում է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ։

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2013, սեպտեմբեր, № 9