Cover Image
փակիր այս գիրքըՀարությունով Վլադիմիր Սերգեյի (1946-)
Դիտել փաստաթուղթըՎԼԱԴԻՄԻՐ ՍԵՐԳԵՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ,քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Սերգեյի Հարությունովը ծնվել է 1946թ. հունիսի 6-ին Մոսկվա քաղաքում: Վլադիմիր Հարությունովի ծնողները ` Սերգեյ Հարությունովը և Ռուզաննա Հարությունովան, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրատեխնիկ էին: Հայրը մետալուրգիական գործարանների նախագծման պետական ինստիտուտի էլեկտրատեխնիկական բաժնի ղեկավարն էր, իսկ մայրը՝ «Էլեկտրահաղորդակ» համամիութենական նախագծային գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող:
Ավարտելով դպրոցը՝ 1964թ. Վլադիմիր Հարությունովը ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (ՄՖՏԻ) ռադիոտեխնիկական ֆակուլտետը: 1967 թ. նա տեղափոխվել է ՄՖՏԻ-ի քիմիական և մոլեկուլային ֆիզիկայի ֆակուլտետի պլազմայի ֆիզիկայի ամբիոն և պրակտիկա անցել Ի. Վ. Կուրչատովի անվ. ատոմային էներգիայի ինստիտուտում՝ ականավոր ռուս գիտնական, ԷՊՌ-ի հայտնագործող, ակադեմիկոս Ե.Կ. Զավոյսկու լաբորատորիայում: Այդ տարիներին այստեղ դասավանդում էին այնպիսի հանրահայտ գիտնականներ, ինչպիսիք էին Կ.Ի. Շչոլկինը (Մետաքսյան) և Դ.Ա. Ֆրանկ-Կամենեցկին:
1968թ. Վ. Հարությունովը նախադիպլոմային պրակտիկան անցել է ՌԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում (ՔՖԻ), որի աշխատակիցը նա դարձավ 1970թ.՝ ինստիտուտն ավարտելուց հետո, և որի հետ էլ կապված է հետագա ողջ գործունեությունը:
Վ. Հարությունովի գիտական աշխատանքի առաջին շրջանը կապված է գազաֆազ և հետերոգեն ֆտորացման ռեակցիաների ուսումնասիրությունների հետ, որոնք մեծ նշանակություն ունեին ՌԳԱ թղթակից անդամ Վ.Լ. Տալռոզեի ղեկավարությամբ իրականացվող հզոր քիմիական լազերների ստեղծման աշխատանքների համար: Այդ արդյունքների հիման վրա 1978թ. ՄՖՏԻ-ում նա պաշտպանեց «Ատոմական ֆտորի և եռֆտորմեթիլ ռադիկալների որոշ ռեակցիաների փորձնական ուսումնասիրություն» թեմայով ատենախոսությունը ՝ և ստացավ ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Վ. Հարությունովի գիտական հետազոտությունների հաջորդ շրջանը ընթացել է ՌԳԱ ՔՖԻ կինետիկայի և կատալիզի բաժնում, սկզբում ականավոր ռուս ակադեմիկոս Վ.Ն. Կոնդրատևի ղեկավարած լաբորատորիայում, իսկ վերջինիս մահից հետո‘ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ն.Ն. Սեմյոնովի լաμորատորիայում: Այդ տարիներին Վ. Հարությունովը ակտիվորեն մասնակցել է գազաֆազ կինետիկայում նոր ուղղության մշակման՝ իմպուլսային ֆոտոլիզի և կինետիկական ռեզոնանսա լյուորեսցենտային սպեկտրասկոպիայի եղանակների կիրառմամբ բարդ ու նաև շղթայական ճյուղավորված պրոցեսների ուսումնասիրման գործընթացին: Այդ աշխատանքների իրականացման շնորհիվ առաջին անգամ որոշվեցին մեծ թվով տարրական ռադիկալային ռեակցիաների արագության հաստատուններ, որոնց մեծ մասը ընդգրկվել են համաշխարհային կինետիկական, այդ թվում նաև NIST-ի տվյալների բազայում: Բացահայտվել են մի շարք բարդ ռադիկալային ռեակցիաների, մասնավորապես ֆոսֆորի, ֆոսֆինի և ջրածնի նոսրացված բոցերի առաջացման մեխանիզմների առանձնահատկությունները, մշակվել է թթվածնի ատոմների և օլեֆինների ոչ ադիաբատ փոխազդեցության մեխանիզմը:
1993-ին Վ. Հարությունովը ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ն. Ն. Սեմյոնովի մահից հետո Վ. Հարությունովը տեղափոխվել է ականավոր գիտնական, ակադեմիկոս Ա. Նալբանդյանի հիմնած ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիա: Այստեղ Վ. Հարությունովն իրականացրել է գազային ֆազում ծծմբի միացությունների և ածխաջրածնի փոխազդեցության և C-S-H-O համակարգում գազաֆազ պրոցեսների կինետիկական մոդելավորման ուսումնասիրությունների մեծածավալ համալիր: Այդ հետազոտությունների գործնական արդյունքը եղավ գունավոր մետալուրգիայում թափոնային ծծմբային գազերը μնական գազով վերականգնելու տեխնոլոգիայի կատարելագործումը Նորիլսկի մետալուրգիական կոմբինատում: Բացի ՌԳԱ ՔՖԻ ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայից, Վ. Հարությունովը ղեկավարում է նաև քիմիական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտի (ՌԳԱ ՔՖՊԻ) գազաքիմիական պրոցեսների տեխնոլոգիաների միավորված լաμորատորիան Չեռնոգոլովկայում: Նրա հետազոտությունների հիմնական ուղղությունը թեթև ալկանների ոչ լրիվ օքսիդացման պրոցեսների կինետիկան է և այդ ռեակցիաների հիման վրա նոր տեխնոլոգիական պրոցեսների հիմունքների մշակումը, այդ թվում՝ օլեֆինների, ալիֆատիկ սպիրտների, ալդեհիդների և այլ օքսիգենատների ստացումը: Այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և հետազոտվել են օքսիդացման ստացիոնար ճյուղավորվածշղթայական ռեժիմները, սառը բոցային ռեժիմները և մեթանի օքսիդացման դեպքում բացասական ջերմաստիճանային գործակցի տիրույթի առկայությունը: Բացահայտվել և ուսումնասիրվել է թթվածնով մեթանի օքսիդացման ճյուղավորված-շղթայական պրոցեսի արգելակման երևույթը, հաստատվել են բարձր ճնշման պայմաններում մեթանի փոխարկման պրոցեսներում կատալիզատորների ցածր արդյունավետության պատճառները, ուսումնասիրվել է ածխաջրածինների փոխարկման պրոցեսների վրա ակտիվ կենտրոնների առաջացման արագության ազդեցությունը, և տեսականորեն հաստատվել է C2 ածխաջրածինների սահմանային ելքերի առկայությունը մեթանի օքսիդային կոնդենսացման դեպքում: Մշակվել են բնական գազից և ուղեկցող գազերից մեթանոլի ուղղակի օքսիդային փոխարկման տեխնոլոգիական պրոցեսները, ուղեկցող գազերի ծանր բաղադրիչների ընտրողական օքսիկրեկինգի եղանակը, որն այնուհետև կիրառություն է գտել էներգետիկայի ոլորտում: Մշակվել է բնական գազից սինթեզ գազի և ջրածնի փոխարկման սկզբունքորեն նոր եղանակ մեծածավալ ներթափանցող մատրիցաների հիման վրա, ստեղծվել է նոր տիպի փոքր ցրումով այրման խուց գազատուրμինային սարքավորումների և մի շարք այլ պրոցեսների համար:
Վ. Հարությունովը վարում է նաև մանկավարժական ակտիվ գործունեություն: 2001-2004 թթ. նա եղել է Մենդելեևի անվան Ռուսաստանի քիմիկատեխնոլոգիական համալսարանի «Կայուն զարգացման պրոբլեմներ» ամբիոնի պրոֆեսոր: 2004թ.-ից Ի.Մ. Գուբկինի անվ. Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանի «Գազաքիմիա» ամբիոնի պրոֆեսոր է և դասախոսություններ է կարդում Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկաքիմիական ճարտարա գիտության ֆակուլտետի ուսանողների համար: Նա դասախոսություններ է կարդացել Ռիո դե Ժանեյրոյի Դաշնային համալսարանի ուսանողների և ասպի րանտների համար: Վ. Հարությունովի ղեկավարությամբ պաշտպանվել է 8 թեկնածուական ատենախոսություն. Ներկայումս ունի 4 ասպիրանտ, այդ թվում՝ մեկ ասպիրանտ ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտից: Վ. Հարությունովի կողմից տպագրված աշխատությունների ընդհանուր թիվը գերազանցում է 400-ը, որոնցից՝ 6 մենագրություն, ներառյալ արտասահմանում տպագրվածները, և 20 արտոնագիր: Գազաֆազ պրոցեսների և գազաքիմիայի կինետիկայի ոլորտում կատարվող հետազոտություններին զուգընթաց Վ. Հարությունովի շատ աշխատանքներ նվիրված են գիտական գործունեության սոցիոլոգիական հիմունքներին, էներգետիկային և էկոլոգիական խնդիրներին:
Հաշվի առնելով Վլադիմիր Հարությունովի գիտական, մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2011թ. նրան ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ներկայումս գիտական և ասպիրանտների պատրաստման համատեղ ծրագրերի շրջանակներում Վ. Հարությունովն ակտիվորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ ՔՖԻ գործընկերների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2014, ՍԵՊՏԵՄԲԵՐ, № 8