Cover Image
close this bookՇահինյան Արտաշես Լիպարիտի (1906-1978)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Լ. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Լ. ՇԱՀԻՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
View the documentՆԱՄԱԿԱՆԻ
View the documentՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ
View the documentՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
View the documentՖՈՏՈԱՐԽԻՎ

Հ ՈՒ Շ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ

Մերոնք գաղթել են Արևելյան Հայաստան Ալաշկերտից XIX դարի հիսունական թվականներին, բնակություն են հաստատել նախկին Գյումրիում` Ալեքսանդրապոլում: Հորս պապը` Շահենը, իր հայրենիքում եղել է հողագործ, իսկ Ալեքսանդրապոլում` հնակարկատ: Շահենի որդին՝ Գևորգը` իմ պապը, գաղթի ժամանակ ութ տարեկան է եղել: Երիտասարդ տարիներին Գևորգը զբաղվել է դերձակությամբ. մինչ այսօր էլ մեր տանը պահվում է նրա մկրատը: Տատս` Գևորգի կինը, Թագուն Կուրղինյանն էր` ծագումով Էրզրումից գաղթած հայերից: Գևորգն ունեցել է վեց զավակ` հինգ տղա և մեկ աղջիկ: Բազմանդամ ընտանիքն արհեստով դժվար է եղել կերակրել, այդ պատճառով Գևորգը թողել է դերձակությունը և բացել նպարավաճառի մի փոքրիկ խանութ Ալեքսանդրապոլի հին շուկայում: Պապս մի խոժոռադեմ և ծանրաբարո մարդ էր, չուներ դրամագլուխ և առևտրական ձիրքեր: Պահպանվել են նամակներ, որոնք վկայում են Գևորգի շատ սահմանափակ եկամուտի մասին, որը նրա ընտանիքին բավականացնում էր միայն շատ համեստ կյանք վարելու համար: Գևորգի որդիներից ավագը և կրտսերը աշխատել են հոր հետ միասին և կյանքից հեռացել բավական երիտասարդ տարիքում, ավագ որդին մահացել է կաթվածից, իսկ կրտսերը՝, երբ տաճիկները գրավել են Ալոքսանդրապոլը, օրեր ծարունակ թաքնվել է ջրհորում, ապա ոտքով ճանապարհվել Երևան, ճանապարհին հիվանդացել բծավոր տիֆով ու մահացել Երևանում: Հայրս՝ Լիպարիտը, հինգ եղբայրներից երկրորդն էր նրանից կրտսերը՝ Աղասին, մեկնում է Շվեյցարիա և ընդունվում Նևշաթելի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն նյութական պայմանների սղության պատճառով 1908 թվականին վերադառնում է տուն: 1909 թվականին արդեն աշխատում էր հայրս, որի օգնությամբ Աղասին մեկնում է ուսանելու Պետերբուրգի հոգնյարդաբնական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը: 1914 թվականին նա վերադառնում է Ալեքսանդրապոլ և աշխատում որպես Մոսկվայի “Братская помощь армянам” ընկերության Ալեքսանդրապոլի գավառի լիազոր: 1915-1917 թվականների ընթացքում Աղասին աշխատել է Թիֆլիսի “Бактериологический отряд Всероссийского Союза Городов”- ում` որպես հսկիչ: 1918 թվականի հուլիսից Ստեփան Շահումյանի առաջարկով մեկնում է Բաքու, ուր աշխատում է որպես պրոպագանդիստ և գլխավոր իրավաբան: Տիֆով հիվանդ` նրան տեղափոխում են Կիսլովոդսկ` բուժման: 1918 թվականի աշնանը Աղասին աշխատում է Վլադիկավկազում և Դենիկինյան զորքերի ներխուժման ժամանակ գնդակահարվում 1919 թվականի փետրվարի 21-ին: Այդ հորեղբորս՝ Աղասի Շահինյանի մասին մի քիչ երկար գրեցի, որովհետև նրա սերմանած տրամադրությունները մեծ դեր խաղացին մեր ընտանիքի հետագա ճակատագրում, որի մասին կխոսեմ քիչ հետո: Աղասու մասին գրվել է մեր մամուլում. առաջին մահախոսականը տպվել է “Նոր ուղի” թերթի 1-ին համարում (1920 թ., Թիֆլիս), տես Բանբեր Հայաստանի արխիվների, N3, 1962 թ. և Գիտա-ինֆորմացիոն բյուլետեն, N3, 1960 թ., Հայկ.ԽՍՀ ՆԳՆ արխիվային վարչություն: Վերջապես հորեղբայրներիցս չորրորդը՝ Հարությունը, որը Աղասուց փոքրն էր, աշխատել է որպես գրաշար, այնուհետև Բաքվում իր եղբոր՝ Աղասու մոտ` որպես վարորդ, և մահացել է “իսպանկայից” 1920 թվականին: Հայրս` հինգ եղբայրներից երկրորդը, ամուսնանում է 1904 թվականին, 21 տարեկանում: 1906 թվականին ծնվում եմ ես՝ միակ ժառանգն այդ ընտանիքի: 1909 թվականին հայրս բաժանվում է հոր ընտանիքից և հեռանում նախ` Երևան և ապա` Ջուլֆա, ուր մենք մնում ենք մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ջուլֆայում հայրս աշխատում էր որպես առևտրական գործակալ Ռոստովի "Մնացականյան եղբայրներ” չորացրած մրգերի առևտրով զբաղվող ընկերությունում: Պատերազմը սկսվելուց հետո մեր ընտանիքը տեղափոխվեց նախ` Արմավիր և ապա` Բաքու: Բաքվում մենք ապրեցինք մի տան մեջ` Ստ.Շահումյանի բնակարանին կից բնակարանում. ես հիշում եմ այդ պայծառադեմ և լրջախոհ մարդուն: Հայրս ընդունակ մարդ էր, միակ գործը, որ գիտեր, առևտրական գործն էր, սակայն իր ընդունակությունները ծավալել չէր կարող, որովհետև դրամագլուխ չուներ: Բացի այդ` եղբայրը՝ Աղասին, անընդհատ ներշնչում էր, թե՝ “շուտով ժամանակները կփոխվեն, կգան այլ կարգեր, երբ այլևս մասնավոր ձեռնարկատերեր չեն լինի, և կյանքը այլ հունով կընթանա”: Այդ մասին միշտ պատմում էր մայրս, որի տրամադրությունները լիովին արձագանքում էին հորեղբորս տրամադրություններին: Եվ ահա հորս խնայողությունները սպառված են և, 1915 թվականի վերջին մենք վերադառնում ենք արդեն Երևան: Ինձ տեղավորում են Գալուստ Թումանյանի պանսիոնը, իսկ 1916 թվականին ես ընդունվում եմ գիմնազիա: Մեր նյութական վիճակը ծանրացել էր, ուսմանս վարձը վճարելու համար հայրս ստիպված էր վաճառել իր ձմեռային վերարկուն: 1916 թվականին հայրս մեկնեց Արևմտահայաստան` այնտեղ կառուցվող երկաթուղու շինարարության վրա որպես տասնապետ աշխատելու: Ես արդեն ականատես էի եղել հայ գաղթականության ողբերգական վիճակին, անհամար մղձավանջային պատկերների, որոնք մինչ այսօր ամփոփված են ուղեղիս ծալքերում: Եկավ փետրվարյան հեղափոխությունը. հիշում եմ` այդ օրը բարձր դասարանի աշակերտները փակեցին գիմնազիայի դռները ուսուցիչների առաջ, ներս թողին միայն տեսուչ Ռոժդեստվենսկուն և ինչ-որ մի քանի ուսուցիչների. մեզ հետ պարապում էին 8-րդ դասարանների աշակերտները: Դրան հաջորդող 3-4 տարիները հիվանդությունների, քաղցի, տաճիկների հարձակման և կենաց ու մահու մաքառման տարիներ էին մեր ժողովրդի համար. դրանից լի ու լի բաժին էր ընկնում նաև մեր ընտանիքին: Տաճիկները Ալեքսանդրապոլում էին, հայրս մնացել էր Թիֆլիսում: Մմայրս տիֆով հիվանդ էր. ես, մայրս և եղբայրս պատսպարվել էինք մի սենյակում, մորաքրոջս ընտանիքի հետ, որտեղ ևս պառկած էին տիֆով հիվանդներ: Տաճիկների օրոք հայրս ինչ-որ ճանապարհներով եկավ Երևան, կապալով վերցրեց մի ջրաղաց, այնուհետև ընկերացավ մի ինչ-որ ադրբեջանցու հետ և զբաղվեց այգեգործությամբ: Այդպես ապրեցինք, մինչ Խորհրդային իշխանության հաստատումը Հայաստանում 1920 թվականին: Բեգզադյանի, Հանեսօղլյանի և Եսայանի երաշխավորությամբ, որոնք գիտեին հորեղբորս, հայրս ընդունվեց բոլշևիկյան կուսակցության շարքերը և անցավ աշխատանքի Պարենժողկոմատում: Սակայն 1920-ի վերջին հայրս քննչական օրգանների կողմից ենթարկվեց կալանքի: Գ.Հանեսօղլյանը մեզ համոզում էր, որ դա մի թյուրիմացություն է, և շուտով նրան կազատեն: Մեր ընտանիքում ևս, հաշվի առնելով մեզ մոտ իշխող տրամադրությունները, համոզված էինք, որ դա, իրոք, մի թյուրիմացություն է. անում էինք զանազան ենթադրություններ, որոնք չարժե շարադրել այստեղ: Ինչևէ, այդ խնդիրը չլուծված` վրա հասավ փետրվարյան հեղաշրջումը, հայրս ազատվեց, շարունակեց զբաղվել այգեգործությամբ և սպանվեց տեղական թուրքերի կողմից Երևանի այգիներից մեկում` Ծիծեռնակաբերդում կառուցված Մեծ եղեռնի հուշարձանի մոտակայքում. նրա գերեզմանը մեզ անհայտ մնաց: Վերադարձավ բոլշևիկյան զրահագնացքը, նրա հետ` Հանեսօղլյանը, որն անմիջապես եկավ մեր տուն՝ որոնելու հորս, որն արդեն չկար: 1920 թվականին մահացել էր պապս, հորս սպանությունից անմիջապես հետո` նույն 1921 թվականին, մահացավ տատս` տեսնելով իր բոլոր զավակների մահը, և մեր տասը հոգիանոց ընտանիքից մնացինք երեքս. յոթը ոչնչացել էին 2-3 տարվա ընթացքում: Թեև հորս հետ պատահածը մի զրպարտության արդյունք էր, և մենք էլ դրանում համոզված էինք, սակայն թե՛ ես և թե՛ մայրս չէինք կարող ապավինել դրան` որպես պաշտոնական վարկածի, և այդ պատճառով հորս ողբերգական մահը մնաց մեր հիշողության մեջ որպես մի ծանր տրավմա: Ահա այդպիսի հանգամանքներում էր սկսվում իմ գիտակցական կյանքը, իմ պատանեկությունը: Այժմ, նախքան իմ կենսագրությանն անցնելը, ուզում եմ համառոտակի պատմել մորս ընտանիքի մասին ևս: Մորս հորական պապը ևս արևմտահայ է եղել և սպանվել է ռուս կազակների կողմից Գյումրին գրավելուց հետո. կազակները, նրան տեսնելով մշեցու հագուստով, կարծել են, թե նա տաճիկ է: Մորս ազգանունը Սանոյան է, և նրան ազգակիցներ այժմ էլ շատ կան: Մորս հայրը եղել է պղնձագործ և մահացել է, երբ մայրս մեկ տարեկան իսկ չի եղել: Մորս մայրը՝ Վարդիշաղը, ալեքսանդրապոլցի Բախալբաշյաններից է: Բախալբաշին եղել է նրա հայրը. այդպես են անվանել նրան` որպես մրգավաճառների համքարապետի: Բախալբաշին ևս գաղթել է արևմտահայաստանից` Բասենից: Լենինականում առ այսօր պահպանվել է նրա կառուցած աղբյուրը, որ կոչվում է նրա անունով՝ “Բախալբաշոնց աղբյուր”: Այրիացած տատս իր երկու դուստրերին և մի որդուն մեծացնում է մասնավոր դասեր տալով, նա խալֆա է լինում, ինչպես այն ժամանակ անվանում էին մասնավոր դասեր տվող ուսուցիչներին: Տատիս կյանքում եղել էր մի մեծ դժբախտություն. հեղեղի ժամանակ ը պապս թրջված վառոդը դնում է չորանալու դեռևս տաք թոնրի եզրին, և նրա երեք աղջիկները, որոնք խաղում էին այդտեղ, վառոդը անզգուշորեն գցում են կրակի մեջ և այրվում միասին: Տատս մնացել է հիշողությանս մեջ որպես արդարամիտ և բացառիկ բարության տեր մի անձնավորություն. նա շատ էր սիրում Նարեկը, առավոտները և քնից առաջ կարդում էր, ծանր հոգոց հանում, և արցունքները հոսում էին այտերի վրայով: Քնելուց առաջ տատիս հետ միասին աղոթում էինք Հայր մերը: Մորս եղբայրը, հնարավորություն չունենալով կրթություն ստանալու, դառնում է քարտաշ-որմնադիր՝ Ուստա Գրիշ անունով (Սանոյան): Քեռիս է իր ընկերների հետ միասին շարել մեր կուլտուրայի տունը, երկրորդ հիվանդանոցը և համալսարանի հին շենքը: Մայրս շատ ընդունակ աղջիկ է եղել, սակայն չորս դասարանի կրթությունից այն կաղմ հնարավորություն չի ունեցել գնալու, և սովորել է կար ու ձև, որով ինձ խնամեց և ուսման տվեց հետագայում: Մայրս շատ ընթերցասեր և իմաստուն կին էր: Հորս անհայտացումից հետո 1922-ին ես և մայրս գնացինք Ա.Մռավյանի մոտ, որը հորեղբորս՝ Աղասու ընկերն էր, գործ խնդրելու: Մռավյանի միջնորդությամբ մայրս սկսեց աշխատել նոր կազմակերպված կարի արտելում որպես կարող բանվորուհի: Հետագայում էլ աշխատում էր Երևանի կարի առաջին ֆաբրիկայում որպես բանվորուհի և հրահանգչուհի մինչև 1938 թվականը: Մայրս մահացավ 1966 թվակաին 81 տարեկան հասակում:


ԻՄ ՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

Գրագիտություն սովորել եմ տանը` Ջուլֆայում, այնուհետև, ինչպես ասել եմ արդեն, մեկ տարի` Գալուստ Թումանյանի մասնավոր պանսիոնում (1915 – 1916 ուս. տարի): Ցարական գիմնազիայում սովորեցի 1916–ի սեպտեմբերից մինչև 1917-ի փետրվարը, որից հետո, մեկ տարի ընդհատումով, գիմնազիան շարունակեց մնալ որպես այդպիսին մինչև 1922 թվականը, երբ այն վերածվեց Խ. Աբովյանի անվան դպրոցի: Մինչև 1921 թվականը թեև ծանր էր կյանքը, և դպրոցն էլ ծանր պայմաններում էր, սակայն շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել՝ Գ. Ղափանցյան, Հայրապետ Հովհաննիսյան, Տիգրան Մուշեղյան, Աստղիկ Խոնդկարյան, Ակունյան և ուրիշներ: Շատ էի սիրում մայրենի գրականությունը. մեծ սիրով հետևում էի Գ. Ղափլանյանի դասերին. այդ զարմանալիորեն հայրենասեր մարդը մեծ ոգևորությամբ և ներշնչանքով էր կատարում իր գործը:
Չէի սիրում թվաբանությունը:
1922–ին մեր դպրոցից հեռացավ Գ.Ղափլանյանը: Մասամբ դա, մասամբ էլ այն, որ լուրեր էին պտտվում բոլորովին նոր տիպի դպրոցի՝ տեխնիկումի մասին, ինձ կանգնեցրին երկնըտրանքի առաջ. մնալ նոր՝ Աբովյանի անվան դպրոցո՞ւմ, թե՞ գնալ տեխնիկում: Ընտրեցի վերջինը և չսխալվեցի:
Այդ դպրոցում շատ բան սովորեցի և՛ գիտելիքների տեսակետից, և՛ շատ բան զուտ մարդկային իմաստով:
Հայոց լեզու և գրականություն դասավանդում էին Տ.Ս. Տեր-Ստեփանյանը և Խաչատուր Կանայանը` երկուսն էլ Ճեմարանցիներ, երկուսն էլ ոգևորվող և ոգևորող: Ռուսաց լեզու և գրականություն էր դասավանդում Վերա Ալեքսեևնա Մելիքյանը` վերին աստիճանի վեհաշուք և պատրաստված անձնավորություն:
Գծագրություն, գծագրական երկրաչափություն և տեսական մեխանիկա էր դասավանդում Միքայել Բեգլարի Վարունցյանը, մաթեմատիկա` Ա.Ն.Մելիքյանը և Արմենակ Մուրադյանը, շոգեկաթսաներ և ջեռուցում` Լևոն Ասլանյանը: Դպրոցի տնօրենն էր Ա.Ն. Մելիքյանը:
Մեր ուսուցիչներից ամեն մեկի մասին շատ բան կարող եմ պատմել, բայց մի բան բնութագրում էր նրանց բոլորին. դա բացարձակ արդարամտությունն էր և հավասար ու կիրթ վերաբերմունքը բոլորի նկատմամբ անխտիր: Դպրոցը ավարտելուց հետո` միայն շատ տարիներ անց, իմացա, որ իմ ուսուցիչները ինձ սիրում են:
Պատանեկական տարիներիս շատ էի սիրում ուսումը և ընթերցանությունը. հիշում եմ, որ ուշ գիշերին, երբ լույսերը մարում էին և ստիպում քնել, մեկ անգամ կարդացել եմ նույնիսկ լուսնի լույսով: 1917 – 1921 թվականներին ես չգիտեի մի գրադարան, որից օգտվեի. այդ տարիներին դռնեդուռ ընկած սրանից նրանից գիրք խնդրելով էի հագեցնում ընթերցասիրությունս: Այսօր շատ գրքեր կան, շատ գրադարաններ, և ինքս էլ շատ գրքեր ունեմ, սակայն այն մռայլ տարիներին ձեռք բերած և կարդացածս գրքերը մոտիկ հարազատների նման, որոնք կորել են հեռվում, ջերմացնում են հիշողությունս:
Ինչպես ասացի վերը, իմ պատանեկական տարիների նախասիրությունը գրականությունն էր, թվաբանությունը չէի սիրում: Սակայն 1922 թվականին տեխնիկումում հանդիպեցի մաթեմատիկայի դասատու Արմենակ Մուրադյանին, որը սովորեցրեց ինձ սիրել մաթեմատիկան: 1924–ի ամռանը մորս և եղբորս հետ գնացել էինք Շիրակի գյուղերից մեկը՝ Հոռոմ: Այդ գյուղում` բանջարանոցների եզրին, թմբերի վրա նստած, լուծում էի Կիսելյովի երկրաչափական խնդիրները և առաջին անգամ զգում մաթեմատիկական դատողությունների սեղմ, տրամաբանական գեղեցկությունը: Իսկ այնուհետև թեև դեպի լեզուն և գրականությունը ունեցածս սերը չնվազեց և շարունակվում է առ այսօր, դրա վրա ավելացավ նաև մաթեմատիկան:
Տեխնիկումում սովորեցի հայ նոր գրականություն` սկսած Ալամդարյանից և Թաղիադիանից, իսկ դրանից առաջ, ինչպես ասեցի վերը, գրական ճաշակ և սեր պատվաստել էր Գ. Ղափանցյանը: Այսօր էլ բերանացի հիշում եմ 1918–1921 թվականներին սովորածս համարյա բոլոր բանաստեղծությունները: Դրան ավելացավ նաև այն, ինչ սովորեցի տեխնիկումում:
Դպրոցում Վ.Ա. Մելիքյանի շնորհիվ ճաշակեցի XIX դարի ռուս զարմանահրաշ գրականությունը` Վ. Կորոլենկո, Ա.Կ. Տոլստոյ, Լ.Ն. Տոլստոյ, Տուրգենև, Գոգոլ, հանճարեղ Լերմոնտով և Պուշկին: Հետագայում էլ միշտ զբաղվեցի այդ գրականությամբ և նաև ուրիշ ազգերի գրականության: Այդ դպրոցից դուրս տարա սեր և ճաշակ դեպի գրականությունը, որը երևի մի խոր կնիք դրեց իմ մարդկային կերպարի կազմակերպման վրա և մեծ մխիթարություն եղավ ինձ համար կյանքում: Երախտագիտությամբ խորին հուզմունքով եմ խոնարհվում ուսուցիչներիս հիշատակի առաջ, որոնցից ստացա այդ մեծագույն պարգևը: Նրանց հիշատակը այն հողակույտը չէ, որոնց մեջ ամփոփված է նրանց հողեղեն մասունքները, այլ այն լավն ու գեղեցիկը, որ ներշնչեցին նրանք մեզ:
1925 թվականի ամռանը երեք ընկերներով պրակտիկայի գնացինք Սևան (այն ժամանակ՝ Ելենովկա գյուղը): Այդ տարին նոր էին սկսել խորացնել Հրազդան գետի հունը. գետաբերանի մոտ դրված էր մի փոքրիկ ջրհան մեքենա, որը դուրս էր քաշում ավազներից ծծված ջուրը, և երկու բանվոր բացված փոսից դուրս էին նետում ավազը: Երեք հոգով աշխատում էինք այդ ջրհանի վրա: Ապրում էինք լճափին` մի ռուս սեկտանտի տանը. լիճը մտնում էր տան բակը և առավոտյան հանդարտված մեղմորեն ծփում էր մեր ոտքերին. ափի մոտ լողում էին հետաքրքրասեր կողակները:
Լճափին և Հրազդանի առափնյա եղեգնուտներում լողում էին գորշ բադեր` իրենց ձագերով, իսկ գյուղից դուրս` ընդարձակորեն փռված գետաբերանում, հանդիսավոր քայլում էին արագիլանման թռչուններ` գդալաձև կտուցներով (колпицы): Գյուղից մինչ աշխատանքի վայրը, մոտ երկու կիլոմետր տարածություն անցնում էինք վազքով, տեղ հասնելով` նետում էինք մեզ թափանցիկ ջրով լցված երեք մետր խորությամբ ջրավազանը:
Երեկոյան նավահանգստում կարթով ձուկ էինք որսում: Մեր աշխատավարձը 21 ռուբլի էր, սնվելու համար դա բավականացնում էր:
Այդ տարիներին բնության հետ ազատ շփումը սկսել էր համակել ինձ կրքի աստիճան. մենակ կամ ընկերներով կազմակերպում էի արշավներ դեպի մեր հանրապետության զանազան շրջաններ: 1924 թվականի գարնանը երկու հոգով ոտքով անցանք Երևան – Դիլիջան – Կիրովական ճանապարհը:
Սկսած 1925 թվականից` արդեն դպրոցական մաթեմատիկան ինձ չէր բավարարում. ես սկսել էի պարապել բարձրագույն հանրահաշիվ Егоров–З “Высшая алгебра”, Вощенко-Захарщенко–З “Теория определителей” գրքով, անալիտիկ երկրաչափություն էի սովորում Млодзеевский–З “Аналитическая геометрия” •сщбн ¨ Щ³Г»Щ³пЗП³П³Э ³Э³ЙЗ½` Горячев-З “Исчисление бесконечно малых“ փոքրիկ, բայց շատ գեղեցիկ և մատչելի գրքույկով: Տեխնիկումում մենք սովորում էինք նյութերի դիմադրություն, որը առանց մաթեմատիկական անալիզի շատ դժվար է ուսումնասիրել. ամենահետաքրքիր և կարևոր խնդիրները հնարավոր չէ լուծել տարրական միջոցներով:
Ես կարողանում էի արդեն այդ խնդիրները լուծել հեշտությամբ և ստանում էի մեծ բավականություն: Շատ էի սիրում «Մեքենայի մասեր» առարկան: Ձեռք բերեցի Кале Карл-З “Детали машин” գիրքը: Եռանդս շատ էր, գիշերները նստած թարգմանեցի տասը պրակից կազմված այդ գիրքը: Այդ տարին մենք ապրում էինք III Ազիզբեկով փողոցում` Գետառի այն կողմը` ներկա Ռադիոկոմիտեի շենքի մոտ` կամրջի մոտակա խաչմերուկի անկյունային շենքում: Դա այդ ուղղությամբ քաղաքի վերջին տունն էր, այգու մեջ. այգուց այն կողմը լերկ սարեր էին, այժմյան անտառները չկային: Մեր բնակարանը 14 քառակուսի մետր տարածություն ուներ, հատակը` հողից. մեր ապրուստը` շատ համեստ, կարող բանվորուհու մի աշխատավարձ: Սակայն այդ տարիները կյանքիս ամենաերջանիկ տարիներն էին: Ես շատ ջահել էի, սովորում էի, կարդում, սիրում էի բնությունը: Գիշերները փչում էր այգիների զովը, լսվում էր ծառերի սաղարթների խշշոցը և ծղրիդների երգը: Մութ գիշերներին դիտում էի հեռավոր աստղերի թարթյունը և զգում դեպի նրանք գնացող ուղիների հեռավոր արահետները: Մոտիկ այգիներից լսվում էր բուերի ձայնը, իսկ լեռան կողմից` աղվեսների հաչոցը: Մեր հարևանը` մի քարհատ, սարում դնում էր թակարդ, և երբեմն ամբողջ գիշեր լսվում էր թակարդն ընկած գազանի աղիողորմ ճիչը: Դա բնության մի չավերված անկյուն էր քաղաքի սահմաններում: Երբեմն գիշերը սարից գայլ էր իջնում այգիները, իսկ մեկ անգամ` նույնիսկ մինչև նախկին Լենինի փողոց` մաշկային հիվանդանոցի մոտ: 1928 թվականին մեկ անգամ համալսարան գնալիս տեսա Ազիզբեկովի հրապարակի վրայով թռչող կաքավների մի երամ. թռչունները, դիպչելով հեռախոսալարերին, թափվեցին հրապարակը և իրենց հալածող մարդկանցից փախչելով` մի կերպ թռան գնացին: Կաքավների բներ և ճտեր եմ տեսել Ավանի ձորի այգիներում` երկաթուղու կամրջի մոտ: Մեր փողոցում մութ էր միշտ, հաճախ փողոցներն աղոտ լուսավորող էլեկտրալամպերը հանգած էին: Աշնան անձրևներին կամ գարնանը մենք տրորում էինք մեր նեղլիկ փողոցի ցեխի հաստ շերտը: Ես այսօր համարյա մոռացել էի, որ ինքս տասնհինգ տարի տրորել եմ այդ ցեխը:
Մեր քաղաքում հիմա արդեն շատ քիչ են մնացել մեր քաղաքում այդպիսի փողոցներ. ասֆալտը և լուսավորությունը, ռադիոն և հեռուստացույցը մուտք են գործել ամենուրեք: Սակայն բնությունը անխնա կերպով ավերվում է. ամենուրեք` մեքենաներ և աղմուկ, օդը` լցված ծխով, փոշով և գարշահոտ գազերով: Շատ թանկ գնով է գնված այսօրվա քաղաքակրթությունը:
1926 թվականին ավարտում էի դպրոցը: Ամռանը մի խումբ ընկերներով գնացինք Լենինգրադ` պրակտիկայի. ընկերներս աշխատում էին տրամվայի պարկում, իսկ ես` “Красный Путиловец” գործարանում: Ապրում էինք Պլեխանովի անվան ինստիտուտի հանրակացարանում, մի մեծ դահլիճում. այդտեղ մեզնից բացի կային Ռուսաստանի զանազան ծայրերից եկած երիտասարդներ, որոնք եկել էին զանազան ուսումնական հաստատություններ ընդունվելու: Զգացվում էր, որ մենք մաթեմատիկայից ավելի ուժեղ էինք, քան այդ տղաները:
Ես աշխատում էի գործարանի ինվենտարիզացիոն բաժնում և զանազան հանձնարարություններով լինում էի գործարանի համարյա բոլոր ցեխերում: Ամբողջ օրս անցնում էր Վիբորգի շրջանում, բանվորության մեջ: Այդ համեստ և սակավապահանջ ժողովուրդը հարազատ և համակրելի էր դառնում ինձ. մեր նկատմամբ նրանք բարյացակամ և երբեմն էլ ներողամիտ էին: Ես զգում էի ինձ այնպիսի մի միջավայրում, ինչպիսին նկարագրում է Մ.Գորկին իր «Մայրը» գրքում:
Ընկերներս բավական ուրախ կյանք էին անցկացնում, աշխատելով տրամվայի պարկում` նրանք տրանսպորտից օգտվում էին ձրիաբար, իսկ ես այդ հնարավորությունը չունեի, և մասամբ այդ էր պատճառը, որ ծանոթացա քաղաքի միայն կենտրոնական մասի հետ: Բացի այդ` ես արդեն որոշել էի սեպտեմբերին հանձնել տեխնիկական ֆակուլտետի առաջին կուրսի քննությունները և ընդունվել II կուրս, այդ պատճառով ազատ ժամանակս ամբողջովին նվիրում էի մաթեմատիկային:
Պուտիլովյան գործարանի տարածքում գտնվում էին մեծ քանակությամբ արկղներ` լցված պատրաստի արտադրանքով, որոնք պետք է դուրս տարվեին ջրանցքներում լողացող բարժաներով:
Հաճախ նստած այդ արկղների արանքում` լուծում էի անալիզի խնդիրներ: Ինձ մոտ պահպանվել են գործարանի բլանկների վրա գրածս կոնսպեկտները:
Թեև ուզում էի սովորել ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ, սակայն 1926 թվականին Երևանի համալսարանում այդպիսի ֆակուլտետ չկար, այդ պատճառով աշնանը, հանձնելով պահանջվող քննությունները, ընդունվեցի տեխնիկական ֆակուլտետի հիդրոտեխնիկական բաժնի II կուրս: Այն տարիներին սովորելը դժվար չէր. ծրագրերը չէին ծանրաբեռնված, առարկաները այնքան էլ շատ չէին: Ես ժամանակ շատ ունեի. սովոր էի ինքնուրույն աշխատանքի. զբաղվում էի իմ սիրած առարկաներով: 1928 թվականին չորրորդ կուրսում էի: Արդեն հանձնել էի բոլոր տեսական առարկաները և ամառը գնացել էի պրակտիկայի` Հոկտեմբերյանի ջրանցքի վրա աշխատելու: Ապրում էի Այնալու գյուղում. աշխատանքս հիմնականում գեոդեզիական չափումներն էին, իսկ տանը ուսումնասիրում էի հիդրավլիկայի դասընթացը: Սակայն հիմնական նախասիրությունս մնում էր մաթեմատիկան:
Այնալու գյուղում սկսեցի սովորել գերմաներեն: Դեռևս գիմնազիայում ես կես տարի սովորել էի այդ լեզուն. մեր դասատուն մի շվեդացի էր` Նիկլես ազգանունով, մի շատ համակրելի մարդ: 1918 թվականի ամռանը մենք ապրում էինք Դալմայի այգիներից մեկում, դպրոցները այդ տարի փակ էին. ես հիվանդ էի մալարիայով: Այդ ամռանը ևս մի քիչ գերմաներեն էի սովորել: Հրազդանի ափերին` մի այգում, ապրում էր մեր դասատուներից մեկը, որի կինը գերմանուհի էր. ամեն օր էշը հեծած գնում էի գերմաներենի դասի, իսկ վերադարձիս դողս բռնած նիրհում էի` փալանի վրա նստած:
Ահա այդ քիչ գերմաներենն էր, որ շարունակում էի Այնալու գյուղում: Պարապում էի բավական ինտենսիվորեն, եղել են օրեր, երբ Քասաղ գետի ափին առավոտ կանուխ սովորել և հիշել եմ 70 նոր բառ: Տարվա վերջին վճռեցի փոխադրվել ֆիզմաթ ֆակուլտետ, և որովհետև մի քանի առարկաների տարբերություն կար, 1929 թվականի փետրվարին տեղափոխվեցի ֆիզմաթի III կուրս: Արդեն բավական ազատ կարդում էի գերմաներեն մաթեմատիկական գրականություն: Այդ տարվանից սկսած` գիտաշխատողների սեկցիայի միջոցով (ԳԱՍ) սկսեցիգրականություն ստանալ արտասահմանից. այսօր բավական հարուստ մաթեմատիկական գրադարան ունեմ օտար լեզուներով:
Վերջին` չորրորդ կուրսում էի, որ ֆակուլտետին առաջին անգամ տվին մաթեմատիկայի գծովասիստենտի հաստիք, և ահա այդ 1929 թվականից սկսեցի աշխատել ֆիզմաթ և միաժամանակ տեխնիկական ֆակուլտետներում: Ֆիզմաթում վարում էի գործնական աշխատանքներ անալիտիկ երկրաչափությունից. դասախոսությունները կարդում էր Հովհաննես Նավակատիկյանը:
Տեխնիկական ֆակուլտետում բարձրագույն մաթեմատիկան դասախոսում էր Բահադուր Բահադրյանը: 1929 թվականի իմ առաջին ուսանողներից էին Նիկոլ Գասպարյանը, Վաչե Սաղաթելյանը, Կյուրեղյան Մարտիրոսը, Ադոնց Մուշեղը և ուրիշներ: Հիշում եմ, որ առաջին պարապմունքին գնացել էի շատ մեծ ծրագրով. մտածում էի արագությամբ և մեծ քանակությամբ խնդիրներ լուծել, որ ուսանողները իմ ունակությունների մասին պատշաճ կարծիք ունենան: Հետագայում` շատ տարիներ անց, այդ առաջին ուսանողներս պատմեցին ինձ, որ իմ առաջին դասերին ես «մի ձեռքով գրել եմ, մյուսով՝ ջնջել»:
Ասիստենտի պաշտոնում աշխատեցի մինչ 1933-ի հունիս ամիսը: Այդ ժամանակամիջոցում ինձ թույլ տվեցին կարդալ դասախոսություններ բարձրագույն հանրահաշվից և դիֆերենցիալ երկրաչափությունից:
Այդ նույն 3-4 տարիների ընթացքում ինքնուրույնաբար սովորեցի ֆրանսերեն և անգլերեն:
Ափսոսում էի ժամանակ տրամադրել անգլերենի արտասանությանը, այդ պատճառով կարդում էի այնպես ինչպես գրված էր. դա մի առավելություն ուներ, այն, որ կարող էի գրել անսխալ:
Ուսմանս տարիներին և այնուհետև աշխատանքիս այդ առաջին տարիները ես ունեցա ուսուցիչներ, որոնց հետ կապվեցի համակրանքի և բարեկամական կապերով. Արշակ Տոնյան, Հովհ. Նավակատիկյան, Բ. Բահադրյան, Ա.Մ. Տեր-Մկրտչյան և ուրիշներ: Տոնյանն ավարտել էր Գևորգյան Ճեմարանը, փայլուն կերպով գիտեր հայերեն, լավ գիտեր գերմաներեն: Նա ավարտել էր Գերմանիայի Halle քաղաքի համալսարանը, այնուհետև աշխատել էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Հ. Նավակատիկյանն ավարտել էր Մոսկվայի համալսարանը և նույնիսկ մեկ տարի եղել էր Գյոթինգենում: Բահադրյանը կրթությամբ ինժեներ էր. ավարտել էր Բելգիայի Լյեժ քաղաքի պոլիտեխնիկումը, բայց երկար տարիներ աշխատել էր որպես մաթեմատիկայի դասատու:
Այդ սերունդն առաջին անգամ մեր իրականության մեջ դասավանդում էր բարձրագույն մաթեմատիկա. բնականաբար նրանք թարգմանեցին և գրեցին դասագրքեր և ստեղծեցին մաթեմատիկական տերմիններ. ընդ որում, Տոնյանն այդ գործը կատարում էր շատ հմտորեն: Տոնյանը մասնակցություն ունեցավ այլ բնագավառներում ևս տերմինաշինության գործին:
Որպես դասատու ևս` Տոնյանը շատ մեծ ոգևորությամբ էր կատարում իր գործը: Սակայն այդ տարիներին մենք շատ և շատ հեռու էինք ժամանակակից որևէ համալսարանից: Մենք հետ էինք Մոսկվայի, Լենինգրադի և ուրիշ համալսարաններից: Մեզ մոտ բոլորովին չէր կարդացվում իրական փոփոխականի ֆունկցիաների տեսություն, որի հաղթական երթը սկսվել էր XIX դարի 90-ական թվականներից: 1922 թվականին Պետրոգրադի համալսարանի պրոֆեսորներ Տամարկինի և Ֆիխտենհոլցի թարգմանությամբ լույս էր տեսել Բելգիացի Շ.Ժ.դը լա Վալե-Պուսենի հայտնի դասագիրքը, ուր շարադրված էր համալսարանի համար այդ առարկայի հիմունքները: Այդ առարկան ասպիրանտական ուսուցմանս տարիներին՝ 1935 թվականին, առաջին անգամ մեզ մոտ կարդացել եմ ես: Նկարագրածս տարիներին մենք շատ հեռու էինք այդ տեսակ գրքերից:
Անալիտիկ ֆունկցիաների տեսության մեջ 1916–1918 թվականներին Ռուսաստանում արդեն կային Վ.Ի. Սմիռնովը, Ի.Ի. Պրիվալովը, Գոլուբևը, իսկ մենք սովորում էինք Պրիվալովի գրքույկից մի 30-40 էջ նյութ:
Դիֆերենցիալ հավասարումներ էինք սովորում շատ հնացած մի գրքով` 90-ական թվականներին գրված Տիխոմանդրիցկու գրքով: Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ բոլորովին չէինք անցնում: Բավական է ասել, որ այդ առարկային նվիրված Ռիմանի դասախոսությունները լույս են տեսել Գերմանիայում դեռևս 1869 թվականին: Այդ նկարագրածս վիճակն էր, որի պատճառով մենք հետ մնացինք վրացիներից: Այնտեղ շնորհիվ Ռամզաձեի, Մուսխելիշվիլու և Խարաձեյի, որոնք 20-ական թվականների սկզբներին զբաղված էին ակտիվ հետազոտություններով, մաթեմատիկան շատ վաղ արմատներ գցեց և տարածվեց:
Մեր իրականության մեջ համալսարանի ստեղծման օրերին կար մի մարդ, որը կարող էր մաթեմատիկան սկզբից ևեթ դնել ժամանակակից հիմքերի վրա` Երվանդ Գողբեթլյանցը, որը մասնակցեց մեր համալսարանի հիմնադրման առաջին ակտերին, սակայն շուտով թողեց իր հայրենիքը և գնաց օտար եզերքներ… Պարսկաստան, Ֆրանսիա, Ամերիկա, մեզ համար անօգուտ մի կյանք:
Ինձ համար աշխատանքային այդ չորս տարիները անօգուտ չանցան: Մինչ այդ ես կապված էի միայն սակավաթիվ ընկերների հետ, այժմ ես շփվեցի մեծ թվով ուսանողների հետ, նրանցից շատերի հետ կապվեցի մտերիմ բարեկամական կապերով, որ շարունակվում է առ այսօր: Ես սկսում էի ճանաչել մարդկանց, ուսման և աշխատանքի մեջ:
Այդ տարիները մեր հասարակության կյանքում ևս զգալի իրադարձությունների տարիներ էին: Այդ ժամանակ կատարվեց գյուղի կոլեկտիվացումը, անցանք քարտային սիստեմի: Մթերքների մեծ պակաս էր զգացվում: Ներկա Սևան հյուրանոցի հետևի կողմում կար մի ճաշարան, այդտեղ մեզ` մտավորականներիս ճաշ էին տալիս նախապես բաժանված տալոններով: Հիշում եմ այդ ճաշարանի դռանը աղբակույտի վրա ընկած մի գյուղացի կնոջ դիակ, ճաշ ուտելուց առաջ մենք անցնում էինք այդ դիակի մոտից: Փողոցում վերմակի տակ պառկած ընտանիքներ կային….. այդ բոլորը հանճարեղ առաջնորդի կողմից ձևակերպվեց որպես շարքային կոմունիստների մոտ եղաշ «Գլխապտույտ հաջողություններից»:
Մարդկության մեծագույն հանճարի աշխատությունները մենք բոլորս ուսումնասիրում էինք և՛ անհատաբար, և՛ կոլեկտիվ կերպով:
Մենք սկսել էինք սերտել մեր հոր, ուսուցչի և բոլոր ժամանակների մարդկության մեծագույն հանճարի դասերը՝ «Գրիր մատերիալ մերձավորիդ վրա. եթե գրածիդ մի փոքր մասն իսկ ճիշտ է, ապա քո գործը արդար է, դու ծառայել ես քո հայրենիքին»:
Այդ ուղղությամբ տեսություն և կոչեր շատ լսեցի, սակայն գործնականում շատ թույլ գտնվեցի: Հետադարձ հայացք ձգելով` խիղճս հանգիստ եմ զգում թե՛ այդ տարիների և թե՛ 1937 թվի համար. մահվան և աքսորի գնացողների ճանապարհներին ուրախության ճիչեր չեմ արձակել: Երախտապաշտությամբ խոնարհվում եմ մորս շիրիմի առաջ. նրա` քրտինքով վաստակած հացը այլ բան էր ներշնչել ինձ. նույնիսկ անգիտակցաբար, իսկ այդ հեշտ էր անել, ես ջահել էի, չգնացի ամոթաբեր ճանապարհներով:
Ես գրում եմ իմ կենսագրությունը, բայց ոչ իմ սերնդի:
Այս մի երկու խոսքն էլ որ ասացի, միայն նրա համար է, որ ասեմ թե, այսօր, երբ ոմանք հանդիմանում են մեր երիտասարդությանը, թե նա “իդեալներ չունի, շատ է նյութապաշտ”, մինչդեռ իրենք “ունեցել են” ինչ-որ “բարձր գաղափարներ”, որոնց “ծառայել են”, այնքան էլ համոզեցուցիչ չի հնչում, որովհետև ես լավ հիշում եմ, թե այդ ասողները ինչ իդեալներ են ունեցել և թե ինչպես են ծառայել այդ իդեալներին:
30-ական թվականների սկիզբը ես ուզում էի բնութագրել որպես որոնումների տարիներ, սակայն որոնումներ բառը արտահայտում է առողջ մի ձգտում, որը դժվար թե կար այդ շրջանում: Բավական է ասել, որ այդ ժամանակ համալսարանը վերանվանվեց ագրո-մանկավարժական ինստիտուտի և նրա ռեկտոր նշանակվեց ոմն Սահակ Հայրապետյան: Ինչ նպատակներ էին հետապնդում այդ ռեֆորմների հեղինակները և, առհասարակ, ինչ էին “որոնում”, ես հիմա կդժվարանամ բացատրել. հավանաբար ապագա պատմաբանը կլուսաբանի դա: Իմ ըմբռնմամբ` այդ ժամանակը մի հերոստրատյան շրջան էր: Հայտնի է, որ հույն Հերոստրատը հրդեհեց Արտեմիսի տաճարը, որպեսզի հռչակ ձեռք բերի և մնա սերունդների հիշողության մեջ: Հավանաբար մեր օրերում ևս կային ինչ-որ հերոստրատներ:
Աշխատեցի համալսարանում 1929-ից մինչև 1933-ի ամառը: Այդ տարիներին Մոսկվա և Լենինգրադ գնացին մեր առաջին ասպիրանտները՝ Գարեգին Պետրոսյանը և Արամ Նալբանդյանը: Ինձ չէին թողնում գնալ սովորելու, ստիպում էին աշխատել. պատճառը ինձ հայնի չէր:
1933 թվականի գարնանը պատրաստվում էի գնալ ասպիրանտուրա. խոսք էին տվել, որ կստանամ գործուղում. նամակ էի գրել Մոսկվա Գ.Պետրոսյանին, խնդրել տեղեկություններ ասպիրանտուրայի պայմանների մասին: Նրանից նամակ ստացա, որում նա խորհուրդ էր տալիս զարկ տալ հասարակական աշխատանքներին: 1930-31 թվականներից մտավորականության մեջ բանվորական կորիզը մեծացնելու նպատակով, արտադրությունից եկած երիտասարդների համար համալսարանում կազմակերպեցին, այսպես կոչված, բանվորական դասընթացներ: Այդ դասընթացներում ես ևս աշխատեցի հասարակական կարգով: Բավական լավ տղաներ կային նրանց մեջ. մի քանիսը տեխնիկական ֆակուլտետում ինձ մոտ ուսանող եղան: Նրանցից ոմանք զոհվեցին Հայրենական պատերազմում:
Պիտի ասել, որ այդ երիտասարդները ուսանող դառնալուց հետո ևս օգնության կարիք ունեին, և ես, և մյուս ընկերներս, նրանց հետ պարապելիս մեր ժամանակը ծախսում էինք շռայլորեն:
Այդ հասարակական պարտքս կատարում էի հաճույքով, մյուս պարտքս համարում էի ուսումս: Ուրիշ գործեր չէի գտնում, ուր կարողանայի օգտակար լինել և “զարկ տալ”: 1933-ի հունիս ամսին համալսարանի, այսինք՛ն ագրո-տեխնիկական մանկավարժական ինստիտուտի դիրեկտորի մոտ եղա ասպիրանտուրա գնալու խնդրով. նա հայտնեց, որ ինձ դարձյալ ուսանելու չեն ուղարկում, և ես պիտի շարունակեմ աշխատել: Ծայր աստիճան վրդովված վիճակում սաստիկ ընդհարվեցի դիրեկտորի հետ, հետևանքը եղավ այն, որ ազատվեցի աշխատանքից, և սկսվեց իմ կյանքի դառնագույն օրերի մի շարան, որ տևեց մի քանի ամիս, մինչև տարվա վերջը:
Շատ տարիներ հետո համալսարանի արխիվը մաքրելիս դուրս եկավ այն տարիներին իմ մասին գրված մի բնութագիր, որում ասված էր, որ ես ընդունակ երիտասարդ եմ, և ընդհանրապես դրական կարծիք էր հայտնված, սակայն ավելացված էր, որ ես «դիալեկտիկան չեմ կիրառում մաթեմատիկայում»: Այստեղ չեմ ուզում քննարկել` այն ժամանակ կիրառե՞լ եմ դիալեկտիկան մաթեմատիկայում, թե՞ ոչ: Ինչևէ, այդ մի նախադասությունը հանել էր իմ կյանքը նորմալ հունից և նետել ինձ դռնեդուռ:
Չեմ ուզում նկարագրե,լ թե ինչ մարդկանց մոտ եղա և ինչ վերաբերմունքի հանդիպեցի: Դա ավելորդ է, որովհետև սկսվել էր մի ժամանակ, երբ մարդը մարդու նկատմամբ բացարձակ անպատասխանատու էր դառնում: Պղտոր ալիքի նման արթնանում և երես էին ելնում նախանձի, ատելության բնազդներ, սանձազերծվում վատթարագույն կրքեր, արդեն սկսվում էր 1937 թվականի նախերգանքը:
Ես ֆատալիստ չեմ, սակայն միշտ այնպես է եղել, որ կյանքի դժվարին պահերին հանդիպել եմ ազնիվ մարդոց, որոնք նեցուկ են եղել ինձ: Եվ եթե ես եմ օգնել նեղն ընկածին, գուցե թե ենթագիտակցորեն դրա մեջ արտահայտվել է երախտագիտությունս այդ ազնիվ հոգիների նկատմամբ:
Այդպիսի մեկը եղավ ինձ համար երկրաբան Տիգրան Ջրբաշյանը: Մեր ծանոթության առիթը մաթեմատիկան էր: Նա Փարիզում ուսանելու տարիներին հավաքել էր մաթեմատիկական մի ոչ մեծ գրադարան, ես եղել էի նրա տանը և ծանոթացել այդ գրքերի հետ: Բացի այդ` Տիգրան Ջրբաշյանը շատ հայրենասեր մարդ էր և հետաքրքրվում էր մեր երիտասարդությամբ: Ահա, իմանալով իմ վիճակը, նա գնաց Ա.Խանջյանի մոտ, որի հետ մտերիմ էր, և նոյեմբերի վերջին ինձ կանչեցին և տվին գործուղում Լենինգրադ` Գիտությունների ակադեմիա: Այդ հրամանը ինձ մոտ է այսօր. վերջին տողում ասված է, որ «Շահինյանը մեզնից թոշակ չի ստանալու»:
Ահա այդպես մազապուրծ, սակայն չգիտեմ` ինչու, դեկտեմբեր ամսին, երբ արդեն ասպիրանտուրայի ընդունելություն չկար, գնում էի Լենինգրադ:
Թողնում էի տանը միայնակ մորս. 1928-ին 15 տարեկան հասակում քութեշից մահացել էր եղբայրս:
Դառնացած հոգով էի ճանապարհ ընկել, սակայն ոչ մի կասկած չունեի, որ հասնելու եմ նպատակիս:
Ես արդեն ասել եմ, որ մեզ մոտ մաթեմատիկայից գիտական աշխատանքներ չէին կատարվում: Ես ինքնուրույն մի աշխատանք էի արել դիֆերենցիալ երկրաչափությունից: Ահա այդ աշխատանքն առած` դեկտեմբեր ամսին ներկայացա Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկական ինստիտուտ: Սակայն մի երկու օր հետո դիմումս վերադարձրին` խորհուրդ տալով դիմել Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտ:
Վճռեցի գնալ համալսարան` պրոֆ. Վ.Ի. Սմիռնովի մոտ, որի մասին լսել էի, որ լավ մարդ է, և ծանոթ էի նաև նրա գրքերին: Գրեցի մի թերթի վրա, թե ինչ գիտեմ մաթեմատիկայից և ինչ գրականություն եմ կարդացել ռուս և օտար լեզուներով, և մի արևոտ, պայծառ օր գնացի նրա մոտ: Վլադիմիր Իվանովիչը փոքրամարմին, նիհար, պայծառադեմ մի մարդ էր` երկարավուն դեմքով և փայլատակող աչքերով:
Վաղուց է, ինչ իմ շրջապատում չէի տեսել մորուքով մարդ, նրա փոքրիկ մորուքը և բարի առինքնող հայացքը հիշեցրեց ինձ վաղ մանկության օրերին տեսած հարազատ դեմքեր: Ես զգացի, որ իմ ոդիսականը վերջացած է, որ այդ ռուս մարդը խաղաղություն է բերելու իմ հոգուն:
Մի փոքր հարցազրույցից հետո նա ինձ ուղարկեց համալսարանին կից Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ, որտեղ ինձ քննեցին դոցենտներ Գոլուզինը և Յանչևսկին` երկուսն էլ վերին աստիճանի կիրթ և բարյացակամ մարդիկ: Այսօր Լենինգրադի այդ առաջին ծանոթներս չկան. Յանչևսկին սովամահ եղավ Լենինգրադի բլոկադայի ժամանակ, իսկ Գոլուզինը լռակյաց և շատ համեստ մի մարդ էր, իր համեմատաբար կարճ կյանքի ընթացքում նա զգալի արդյունքներ ստացավ անալիտիկ ֆունկցիաների տեսության մեջ:
Հանձնեցի քննություն նաև դիամատից և պատմատից ու օր-օրի սպասում էի, որ ինձ համար ասպիրանտական տեղ կստանան: Մինչ այդ ապրում էի Լեսնոյում` մի ընկերոջ մոտ: Դրամական միջոցներս սպառվելու վրա էին. ապրում էի Հայպետհրատի համար թարգամանածս Ֆադեևի և Պյորիշկինի, «ֆիզիկա»–յի գրքի դիմաց ստացածս հոնորարով:
Ինստիտուտի դիրեկտոր Կուլիշերը ընդառաջեց ինձ և մինչ ասպիրանտ ձևակերպվելս տեղավորեց ասպիրանտական տանը, Վասիլևսկի Օստրով N42: Ապրում էի մի սենյակում, որտեղ դրված էր ութ մահճակալ և այնքան խիտ, որ իմ մահճակալին մոտենալու համար պետք է կողեկող գնայի: Այդ սենյակի բնակիչներից ոմանք հեռացված էին ասպիրանտուրայից, սակայն շարունակում էին մնալ այդտեղ: Եվ երեկոյան, երբ բոլորը հավաքվում էին սկսվում էր անվերջ շատախոսություն, դոմինոյի խաղ և ծխախոտի ծուխ, մինև կեսգիշեր: Սակայն այդ պայմաններում ևս կային մարդիկ, որոնք համառորեն աշխատում էին, ինչպես, օրինակ, Լեխնիցկին, որը հայտնի մասնագետ դարձավ առաձգականության տեսության բնագավառում: Այդ տղան ուներ կին և երեխա, ընտանիքով ապրում էր մի փոքրիկ սենյակում, պարապում էր մինևչ գիշերվա ժամը 11-ը, այնուհետև գալիս էր հանգստյան սենյակը, որտեղ շխկում էր դոմինոն, օդը լցված էր ծխով, ինչպես ռուսական բաղնիքում, և լսվում էր ձիու խրխնջյուն հիշեցնող քրքիջ: Այդտեղ Լեխնիցկին մի կես ժամ դաշնամուր էր նվագում այնպես, կարծես գտնվում էր դատարկ սենյակում, և ապա գնում էր քնելու:
Վերջապես մարտ ամսին ես ասպիրանտ հրամանագրվեցի, իսկ մի քանի ամիս անց տեղափոխվեցի մի սենյակ, որտեղ ապրում էին երկու հայ ասպիրանտներ` բնագետ Գրիգոր Դարբինյանը և քիմիկոս Դ. Մարուխյանը:
Սկսեցի հաճախել Սմիռնովի դասախոսությունները՝ “մոտավորությունների տեսություն կոմպլեքս տիրույթում”, մեկ տարի լսեցի Գոլուզինին՝ միաթերթ ֆունկցիաների տեսությունից, այնուհետև ակադեմիկոս Ս.Ն. Բերնշտեյնին՝ լավագույն մոտավորությունից և Գ.Մ. Ֆիխտենհոլցին՝ ֆուկցիոնալ անալիզից:
Բերնշտեյնը կարդում էր շատ չափա–ձևած, առանց շեղումների, անտարբեր դեպի լսարանը, թվում էր, թե նա կարդում է ձեռքին բռնած մի դասագիրք: Չնայած նրա դասախոսություններն անթերի էին, սակայն ոչ մի կենդանի դիտողություն, որ լուսավորեր մտքի ընթացքը, պարզաբաներ ունկնդրին գնալիք ճանապարհը, դուք այնտեղ չէիք գտնի: Կենդանի մտքի տրոփյունը բացակայում էր նրա մոտ. նա ոչ մի հետաքրքիր խնդիր չէր առաջարկում. Բերնշտեյնը ժլատ էր գիտության մեջ, նա երբեք չէր խոսում մի հարցի շուրջ, որի մասին մասամբ մտածել է և դեռ չի լուծել, նա որոնողի և նպատակին դեռ չհասածի դողով չէր վարակում ունկնդրին: Դա էր պատճառը, որ Բերնշտեյնը թեև մեծ մաթեմատիկոս էր, սակայն աշակերտներ չունեցավ:
Ֆիխտենհոլցը ավելի համակրելի մարդ էր, փայլուն դասախոս, նյութը շարադրում էր այնպես, որ եթե գրեիր այն, ինչ տրվում էր գրատախտակի վրա, ապա կստացվեր գիրք, որը խմբագրելու կարիք իսկ չէր ունենա: Ֆիխտենհոլցը ունեցավ աշակերտներ, որոնք բոլորն էլ հրեաներ էին. չգիտեմ` դա գիտակցակա՞ն միտում էր թե՞ ոչ: Պետք է ասել այնուամենայնիվ, որ հրեա ժողովուրդը զարմանալիորեն տոկուն է և աշխատասեր: Նրանք կարողանում են նույնիսկ աննշան ընդունակությանը տևական աշխատանքով մի փայլ տալ. Ֆիխտենհոլցի աշակերտների մեջ այդպիսիները կային, օրինակ` Ի.Պ.Նատանսոնը, որի գիտական վաստակը չափազանց չնչին էր, սակայն փայլուն դասագրքերի հեղինակ էր:
Շատ լավ դասախոս էր Գոլուզինը, որն ուներ մի լավ հատկություն. նա շարադրում էր իր նյութը սպառիչ կերպով, բոլոր մեծ թե փոքր աշխատանքների մասին նա տալիս էր տեղեկություններ: Մեր օրերում, երբ գիտության ամեն մի բնագավառում շատերն են աշխատում, և շատ արագ է փոխվում այդ բնագավառի կերպարանքը, լիակատար ինֆորմացիայի կուտակումը շատ դժվար գործ է: Ունկնդրին այդպիսի մի ինֆորմացիա, շատ մեծ բարեգործություն է:
Իդեալական դասախոս էր Սմիռնովը: Դասախոսության սկզբին նա ձևակերպում էր նպատակը և այնուհետև այն ճանապարհը, որով պիտի գնային դեպի այդ նպատակը. և նոր վերջում` կատարում էինք անհրաժեշտ հաշվումները` գիտակցելով ամեն քայլը. դա անելը արդեն հեշտ էր և հաճելի: Նա ունկնդրին, ականջից բռնած, չէր տանում այն ճանապարհներով, որ միայն ինքը գիտեր:
Սեմինարին Սմիռնովը ձևակերպեց մի քանի խնդիրներ, որոնք շատ հետաքրքիր էին. ես շատ վաղ սկսեցի զբաղվել դրանցով, կարդալ գրականություն, որը թվում էր, որ պետք կգա դրանց լուծման ճանապարհները որոնելիս: Թեև այդ խնդիրները դժվար էին համարվում, և ոմանք դրանցով զբաղվել ու թողել էին, սակայն ես առաջին անգամ էի հանդիպել այդպես գրավիչ և չլուծված պրոբլեմների և ընտրության ուրիշ հնարավորություններ էլ չունեի, այդ պատճառով սկսեցի դրանց մասին խորհել համառորեն:
Զբաղմունքիս նյութը մոտավորությունների տեսությունն էր: Մոտավորությունների տեսությունը երկու ակունք ուներ: Մեկը սկիզբ էր առնում Պաֆնուտի Լվովիչ Չեբիշևից, որն անցյալ դարում Պետերբուրգում ստեղծել էր մի ամբողջ նոր բնագավառ՝ լավագույն մոտավորությունների տեսությունը: Չեբիշևի խնդիրը գործնական ծագում ուներ. նպատակն էր շարժումը փոխանցող տվյալ օղակների չափերն ընտրել այնպես, որ մեխանիզմի վերջում ստացվի նախագծված շարժմանն ըստ հնարավորին մոտ շարժում: Չեբիշևի ստեղծած ուղղությունը արմատավորվեց Պետերբուրգում, հետազոտություններն այդ ողղությամբ շարունակվեցին Մարկով եղբայրների և Զոլոտարյովի կողմից:
Հետաքրքիր է, որ XIX դարի առաջին կեսին ստեղծվեց և բուռն կերպով զարգացավ անալիտիկ ֆունկցիաների տեսությունը` այդ հզորագույն ուղղությունը, սակայն Չեբիշևը անցավ դրա կողքով: Այդ վերին աստիճանի օրիգինալ մտածողը չէր շարունակում և նույնիսկ օգտագործում ուրիշի աշխատանքները, այլ ամեն ինչ ստեղծում էր ինքը: Չեբիշևի թողած ժառանգությունը իրոք որ կրում է հանճարեղության կնիքը:
Մոտավորությունների տեսության մյուս ուղղությունը սկիզբ առավ և զարգացավ Գերմանիայում (Վայերշտրասս, Ռունգե, Հիլբերտ) դարձյալ XIX-րդ դարի վերջում: Փոքր ընդմիջումից հետո, մեր դարի առաջին տասնամյակում, Ֆրանսիայում, Բորելը և Մոնտելը անդրադարձան նույն խնդիրներին ավելի զորեղ միջոցներով, և գրեցին առաջին գրքերը այդ խնդիրների վերաբերյալ: Այդ գրքերում սիստեմատիկորեն օգտագործվում էր մոտավորությունների տեսության մեջ անալիտիկ ֆունկցիաների տեսության մեթոդը:
Այդ ուղղությամբ ինտենսիվ հետազոտությունների հաջորդ էտապը ընկնում է 1920–1932 թվականների շրջանում: Այդ ժամանակամիջոցում լավագույն արդյունքները պատկանում են Հունգարացի Գաբոր Սեյգոին և Սմիրնովին: Սեյգոն զարգացրեց հաշվային ապարատը, իսկ Սմիրնովը ստացավ ամենանուրբ և խորը արդյունքները: Վերջինս դրեց նաև մի քանի հետաքրքիր խնդիրներ: 30-ական թվականների սկզբին կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսությամբ սկսեցի զբաղվել Մոսկվայում Մ. Լավրենտևը և Մ. Կելդիշը: Ահա այդ թեմատիկայով, որոշ ուշացումով, սկսում էի զբաղվել ես:
1934-ը մնում էր դժվարին տարի. շարունակվում էր քարտային սիստեմը. մենք սնվում էինք հանրակացարան գնալու ճանապարհին, ուր հանձնում էինք մեր քարտերը: Հաճախ մեզ ուտեցնում էին ճիճվոտ սնկեր և համարյա միշտ, անորակ և յուղազուրկ ճաշեր: Ասպիրանտները շատ սիրում էին փոխել տալ ճաշարանի դիրեկտորին: Նոր դիրեկտորը առաջին օրը մեզ լավ էր կերակրում, և իհարկե այդ հոգեհացից հետո գալիս էին նույն ճաշերը ինչ առաջ: Այնուհետև մենք տեսնում էինք, թե ինչպես մեր ճաշարանի աշխատողները, որ տեղափոխվում էին նույն՝ մեր շրջանի մի այլ խանութ. հետզհետե մաշում էին իրենց կուտակած ճարպը:
Պիտի ասել, որ մեր բողոքները շատ լուրջ և բուռն բնույթ չէին կրում այլ մասամբ թելադրված էին այն հումերի զգացումով, որով ես նկարագրում եմ այդ դեպքը:
Մեր հանրակացարանը նախկինում ծերերի անկելանոց է եղել. այդ պատճառով միջանցքներում պատի երկայնքով ամրացած էին փայտյա կլոր ձողեր, որ ուժասպառ ծերունիներն այդ փայտերից բռնած գնային լվացվելու և զուգարան:
Այդ փայտերը հանված չէին. հավանաբար ինչ-որ հեռատես աշխատողներ մտածել էին, որ անպայման գալու են ժամանակներ, երբ այդտեղ ապրելու են ասպիրանտներ, որոնք քարտային սիստեմի օրոք տարիքով թեև երիտասարդ, բայց գուցե թե կարիք զգան այդ հենաձողերի:
Սակայն, ինչպես երևում է, այդ գիտունները հաշվի չէին առել ինձ, որովհետև ես ոչ միայն չէի օգտվում այդ հենաձողերից, այլև ամեն օր աստիճանահանդակի վրա մարզանք էի անում և առավոտյան ու քնելուց առաջ, ամառ թե ձմեռ, սառը ջրով ցնցուղի տակ էի կանգնում, ի դեպ, այդպիսին միայն ես էի: Այդ պատճառով ռուսներն ասում էին, թե «Շահինյանը խելագարվել է»:
Իհարկե, խոնավ և անձրևաշատ Լենինգրադում ես ևս երբեմն մրսում էի և հազում, սակայն հեշտությամբ բուժվում էի` գնալով ռուսական բաղնիք: Բարձրանալով գոլորշիներով լցված սենյակի ամենաբարձր հարթակը, որտեղ թեև գոլորշիները շատ խիտ սակայն ջերմությունից թափանցիկ են, հեշտությամբ վերացնում էի հազս և մի երկու օր մնալով տանը` լրիվ ապաքինվում էի:
Չնայած վերը նկարագրված պայմաններին` ես Լենինգրադում ապրեցի լիարժեք ինտելեկտուալ կյանքով: Կիրակի օրերը լինում էի թանգարաններում, հատկապես սիրում էի ռուսական արվեստի թանգարանը, որտող ունէի իմ սիրած անկյունները: Ժամերով կարող էի անձանձրույթ կերպով կանգնել Ֆ.Վասիլևի նկարների առջև. շատ էի սիրում նրա “Оттепель” -ը. գարնան սկիզբն է, արևոտ, բայց ցուրտ օր, առաջին պլանում` ցեխոտ ճանապարհը` սայլերի անիվների թողած հետքերով, ամենուրեք ջուր և ձյուն, սերմաքաղ ագռավներ` ճանփեքի վրա: Ճանապարհով անցնում է քուրքը հագին մի գյուղացի` բռնած թոռնիկի ձեռքից, հեռվում մի գյուղական խրճիթ է, իսկ հորիզոնի վերջում անտառն է միաձույլ և կանգնած դեռ մթին և մռայլ, ձմռան կապանքներից չազատված. սակայն օդը լցված է մեղմ, ամոթխած լույսով. հեռվում` անտառի մոտ թռչում է ագռավների մի երամ, նրանց կռինչը, հավանաբար, դեռևս խուլ է, ինչպես լինում է ձմռանը, բայց ունի մի ինչ-որ ուրախ, հուսաբեր շեշտավորում, ամենուրեք տիրում է անցնող ձմռան տխուր, բայց մոտալուտ գարնան հոյսով ողողված տրամադրություն: Կանգնում էի հաճախ այդ նկարի առաջ տխուր, բայց համակված քաղցր սարսուռով: Արվեստի այդպիսի գործերի առաջ կյանքը թվում է կարճ, անցած օրերը և տարիները` մի վայրկյան, թվում է, թե հիմա բոլոր հյուլեներով ձուլվում ես բնությանը և ապրելու ես նրա հետ անցավ ու հավիտյան:
Սակայն դեռևս երազներում խլրտում են մտքիս ծալքերի մեջ ամփոփված մարդկային փոքրոգության և անհիմն ատելության պատկերներ. որովհետև երազներում միշտ տեսնում եմ, որ վազում եմ մի պատի վրայով, որի երկու կողմի ճեղքերից գլուխներն են հանել օձեր և ջանում են խայթել ինձ: Կամ էլ թե գտնվում եմ մի ինչ-որ հանքախորշում, փլուզումից փակվել են բոլոր ճամփաներս և ես մնացել եմ այդտեղ թաղված:
Ահա այդպես, թեև հայ ֆորտունան դարձած էր դեպի ինձ իր հետնակողմով, մխիթարվում էի ռուս ֆորտունայի ժպիտով:
1935-ի սկզբին բոլորիս վիճակը լավացավ. ծերացավ քարտային սիստեմը: Երևանից էլ ուրախ լուրեր ստացա. ֆիզմաթ ֆակուլտետի դեկանը՝ Ա.Տոնյանը, հրավիրում էր ինձ կարդալու դասախոսություններ իրական փոփոխականի ֆունկցիաների տեսությունից և հայտնում էր նաև, որ ինձ համարում են Երևանի համալսարանի ասպիրանտ և ի հաստատումն դրա` ուղարկում են 100 ռուբլի լրացուցիչ դրամ:
Իմ վիճակն արդեն հիմնովին փոխվեց: 1934 թվականի ընթացքում հիվանդացել էի գաստրիտով. հիմա մեր սեղանին անպակաս էր կարագը և շաքարը, և այլևս նյութական հոգսերը ինձ չէին հուզում: Մայրս էլ Երևանի կարի առաջին ֆաբրիկայից ստացել էր ինձ համար մի կոստյում` որպես պրեմիա: Տարիներ հետո Վալտեր Արամյանը իմ մասին մի ակնարկում գրել էր, թե ես որբացած եմ եղել և նյութական նեղություններ եմ կրել. դա ճիշտ չէ: Թեև վաղաժամ եմ կորցրել հորս, սակայն ունեցել եմ մայր: Ապրել ենք մեր ժողովրդի մեծամասնության կյանքով, հոգսեր էլ շատ եմ ունեցել, բայց ոչ օր հացի հոգսեր:
Շարունակում եմ զբաղվել իմ խնդիրներով, ստանում եմ արդյունքներ, որոնք ցույց եմ տալիս Սմիռնովին: Դրանք կամ սխալ են լինում կամ էլ շատ հեռու իմ հիմնական խնդրից: Ուսուցիչս ինձ ոչինչ չի հուշում, սակայն անփոփոխ կերպով ուշադիր է դեպի ինձ. եղել են օրեր, երբ առավոտյան շատ կանուխ գնացել եմ նրա տուն մի բան ցույց տալու համար:
Առաջին հետաքրքիր արդյունքները ստացա 1936 թվականին. դրանք ակադեմիկոս Բերնշտեյնի ներկայացմամբ տպագրվեցին միութենական ակադեմիայի զեկույցներում: Դրանց մասին ռեֆերատ գրեց Գ. Սեգյոն ամերիկյան “Mathematical Revue” ամսագրում:
1935-ի գարնանը գնացի Երևան՝ դասախոսելու ֆիզմաթ ֆակուլտետում: Կային լավ ուսանողներ. նրանց մեջ էր ինձ սիրելի Բենյամին Մարգարյանը, որ հետո մեր լավագույն աստղագետներից մեկը դաձավ:
Ամռանը ոտքով գնացի Միսխանա (Մեղրաձոր): Բարձրացա Մայմեխ (Թեժ լեռ) և իջա Կիրովական: Ոտքով ճանապարհորդելը մնում էր իմ սիրած զբաղմունքը. 1932-ի ամռանը անցել էի Աշտարակ–Բյուրական–Արագած–Արթիկ ճանապարհը: 1936-ի ամռանը գնացի Ախտայից Գեղամա լեռներով Գառնի երեքօրյա ճանապարհը:
Մեր բարձրադիր լեռներից բացվող հեռավոր հորիզոնները և կիսաանապատային այս քարքարոտ լեռնաշխարհը` քարաքոսերով պատած ժայռերով, հարազատ են ինձ:
Աշնանային անձրևոտ օրերին Լենինգրադում, նստած իմ փոքրիկ սենյակի լուսամփոփի մոտ, երազում էի հեռավոր Վայոց ձորի` աշնանային արևով ողողված, հնձված արտերի դեղնությունը, խաղաղված գետերի քաղցրալուր խշշոցը անդնդախոր ձորերում, չվելու պատրաստվող թռչունների երամները և ավերված վանքերի պատերին սողացող մողեսների սրտի տրոփյունը:
Սկսեցի սիրել հյուսիսը. ժլատ արևով լուսավորված ցուրտ գարուններ` դանդաղ բողբոջող ծառերով, Ելագինի կղզում հողմերից ծփացող Բալթիկ ծովը…
Սպիտակ գիշերներին քնած Լենինգրադը` այդ հյուսիսային գեղեցկուհին. թախծոտ աշուններ Պավլովսկի, Ցարսկոյե Սելոյի, Գատչինոյի պուրակներում: Նևայով ճանապարհորդեցի դեպի Շլիսելբուրգ` ռուս ժողովրդի խիզախ որդիների այդ դամբարանը: Մամռապատ ու մթին խցիկներում քեզ համակում է այն զգացումը, թե մարդկային ոգին և բարոյական խիզախությունը չեն մեռնում, թե դրանք անտեսանելիորեն կան այնտեղ, քո կողքին:
Գիշերեցի Շլիսելբուրգի մոտիկ անտառում: Ցուրտ գիշեր էր. վառել էինք մի մեծ խարույկ. մի կողս այրվում էր տաքից, իսկ մյուս կողս` սառչում ցրտից. կիսաքնած վիճակում շուռ ու մուռ էի գալիս. անցնող քամին սվսվում էր փշատերև ծառերի կատարներին. համաչափ ճռճռում էին ճոճվող ծառերի բները. դրանց ձայնակցում էր մեր խարույկի մոտ նստած կարելների շշնջյունը:
Կուինջիի “Հեռու հյուսիսում” նկարը, որտեղ առաջին պլանում պատկերված է ավազոտ բլրի վրա աճած մի սոճի, իսկ վարը մինչ հեռավոր հորիզոններ տարածված են մթին անտառներ` վերևում արճճագույն ամպերից եկող տխուր լուսավորվածությամբ, Վրուբելի հեքիաթային «Պանը»` դուրս եկած ծառի կոճղից և ինքն էլ կոճղանման, Սուրիկովի նկարները և Բրյուլովի «Կանաչ աղմուկ» նկարը, որտեղ մի միայնակ կեչի, ողողված ամպերի ճեղքերից հանկարծ երևացաղ արևի լույսով, շաղշաղում է քամու շնչից դողդողացող տերևներով, հիշեցնում են ինձ իմ տեսած հյուսիսը:
Մի բան ևս պիտի տանեի Լենինգրադից. դա երաժշտության սերն էր: Հայրենիքում թե՛ դպրոցական տարիներիս, թե՛ ուսանող ժամանակ բնականաբար չեմ ունեցել գրպանի դրամ: Թատրոն, կինո, համերգներ այնքան սակավ եմ գնացել, որ այսօր չեմ հիշում` գնացե՞լ եմ, թե ՞ ոչ: Դասական երաժշտություն էի լսել Կոմունարների այգում բացօթյա համերգների ժամանակ:
Եվ ահա Լենինգրադում մեր ասպիրանտական սուղ միջոցներից գնում էինք մուտքի տոմսեր ֆիլհարմոնիայի վերնահարկում կանգնելու համար. դա էր ուսանող երիտասարդության տեղը:
Այդտեղ լսեցի Բախի երաժշտությունը՝ գրված ըստ Մաթևոսի Ավետարանի: Լսեցի Բեթհովենի, Վագների, Լիստի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի սիմֆոնիկ և այլ գործեր: Լսեցի աշխարհահռչակ խմբավարների, մենակատարների համերգներ, տեսա հանճարեղ Մուսորգսկու «Խովանշչինա» և «Բորիս Գոդունով» օպերաները: Շատ սիրեցի ռուս ժողովրդական տխուր և միաժամանակ հզոր թախիծով լցված երգերը:
«Բորիս Գոդունով» օպերայից` սահմանամերձ պանդոկում թափառաշրջիկների երգը կարող եմ լսել շատ և շատ անգամ առանց հագենալու, նույնը նաև Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի սկզբի “ болят мои скорые ноженьки, со походу шли…” երգը:
Սիրում եմ շատ ժողովուրդների տխուր երգերը, որոնց մեջ հնչում է ուժի տխրությունը, ուժի, որ ծնվել է մեկ անգամ և գուցե թե պիտի մեռնի առանց գործադրության: Սիրում եմ երգերում վաղաժամ հեռացած, գնացած ազնիվ զգացումների թախիծը: Ինձ շատ հոգեմոտ են քրդերի և բոշաների` այդ բնության զավակների հերոսական և թախծալի երգերը: Չեմ կարող հասկանալ ժողովրդական ուրախ և կատակային երաժշտությունը: Ինձ թվում է, որ տխրությունը և թախիծը միատեսակ են բոլոր ազգերի մոտ, իսկ ամեն մեկը ուրախանում է յուրովի:


ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

… 1916 թվին էր: Մեր մանկական ականջներում դեռ հնչում էին հայդուկային ռազմաշունչ երգերը….
… Բայց մեր աչքերը տեսնում են դրան հաջորդող` թուրքական սրից ճողոպրած հայ գաղթականների անվերջ շարանները, լսում ենք նրանց սայլերի սրտամաշ ճռինչը, տեսնում պատերի տակ մահացողների անհունորեն հուսահատ հայացքը:
Վաղաժամ և անդարձորեն տրորված հոգիներով մուտք ենք գործում դպրոցի շենքից և առաջին անգամ գրիչ վերցնում, գրում մեր մայրենի լեզվի այբուբենը: Մենք սովորում ենք… իսկ մեր ծնողները և հարազատները շարունակում են մորթոտվել կամ զոհ գնալ համաճարակներին:
1918-1919 թվեր… կրկնում ենք Գամառ-Քաթիպայի տողերը.
“Թող գա փորձություն, թող գա հալածանք:
Խավար թող դառնա անաղոտ լույսը,
Սարսափելի չէ հային տառապանք.
Միայն թե չհատնի խղճուկի հույսը…”
Բայց մեր հույսը հատնելու վրա էր:
Մեր հայրենիքի ավերակների վրա սկսվում է մեր պատանեկությունը, բացվում է մեր գիտակցության առավոտը, աղոտ հույսերով սպասում ենք գալիքին:
1920 թիվ, նոյեմբեր: Փոխվում է հիմնովին մեր կյանքի հեռանկարը, սկսվում է մեր նոր` այսօրվա պատմությունը:
Փառք նրանց, ովքեր իրենց արյունով գծեցին մեր ժողովրդի փրկության ուղին, բացեցին նոր ու լուսավոր հնարավորություններով լի ապագան:
1920-1922 թվեր… Բացվում են նոր դպրոցներ, հիմնադրվում է պետական համալսարանը:
Գրիգոր Ղափանցյան, Արսեն Տերտերյան, Մանուկ Աբեղյան, Բահաթուր Բահաթրյան, Ալեքսանդր և Վերա Մելիքյաններ, Արմենակ Մուրադյան, Արշակ Տոնյան, Միքայել Վարունցյան և շատ ու շատ ուրիշներ. ահա մեր ուսուցիչները, որոնք դառնության և տառապանքի օրերին մնացին իրենց ժողովրդի հետ և լույսի սերմերը բերին մեզ` ուսման ծարավներիս: Ձեզանից շատերն այժմ չկան, բայց մեր մտքի աչքերով տեսնում ենք ձեզ, լսում ձեր ձայնը:
Դուք դրիք հիմքը մեր այսօրվա Հայաստանի մշակույթի, մտավոր կյանքի կոչեցիք աշխատավոր հայի զավակներին, ստեղծեցիք մեր առաջին մտավորականությունը: Դուք կամուրջ հանդիսացաք անցյալից եկող լավագույնի և մեր Սովետական Հայաստանի մշակույթի միջև:
Շնորհակալություն ձեզ:

Արտ. Շահինյան
Երևանի պետական համալսարանի նախկին սան, ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
(“Նոր Կյանք”, 1961 թ. փետրվարի 17)


Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Մ Ա Թ Ե Մ Ա Տ Ի Կ Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ա Կ Ա Ն Դ Պ Ր Ո Ց Ի Կ Ա Զ Մ Ա Վ Ո Ր ՈՒ Մ Ը


ԵՐԵՎԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԸ

Այսօր մեր գիտությունների ակադեմիայի տասնամյակի հետ միասին բոլորվում է նաև Երևանի մաթեմատիկական կոլեկտիվի զարգացման որոշ էտապը:
Այդ կոլեկտիվը բացառապես կազմված է մեր` Սովետական կարգերում աճած երիտասարդներից:
Դրանցից ամենատարիքավորը (ի նկատի ունի իրեն. Կազմողի կողմից) իր ամբողջ կրթությունը, սկսած դպրոցից մինչև ասպիրանտուրա, ստացել է մեր օրերում:
Սկսած 1930 թվից` մեր համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի շրջանավարտներից լավագույնները գործուղվում են Մոսկվայի և Լենինգրադի առաջնակարգ գիտական կենտրոններ` իրենց ուսումը լրացնելու համար:
Այդ երիտասարդությունը հնարավորություն է ունեցել աշխատելու Ռուսաստանի լավագույն գիտնականների մոտ` հաղորդակից դառնալով գիտության այսօրվա արդյունքներին և Ռուսական գիտական ավանդույթներին:
Վ.Ի. Սմիռնովի, Մ.Վ. Կելդիշի, Ս.Լ. Սոբոլևի, Վ.Վ. Ստեպանովի, Ի.Ի. Պրիվալովի և շատ ու շատ ուրիշների անունները, որոնք անշահախնդիր կերպով և հաճույքով ուսուցանել են մեզ, միշտ թանկ են մեզ համար:
Երևան վերադարձած մեր երիտասարդության ջանքերով հիմնովին փոխվեց մեր համալսարանում և այլ բուհերում մաթեմատիկական գիտությունների դասավանդման դրվածքը: Գիտությունների ակադեմիայում կազմակերպվեց ժամանակակից հետազոտությունների համար անհրաժեշտ լավագույն գրադարան: Առաջին անգամ մեր հանրապետությունում սկսվեցին հետազոտություններ ժամանակակից մաթեմատիկայի պրոբլեմների շուրջ:
Սկզբում այդ հետազոտությունները բնականաբար կապված էին ամենասերտ կերպով այն խնդիրների հետ, որոնցով այդ երիտասարդությունը զբաղվել էր իր ուսման տարիներին: Սակայն, անցած տարիների ընթացքում հետզհետե ձևավորվում է այդ կոլեկտիվի ինքնուրույն դեմքը:
Այստեղ հարմար չէ թվարկել Երևանի մաթեմատիկական կոլեկտիվի բոլոր անդամների անունները և նրանց ստացած արդյունքները: Այդ պատճառով սահմանափակվում եմ հիշատակելով միայն պրոֆեսոր Մ.Մ. Ջրբաշյանի, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Ս.Ն. Մերգելյանի և գիտ.թեկնածու Հ. Բադալյանի անունները` նշելով, որ նրանք կատարել են մի շարք արժեքավոր ուսումնասիրություններ:
Հենվելով կուտակված փորձի վրա` նոր եկող սերունդների խնդիրը պետք է լինի նորանոր հետազոտություններով ընդարձակել մաթեմատիկական գիտությունների ճակատը, ընդգրկելով այդ գիտությունների նորանոր ճյուղեր:

1953 թ. սեպտեմբեր
Արտաշես Շահինյան


ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ


Սույն թվի փետրվարի 17-ին Մոսկվայում, Համամիութենական գիտությունների ակադեմիայի Վ.Ա.Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում պաշտպանեց իր թեկնածուական դիսերտացիան Ս.Մ. Մերգելյանը: Սակայն ինստիտուտի գիտական խորհուրդը` ակադեմիկոս Վինոգրադովի նախագահությամբ, միաձայն քվեարկությամբ Մերգելյանին շնորհեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Ս.Մ.Մերգելյանը ծնվել է Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում 1928 թվին: Նրա հայրը՝ Մկրտիչ Մերգելյանը, Ախալքալակցի է: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա ընտանիքը տեղափոխվում է Երևան:
Մռավյանի անվան դպրոցում պատանի Սերգեյը շարունակում է իր ուսումը. արդեն դպրոցում և հատկապես Երևանի համաքաղաքային մաթեմատիկական օլիմպիադայում նկատվում են նրա ընդունակությունները: Տասնվեց տարեկան պատանին իր ընդհանուր զարգացմամբ արդեն շատ էր տարբերվում իր ընկերներից և ժամանակից շուտ` էքստերն կարգով ավարտելով դպրոցը` նա, չնայած իր տարիքին, բացառության կարգով 1944 թվի աշնանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկական բաժինը: Շնորհիվ իր տաղանդի և փայլուն հիշողության նա ավարտեց ֆակուլտետի հնգամյա դասընթացները երեք և կես տարում: Պատանի Մերգելյանը մեկ տարվա ընթացքում արդեն հանձնել էր առաջին կուրսի բոլոր առարկաները և երկրորդ կուրսի առարկաների մեծ մասը և սկսել էր հաճախել երրորդ կուրս, որտեղ առաջին անգամ հանդիպեցի նրան:
Այդ սեմեստրում կարդում էի իրական և անալիտիկ ֆունկցիաների տեսության դասընթացը: Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում է և տալիս դիպուկ հարցեր, համակում էր առաջին իսկ հանդիպողին:
Իրական փոփոխականի ֆունկցիաների տեսության միայն իրեն հատուկ գեղեցկությունը և կոնստրուկտիվ ու հետաքրքիր խնդիրների առատությունը հափշտակեցին նրան: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց:
Նրա աշխատանքը կանոնավոր հունի մեջ դնելու և միաժամանակ նյութականով, լրացուցիչ կերպով, օժանդակելու համար Գիտությունների ակադեմիան նրան ընդունեց որպես լաբորանտ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորում աշխատելու համար:
Քանի որ շարունակվում էր Մերգելյանի հափշտակվածությունը իրական փոփոխականի ֆունկցիաների տեսությամբ, մենք վճռեցինք նրան գործուղել Մոսկվա` ակադեմիկոս Ն.Լուզինի մոտ, և Լենինգրադ՝ ակադեմիկոս Վ.Ի.Սմիռնովի մոտ:
Երկուսի կողմից էլ նա շատ սիրալիր ընդունելություն էր գտել. Ն.Լուզինը նրան առաջարկել էր մի շարք հետաքրքիր խնդիրներ, որոնց թվում լեհաստանցի մաթեմատիկոս Ս.Բանախի մի խնդիրը` զուգամիտման մի շատ ընդհանուր տեսակի մասին. այդ աշխատանքը Մերգելյանը կատարեց 1946 թվի ամռանը (տպագրվում է Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի աշխատությունների 5-րդ հատորում):
Ակադեմիկոս Սմիռնովը գրում էր, որ այդ պատանին նրա վրա շատ պայծառ տպավորություն թողեց, իսկ Ն.Լուզինը խոստացել էր վերցնել նրան իր մոտ ասպիրանտ Համալսարանը ավարտելուց հետո:
Սակայն չորրորդ և հինգերրորդ կուրսերում Մերգելյանի ճաշակը հետզհետե թեքվեց դեպի անալիտիկ ֆունկցիաների տեսությունը: Մաթեմատիկայի այդ ճյուղը ունի մոտ 130 տարվա պատմություն, սակայն իր բազմազան տեսական ու գործնական կիրառություններով ու չափազանց հետաքրքիր պրոբլեմներով նույնքան թարմ և հրատապ է ինչպես իր ծագման շրջանում:
5-րդ կուրսում Մերգելյանը իրեն դիպլոմային թեմա է ընտրում բազմանդամային լավագույն մոտավորությունների հարցերը կոմպլեքս տիրույթում: Ֆունկցիաների տեսության մեջ այդ ուղղության հիմնադիրն է հանճարեղ ռուս մաթեմատիկոս Պ.Լ.Չեբիշևը (1821-1894 թթ):
Չեբիշևյան այդ ուղղությունը մի տրադիցիոն ուղղություն է սովետական մաթեմատիկայում և փայլուն կերպով շարունակվում է մեզ մոտ ակադեմիկոս Ս.Ն.Բերնշտեյնի և նրա աշակերտների կողմից: Արտասահմանում ևս այդ ուղղությամբ շատ աշխատանքներ են կատարված:
Սակայն լավագույն մոտավորությունների հարցերը կոմպլեքս տիրույթում համեմատաբար քիչ էին ուսումնասիրված. մինչ այդ սահմանափակվում էին համեմատաբար պարզ տիպի տիրույթներով: Մերգելյանը ձեռնարկեց պարզաբանել այդ հարցերը ամենաընդհանուր տիպի տիրույթների համար և շատ հաջող կերպով իր դիպլոմում կատարեց այդ ուղղությամբ առաջին քայլերը (այդ աշխատանքը տպագրված է Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի զեկույցներում):
1947 թվականին ավարտելով համալսարանը` 19-ամյա Սերգեյը գործուղվում է ասպիրանտուրա Մոսկվա` Մ.Վ.Կելդիշի մոտ: 1948 թվի ընթացքում նա հանձնում է ասպիրանտական քննությունները և շարունակում աշխատել իր դիպլոմում ձեռնարկած գործի ավարտման վրա: Մեկ տարում նա ավարտում է ասպիրանտուրան, գրում իր դիսերտացիան և ստանում դոկտորի աստիճան:
Ոչ մասնագիտական մի այսպիսի հոդվածում ես չեմ կարող վերլուծել Մերգելյանի աշխատանքի բովանդակությունը: Սահմանափակվեմ ասելով, որ այդ աշխատանքը իր արդյունքների առատությամբ, հստակությամբ և պատանեկական ինքնաբուխ թարմությամբ զուր չէ այդքան բարձր գնահատվել համաշխարհային խոշորագույն մաթեմատիկական կենտրոններից մեկում՝ Վ.Ա.Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի գիտական խորհրդում:
Ս.Մ. Մերգելյանով վերջնականապես ձևավորվում է Հայկական մաթեմատիկայի պատմության, թող թույլ տրվի ինձ այդպես արտահայտվել, մի շրջանը:
1925 թվին համալսարանում հիմնադրված ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը ունեցել է բավարար մակարդակի դասախոսական կադրեր, որոնք հիմնավոր կերպով հաղորդում էին մաթեմատիկական գիտելիքներ, բայց իրենք հեռու էին իրենց կրթությամբ ժամանակակից գիտությունից և ստեղծագործ աշխատանքից: Այդ դրությունը շարունակվել է մինչ 1937 թիվը: Առաջին՝ այդ սերունդը կատարել է իր շնորհակալ գործը, սովորեցրել է մեր երիտասարդությանը խոսել իր մայրենի գիտական լեզվով և հաղորդել է նրանց նախնական գիտելիքներ և նրանցից լավերին ուղարկել Մոսկվայի և Լենինգրադի լավագույն կենտրոնները` իրենց ուսումը շարունակելու համար:
Երկրորդ՝ այդ սերնդի դերն է եղել ընդարձակել մաթեմատիկական գիտելիքների դասավանդման ծավալները և հիմք դնել մաթեմատիկական գիտությունների բնագավառում ստեղծագործ գիտահետազոտական աշխատանքի:
Սկսած 1937 թվից` թե՛ սովետական և թե՛ օտարերկրյա պարբերականներում առաջին անգամ երևացին Երևանի համալսարանի անունից տպագրված մաթեմատիկական աշխատանքներ:
Ս.Մ.Մերգելյանը ամենակրտսերն է այդ երկրորդ սերնդում և առաջինը ու ամենատաղանդավորը գալիք երրորդ սերնդի, որի դերը պիտի լինի ավելի ընդարձակել գիտահետազոտական աշխատանքների ծավալը մեր հայրենիքում, ընտրել երիտասարդներից լավագույններին և նրանց դնել ստեղծագործական աշխատանքի ուղու վրա:
Սկսված գործը շատ շնորհակալ գործ է. հաճելի է լսել, որ այս տարի գիտությունների պատմությանը նվիրված Համամիութենական գիտությունների ակադեմիայի սեսիայում Մոսկվայի մաթեմատիկական ընկերության պրեզիդենտ Պ.Ս.Ալեքսանդրովը հայտարարել է` “…մեր աչքի առաջ ծնվում է Հայկական մաթեմատիկական դպրոցը”:
Մայիսի 17, 1949 թ.Արտաշես Շահինյան


ՄԽԻԹԱՐ ՋՐԲԱՇՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Մխիթար Ջրբաշյանի աշխատությունները նվիրված են կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության մի քանի ժամանակակից ուղղություններին:
Դրանք են՝
1.մոտավորությունների տեսությունը կոմպլեքս տիրույթում.
2.ամբողջ ֆունկցիաների տեսությունը.
3.ընդհանրացած ինտեգրալ ձևափոխումները:
Մոտավորությունների տեսության մեջ Մ. Ջրբաշյանը լուծել է մի շարք կարևոր խնդիրներ կշռային մոտավորությունների վերաբերյալ անվերջ կորերի վրա և տիրույթներում, ինչպես նաև ոչ-կարաթեոդորյան տիրույթներում: Այդ հարցերի ուսումնասիրման ժամանակ նա նշել է այդ խնդիրների լուծման մի նոր ճանապարհ, որը հնարավորություն է տալիս այդ հարցերի համար ստանալ սպառիչ նրբությամբ պատասխաններ (1946-1949 թվ.):
Նույն խմբին են պատկանում նրա արդյունքները կշռյալ-լավագույն մոտավորությունների հարցում անվերջ կորերի վրա:
Մոտարկումների թեորեմների հակադարձ թեորեմները ստանալու համար նա ստացել է ֆունկցիոնալ մաժորանտ ունեցող բազմանդամների ածանցյալների համար Մարկովի տիպի անհավասարություն: Այս արդյունքները սկզբունքային հետաքրքրություն են ներկայացնում մոտավորությունների տեսության համար (1951-1953 թ.):
Ջրբաշյանը կատարել է ուսումնասիրություններ նաև ամբողջ ֆունկցիաներով լավագույն մոտարկումների մասին և՛ իրական առանցքի վրա, և՛ կոմպլեքս հարթության մեջ անկյունաձև տիրույթում:
Ամբողջ ֆունքցիաների տեսության մեջ նա ունի արդյունքներ ամբողջ և անալիտիկ ֆունկցիաները Աբել-Գոնչարովի սարքի վերածելու հարցում:
Հետաքրքիր է, որ այդ հարցում կիրառություն են գտել անվերջ թվով գծային հավասարումների սիստեմներ:
Այնուհետև նա ընդհանրացրել է Պալեյ-Վիների հայտնի թեորեմը էքսպոնենցիալ տիպի ամբողջ ֆունկցիաների վերաբերյալ` տարածելով այն որևէ վերջավոր կարգի և նորմալ տիպի ամբողջ ֆունկցիայի վրա (1952-1954թ.):
Ուշագրավ են ընդհանրացած ինտեգրալ ձևափոխությունների ուղղությամբ կատարած նրա աշխատանքները: Ջրբաշյանը կառուցել է կոմպլեքս տիրույթում ինտեգրալ ձևափոխությունների մի տեսություն` որպես ձևափոխման կորիզ ընտրելով Միտտագ-Լեֆլերի հայտնի ֆունկցիային մոտ մի ֆունկցիա, որը ունի ֆունկցիայի հատկություններին մոտ հատկություններ: Այդ ձևափոխությունների միջոցով նա ստացել է մի քանի ճառագայթների վրա միաժամանակ դասին պատկանող ֆունկցիաների ներկայացումները: Ապացուցել է, որ այդպիսով կառուցված ձևափոխությունների համար տեղի ունեն Պլանշերելի տեսության հիմնական դրույթները:
Այդպիսով, կառուցված տեսությունը հնարավորություն է տվել նրան ունենալու նաև ճառագայթների վրա ամբողջ ֆունկցիաներով մոտարկումների մի ապարատ: Վերջին տարիներին նա կատարել է հետևյալ աշխատանքները՝
•կշռյալ մոտարկումներ շատ փոփոխականների ֆունկցիաների համար.
•լավագույն մոտարկումներ ամբողջ ֆունկցիաներով շատ փոփոխականների դեպքում.
•ամբողջ ֆունկցիաներով ասիմպտոտիկ մոտարկում կիսահարթության մեջ.
•ռացիոնալ ֆունկցիաներով Ֆուրյեի շարքեր շրջանում.
•ռացիոնալ ֆունկցիաների ածանցյալի գնահատական առանցքի վրա և այլն:
Դիտարկելով Մ. Ջրբաշյանի կատարած հետազոտությունները` մենք տեսնում ենք, որ նրանց հեղինակը տարիների ընթացքում ընդարձակել է իր ուսումնասիրությունների շրջանակները` դնելով նորանոր խնդիրներ և դրանց լուծման համար ստեղծելով նուրբ սրամիտ միջոցներ: Այդ արդյունքներից շատերը ունեն սկզբունքային նշանակություն:
Աշխատելով ԳԱ մաթեմատիկայի սեկտորում նրա հիմնադրման օրից և այսօր լինելով Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում մաթեմատիկական սեկտորի վարիչ, նա աճել է և նաև իր աշխատանքով բարձրացրել է այդ հիմնարկում կատարվող աշխատանքները թե՛ ծավալով և թե՛ որակով: Շատ արժեքավոր է նաև Ջրբաշյանի մանկավարժական գործունեությունը: Վերջին տարիներին նա` բացի մի շարք հիմնական առարկաների և հատուկ կուրսերի դասախոսություններից, ղեկավարում է բազմաթիվ դիպլոմային աշխատանքներ: Նա ղեկավար է մի քանի ասպիրանտների: Նրա օգնությամբ արդեն մի քանի երիտասարդներ իրենց առաջին քայլերն են արել գիտության մեջ:
Որպես քաղաքացի ևս նա ակտիվ անձնավորություն է, որը անտարբեր չի անցնում հասարակական նշանակություն ունեցող երևույթների կողքից:
Առաջարկում եմ նրա թեկնածությունը առաջադրել ԳԱ առաջիկա ընտրությունների համար:

1956 թ.
Արտաշես Շահինյան


ՖԻԶԿԻԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1.Ֆիզիկամաթեմատիկական գիտությունները Հայաստանում մինչև 1939 թ.
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների զարգացման հիմքը դրվել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ. ֆակուլտետի հիմնադրմամբ՝ 1925 թվին:
Առաջին դասախոսական կազմը թեև ուներ բարձրագույն կրթություն, սակայն կազմված էր բացառապես նախկինում միջնակարգ դպրոցի դասատուներից, որոնք իրենց որակով, բնականաբար, շատ հեռու էին ժամանակակից գիտության պահանջներից:
1930 թվից` սկսած Մոսկվայի և Լենինգրադի գիտական կենտրոններում իրենց կրթությունն են ստանում մեր առաջին խումբ ասպիրանտները:
1936-39 թվականներից սկսած` թե համալսարանում և թե՛ այլ բարձրագույն ուսումնական հիմնարկներում և Գիտությունների ակադեմիայում դասախոսական և գիտահետազոտական կադրերը բացառապես մեր բարձրագույն դպրոցներն ավարտած երիտասարդներից էին կազմված: Բավական է ասել, որ համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի առաջին տարիների դասախոսական կազմից այժմ կա միայն երկու հոգի:
2.Ֆիզիկայի, մաթեմատիկայի, մեխանիկայի և աստղաբաշխության բնագավառում կադրերը ռեսպուբլիկայում և Գիտությունների ակադեմիայում
Անցած տարիների ընթացքում ռեսպուբլիկայում պատրաստվել են 10 դոկտորներ և 55 թեկնածուներ: Դրանցից ակադեմիայի համակարգում 5 դոկտոր և 31 գիտությունների թեկնածու:

Նշված 10 դոկտորներից 4-ը ՀՍՍՌ ԳԱ իսկական անդամ են, 3-ը` թղթակից անդամ:
Միութենական ակադեմիայի անդամ է 1 հոգի և թղթակից անդամ` 2 հոգի:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի գիտահետազոտական հիմնարկների ասպիրանտների քանակը հետևյալն է՝
1. Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորում 3
2. Ֆիզիկայի ինստիտուտում 7
3. Աստղադիտարանում 3
Ընդամենը ՝ 13
3. Կադրերի գիտական ակտիվությունը
Դոկտորների և թեկնածուների վերոհիշյալ 65 հոգուց ավել կամ պակաս չափով որակյալ գիտական աշխատանքով են զբաղվում 35 հոգի, որոնցից 25-ը` ակադեմիայի համակարգում և 10-ը` այլ կազմակերպություններում. այդ 10 հոգուց 6-ը համատեղությամբ աշխատում են ակադեմիայում:
Առավել որակյալ կադրերի թիվը ռեսպուբլիկայում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների գծով հասնում է մոտավորապես 15 – 20-ի. այդ թվի մեջ 3-ը Ստալինյան մրցանակի դափնեկիր են:
Գիտության դոկտորի աստիճան ունեցող բարձրորակ կադրերի պատրաստման ուղղությամբ բաժանմունքի վիճակը հետևյալն է՝
•ներկայացրել են դոկտորական դիսերտացիաներ և սպասում են պաշտպանությանը
Քոչարյան Ն. - Ֆիզիկայի ինստիտուտ
Գուրզադյան Գ. - Բյուրականի աստղադիտարան
Խարիտոնով - Ֆիզիկայի ինստիտուտ
Դոկտորանտուրայում է և 1954 թ. պետք է ավարտի՝
Ալեքսանդրյան Ռ. – Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտոր:
4. Հետևություններ
Բերած թվերը ցույց են տալիս, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բնագավառում վերջին տասնամյակում կադրերի պատրաստման գծով ակադեմիայի դերը զգալի է, և ակտիվ կադրերի ճնշող մեծամասնությունը աշխատում է ակադեմիայի համակարգում:
Որակյալ կադրերի կենտրոնացումը ակադեմիայում պետք է բացատրել հետևյալ պատճառներով.
ա. առաջին անգամ ռեսպուբլիկայում Գիտությունների ակադեմիայի ներսում է, որ ստեղծվել է նյութատեխնիկական բազա ժամանակակից մաթեմատիկայի, աստղաբաշխության, ֆիզիկայի և մեխանիկայի բնագավառներում որակյալ գիտական աշխատանք կատարելու համար: Թվենք այդ ուղղությամբ այն հիմնականը, որը կատարված է ակադեմիայում.
• ստեղծվել է Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարան, որը հիմնականում արդեն ապահովված է շենքով և առաջին պահանջներին բավարարող սարքավորումով: Աստղադիտարանը աշխատում է առաջնակարգ գիտական խնդիրների լուծման վրա: Աստղադիտարանի գիտական աշխատությունները տպագրվում են Միութենական ակադեմիայի և ՀՍՍՌ ԳԱ պարբերականներում: Բացի այդ` աստղադիտարանը հրատարակում է «Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարանի հաղորդումները»: Վերջինս փոխանակվում է Միութենական և արտասահմանյան բազմաթիվ աստղադիտարանների աշխատությունների հետ: Վ.Հ. Համբարձումյանի և նրա աշակերտների աշխատանքները օրըստօրե բարձրացնում են սովետական աստղագիտության կշիռը համաշխարհային գիտության մեջ: Աստղադիտարանը պահպանում է ամենասերտ կապեր Միութենական աստղագիտական բոլոր գիտական կենտրոնների հետ` մասնակցում է բոլոր կազմակերպվող բանավեճերին, որոնցից մեկը տեղի ունեցավ Բյուրականում: Աստղադիտարանում գիտական աշխատանք են կատարում Լենինգրադից եկած գիտական աշխատողներ: Աստղադիտարանի աշխատակիցներից ոմանք լինում են Լենինգրադի և Ղրիմի աստղադիտարաններում, որտեղ նրանք մասնագիտանում են հատուկ ուղղությամբ: Աստղադիտարանի տնօրեն Վ. Համբարձումյանի ելույթները միջազգային կոնֆերանսներում ամրապնդում են սովետական առաջավոր գիտության դիրքերը: Աստղադիտարանը ունի գիտական գրադարան, ստանում է սովետական գիտական պարբերականներից բացի 34 անուն արտասահմանյան գիտական պարբերականներ` չհաշված փոխանակման կարգով ստացվող գրականությունը.
• Երևանում և հատկապես Արագածում ստեղծված է կոսմիկական ճառագայթների ուսումնասիրման առաջնակարգ ինստիտուտ: Ինստիտուտի սարքավորումը հնարավորություն է տալիս միայն ուսումնասիրել միջաստղային տարածությունից եկող բնական մասնիկները: Ինստիտուտը կատարել է մի շարք արժեքավոր հետազոտություններ կոսմիկական ճառագայթների կազմում եղած մասնիկների ուսումնասիրության վերաբերյալ: Ինստիտուտը հիմք է դրել ժամանակակից գիտական գրադարանի, ստանում է սովետական գիտական պարբերական հրատարակությունները և մոտ 50 անուն արտասահմանյան գիտական պարբերականներ: Ինստիտուտը ունի իր բազային համապատասխան բավարար քանակությամբ էքսպերիմենտալ կադրեր, որպես դրական երևույթ պետք է նշել վերջին երկու տարում ինստիտուտի ներսում 3 հոգուց կազմված տեսական ֆիզիկայի խումբը: Ինստիտուտը սերտ հարաբերությունների մեջ է Միութենական ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի և այլ գիտական հիմնարկների հետ: Ինստիտուտի թեմատիկան քննվում է Միութենական ակադեմիայի պրեզիդենտին կից խորհրդում: Ինստիտուտի աշխատակիցները սիստեմատիկորեն մասնակցում են կոսմիկական ճառագայթների վերաբերյալ միութենական բոլոր խորհրդակցություններին: Մասնավորապես 1953 թվին կոսմիկական ճառագայթներին նվիրված միութենական կոնֆերանսում զեկուցումներով հանդես եկան ինստիտուտի համարյա թե բոլոր գիտական աշխատակիցները: Արագածի լաբորատորիայում իրենց դիպլիմային աշխատանքներն են կատարում Մոսկվայից եկող բազմաթիվ ուսանողներ.
•մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորը թեև անձնակազմով փոքր է, բայց անցյալ տարիների ընթացքում պատրաստել է թվով փոքր, բայց որակյալ կադրեր մաթեմատիկայի և մեխանիկայի ուղղությամբ: Այդ ուղղությամբ կատարած հետազոտություններով սեկտորը գրավել է իր տեղը գիտության մեջ: Այն ունի ժամանակակից գիտական գրադարան, ստանում է լրիվ չափով սովետական գիտական պարբերական հրատարակությունները և 50 անուն արտասահմանյան գիտական պարբերականներ: Հաշվի առնելով կոորդինացիոն խորհրդի հանձնարարությունը` ՀՍՍՌ ԳԱ նախագահությունը որոշել է Սեկտորում կազմակերպել հաշվային տեխնիկայի լաբորատորիա: Սեկտորի աշխատանքները հաճախակի զեկուցվում են Մոսկվայի Մաթեմատիկական ընկերության նիստերում, Մոսկվայի համալսարանի սեմինարներում, Գիտությունների ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտում և այլն: Սեկտորի ասպիրանտները հիմնականում ուսանում են ՍՍՌՄ ԳԱ ինստիտուտներում:
Այսպիսով, տեսնում ենք, որ անցած 10 տարիների ընթացքում Գիտությունների ակադեմիան կարողացել է ստեղծել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների գծով առայժմ գուցե նեղ ճակատով, բայց որակով ժամանակակից գիտական կոլեկտիվներ` ապահովված առաջնահերթ գիտատեխնիկական բազայով և գիտական գրադարաններով:
Անցած մոտ 30 տարիների ընթացքում և՛ պետական համալսարանը, և՛ այլ ինստիտուտներ ժամանակակից գիտական հետազոտություններին հարմար լաբորատոր բազա և գիտական գրադարան չեն կարողացել ստեղծել:
Դա է միակ պատճառը կադրերի պատրաստման վերաբերյալ վերը բերված թվերի:
Ճիշտ է, ակադեմիայի հիմնարկները կազմակերպվել են և սկսել են աշխատել համալսարանի կողմից Մոսկվայում և Լենինգրադում պատրաստված կադրերի ձեռքով, սակայն պիտի նկատի ունենալ, որ այդ կադրերը որոշ գիտական լիցք բերել էին իրենց հետ, և Գիտությունների ակադեմիայի ժամանակին կազմակերպումն է որ թույլ չտվեց նրանց լիցքաթափ լինել:
Այս դիտողությունները արվում են, որովհետև Գիտությունների ակադեմիան ամենասերտ կապերով կապված է համալսարանի հետ, ստանում է երիտասարդ կադրեր համալսարանից և այդ պատճառով շահագրգռված է նրա վիճակով:
5. Քննադատական դիտողություններ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմումքի գիտական հիմնարկների գործունեության մասին, և այդ հիմնարկների անելիքները մոտակա տարիներում
Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարան - Աստղադիտարանի դիրեկտոր Վ.Հ. Համբարձումյանի գիտական լայն կարողությունները ավելի մեծ չափով օգտագործելու համար անհրաժեշտ է նրա համար ավելի շատ հնարավորություն ստեղծել լինելու Բյուրականում:
Բյուրականի աստղադիտարանում առաջ են քաշվել առաջնակարգ գիտական պրոբլեմներ, որոնց արժեքը այժմ ճանաչվում է բոլորի կողմից: Այդ ուղղությամբ այժմ աշխատում են շատերը և՛ մեզ մոտ և՛ արտասահմանում, այդ պատճառով աստղադիտարանի կոլեկտիվի օրավուր ավելի ինտենսիվ աշխատանքի շնորհիվ է միայն, որ նա կարող է մնալ իր առաջ քաշած խնդիրների բարձրության վրա:
Թեև առաջին պահանջները բավարարելու համար աստղադիտարանի կահավորումը կարելի է բավարար համարել, սակայն գիտական տեխնիկայի հզոր վերելքը պահանջում է սիստեմատիկորեն ձեռք բերել ավելի և ավելի հզոր գործիքներ:
Դիտողական տեխնիկայի սիստեմատիկ հզորացումը աստղադիտարանի երկրորդ հիմնական խնդիրն է: Մասնավորաբար առաջիկա մեկ–երկու տարում անհրաժեշտ է օգնել աստղադիտարանին ձեռք բերելու մեկ մետրանոց դիտակ:
Ի դեպ, այդ դիտակը մասամբ պատրաստված է, սակայն նրա վերջնական ավարտումը ձգձգվում է:
Ֆիզիկայի ինստիտուտ - անցյալում եղել են խիստ դիտողություններ ֆիզիկայի ինստիտուտի հասցեին կադրերի պատրաստման վերաբերյալ, սակայն այս վերջին երկու տարիների ընթացքում նկատելի է որոշ բեկում այդ հարցում: Այդ ժամանակամիջոցում թեկնածուական դիսերտացիաներ պաշտպանեցին 4 հոգի, որոնցից էքսպերիմենտալ ֆիզիկայի գծով մեկ հոգի, երկու գիտական աշխատող պատրաստել են դոկտորական դիսերտացիաներ էքսպերիմենտալ ֆիզիկայի գծով: Ներկայացված է պաշտպանության մեկ թեկնածուական դիսերտացիա:
Մինչ այժմ ֆիզիկայի ինստիտուտը աշխատում էր մեկ պրոբլեմի լուծման վրա. դա կոսմիկական ճառագայթների ուսումնասիրման խնդիրն էր: Սակայն այժմ գոյություն ունեն հզոր սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս լաբորատոր պայմաններում ցանկացած ժամանակ և անհրաժեշտ քանակությամբ մասնիկներ ստանալու և ուսումնասիրելու: Մասնիկների ուսումնասիրության գծով ինստիտուտի կուտակած փորձը մեր առջև խնդիր է դնում ստանալ այդպիսի սարքավորումներ և ավելի լայն ծավալով զբաղվել կորիզի ֆիզիկայի հարցերով: Բացի այդ` մի շարք այլ հարցեր ևս անհրաժեշտ է զարգացնել ռեսպուբլիկայում, ինչպես օրինակ՝ օպտիկան, բարձր հաճախաիկանության ռադիոտեխնիկայի և կիսահաղորդիչների ուսումնասիրությունը: Քանի որ առայժմ Ֆիզիկայի ինստիտուտը միակ հիմնարկն է ռեսպուբլիկայում, որը կարող է պատրաստել էքսպերիմենտատոր-ֆիզիկոսներ, իսկ այդ կարգի մասնագետների կարիքը թե՛ գիտական, թե՛ ուսումնական և թե՛ արդյունաբերական կազմակերպություններում օրըստօրե աճում է, ապա էքսպերիմենտատոր-ֆիզիկոսների պատրաստման տեմպերը բավարար չի կարելի համարել:
ֆիզիկայի ինստիտուտի կապը համալսարանի հետ բավարար չէ. ինստիտուտի միայն մեկ աշխատող է համատեղության կարգով դասավանդում համալսարանում, համալսարանի մեկ աշխատող համատեղության կարգով աշխատում է ինստիտուտում: Բարձրորակ տեսաբան և էքսպերիմենտատոր- ֆիզիկոսների պակասը ստիպում է ոչ միայն հանդուրժել, այլև անհրաժեշտ համարել ինստիտուտի որոշ աշխատողների աշխատանքը համալսարանում:
Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտոր – Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորում մեխանիկայի գծով կատարվող աշխատանքները պահանջում են մեծ քանակությամբ հաշվային աշխատանք: Հաստիքային սուղ հնարավորությունների պայմաններում սեկտորի երկու-երեք աշխատող զբաղված են ծանր հաշվային աշխատանքով: Նման դրություն գոյություն ունի նաև աստղադիտարանում, Ֆիզիկայի ինստիտուտում, ակադեմիայի Ջրաէներգետիկ ինստիտուտում և այլուր:
Սեկտորում կազմակերպվելիք հաշվային լաբորատորիան կոչված է իր վրա վերցնելու այդ աշխատանքի զգալի մասը. դա հնարավորություն կստեղծի թեթևացնելու զգալի թվով գիտական աշխատողների այդ համեմատաբար ոչ որակյալ աշխատանքից: Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի գրաված տարածությունը շատ փոքր է: Վերոհիշյալ լաբորատորիայի կազմակերպման համար պետք է առաջին հերթին տրամադրել տարածություն, երբ մոտ ապագայում ակադեմիան այդպիսի հնարավորություն ունենա:
Սեկտորի գրադարանը չունի մինիմալ հարմարություններ. խախտված են անվտանգության պայմանները:

1953թ.
Արտաշես Շահինյան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՍԿԻԶԲԸ

Հայաստանում գիտության զարգացումը ՀԽՍՀ ԳԱ-ի առջև խնդիր է դնում Ակադեմիայի համակարգում գոյություն ունեցող Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի հիմքի վրա ստեղծելու Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ:
Այդպիսի ինստիտուտի ստեղծումը թելադրված է հետևյալ նկատառումներով:
Հանրապետությունում նախատեսվող հիդրոտեխնիկական և ոռոգման համակարգի կառույցների իրականացումը հրատապ է դարձնում բետոնային և երկաթբետոնային կոնստրուկցիաների հետ կապված հաշվարկային խնդիրների լուծումը, տեղական հումքի հիման վրա թեթև բետոնների ստացումը, նրանց ամրության և դեֆորմացման բնութագրերի բացահայտումը (ներկայումս Սեկտորը կատարում է ԽՍՀՄ համապատասխան նախարարության առաջադրանքը` կապված Կույբիշևյան ամբարտակի պատնեշի հաշվարկների հետ): Սրան են վերաբերում նաև բարակ պատերով կոնստրուկցիաների ամրության, կայունության և տատանումներին վերաբերող խնդիրները` ուղղված շինարարական այնպիսի կառույցների օպտիմալ նախագծմանը, ինչպիսիք են թաղանթները, շինարարական պլիտաները, բարակ պատերով կառույցները, ինչպես նաև այդ տարրերի հիման վրա նոր կառուցվածքային ձևերի մշակումը:
Ինստիտուտը պետք է էական օգնություն ցույց տա հանրապետության այլ գիտահետազոտական ինստիտուտներին (ԳԱ էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ, ԳԱ էլեկտրամեքենաշինական լաբորատորիա, ԳԱ շինանյութերի և շինարարության ինստիտուտ, ՀԽՍՀ ջրային տնտեսության նախարարության հիդրոմելիորացիայի ինստիտուտ և այլն) նրանց առջև դրված պրոբլեմների հետ առնչվող տեսական խնդիրների լուծման հարցում:
Թվարկված բոլոր ինստիտուտները և կազմակերպությունները մեծ պահանջարկ ունեն մի ամբողջ շարք բարդ հաշվողական աշխատանքների, որոնք կարող են իրականացվել միայն ժամանակակից մեքենաների օգնությամբ: Այդ կազմակերպությունները հաճախ են դիմում Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորին նման խնդրանքով:
Բացի այդ` սեկտորին է դիմել նաև ԽՍՀՄ ԳԱ ճշգրիտ մեխանիկայի և հաշվողական տեխնիկայի ինստիտուտը` առաջարկելով մասնակցել այժմ Մյիութենական մասշտաբներով իրականացվող՝ սովորական և հատուկ (հատուկ կազմակերպությունների պատվերներով) նշանակության մաթեմատիկական աղյուսակների պատրաստման աշխատանքներին: Այս բոլորը հրատապ է դարձնում ինստիտուտի կազմում հաշվողական բաժին ստեղծելու խնդիրը, որը պետք է հագեցած լինի ժամանակակից մաթեմատիկական մեքենաներով:
Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն մեծ փորձը, որ սեկտորը ձեռք է բերել տեսական մաթեմատիկայի և մեխանիկայի բնագավառում, և տեսական հետազոտությունները շարունակելու նպատակահարմարությունը (սեկտորի կողմից հրատարակվել են մեծ թվով գիտական հոդվածներ և երկու մենագրություն, որոնցից մեկը 1951 թ. արժանացել է Ստալինյան մրցանակի):
Թվարկածի հետ մեկտեղ անհրաժեշտ է նշել նաև հանրապետության բուհերի մաթեկատիկայի և մեխանիկայի ամբիոններում կատարվող գիտահետազոտական աշխատանքների համախմբման, համակարգման և ղեկավարման հետ կապված հարցերը և բուհերը բարձր որակավորման դասախոսական կադրերով ապահովելու խնդիրը:

20.10.1952 թ.
ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի վարիչ, Ակադեմիայի իսկական անդամ Ա.Լ. Շահինյան


ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ

Անցած երեք տասնամյակների ընթացքում հիմնադրվել են մեր բարձրագույն դպրոցները, ժողովրդի ջանքերով պայմաններ են ստեղծվել իր զավակների կատարելագործման համար: Ռուսական խոշորագույն գիտական կենտրոններում են կատարելագործվել մեր գիտնականների մեծագույն մասը, նրանց թվում և Մերգելյանը:
Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի վերջում ասում է «…ինչպես ամրապնդեմ իմ միտքս ու լեզուս, և այս խոսքով հատուցանեմ իմ հայրերին ծննդի և սննդի փոխարեն որովհետև նոքա ծնեցին ինձ իրենց ուսմամբ և սնուցին, և ուրիշների մոտ ուղարկեցին կատարելագործվելու…»:
Գիտնականների մեր սերունդները շատ ու շատ ավելի են ստացել իրենց ժողովրդից, քան Խորենացին, և այդ պարտքի զգացումը նրանց մոտ ավելի ուժեղ պետք է լինի:

1953 թ.
Ա. Շահինյան


КРАТКИЙ ОБЗОР НАУЧНОЙ ДЕЯТЕЛЬНОСТИ А.Л.ШАГИНЯНА