Cover Image
փակիր այս գիրքըՍաղյան Աշոտ Սերոբի (1957)
Դիտել փաստաթուղթըԱ. Ս. ՍԱՂՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱ. Ս. ՍԱՂՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Սերոբի Սաղյանը ծնվել է 1957 թ. ապրիլի 7-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1973 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ, 1978 թ. գերազանցությամբ ավարտել և ստացել քիմիկոսի որակավորում: 1978-1980 թթ. աշխատել է ԽՍՀՄ Մանրէաբանական և բժշկական արդյունաբերության նախարարության Գենետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղում որպես ավագ լաբորանտ: 1980 թ. ընդունվել է Գենետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի նպատակային ասպիրանտուրա: 1981 թ. տեղափոխվել է ԽՍՀՄ ԳԱ Ա. Նեսմեյանովի անվան Էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի նպատակային ասպիրանտուրա, որտեղ աշխատել է կիսամիմետիկ սինթեզի առաջատար լաբորատորիաներից մեկում: 1984 թ. ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ( նախկինում՝ ԽՍՀՄ Մանրէաբանական և բժշկական արդյունաբերության նախարարության Ամինաթթուների տեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ, իսկ այնուհետև՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ) աշխատանքի է անցել որպես կրտսեր գիտաշխատող, ապա փոխադրվել է ավագ գիտաշխատողի պաշտոնի:

1985 թ. ԽՍՀՄ ԳԱ Ա. Նեսմեյանովի անվան Էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտում, հանրահայտ գիտնական, պրոֆեսոր Յու. Բելոկոնի ղեկավարությամբ, Ա. Սաղյանը զբաղվել է պերիդօքսալային կատալիզի օրինաչափությունների հետազոտման և ամինաթթուների ասիմետրիկ բիոմիմետրիկ սինթեզի հիմմնահարցերով և պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Co(III) և Ni(II) իոնների հետ դեհիդրոամինաթթուների Շիֆի հիմքերի առաջացրած կոմպլեքսների սինթեզը և հետազոտումը»թեմայով, ստանալով քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Վերադառնալով մայր ինստիտուտ, Ա. Սաղյանը կազմավորել է ոչ սպիտակուցային ամինաթթուների սինթեզի լաբորատորիա և ձեռնամուխ եղել Հայաստանի համար միանգամայն նոր՝ ասիմետրիկ բիոմիմետրիկ սինթեզի ուղղության զարգացմանը: Գիտական գործունեության ընթացքում իրականացրած նորարարական մի շարք աշխատանքների շնորհիվ Ա. Սաղյանի ղեկավարած գիտական խումբը ձեռք է բերել միջազգային ճանաչում: Այդ մասին են վկայում բազմաթիվ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը, հեղինակավոր գիտական հանդեսներում տպագրված հոդվածները և շահած միջազգային դրամաշնորհները:

1986 թ.-ին Ա. Սաղյանը Ամինաթթուների տեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում զբաղեցրել է սեկտորի վարիչի, այնուհետև՝ «Ասիմետրիկ բիոմիմետրիկ սինթեզի լաբորատորիայի» վարիչի, իսկ 1988-1998 թթ.-ին՝ «Ամինաթթուների անալոգների և ածանցյալների լաբորատորիայի» վարիչի պաշտոնները:

1996-1998 թթ. Ա. Սաղյանը համատեղությամբ աշխատել է ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնում որպես դոցենտ և ղեկավարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի միջամբիոնային կենսատեխնոլոգիական լաբորատորիան: Կարդացել է կենսաանօրգանական քիմիա, բնական միացությունների քիմիա, կենսատեխնոլոգիա, դեղերի արտադրական տեխնոլոգիա,կենսաօրգանական քիմիա և բժշկական կենսատեխնոլոգիա առարկաների դասընթացներ: 1996 թ. շահել է INTAS դրամաշնորհ, նույն թվականին գործուղվել է ՉԺՀ Խենանի մարզ ք. Չեն Զժոու` 6 ամիս ժամկետով:

1997 թ. ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտում Ա. Սաղյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսական թեզ «Ոչ սպիտակուցային (R)- և (S)-α-ամինաթթուների ասիմետրիկ սինթեզը Co(III) և Ni(II) իոնների հետ դեհիդրոամինաթթուների առաջացրած քիրալային կոմպլեքսների միջոցով» թեմայով և ստացել քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան «Կենսաօրգանական քիմիա» մասնագիտությամբ:

1997 - 2008 թթ. շահել է INCO-COPERNICUS դրամաշնորհ:

1998 թ. աշխատել է ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնում որպես պրոֆեսոր, նույն տարում գործուղվել ՉԺՀ Սինցզյանի մարզ, ք. Ուրումչի` 45 օր ժամկետով:

Ա. Սաղյանը մասնակցել և գիտական զեկուցումներով բազմիցս հանդես է եկել միջազգային, համամիութենական և հանրապետական գիտաժողովներում, մասնավորապես, 1998-2003 թթ.՝ Ուրումչիում, Շանհայում, Նանչինում և Գուանջոյում (ՉԺՀ), 1999 թ.՝ Օքսֆորդում (Անգլիա), 2000 թ.՝ Վերսալում (Ֆրանսիա), 2001 թ.՝ Վաշինգտոնում (ԱՄՆ), 2002-2010 թթ. Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում (ՌԴ), 2003 թ.՝ Ռոստոկում և Հանաույում (Գերմանիա) և այլն: Մասնակցելով կենսատեխնոլոգիայի և կենսաօրգանական քիմիայի բնագավառներում միջազգային հիմնադրամների մրցույթներին, նա շահել և ղեկավարել է մի շարք դրամաշնորհներ՝ INTAS, INCO-Copernicus, CRDF, ISTC (6 դրամաշնորհ):

Ա. Սաղյանի ղեկավարությամբ կատարված գիտական հետազոտությունների արդյունքները պաբերաբար տպագրվել են այնպիսի հանրաճանաչ միջազգային ամսագրերում, ինչպիսիք են՝ Tetrahedron, Tetrahedron: asymmetry, Journal Chem. Soc., Perkin Trans I, Journal Chem. Soc., Perkin Trans II, Journal Amer. Chem. Soc., Synthetic Comun., Journal of Bioorganic Chemistry, Amino acids, Catalysis, Journal of Microbiology, Journal of Biotechnology, Russian Chem. Bull. և այլն, ինչը վկայում է նրա գիտական աշխատանքների բարձր մակարդակի մասին: Ա. Սաղյանը հեղինակ է ավելի քան 350 գիտական աշխատանքների: Ա. Սաղյանի գրչին են պատկանում «Энантиомерно чистые небелковые аминокислоты. Пути их получения» (НАУКА,РАН, 2010 թ.) և «Asymmetric synthesis of Non-proteinogenic amino acids» (WELEY, Germany, 2016 թ.) մենագրությունները, ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված «Ամինաթթուների, պեպտիդների և սպիտակուցների քիմիա» (2010 թ.)և «Կենսատեխնոլոգիա» (2014 թ.)բուհական դասագրքերը։

Շահել է CRDF Travel (1999 թ.) և ISTC #A-356 (2000-2003 թթ.)դրամաշնորհները:

2000 թ. Ա. Սաղյանը նշանակվել է «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ տնօրեն: Նրա տքնաջան և եռանդուն աշխատանքի շնորհիվ ինստիտուտը կարողացել է կարճ ժամանակահատվածում դուրս գալ ճգնաժամային վիճակից: 2002 թ. Ա. Սաղյանի ղեկավարությամբ ստեղծվել է Չին-հայկական բիոինժեներական գիտահետազոտական և փորձարարական կենտրոն, համագործակցության պայմանագիր է կնքվել գերմանական «DEGUSSA/REXIM» հանրահայտ ընկերության հետ, ամրապնդվել են հարաբերությունները հանրապետության բուհական համակարգի հետ, ինստիտուտը ներգրավվել է ՀՀ բազային ֆինանսավորման համակարգում, գիտաշխատողները շահել են մի շարք դրամաշնորհային ծրագրեր և այլն: Ա. Սաղյանի տնօրինության տարիներին ինստիտուտը համալրվել է երիտասարդ կադրերով և դարձել հանրապետության ամենաերիտասարդ գիտական կազմակերպություններից մեկը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 19 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսական թեզեր՝ «Կենսատեխնոլոգիա», «Կենսաօրգանական քիմիա» և«Դեղագիտություն» մասնագիտություններով: 2001 թ.–ին Ա. Սաղյանը արժանացել է Եվրոմիության Դեկարտի անվան մրցանակի՝ ասիմետրիկ սինթեզի բնագավառում արձանագրած արդյունքների համար, 2002 թ.–ին ՉԺՀ կառավարական «Բարեկամություն» շքանշանի՝ Չինաստանում կենսատեխնոլոգիական և քիմիական գիտությունների զարգացումը խթանելու համար:

2002-2005 թթ.–ին Ա. Սաղյանը շահել է ISTC #A-683 դրամաշնորհ:

2003 թ.–ին Ա. Սաղյանը ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնում աշխատանքի է անցել որպես ամբիոնի վարիչ, եղել է Կենսատեխնոլոգիայի ԳՀ ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, ԵՊՀ գիտական խորհրդի և ԵՊՀ կառավարման խորհրդի անդամ, 018 մասնագիտական խորհրդի նախագահ, 010 մասնագիտական խորհրդի անդամ, Եվրոպական «Սննդի գիտություն և տեխնոլոգիա» ֆեդերացիայի դեսպան ՀՀ-ում, ՀՀ «Կենսատեխնոլոգների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահը:

2004 - 2007 թթ.–ին շահել է ISTC #2780 դրամաշնորհ:

2004 թ.–ին Ա. Սաղյանը արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի՝ բնական գիտությունների բնագավառում կատարած գիտական աշխատանքի համար: Կենսատեխնոլոգիայի բնագավառում կատարած մեծածավալ գիտական, մանկավարժական, կազմակերպչական աշխատանքների և ձեռք բերած նվաճումների համար 2006 թ. Ա. Սաղյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 2006 - 2009 թթ.–ին շահել է ISTC #A-1247 դրամաշնորհ:

2007թ.–ին ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ նա նշանակվել է «Հայաստանի քիմիական հանդես» ամսագրի գլխավոր խմբագիր: 2007-2008 թթ.–ին շահել է ISTC #CI-073 դրամաշնորհ:

2009 թ. Ա. Սաղյանը արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի՝ ԵՊՀ հիմնադրման 90-ամյակի առթիվ և կրթության ու գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար:

2009 թ.-ից հանդիսացել է ՀՀ ԳԱԱ-ի կողմից Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) կոորդինացիոն խորհրդի և աշխատանքային խմբի անդամ: Նա վարել է Կենսատեխնոլոգիական հայկական ասոցիացիայի նախագահի պաշտոնը, եղել է Արցախի գիտական կենտրոնի հետ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների համագործակցության կոորդինատոր: 2009 - 2012 թթ.-ին շահել է ISTC #A-1677 դրամաշնորհ:

ՀՀ ԳԱԱ նախագահության 2010 թ.-ի սեպտեմբերի 8-ի որոշմամբ Ա. Սաղյանը նշանակվել է նորաստեղծ ՀՀ ԳԱԱ «ՀԱՅԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» գիտաարտադրական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ապա ընտրվել է տնօրեն: Նրա ղեկավարությամբ կենտրոնում մշակվել է ոչ սպիտակուցային ամինաթթուների փոքրածավալ արտադրական ունիվերսալ տեխնոլոգիա, որըհաջողությամբ կիրառվում է մի շարք զարգացած երկրներում՝ ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա և այլն: Նրա կողմից մշակված եղանակներով սինթեզվել են գրականության մեջ չնկարագրված ավելի քան 100 նոր ոչ սպիտակուցային ամինաթթուներ, այդ թվում, նաև, նոր սերնդի օպտիկապես ակտիվ հետերոցիկլիկ α-ամինաթթուներ: