Cover Image
aizvērt šo grāmatuՀովհաննիսյան Աբգար Ռուբենի (1908-1991)
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աբգար Ռուբենի Հովհաննիսյանը ծնվել է 1908 թ. մայիսի 30-ին Թբիլիսիում, տոհմիկ մտավորականի ընտանիքում: Տեղում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1924 թ. ընտանիքով փոխափոխվում են Հայաստան, որտեղ ընդունվում և մեծ հաջողությամբ ավարտում է Երևանի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: Իր ունակություններով աչքի ընկած քսանամյա երիտասարդը ասպիրանտական ուսուցման համար գործուղվում է Մոսկվա, ուր ակադեմիկոս Վ.Պ. Վոլգինի ղեկավարությամբ մասնագիտանում է համաշխարհային պատմության մեջ: Նա հենց այդ մասնագիտության զարգացմանը նվիրված թեմաներով է պաշտպանում թեկնածուական (1935 թ.) և դոկտորական (1938 թ.) ատենախոսություններ: Ա. Հովհաննիսյանը կարողացավ հմտորեն զուգակցել գիտական, գիտակազմակերպական և մանկավարժական գործունեությունը` դրանցից ամեն մեկում օրինակելի հետք թողնելով: Նա որպես տնօրեն գլխավորեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատանքները (1947-1953 թթ.), ավելի քան տաս տարի վարեց Ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի (1949-1960 թթ.) և շուրջ քառորդ դար` փոխնախագահի պաշտոնները: Օրինակելի էին նաև փաստերով հագեցված, կուռ տրամաբանությամբ կառուցված նրա դասախոսությունները: Հատկապես Նապոլեոնի ժամանակաշրջանին վերաբերող նրա դասախոսություններին թույլտվություն էին խնդրում և ներկա լինում այդ դասընթացն արդեն անցած բարձր կուրսերի ուսանողներ, անգամ մտավորականության ներկայացուցիչներ: Ա.Ռ. Հովհաննիսյանի գիտական առաջին աշխատությունը նվիրված էր ֆրանսիական սոցիալ-ուտոպիստ Ռետիֆ դե լա Բրետոնի ուսմունքին, նրա գաղափարախոսությանը:
Հաջորդ ուսումնասիրությունում` «Ֆուրյեի հասարակական իդեալների գենեզիսը» աշխատությունում, նոր նյութերի հիման վրա ընդլայնեց ու խորացրեց եղած պատկերացումները այդ խոշոր մտածողի մասին: Գիտական հիմնավորված տեսակետ առաջադրելով` նա ճշգրտեց Ֆուրյեի տեղն ու դերը հասարակական մտքի զարգացման մեջ:
Ճանաչված մասնագետի անուն վաստակած Ա. Հովհաննիսյանը 1940-ական թվականներին համաշխարհային պատմությանը զուգահեռ անցնում է հայագիտության ոլորտը: Ուսումնասիրության նոր ուղղություն է ընտրում, բայց անփոփոխ է թողնում 18-րդ դարի վերջերի և 19-րդ դարի առաջին կեսի իր ընտրած պատմական ժամանակաշրջանը: Նա երեք մենագրություն է նվիրում («Հովսեփ Էմին»-1945, «Ռուսաստանը և հայ ազատագրական շարժումները 18-րդ դարի 80-ական թվականներին»-1947), իսկ երրորդը նվիրված էր Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու հիմնախնդրին և հայ ազատագրական շարժումներին: Հեղինակը հիմնավոր կերպով վերլուծում է Ռուսաստանի արևելյան քաղաքականության և Անդրկովկասը կայսրությանը միացնելու միջազգայի հարաբերությունները: Նա անդրադառնում է մասնավորապես երկրամասի ժողովուրդների պատմության հիմնահարցերին, Ռուսաստանի վարած քաղաքականությանը, հայ հասարակական մտքի պատմությանը և քիչ հետազոտված բազմաթիվ այլ խնդիրների: Նրա աշխատություններն ուղեցույց դարձան հետագա ուսումնասիրողների համար: Պատմագիտական այդ ստեղծագործություններն այսօր էլ պահպանում են իրենց գիտական արժեքը:
Մեծանուն պատմաբանը հայագիտությանը զուգահեռ շարունակում էր զբաղվել նաև արևմտաեվրոպական հասարակական մտքի պատմության ուսումնասիրությամբ: 1966 թ. «Наука» հրատարակչությունը հրապարակ հանեց նրա ծանրակշիռ հետազոտությունը` «Կոմունիստական գաղափարները ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին», որն արժանացավ երկրի և արտասահմանի գիտնականների ամենաբարձր գնահատականին: Աշխատությունը ստացավ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Վոլգինի անվան մրցանակ: Անվանի մասնագետները (Բ. Պորշնև, Գ. Կուչերենկո, Վ. Մարկով) Մոսկվայի գիտական ամսագրերում տպագրած գրախոսականներում նշեցին գերազանցապես նոր նյութերի հիման վրա, գիտական բարձր մակարդակով ստեղծված աշխատության անուրանալի արժանիքները` համարելով այն «անգնահատելի ուսումնասիրություն», « ապշեցուցիչ նվաՃում»:
Լայն ճանաչման արժանացած պատմաբանը իր հետազոտությունների ոլորտի մեջ ներառավ նաև հետագա պատմափուլը` 19-րդ դարի առաջին կեսը: Այդ շրջանի հիմնահարցերի ուսումնասիրություններն ընդհանրացրեց նույնպես նորահայտ արխիվային նյութերի և բազմալեզու գրականության հիմքի վրա ստեղծած և 1980-ական թվականներին հրատարակած երկու մենագրություններում: Դրանցում քննարկվում են ֆրանսիական մեծ հեղափոխությանը հաջորդող շրջանում կատարված գաղափարական էվոլյուցիան, հասարակական մտքի զարգացման բազմաբնույթ հարցերը: Մասնագիտական բարձր որակը, պահանջկոտությունն իր և շրջապատի նկատմամբ, անհաշտ վերաբերմունքն ամեն տեսակ սիրողական (դիլետանտական) աշխատանքների հանդեպ հատուկ ու բնորոշ էին Ա.Ռ. Հովհաննիսյանի անհատականությանը: Այդ մոտեցմամբ ավելի քան 30 տարի գլխավորելով ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները` նա մեծ ավանդ ներդրեց հայագիտության զարգացման գործում: Բազմաթիվ լեզուների իմացությունը, պատմագիտական լայն ու խոր պատրաստությունը, վերլուծելու և ընդհանրացնելու հզոր կարողությունը, կուռ տրամաբանությունը Ա.Ռ. Հովհաննիսյանին հնարավորություն տվեցին և հայագիտության և համաշխարհային պատմության ասպարեզներում ստեղծելու մեծարժեք գործեր: Տաղանդավոր գիտնականը մնայուն հետք թողեց պատմագիտության մեջ: