Cover Image
փակիր այս գիրքըՖանարջյան Վիկտոր Բարդուղիմեոսի (1929-2003)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Բ. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Բ. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վ.Բ. Ֆանարջյանը խոշոր ֆիզիոլոգներից մեկն է, որն աշխատում է կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառում: Նա կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի ուսումնասիրության ճանաչված մասնագետ է: Նյարդային գործունեության ինտեգրատիվ մեխանիզմներին վերաբերվող նրա աշխատանքները հնարավորություն տվեցին էապես լրացնել, իսկ մի շարք դեպքերում նաև վերանայել ուղեղիկի և ուղեղաբնի նեյրոֆիզիոլոգիայի բնագավառում գոյություն ունեցող պատկերացումները: Հեղինակի կողմից ձևակերպվել է պատկերացումների կանգուն համակարգ նյարդային գործընթացների աստիճանակարգի վերաբերյալ, որն ապահովում է շարժումների կարգավորումը, շարժողական ռեֆլեքսների մասնագիտացման առանձնահատկությունների օրինակով ուսումնասիրվել են շարժողական վարքի բարդ ձևերը, բացահայտվել է ուղեղիկի սկզբունքորեն նոր վերընթաց ազդեցության ուղի, որն ընդգրկում է ոչ հատուկ տեսաթումբ - կեղև ուրվագծային համակարգը, կարևոր ավանդ է ներդրել ուղեղիկի, կարմիր կորիզի ինտեգրատիվ գործունեության, անդաստակային կորիզների, դիմանյարդի կորիզի, կամրջի սեփական կորիզների նեյրոնային և սինապսային կազմակաերպության ուսումնասիրության հարցերում, վարընթաց շարժիճ ազդեցությունների փոխարկման օրինակով բացահայտվել են նյարդային համակարգի պլաստիկ հատկությունների մի շարք մեխանիզմներ: Խորհրդային Միությունում, ընդհուպ մինչև նրա փլուզումը, Հայաստանի ԳԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը “Ուղեղիկի և ուղեղաբնի կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմակերպության” բաժնի մշակման հարցերով եղել է առաջատար հաստատությունը, իսկ Վ. Բ. Ֆանարջյանը` նախաձեռնողն ու կազմակերպիչը պարբերաբար հրավիրվող “Ուղեղիկի կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմակերպության” գիտաժողովների, որոնցում ակտիվորեն մասնակցել են արտասահմանյան գիտնականները: ԽՍՀՄ ԳԱ կարևոր հիմնարար հարցերի` “Ուղեղ” ծրագրի “Ուղեղաբնի և ուղեղիկի ինտեգրատիվ մեխանիզմներ” բաժնի ղեկավարը երկար տարիներ, մինչև Խորհրդային Միության փլուզումը, եղել է Վ. Բ. Ֆանարջյանը: Երկար տարիներ նա ղեկավարել է “Ինտերմոզգ” պրոբլեմային հաձնաժողովի փորձագետների խումբը “Ողնուղեղի, ուղեղաբնի և ուղեղիկի ֆիզիոլոգիա” թեմայով, եղել է սոցիալիստական երկրների գիտությունների ակադեմիաների բազմակողմանի համագործակցության պրոբլեմային հաձնաժողովի անդամ, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի համալիր հարցերի ԳԱ Գիտական խորհրդի անդամ նյարդային համակարգի ընդհանուր ֆիզիոլոգիայի հարցերով, էլեկտրաֆիզիոլոգիական գիտաժողովների մշտական կազմբյուրոյի անդամ և այլն:
Վ.Բ. Ֆանարջյանը ծնվել է 1929թ. մարտի 30-ին Թբիլիսիում, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, Հայաստանում ռենտգենոլոգիայի և ռենտգենոլոգիական դպրոցի հիմնադիր Բարդուղիմեոս Արտեմի Ֆանարջյանի ընտանիքում: Դեռ պատանի հասակում ի հայտ է բերել գիտության նկատմամբ հետքրքրություն և, լինելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի ուսանող (1946-1951 թթ.), գիտական աշխատանք է կատարել ֆիզիոլոգիայի բնագավառում: Լրջորեն հրապուրվելով ֆիզիոլոգիայով, նա ասպիրանտական դասընթաց է անցնում Սանկտ Պետերբուրգում, ԽՍՀՄ ԲԳԱ փորձարարական բժշկության ինստիտուտի համեմատական ֆիզիոլոգիայի բաժնում` ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Դ.Ի. Բիրյուկովի ղեկավարությամբ և այնտեղ անմիջական գիտական շփում է ունենում ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Ա.Ի. Քարամյանի հետ: Այդ տարիներին նրան վիճակվել է հանդիպել և հաղորդակցվել Լ.Օ. Օրբելու, Ս.Վ. Անիչկովի, Պ.Ս. Կապալովի և շատ ուրիշ հայտնի մասնագետների հետ: Իր երկու թեզերն էլ՝ թեկնածուական և դոկտորական, Վ.Բ. Ֆանարջյանը պաշտպանել է Սանկտ-Պետերբուրգում: 1956թ., թեկնածուական թեզի պաշտպանությունից հետո, նա վերադառնում է Երևան, և այդ պահից սկսած մինչև իր վախճանը աշխատում է Հայաստանի ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտում: :
1962թ սկսած մինչև իր վախճանը Վ.Բ. Ֆանարջյանը գլխավորում է կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի լաբորատորիան և այդ ժամանակից դրսևորվում է նրա բազմակողմանի, գաղափարներով հագեցած գիտական միտքը: Հատկապես փայլուն կերպով ի հայտ եկավ ստեղծագործող գիտնականի, գիտնական կազմակերպչական նրա տաղանդը`ընդունակ ընդգծելու գիտական որոնման ամենաարդիական ուղղություները, գիտնական դաստիարակի, որ դրսևորում է պահանջկոտություն ու սկզբունքայնություն գիտական փաստերի նկատմամբ և 35 բարձր որակավորման մասնագետների պատրաստումը: Զբաղվելով գիտությամբ, չդադարեցնելով հետազոտական և փորձարարական գործունեությունը և համակցելով այն ակտիվ գիտական ղեկավարի գործունեության հետ, Վ.Բ. Ֆանարջյանը միաժամանակ մեծ աշխատանք է կատարում գիտության կազմակերպման ուղղությամբ: 1974-1978թթ. և 1983թ. մինչև իր վախճանը նա Հայաստանի ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենն է, իսկ 1978-1990թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ: Կատարելով ինստիտուտի տնօրենի, Հայաստանի ֆիզիոլոգիական ընկերության նախագահի, ուղեղի հետազոտությունների միջազգային կազմակերպության Հայաստանի միավորման նախագահի պարտականությոնները, նա շարունակում է անմնացորդ նվիրումը գիտնականի իր կոչմանը:
Վ.Բ. Ֆանարջյանը 400-ից ավելի գիտական աշխատանքների հեղնակ է, որոնց թվում` 4 մենագրություն և 2 դասագիրք, ինչպես նաև բաժիններ` 3 ֆիզիոլոգիական ձեռնարկներում, անդամ է մի շարք մասնագիտական գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների և խմբագրական խորհուրդների:
Ինչպիսի բնագավառում էլ ծավալում է իր գործնեությունը Վ.Բ. Ֆանարջյանը, առանձնանում է գաղափարապես հարուստ գիտնականի անզուգական տաղանդով, փորձարարի փայլուն վարպետությամբ, աննկուն եռանդով, գիտության բարձր գաղափարներին նվիրվածությամբ:
Վ.Բ. Ֆանարջյանի գիտական արտադրանքը առանձնանում է դրված խնդիրների խորությամբ, հետազոտական մտքի զարգացման տրամաբանական հետևողականությամբ և փաստական նյութի ու հետևությունների գնահատման բացառիկ ճշգրտությամբ:
Վ.Բ. Ֆանարջյանի շատ աշխատանքներ նվիրված են վարքի հետազոտության բարդ հարցին և նրա տարատեսկաներից մեկին` շարժողական ակտի ձևավորմանը, շարժման կենտրոնական մեխանիզմներին ինչպես պայմանառեֆլեքսային տեսակետից, այնպես էլ ուղեղի տարբեր մակարդակներում շարժիչ կենտրոնների նեյրոնային և սինապսային կազմակերպության հարցերին:
1951- 1960թթ. ընկած ժամանակահատվածում Վ.Բ. Ֆանարջյանը զբաղվում է ձեռք բերովի շարժիչ ակտի և տոհմաբանական տեսանկյունով պայմանական շարժիչ ռեֆլեքսների ձևավորման հարցերով։ Հետքային պայմանական ռեֆլեքսների համեմատական ֆիզիոլոգիայի օրինակով նա ուսումնասիրել է նյարդային հետքերի ամրացման էվոլյուցիան: Հետազոտվել են շարժիչ վարքի բարդ ձևերը` շարժիչ պայմանական ռեֆլեքսների էֆեկտոր ընդհանրացման և մասնագիտացման առանձնահատկությունների օրինակով: Առաջադրվել է ենթադրություն պայմանական կապերի երկու առանձին համակարգերի առկայության վերաբերյալ: Ցույց է տրվել, որ ընդհանուր շարժիչ պայմանական ռեֆլեքսի անցումը մասնագիտականի պայմանավորված է արգելակման գործընթացի մշակմամբ, որը հանդես է գալիս որպես մասնագիտացման հիմնական մեխանիզմ: Բազմակողմանիորեն ուսումնասիրվել է ուղեղիկի դերը պայմանառեֆլեքսային գործունեության մեջ իր իսկ կողմից մշակված նորահայտ մեթոդի օգնությամբ, որը հնարավորություն է տալիս նրբորեն և ճշգրիտ վերարտադրել շարժողական ռեակցիայի ողջ ընթացքը: Ցույց է տրված, որ ձեռք բերովի շարժողական գործունեության առանձին բաղադրիչները տարբեր կերպ են ենթարկվում ուղեղիկի ազդեցությանը:
Կատարված հետազոտություններից ելնելով Վ.Բ. Ֆանարջյանը եզրակացրել է, որ շարժման կազմակերպման և հսկողության ուղեղիկային մեխանիզմները նշանակալի չափով հիմնված են ուսուցման գործընթացի վրա:
Նեյրոֆիզիոլոգիական համապատասխան ցուցանիշների վերլուծությունը էլեկտրաֆիզիոլոգիական և վարքաբանական գիտափորձերում ուղեղիկի գրգռման պայմանական ռեֆլեքսներ մշակելիս ցույց է տվել, որ պայմանառեֆլեքսային գործունեության ժամանակ տեղի է ունենում ուղեղիկ-ուղեղի կեղև իմպուլսիացիայի օրինաչափ փոփոխություն:
Վ.Բ. Ֆանարջյանն արժեքավոր ավանդ է ներմուծել ուղեղիկ-ուղեղ կեղև փոխազդեցության մեխանիզմների և ուղիների ուսումնասիրության մեջ: Պատկանելով այն գիտնականների թվին, որոնց բարձրագույն աստիճանի բնորոշ է նորի, առաջադիմականի զգացողությունը, նա կատարել է հիմնարար նշանակություն ունեցող աշխատանքներ: Ուղեղիկի վերընթաց ազդեցությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բացի հայտնի ուղիների` պոնտոմեդուլյար ցանցաձև գոյացության և տեսաթմբի հատուկ կորիզ երկու ուղիներից, գոյություն ունի նոր ուղեղիկախույս ուղի, որն ընդգրկում է ոչ հատուկ տեսաթմբակեղևային համակարգը: Մի շարք աշխատանքներում Վ.Բ. Ֆանարջյանը մանրամասն ուսումնասիրել է ուղեղիկի նեյրոնների ազդեցությունը ուղեղի կեղևի զգայաշարժ և զուգորդող շրջանների նեյրոնների ակտիվության վրա: Դասակարգվել է բրգաձև, կեղև-կարմիր կորիզ, կեղև-ցանցանման գոյացություն, զուգորդող և այլ տիպի նեյրոնների ռեակցիան ուղեղիկային իմպուլսացիայի ազդեցությամբ: Ցույց է տրված ուղեղիկի ազդեցության փոխակերպվող դերը կեղևային և ներտեսաթմբային ինտեգրատիվ մեխանիզմներում: Մանրամասն ուսումնասիրվել են ուղեղիկի կապերի առանձնահատկությունները տեսողական կեղևի, հիպոկամպի, պոչավոր կորիզի հետ և պարզաբանվել է ուղեղիկի դերը վերոհիշյալ գոյացությունների ինտեգրատիվ գործունեության մեխանիզմներում: Աշխատանքների այդ շարքը համընդհանուր ճանաչման է արժանացել մասնագետների շրջանում և խթան է ուղեղիկի վերընթաց ազդեցություների ֆիզիոլոգիայի հետագա ուսումնասիրությանը:
Վ.Բ. Ֆանարջյանը վիթխարի աշխատանք է կատարել ուսումնասիրության ներբջջային մեթոդի ներդրման գործում, շատ ջանք ու եռանդ տրամադրելով և օգտագործելով փորձարարի իր վիթխարի տաղանդը: Նա պատրաստել է բարձր որակավորում ունեցող մասնագետների մի մեծ համաստեղություն: Տարբերակված նեյրոնների վրա կատարված հետազոտությունները նրան հնարավորություն տվեցին խորանալու նյարդային համակարգի գործունեության ինտիմ մեխանիզմներում: Մեծ բաժին են ներկայացնում Վ.Բ. Ֆանարջյանի աշխատանքները ուղեղիկի աֆերենտ համակարգերի, կեղևակորիզային կապերի սեփական ինտեգրատիվ մեխանիզմների ուսումնասիրության ուղղությամբ: Ի հակակշիռ գրականության մեջ արմատացած պատկերացմանը ուղեղիկի կեղևի տարածական կազմակերպման վերաբերյալ, բացահայտվել է ուղեղիկում ֆունկցիաների տեղադրության մեծ պլաստիկություն և դինամիկա: Կատարվել է ուղեղիկի կենտրոնական կորիզների սինապսային կազմակերպության վերլուծություն, տրվել է ներուղեղիկային կորիզների նեյրոնային տարրերի դասակարգումը և կապերի առանձնահատկություններն արտաուղեղիկային գոյացությունների հետ: Այդ հետազոտություններն հնարավորություն են տվել դիտարկել ենթակեղևային կորիզները որպես գոյացություններ, օժտված սեփական ինտեգրատիվ մեխանիզմներով և նշանակալիորեն ավելի բարդ ֆունկցիոնալ կառուցվածքով, քան այն ներկայացվում էր նախկինում:
Ընդարձակ բաժին են կազմում Վ.Բ Ֆանարջյանի հետազոտությունները նվիրված ուղեղիկի վարընթաց ազդեցությունների նեյրոնային և սինապսային մեխանիզմներին ուղեղաբնի շարժիչ կորիզների նկատմամբ: Ստացված փաստերն համեմատելի են այն արդյունքների հետ, որոնք ստացվում են ուղեղի կեղևի, ենթակեղևային գոյացությունների ազդեցությամբ և թույլ են տալիս բացահայտել վարընթաց համակարգերի նեյրոնային կազմակերպությունը և ուղեղիկ կենտրոնական բաժինների լրատվության հաղորդման մի շարք սկզբունքները: Մանրամասն ուսումնասիրվել են կամրջի ծածկի ցանցաձև կորիզի, կամրջի սեփական կորիզների գործունեության նեյրոնային և սինապսային մեխանիզմները: Հայտնաբերվել է, որ կամրջի ինչպես ցանցաձև, այնպես էլ սեփական կորիզի նեյրոնները ապահովում են ուղեղի կեղև-ուղեղիկ փոխհարաբերությունների երկուստեք միջնորդավորումը և ընդունակ են հաղորդել իմպուլսացիան ուղեղիկի կենտրոնական կորիզներից դեպի ուղեղի կեղև: Շնորհիվ նախաուղեղիկային կամրջային գոյացությունների ուղեղիկ է հասցվում ուղեղի կեղև-ողնուղեղ ազդակայնության պատճենը և ապահովում է շարժման ուղեղիկային ճշտգրտումը բուն իսկ շարժման պահին: Աշխատանքների մի ամբողջ շարքի նյութ է հանդիսացել կարմիր կորիզի ուսումնասիրությունը: Ուսումնասիրվել են կարմիր կորիզ-ողնուղեղային նեյրոնների միասինապսային դրդման առանձնահատկությունները ուղեղիկի կորիզների և զգայաշարժիչ կեղևի գրգռման դեպքում, որոնք համապատասխանաբար ներկայացնում են մերձադիր և հեռադիր ազդեցությունները նշված նեյրոնների նկատմամբ: Բացահայտվել է զուգորդող գագաթային կեղևի մոնոսինապսային ազդեցությունը, որը կորիզի նկատմամբ ունի ավելի մերձադիր տեղադրություն` զգայաշարժիչ կորիզի հեռադիր տեղադրության համեմատությամբ: Կարմիր կորիզի ինտեգրատիվ գործունեության ուսումնասիրության հարցերում մեծ նշանակություն ունեն այն փաստերը, որոնք մատնանշում են ներդիր նեյրոնների առկայությունը, որոնք մասնակցում են բազմասինապսային ռեակցիաներում, ինչպես նաև այն փաստը, որ կարմիր կորիզ-ողնուղեղային նեյրոնների դրդումը, շնորհիվ նրանց կողմնաճյուղերի դրդման ակտիվացնում է ուղեղաբնի մի շարք գոյացություններ: Ցույց է տրված, որ ուղեղիկ-կարմիր կորիզ նեյրոններն հսկվում են հետադարձ կապի մեխանիզմով, որը իրականացվում է կարմիր կորիզ-ուղեղիկային նյարդաթելերով և կարմիր կորիզ-ողնուղեղային նեյրոնների կողմնաճյուղերով: Կարմիր կորիզի էֆերենտ ազդեցությունների կազմակերպման համակարգային սկզբունքն ու նրա ինտեգրատիվ գործունեության սինապսային մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն շարժիչ ռեակցիաների իրագործման համար: Շարժիչ ռեակցիաների ձևավորման բարդ հիմնահարցի լուսաբանման համար արժեքավոր տվյալներ են ստացվել զուգորդող գագաթային կեղևի էֆերենտ նեյրոնների էլեկտրաֆիզիոլոգիական ուսումնասիրության ժամանակ: Ցույց է տրված այդ նեյրոնների կապը կարմիր կորիզի, կամրջի սեփական կորիզի և շարժիչ կեղևի հետ։ Նշված նեյրոնների աքսոնների կողմնաճյուղերի ավարտումը ուղեղաբնի մի շարք շարժիչ կառույցներում և շարժիչ կեղևում նպաստում են շարժողական ակտի ինտեգրացիայի գործընթացին: Վ.Բ. Ֆանարջյանի մի շարք աշխատանքներ նվիրված են դիմանյարդի շարժիչ նեյրոնների ակտիվության կարգավորման ուսումնասիրությանը: Այդ հետազոտությունների արդյունքները բացահայտել են, որ դիմանյարդի շարժիչ նեյրոնների և նրանց աֆերենտ մուտքերի առանձնահատկությունները ապահովում են անհրաժեշտ պայմաններ այս նեյրոնների լայն մասնակցության համար օրգանիզմի տարբեր ռեֆլեկտոր ռեակցիաներում, բարձր պլաստիկություն և դիմային մկանների շարժիչ ռեակցիաների մեծ բազմազանություն:
Աշխատանքների մեկ այլ շարքի համար նյութ է հանդիսացել Դեյտերսի կողմային, անդաստակային կորիզի նեյրոնային կազմակերպության ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն է տվել բացահայտել ակտիվության ներդաշնակեցման մի շարք մեխանիզմներ, որոնք նպատակաուղղված են վերջավորությունների շարժումների համաձայնեցմանը: Բացահայտվել են անդաստակային համակարգի հարաբերակցության առանձնահատկությունները, ցույց է տրվել բավիղային ազդեցությունների բաշխումը ողնուղեղի տարբեր բաժիններում, կատարվել է դրդող և արգելակող նեյրոնների տարբերակում ուղեղիկ-անդաստակային համակարգերում:
Նոր գիտական որոնումներ կատարելու անզուգական տաղանդը կանխորոշեց Վ.Բ. Ֆանարջյանի հետագա ուսումնասիրությունները նեյրոնի պլասիկ հատկությունների ֆիզիոլոգիայի մեխանիզմների բացահայտման դժվարին հարցում: Վ.Բ. Ֆանարջյանը հիմնարար նշանակություն ունեցող տվյալներ է ստացել` կապված գործունեությունը կարմիր կորիզ-ողնուղեղային համակարգից դեպի կեղև-ողնուղեղային համակարգ փոխանցման հնարավորության հետ և առաջարկել է այդ փոխանցման իրագործման ուղիները:
Այսպիսին է Վ.Բ. Ֆանարջյանի ստեղծագործական դեմքը` գիտնականի, որը հաստատուն կերպով հետևում էր գիտական բարոյականության սկզբունքներին, անսահման նվիրված էր գիտնականի իր կոչմանը, աննկուն ու անձնվեր պաշտպանում էր գիտության բարձր գաղափարները: