Cover Image
փակիր այս գիրքըՍեդրակյան Դավիթ Մհերի (1938-2019)
Դիտել փաստաթուղթըԴ. Մ. ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԴ. Մ. ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Մհերի Սեդրակյանը ծնվել է 1938 թ. դեկտեմբերի 9- ին Երևանում, ծառայողի ընտանիքում: 1956 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որը ավարտել է 1961 թ. գերազանցության դիպլոմով:
1961-1962 թթ. եղել է ԵՊՀ միջուկային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի լաբորանտ:
1962-1964 թթ. եղել է ՍՍՀՄ ԳԱ Պ. Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ: Ակադեմիկոս Ի. Ե. Տամի գլխավորած տեսական ֆիզիկայի բաժնում Դ. Մ. Սեդրակյանը զբաղվել է օպտիկական անհամասեռությունների վրա լիցքավորված աղբյուրների ճառագայթման պրոբլեմով, որը հետագայում նրա կողմից անվանվել է դիֆրակցիոն ճառագայթում: Առաջին անգամ ճառագայթման խնդիրներում կիրառելով Վիներ-Հոպֆի մեթոդը, Դ. Մ. Սեդրակյանը դիֆրակցիոն ճառագայթման որոշ խնդիրներում ստացել է ճշգրիտ անալիտիկ լուծումներ:
1964 թ. Դ. Մ. Սեդրակյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Լիցքավորված աղբյուրների դիֆրակցիոն ճառագայթումը» թեմայով:
Դ. Մ. Սեդրակյանի գիտական գործունեությունը կարելի բաժանել երեք հիմնական շրջանի: Առաջին շրջանում, որն ընդգրկում է 1964-1977 թթ., նա աշխատել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնում որպես դասախոս, դոցենտ և ապա՝ պրոֆեսոր: Զբաղվել է գերխիտ երկնային մարմինների պտտման պրոբլեմով: Նա, Է. Վ. Չուբարյանի հետ համատեղ, կառուցել է միապարամետրիկ վիճակի հավասարումներով նկարագրվող, պտտվող կոնֆիգուրացիաների տեսությունը, ինչպես Նյուտոնի, այնպես էլ Այնշտայնի գրավիտացիոն տեսության շրջանակներում: Այդ տեսությունը կիրառելի է բավական մեծ թվով աստղային մոդելների՝ պոլիտրոպների, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի համար: Նշանակալի են Դ. Մ. Սեդրակյանի կողմից ստացված Այնշտայնի ընդհանուր հարաբերականության տեսության հավասարումների առանցքային-համաչափ լուծումները վակուումում:
Երկրորդ շրջանում, որն ընդգրկում է 1973-1983 թթ., նա զբաղվել է պտտվող նեյտրոնային աստղերում գերհզոր մագնիսական դաշտերի առաջացման հնարավոր մեխանիզմների հետազոտմամբ: Այս հետազոտության հիման վրա Դ. Մ. Սեդրակյանը հայտնաբերել է նեյտրոնային կոնդեսատի կողմից գերհոսելի պրոտոնների «տարման» նոր ֆիզիկական էֆեկտը: Հիմնվելով այս էֆեկտի վրա նա ցույց է տվել, որ նեյտրոնային աստղերում նեյտրոնային մրրիկները կարող են առաջացնել 10, 12 Գաուս կարգի մագնիսական դաշտեր: Բացի վերը նշված աշխատանքներից, նույն տարիներին, Դ. Մ. Սեդրակյանը ակտիվ մասնակցել է նաև նեյտրոնային մագնիսոլորտի, ինչպես նաև բարիոնային աստղերում պահեստային էներգիայի պաշարների և տիեզերական ճառագայթներում բարձր էնեգիայով օժտված պրոտոնների աղբյուրների հետազոտմանը: Երրորդ շրջանում, սկսած 1983 թ., նա զբաղվել է բաբախիչների պտտական շարժման դիտվող դանդաղեցման, այդ պրոցեսի ընթացքում անջատված էներգիայի և ռադիոճառագայթման մեխանիզմների հետազոտությամբ: Դ. Մ. Սեդրակյանի աշխատանքներում ցույց է տրված, որ բաբախիչներում նրա կողմից հայտնաբերված պրոտոնային թելերի ցանցը գտնվում է կվազիստացիոնար վիճակում, և ժամանակի ընթացքում տեղի է ունենում այդ ցանցի նոսրացում, որը բերում է պտտման պարբերության աճի: Առաջարկվել են երեք նոր մեխանիզմներ բաբախիչների պտտական շարժման արգելակման համար, և ինչպես ցույց են տվել հաշվարկները, դրանք բացատրում են բաբախիչների պտտական շարժման դիտվող դանդաղումը: Այդ դանդաղման ժամանակ անջատված ջերմային էներգիան բավարար է տաքացնելու բաբախիչի մակերևույթը մինչև 10 6 – 10 7ᴼК: Այս դեպքում պտտվող նետրոնային աստղը (բաբախիչը) կարող է հանդիսանալ դիտվող ռենտգենյան ճառագայթման աղբյուր: Այսպիսով, ապացուցվել է, որ դիտվող կոմպակտ ռենտգենյան աղբյուրները կարող են լինել պտտվող, գերհզոր մագնիսական դաշտեր ունեցող նեյտրոնային աստղեր: Նշված ուսումնասիրությունների ժամանակ Դ. Մ. Սեդրակյանի կողմից ստացված հաջորդ կարևոր արդյունքը վերաբերել է բաբախիչների ռադիոճառագայթման նոր մեխանիզմի առաջարկմանը: Այդ աշխատանքում Դ. Մ. Սեդրակյանը ցույց է տվել, որ բաբախիչի ռադիոճառագայթումը ձևավորվում է նեյտրոնային աստղի կորիզի և կեղևի սահմանագծում և ի վիճակի է մագնիսաձայնային և Ալվենյան ալիքների միջոցով անցնել կեղևը՝ աստղի մակերևույթ դուրս բերելով դիտվող ինտենսիվության և սպեկտրով ռադիոճառագայթում: Այս նոր մեխանիզմը սկզբունքորեն տարբերվում է գրականության մեջ քննարկվող բաբախիչների ռադիոճառագայթման մեխանիզմներից, որոնցում, ենթադրվում է, որ ռադիոճառագայթման աղբյուրը գտնվում է աստղի մագնիսոլորտում:
Դ. Մ. Սեդրակյանը ստացել է նաև մի շարք կարևոր գիտական արդյունքներ պինդ մարմնի և պլազմայի ֆիզիկայի բնագավարներում: Ուսումնասիրել է լիցքավորված մասնիկների դիֆրակցիոն ճառագայթումը։ Գտել է ձգողական դաշտը նկարագրող էյնշտեյնյան հավասարումների սակավաթիվ լուծումներից մեկը՝ առանցքասիմետրիկ լուծումը վակուումում, դրա հիման վրա ստեղծել պտտվող երկնային մարմինների տեսություն, որը կիրառել է պտտվող պոլիտրոպ աստղային մոդելների, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի ֆիզիկական բնութագրերի հետազոտման համար։ Այդ տեսության արդյունքները հաստատել են, որ Էնթոնի Հյուիշի հայտնաբերած պուլսարները պտտվող նեյտրոնային աստղեր են։ Զբաղվել է նաև պուլսարներում գերհզոր մագնիսական դաշտերի առաջացման պրոբլեմով, մասնավորապես, առաջարկել է նեյտրոնների և պրոտոնների գերհոսելիության հատկության վրա հիմնված տեսական մեխանիզմ, որով բացատրվում է գերհզոր մագնիսական դաշտերի գոյությունը պուլսարներում։
Նա հայերեն լեզվով գրված «Թերմոդինամիկա» ուսումնական ձեռնարկի հեղինակն է:
1970 թ. «Աքսիալ-սիմետրիկ գրավիտացիոն դաշտերը Էյնշտեյնի տեսության մեջ» խորագրով աշխատանքի համար Դ. Մ. Սեդրակյանը արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակին:
1972 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Պտտվող երկնային մարմինների տեսությունը» թեմայով: 1974 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1977 թ. դարձել է ՍՄԿԿ անդամ: 1977 թ.-ից շուրջ տաս տարի աշխատել է որպես Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ: Ամբիոնում Դ. Մ. Սեդրակյանի ղեկավարությամբ մշակվել են ժամանակի պահանջները բավարարող ծրագրեր Երևանի պետական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի դասընթացները վարելու համար: Դ. Մ. Սեդրակյանը ղեկավարել է բազմաթիվ դիպլոմային աշխատանքներ: Նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել են 12 դոկտորական և 11 թեկնածուական ատենախոսություն: Նրա աշակերտները հաջողությամբ աշխատում են Հանրապետության գիտահետազոտական ինստիտուտներում և բուհերում:
1981 թ. Դ. Մ. Սեդրակյանը դարձել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ «Ֆիզիկա» մասնագիտության գծով:
1986 թ.-ից Դ. Մ. Սեդրակյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար:
Ֆիզիկոս տեսաբան Դավիթ Մհերի Սեդրակյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է. այն ներառում է «Դիֆրակցիոն ճառագայթման տեսություն»-ը, «Գերհոսելիության և գերհաղորդականության տեսություն»-ը և դրանց աստղաֆիզիկական կիրառությունը: Նշված բնագավառներում նա ստացել է արժեքավոր արդյունքներ, որոնք ըստ արժանվույն են գնահատվել գիտական շրջաններում: Այս արդյունքները շարադրված են նրա թեկնածուական և դոկտորական ատենախոսություններում, ինչպես նաև միութենական, հանրապետական և արտասահմանյան գիտական հանդեսներում հրատարակված մոտ 300 գիտական հոդվածում:
Դ. Մ. Սեդրակյանը մեծ ներդրում ունի նաև գիտական կադրերի պատրաստման և դաստիարակման գործում: Տարիներ շարունակ նա կարդացել է տեսական ֆիզիկայի «Դաշտի տեսություն», «Հարաբերականության տեսություն», «Թերմոդինամիկա և վիճակագրական ֆիզիկա», «Էլեկտրոդինամիկայի հիմունքներ» հիմնական դասընթացները, գիտական բարձր մակարդակով վարել է «Էլեկտրամագնիսականության հիմունքները» դասընթացը, ինչպես նաև հատուկ դասընթաց «Գերհոսելիության և գերհաղորդականության տեսություն»-ից՝ բուհերի դասախոսների վերապատրաստման ֆակուլտետում:
Դ. Մ. Սեդրակյանը հաջողությամբ համատեղել է իր բեղմնավոր գիտամանկավարժական գործունեությունը հասարակականի հետ. եղել է Անդրկովկասյան հանրապետությունների ռեգիոնալ խորհրդի նախագահ, ՍՍՀՄ Բ և ՄՄԿ նախարարության Ֆիզիկայի գիտամեթոդական խորհրդի անդամ, հանրապետական թեմատիկ «Ֆիզիկա» ամսագրի խմբագիր, «ԵՊՀ գիտական տեղեկագիր» պարբերականի խմբագրի տեղակալ, «ՀԽՍՀ ԳԱ Զեկույցներ»-ի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիր, երկու՝ դոկտորական (Բյուրականի աստղադիտարան) և թեկնածուական(ԵՊՀ) ատենախոսությունների պաշտպանության մասնագիտացված խորհուրդների անդամ: Դ. Բլաշկերի հետ շարունակաբար նա կազմել և հրատարակել է «Super-dense QCD Matter and Compact Stars» միջազգային հանդեսը, համախմբագրել է Վ. Համբարձումյանին նվիրված «Ambartsumian᾿s Legacy and Active Universe» գիրքը:
1990 թ. փետրվարին Դ. Մ. Սեդրակյանը ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ: 1990 թ. դեկտեմբերին Դ. Մ. Սեդրակյանը նշանակվել է ՀԳԱ փոխնախագահ: 1993 թ., մինչև ՀԳԱ նախագահի ընտրություններ անցկացնելը, ՀԳԱ փոխնախագահ Դ. Մ. Սեդրակյանի վրա են դրվել ՀԳԱ նախագահի պարտականությունները: 1994 թ. հուլիսի 4-ին, ՀՀ ԳԱԱ նոր օրենսդրությամբ փոխնախագահի պաշտոնի լուծարման կապակցությամբ, Դ. Մ. Սեդրակյանը ազատվել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պարտականություններից: 1994 թ. հուլիսի 21-ից Դ. Մ. Սեդրակյանը նշանակվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզմաթ. և տեխնիկական գիտությունների բաժանմունքի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմային գիտական խորհրդի նախագահ:
1999 թ. պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով: 2013 թ.-ից եղել է ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր: 2019 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: