Cover Image
փակիր այս գիրքըԱռաքելյան Բաբկեն Նիկոլայի (1912-2004)
Դիտել փաստաթուղթըԲ. Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԲ. Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հնագիտության զարգացումը Հայաստանում վերջին տասնամյակներում անխզելիորն կապված է Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Բաբկեն Նիկոլայի Առաքելյանի անվան հետ։

Որպես ԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության սեկտորի վարիչ, ապա` ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի անփոփոխ տնօրեն, Բաբկեն Առաքելյանը իր կազմակերպչական ընդունակություններով ղեկավարած ինստիտուտը դարձրեց ՀՍՍՀ ԳԱ առաջավոր գիտական կենտրոններից մեկը, իսկ հնագիտությունը՝ հանրապետության համար կարևորագույն գիտական ուղղություններից մեկը, հարստացավ նորանոր նվաճումներով։

Բաբկեն Նիկոլայի Առաքելյանը ծնվել է 1912 թ. փետրվարի 1-ին Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Մրգաշատ (նախկին Գեչրլու) գյուղում։ Տարրական և յոթամյա կրթությունը ստանալով գյուղում և էջմիածնում, նա 1931 թ. ավարտում է Երևանի գյուղատնտեսական տեխնիկումը, որից հետո շուրջ երկու տարի աշխատում է Եղեգնաձորի շրջանում որպես ագրոտեխնիկ։

1933 թ. Բ. Ն. Առաքելյանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որն ավարտում է 1938-ին։ Դեռևս ուսանողական տարիներին աչքի ընկնելով իր աշխատասիրությամբ և ուշիմությամբ, նա գրավում է ակադ. Հ. Օրբելու և ՍՍՀՄ ԳԱ թղթակից–անդամ Կ. Վ. Տրևերի ուշադրությունը։

1938-1941 թթ. եղել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտ և գիտական աշխատանքի է պատրաստվել Երևանում և Լենինգրադում՝ Հ. Օրբելու ղեկավարությամբ։ 1941 թ. Բ. Առաքելյանը պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա՝ «Հայկական պատկերաքանդակները IV—VII դարերում» թեմայով։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1941 թ. վերջից մինչև 1946 թ. հոկտեմբերը գտնվել է Սովետական բանակում ու մասնակցել Հյուսիսային Կովկասի, Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրմանը և Բեռլինի գրավմանը, աշխատելով բանակի և ռազմաճակատի քաղբաժիններում որպես ագիտատոր և դասախոս։

1946 թ. Բ. Առաքելյանը վերադառնում է գիտահետազոտական աշխատանքի Հայկական ՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։

1947-1949 թթ. նա վարել է ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղարի պաշտոնը, իսկ 1949-1959 թթ. ղեկավարել է պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինը։

1954 թ. Բ. Առաքելյանը պաշտպանում է դոկտորական դիսերտացիա, 1957 թ. նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում։ 1959 թ.-ից մինչև 1986 թ. Բ. Առաքելյանր վարում է հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնը։

Գիտական ակնառու վաստակի համար 1965-ին նա արժանանում է գիտության վաստակավոր գործչի կոչմանը, 1968-ին ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ, իսկ 1974 թ.՝ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։

Բ. Առաքելյանի բազմամյա գիտական գործունեության բնորոշ կողմերից մեկը նրա բազմակողմանիությունն է։ Նա երբեք չի սահմանափակվել նեղ բնագավառներով, ձգտել է լայն, ընդգրկուն հայացք ձգել գիտության մի քանի ճյուղերի միաժամանակ։ Նա հանդես է գալիս որպես հնագետ ու պատմաբան և իր աշխատություններում լայնորեն օդտագործում է ինչպես գրավոր, այնպես էլ իրեղեն աղբյուրները. դրա դրսևորումներից մեկն է նրա հետաքրքրությունը Հայաստանի հին և միջնադարյան շրջանների նկատմամբ հավասարապես։ Նման մոտեցումը նրա մոտ ի հայտ է գալիս դեռևս գիտության անդաստանում առաջին քայլերն անելիս։

Հայաստանի վաղ միջնադարյան պատմության տարբեր հարցերի հետ մեկտեղ Բ. Առաքելյանին գրավում են նույն ժամանակաշրջանի արվեստն ու նյութական մշակույթը։ Իր առաջին աշխատանքները Առաքելյանը տարել է ինչպես վաղ միջնադարի քաղաքական և սոցիալ-տնտեսական պատմության, նույնպես և պաշտամունքի ու հավատալիքների հարցերի ուսումնասիրման ուղղությամբ։

Բ. Առաքելյանին հատկապես հետաքրքրել է Հայաստանի պատմության արաբական տիրապետության սկզբնական ժամանակաշրջանը, որի մանրամասն հետազոտմանն է նվիրել մի քանի հոդված։

Աղբյուրների մանրակրկիտ ուսումնասիրման ճանապարհով նա վերագնահատման է ենթարկում Հայաստանի VII դարի երկրորդ կեսի պատմության մի շարք հիմնական հարցեր՝ կապված արաբական տիրապետության հաստատման հետ։ Դրանք են՝ Հայաստանի քաղաքական և տնտեսական վիճակը, հայերի անկախության համար մղվող պայքարը, Թեոդորոս Ռշտունու, Գրիգոր Մամիկոնյանի և Աշոտ Բագրատունու դերը այդ պայքարում՝ կապված առաջին հերթին Թեոդորոս Ռշտունու քաղաքական ծրագրերի հետ, քննարկել է Հայաստանի քաղաքական կողմնորոշման հարցը։

630 թ. հետո Հայաստանի պարսկական մասում ռեալ հնարավորություններ ստեղծվեցին երկրի անկախությունը վերականգնելու համար։ Արաբական և բյուզանդական արշավանքները, ճիշտ է, խափանեցին այս հնարավորությունը, և Հայաստանը ճանաչեց արաբական գերիշխանությունը, բայց, ինչպես ցույց է տալիս Բ. Առաքելյանը, երկրի կախումը արտաքին ուժերից դեռևս ձևական էր, իսկ ենթարկվածության պայմանները ծանր չէին, որի մասին է վկայում նաև տնտեսական և մշակութային կյանքի զարգացումը այդ ժամանակաշրջանում։

Դրությունն արմատապես փոխվում է 698 թ., երբ արաբները վերանվաճում են երկիրը, Հայաստանում նշանակվում է ոստիկան, ով փորձում է ոչնչացնել հայերի ռազմական ուժը և տոհմիկ հողատիրական դասը։ Պատասխանը օտար բռնակալության դեմ լինում է հայերի՝ Սմբատ Բագրատունու գլխավորած ապստամբությունը, որի փայլուն դրվագներից մեկը եղել է արաբների համար աղետաբեր վախճան ունեցած Վարդանակերտի ճակատամարտը։ Վաղ միջնադարյան սոցիալական կյանքի ուսումնասիրման ոլորտը Բ. Առաքելյանը մուտք է գործել երկու ոչ ծավալուն, բայց կարևոր հոդվածներով, որոնցում հաստատվում և պարզաբանվում են մի կողմից «կօշիկ» կոչված, մյուս կողմից «շրջել-կերակրվելու» վաղ ֆեոդալական հասարակության սոցիալ-տնտեսական ոլորտին պատկանող երևույթները։ Աղբյուրների մանրակրկիտ վերլուծման և մեկնաբանման կարողությունների դրսևորումը այդ հոդվածներում վերջիններս դասում է հայ միջնադարյան հասարակական կյանքի երևույթները լուսաբանող լավագույն էջերի շարքը։

Իր ուժերը Բ. Առաքելյանը փորձել է նաև հայ առասպելաբանության և դիցաբանության բնագավառում՝ պարզաբանելով Հայկի և Վահագնի անուններն ու էությունը արտացոլող առասպելների ու ավանդությունների հետ կապված մի շարք հարցեր։ Այդ բնույթի հոդվածների տարբերիչ գիծը նաև նյութական մշակույթի և արվեստի հուշարձանների ընդգրկումն էր՝ որպես առասպելների իմաստը, նրանց ծագումը, ակունքները, զարգացումը բացահայտող կարևոր միջոցի։

Վաղ միջնադարյան գրավոր աղբյուրների ուսումնասիրումը Բ. Առաքելյանը զուգակցում Է նույն դարաշրջանի նյութական մշակույթի և արվեստի հուշարձանների հետազոտության հետ։ Նա շրջում է Հայաստանի տարածքով մեկ և հավաքում ու նկարագրում վաղ միջնադարյան կոթողների, մահարձանների, դամբարանային կառույցների ու եկեղեցիների վրա հանդիպող կրոնական (Աստվածաշնչի մոտիվներով) աշխարհիկ (ֆեոդալական կենցաղ, ժողովրդի զբաղմունք), առասպելական և սիմվոլիկ բնույթի քանդակներ։

Դաշտային նպատակասլաց աշխատանքների արդյունքները ամփոփվեցին «Հայկական պատկերաքանդակները IV—դարերում» թեկնածուական դիսերտացիայում, որը հետագայում լույս տեսավ առանձին գրքով։ Աշխատությունն ընդհանրացնում էր հայ միջնադարյան արվեստի քիչ ուսումնասիրված մի բնագավառ, որի նշանակությունը վաղ միջնադարյան գեղագիտական հայացքների, գաղափարախոսության, կենցաղի ճանաչման համար մեծ է։ Ուշադրության են արժանի աշխատության մեջ բացահատվող մշակութային կապերը՝ վաղ քրիստոնեական երկրների և Սասանյան Իրանի հետ։

Հին Հայաստանի հելլենիստական ժամանակաշրշանի նյութական մշակույթի ուսումնասիրման ուղղությամբ առաջին քայլերն արվել էին դեռևս 1931 թ. Վաղարշապատում Աշխարբեկ Քալանթարի կողմից։ Այսուհանդերձ հայ հնագիտությունը համառորեն շարունակում էր կողմնորոշվել դեպի նախնադարյան Շենգավիթ), ուրարտական (Կարմիր բլուր) և միջնադարյան (Դվին) ժամանակաշրջանները՝ շրջանցելով հայ մշակույթի զարգացման համարյա մի ամբողջ հազարամյակ տևող ժամանակահատված։

Այդ բացը լրացնելու առաջին քայլերը կատարվելու էին Գառնիում՝ Բ. Առաքելյանի ղեկավարությամբ։ Ամրոցի ներսում գտնվող հեթանոսական տաճարի ավերակները և գյուղի գերեզմանոցում հայտնաբերված հունարեն արձանագրությունը կանխագծում էին այստեղ 1949 թ. ծավալված աշխատանքների հեռանկարները։ Դրանք հաստատվեցին հենց առաջին տարիներին, երբ բացվեց ամրոցի պարիսպը՝ հին Հայաստանի քաղաքացիական ճարտարապետության փառահեղ կոթողը։

Գառնիի պեղումների ընթացքում ձեռք բերած հետագա հաջողությունները ուրվագծեցին Հայաստանի մ. թ. առաջին դարերի նշանավոր հուշարձաններից մեկի պատկերը։ Պալատական շենքն իր բազմաթիվ բաժիններով, բաղնիքը ջեռուցման իր յուրահատուկ սիստեմով և ինքնատիպ խճանկարով, դամբարանադաշտը իր նյութերով գալիս էին առարկայորեն բնութագրելու հին Հայաստանի նյութական մշակույթի բարձր մակարդակը։

Պեղումներն այստեղ լույս էին սփռում ոչ միայն անտիկ ժամանակաշրջանի վրա։ Ամրոցի ընդերքը պահպանել է մ. թ. ա. III հազարամյակի վաղ բրոնզեդարյան մշակույթի շոշափելի հետքեր։ Սակայն Գառնիի պեղումները հին Հայաստանի մշակույթի հետ կապված բոլոր հարցերին չէ որ ի վիճակի էին պատասխան տալ։ Իր ուսումնասիրողին էր սպասում բուն հելլենիստական դարաշրջանի մ. թ. ա. III-I դարերի մշակույթը։

Այդ նպատակով Գառնիին զուգընթաց Բ. Առաքելյանը 1962 թ. ձեռնարկեց Արմավիրի պեղումները, որոնք հենց սկզբից բացահայտեցին առնվազն երեք՝ ուրարտական, միջնադարյան և միջանկյալ շերտերի գոյությունը։

Պեղումները պարզեցին այդ միջանկյալ շերտի բաղադրատարրերը՝ վաղ հայկական և մ. թ. առաջին դարերի որոշ մնացորդների կողքին հելլենիստական ժամանակաշրջանի թանձր շերտի առկայությունը։

Տրայանոս կայսեր լատիներեն մեծ արձանագրության հայտնաբերումը Արտաշատի քաղաքային տարածքի ծայրամասում արագացրեց պատմական Հայաստանի հռչակավոր մայրաքաղաքի հնագիտական հետազոտությունը։ Քաղաքը պետք է տեղադրված լիներ Արաքսի ափին, Խորվիրապի բլուրներում և նրանց ստորոտում փռված դաշտերում։ Այդ էին վկայում գրավոր աղբյուրները, այդ մասին էր հուշում տեղանքը։ Մնում էր փորձել պեղումներ կատարել այս հսկա տարածքում և հաստատել արված ենթադրությունները։ Բ. Առաքելյանը այդ կատարեց մեծ հմտությամբ և վարպետությամբ։

1970 թ. Խորվիրապի բլուրներում սկսվեցին պեղումները։ Հայ և օտար պատմիչները դրվատանքով են խոսել հին Հայաստանի մայրաքաղաքի մասին, նշել նրա հիմնադրման հանգամանքները, ընդգծել նրա շուրջ կեսհազարամյա կյանքի վեհությունը, անդրադարձել ճակատագրից նրան հասած հարվածներին, արձանագրել նրա վերջնական անկումը։ Պեղումները պետք է առարկայական բնույթ տային այդ տեղեկություններին։

Պարզվեց՝ Արտաշատը ամայի տեղում չէր կառուցված։ Պեղումները ցույց տվեցին, որ այնտեղ, ինչպես Խորվիրապի բլուրների վրա, եղել է ուրարտական մի հուշարձան, հավանաբար դաշտում տարածվող ուրարտական բնակավայր՝ իր միջնաբերդով։ էրեբունիից հետո Արգիշտի 1-ինը արևմուտքում հիմնադրեց Արգիշտիխինիլին, հյուսիսում՝ էլար-Ղարանին և Կիեխունին, արևելքում հասավ մինչև Գառնի։ Ինչո՞ւ միայն հարավը պիտի մնար չնվաճված։ Հավանաբար Խորվիրապի ուրարտական բնակավայրի հիմնադիրը նույն Արգիշտին է։

Հելլենիստական քաղաքաշինության սկզբունքներով կառուցված Արտաշատը (այդ մասին են վկայում նաև Բ. Առաքելյանի պեղումները 8-րդ բլուրում) չէր կարող անմասն մնալ ուրարտական քաղաքաշինության ավանդույթների ազդեցությունից։ Ուրարտական քաղաքը, թեկուզ և արդեն ավերված վիճակում, իր գոյության փաստով ամրապնդում է այս միտքը։

Եվ այսպես, ամեն մի բլուրի պեղումները պատմամշակութային նոր տեսանկյուններ և նոր հեռանկարներ էին բացում։ Հելլինիստական և հռոմեական դարաշրջանի հայ մշակույթը նոր, անսպասելի կերպարանք ստացավ, որը հնագիտական նյութերի խորն ու բազմակողմանի ուսումնասիրմանը զուգընթաց, անշուշտ, կփայլփլի նորանոր երանգներով։ Պաշտպանողական կառույցները, ինչպես նաև շենքերի համալիրները, անտիկ արձանագործության հոյակապ նմուշները, ոսկե զարդերը, քարավաններով Արտաշատ բերված ապրանքներին վերաբերող մի քանի հազար կնքադրոշմները, հայկական և օտարերկրյա դրամները և այլ գյուտեր վկայում են պեղումների անգնահատելի նշանակության մասին Հայաստանի հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջանի նյութական մշակույթի ուսումնսսիրման գործում։ Գառնիի, Արմավիրի և Արտաշատի հնագիտական պեղումների գլխավոր արդյունքը հանդիսացավ հին հայկական (III դ. մ. թ.ա.- III դ. մ. թ.ա.) նյութական մշակույթի բացահայտումը և ուսումնասիրությունը։

1958 և 1964 թթ. Բ. Առաքելյանը հրատարակում է իր դոկտորական դիսերտացիան՝ «Հայաստանի քաղաքները IX-XIII դարերում», երկու ստվարածավալ հատորով, որը նվիրված է զարգացած միջնադարի կարևորագույն պրոբլեմներից մեկին։ Անիի և Դվինի պեղումները նպաստավոր նախադրյալներ հանդիսացան նման աշխատանքի ստեղծման համար, որը շատ բանով հիմնվում էր նաև հայ և օտար պատմիչների հաղորդումների, միջնադարյան ձեռագրերի ու վիմական արձանագրությունների տվյալների, ազգագրական նյութերի վրա։ Այս աշխատության մեջ բազմակողմանիորեն քննության է առնված քաղաքների պատմությունը, դրանց առաջացումն ու զարգացումը IX-XI դարերում, դրանց վերելքը սելջուկյան արշավանքներից հետո XII—XIII դարերում, քաղաքների անկումը մոնղոլական տիրապետության ժամանակ, ինչպես նաև վեր են հանված զարգացած ֆեոդալիզմի շրջանի հայկական քաղաքների ներքին կյանքը, սոցիալական հարաբերությունները, վարչական կառուցվածքը, արհեստավորական միությունների (համքարություններ), արհեստների ու առևտրի զարգացման հետ կապված բազմաթիվ հարցեր։

Բ. Առաքելյանը եռանդուն մասնակցություն է ցուցաբերել մի այնպիսի կարևոր հրատարակության իրագործմանը, ինչպիսին հայ ժողովրդի պատմության ութհատորյակն է։ Նրա գիտական անմիջական ղեկավարությամբ լույս տեսած 3-րդ հատորը նվիրված է զարգացած միջնադարի պատմությանը. հատորի ստվար հատվածները նրա գրչին են պատկանում (Բագրատունիների շրջան, երկրի սոցիալ-տնտեսական կյանք)։

1976 թ. Բ. Առաքելյանը լույս է ընծայում «Ակնարկներ Հին Հայաստանի արվեստի պատմության (մ. թ.ա. VI դ.-մ. թ. III դ.)» մենագրությունը, որի մեջ ի մի են բերված սովետահայ հնագիտության նվաճումները Հին Հայաստանի նյութական մշակույթի՝ մասնավորապես արվեստի ուսումնասիրման ուղղությամբ։ Գրքի յոթ բաժիններում մանրամասն բնութագրված են քանդակագործության ծավալային և բարձրաքանդակ կոթողները, կիրառական արվեստի քարե և մետաղե առարկաները, հին հայկական դրամների ձևավորման արվեստը, գեղարվեստական խեցեղենը և ապակին, մոնումենտալ խճանկարային գեղանկարչությունը։ Գիրքը պատկերազարդված է 110 սև-սպիտակ տախտակներով։

Սույն աշխատությունը հայտանշում է Հայաստանի նյութական հետազոտման մի նոր փուլ, երբ մենք, վերջին տասնամյակների ընթացքում կատարված հնագիտական ուսումնասիրությունների հետևանքով, արդեն գործ ունենք ոչ թե առանձին ու պատահական իրերի ու երևույթների հետ, այլ այնպիսի մի զանգվածի, որը հնարավորություն է տալիս միավորել եղածը կապակցված սիստեմատիկ շարադրանքի մեջ և ստեղծել ամբողջական պատկեր։

Հեղինակը ոչ միայն դասակարգել է հուշարձանները ըստ արվեստի ճյուղերի, այլև նաև հանրագումարի է բերել նրանց զարգացման ընթացքի պատմական պարբերացման գծով կատարված փորձերը և հաստատել վաղ հայկական, վաղ և ուշ հելլենիստական, ուշ անտիկ շրջանների առկայությունը, շրջաններ, որոնցից յուրաքանչյուրը բնութագրվում է տեղական-ավանդական և դրսից թափանցված միանգամայն նոր տարրերի ուրույն փոխհարաբերությամբ և սինթեզով։ Բացահայտվեցին Հայաստանի մշակութային սերտ կապերը հին աշխարհի մշակույթի հետ։ Իր այս աշխատության համար Բ. Առաքելյանը 1978 թ. արժանացավ Հայկական ՍՍՀ Պետական մրցանակի։

Բ. Առաքելյանը տնօրինության տարիներին Հայկական ՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը դառնում է հանրապետության գիտական կարևոր օջախներից մեկը, որտեղ արդյունավետ գիտահետազոտական աշխատանքներ են տարվում Հայաստանի հնագիտության, հայ ազգագրության, բանահյուսության, մարդաբանության ուղղությամբ։ Այս մասին են վկայում ինստիտուտի՝ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս բեղմնավոր աշխատանք ծավալող բազմաթիվ արշավախմբերը, ինչպես նաև հրատարակած աշխատությունները, մանավանդ «Հնագիտական պեղումները Հայաստանում» (17 պրակ), «Հայաստանի հնագիտական հուշարձանները» (11 հատոր), «Դիվան հայ վիմագրության» (6 պրակ), «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (13 գիրք), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (11 հատոր) արդեն լայն ճանաչում ստացած մատենաշարերը։

Ուշագրավ է նաև Բ. Առաքելյանի կատարած գիտամանկավարժական աշխատանքը Երևանի պետական համալսարանում և այլուր։ Նրա՝ հին Հայաստանի մշակույթին նվիրված դասընթացները ծանոթացնում էին մեր ուսանողությանը Հայաստանի հնագիտության նվազ ուսումնասիրված ժամանակաշրջանի կապակցված պատկերին։

Այդ դասընթացները և առավելապես Բ. Առաքելյանի ղեկավարած արշավախմբերը դարձել են հնագիտական կադրերի պատրաստման իսկական դարբնոց։ Այստեղ հասակ են առել բազմաթիվ մասնագետներ, որոնք հաջողությամբ լուծում են գիտական բարդ ու կարևոր խնդիրներ։

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 9 ատենախոսություն:

Բ. Առաքելյանը անսպառ եռանդով և բազմակողմանի գիտելիքներով վճռականորեն նպաստեց հնագիտության զարգացմանը Հայաստանում։