Cover Image
փակիր այս գիրքըՍարգսյան Գագիկ Խորենի (1926-1998)
Դիտել փաստաթուղթըԳ. Խ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԳ. Խ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը ծնվել է 1926թ.ապրիլի 6-ին Երևանում, ճանաչված գրականագետ պրոֆ. Խորեն Սարգսյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Կրուպսկայայի (այժմ՝ Ն. Աղբալյանի) անվ. հայկական միջնակարգ դպրոցը։ 1946-1950 թթ. ուսանել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգի) պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, մասնագիտանալով Հին պատմության ամբիոնում՝ անտիկ շրջանի պատմության գծով։ Սովորել է հունարեն և լատիներեն լեզուները։ Այնտեղ նրա ուսուցիչներն են եղել ակադ. Վ.Վ. Ստրուվեն, պրոֆեսորներ Ս.Ի. Կովալ յովը, Քս.Մ. Կոլոբովան։ Զուգահեռաբար հաճախել է նույն համալսարանի Արևելյան ֆակուլտետում սեպագրագիտական-ասուրագիտական առարկաների և աքքադերեն (ասուրա-բաբելոներեն) և ուրարտերեն լեզուների դասընթացները, որոնք վարում էր խոշոր արևելագետ Ի.Մ. Դյակոնովը։ Նրա ղեկավարությամբ է Գ. Սարգսյանը գրել իր դիպլոմային աշխատանքը՝ Էրմիտաժում պահպանվող Սելևկյան շրջանի բաբելական սեպագիր չընթերցված սալիկների ուսումնասիրության հիման վրա՝«Հելլենիստական Բաբելոնիայի քաղաքը և «Տաճարը» վերնագրով։ Այդ աշխատությունը և սալիկների համապատասխան հավաքածուն այնուհետև հրապարակել է “Вестник древней истории” հանդեսում(1952, 1953, 1955 թթ)։
1951-1954թթ. Գ. Սարգսյանը սովորել է ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի լենինգրադյան բաժանմունքի ասպիրանտուրայում՝ պրոֆ. Մ.Ե. Սերգեյենկոյի ղեկավարությամբ։ 1954 թ. հաջողությամբ պաշտպանել է «Հին Հայաստանի քաղաքը» թեկնածուական ատենախոսությունը և վերադարձել Երևան, աշխատանքի անցել պատմության ինստիտուտում որպես կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող։
Գ. Սարգսյանի հետագա առաջընթացի նշանաձողերն են. Հայաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի գիտնական քարտողար (1956-1962), Պատմության ինստիտուտի փոխտնօրեն գիտու թյան գծով (մինչև 1966թ.), իր ստեղծած՝ Հին պատմության բաժնի վարիչ (մինչև 1971թ.), Հայաստանի գիտությունների ակադեմիայի նորաստեղծ Արևելագիտության ինստիտուտի հիմնադիր տնօրեն (մինչև 1994թ.), նույն ակադեմիայի փոխ պրեզիդենտ (1988-1990թթ.), վերստին նույն ակադեմիայի փոխպրեզիդենտ, հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (1995-1998թթ.)։
Գ.Խ. Սարգսյանը պատմական գիտությունների դոկտոր էր 1967թ., պրոֆեսորի կոչում ստացել էր 1981թ., 1974թ. ընտրվել Հայաստանի ակադեմիայի թղթակից-անդամ, 1986թ.՝ ակադեմիկոս։
Գ.Խ. Սարգսյանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի իր իսկ հիմնած սեպագրական քաղաքակրթությունների բաժնի վարիչն էր, նույն ինստիտուտի աստիճաններ շնորհող գիտական խորհրդի նախագահը, Պատմության, Հնագիտության և Ազգագրության ինստիտուտների, Մաշտոցի անվան Մատենադարանի և այլ հաստատությունների գիտական խորհուրդների անդամ։ Նա «Պատմա-բանասիրական հանդես», ինչպես նաև “Вестник древней истории” (Մոսկվա) հանդեսների խմբագրական հանձնաժողովների անդամ էր, «Հայաստան-Հունաստան» ընկերության նախագահ, Սիրիայի գիտության պատմության ընկերության պատվավոր անդամ։ Ժամանակին եղել է ԽՍՀՄ արևելագետների ընկերության Հայաստանի մասնաճյուղի նախագահ։
Գ. Սարգսյանի գիտական գործունեությունը ընթանում էր երկու ուղղությամբ՝ հայագիտության և սեպագրագիտության-ասուրագիտության։ Գ. Սարգսյանի հետաքրքրությունը հին Հայաստանի քաղաքի նկատմամբ անմիջականորեն կապված էր հելլենիստական դարաշրջանի հունական պոլիսների, ինչպես և Բաբելոնիայի՝ իր իսկ հայտնաբերած «տաճարա-քաղաքային համայնքի» վերաբերյալ նրա ուսումնասիրությունների հետ։ Դրանց զուգահեռ դիտարկումն է, որ գիտնականին հնարավորություն է տվել արժեքավորելու աղբյուրների՝ հին Հայաստանի քաղաքին վերաբերող չափազանց սուղ տեղեկությունները։
“Тигранакерт. Из истории древнеармянских городских -общин” (Մոսկվա, 1960) իր առաջին մենագրության մեջ նրան հաջողվել է ցույց տալ, որ հին Հայաստանի քաղաքները ներկայացրել են հելլենիստական դարաշրջանին հատուկ կիսաինք նավար քաղաքային համայնքների տարատեսակներից մեկը։
Նշված մենագրության մեջ արդեն արծածված է նաև հին Հայաստանի սոցիալ-տնտեսական կառուցվածքի խնդիրը։ Իր մի շարք հոդվածներում և «Հին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ուղիների մասին» (Երևան, 1962թ.) մենագրությամբ նա փորձել է գտնել այդ վիճահարույց և դժվարագույն պրոբլեմի լուծումը, Հայաստանին հատկացնելով ժամանակի՝ աշխարհին հատուկ ստրկատիրական հասարակությունների համակարգում իր ուրույն տեղը, որը բնութագրվում է անտիկ՝ հունա-հռոմեական հասարակություններին հատուկ դասական ստրկությունից իր ունեցած մեծ տարբերություններով։ Մասնավորապես դաստակերտ-ագարակների ուսումնասիրությանը նվիրված հոդվածներում (Երևան, 1962, Փարիզ, 1968) նա ցույց է տվել, որ հին Հայաստանի «մշակ» ստրուկների կարգավիճակը շատ մոտ է եղել ճորտականին։
Հին Հյաստանի քաղաքական պատմության բնագավառում Գ. Սարգսյանի հետազոտությունների արդյունքները շարադրված են մի շարք հոդվածներում (Երևան, 1965, 1966, 1986, 1981), ինչպես և «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակի առաջին հատորի՝ նրա գրչին պատկանող «Հայաստանը Հելլենիս տական դարաշրջանում» ծավալուն բաժնում (Երևան, 1971)։ Նրա մշակած հարցերից պետք է նշել երեքը. Հունա-հռոմեական աղբյուրների բնագրային մանրակրկիտ քննությամբ նա կարողացել է հստակեցնել մ.թ.ա. 3-րդ դարի վերջի – 2-րդ դարի սկզբի Հայաստանի ծայրահեղ բարդ իրավիճակի մասին պատկերացումները, երբ Հայաստանը կազմող չորս թագավորությունները՝ Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի, ինչպես նաև Կոմմա գենեի, որտեղ իշխում էին հայկական Երվանդական դինաստիայի շառավիղները, պայքար էին մղում Սելևկյանների դեմ իրենց անկախության համար։ Գ. Սարգսյանը վեր է հանել այդ չորս պետությունների ճակատագրի համանմանությունն ու առանձնահատկությունները (Երևան, 1969)։
Մյուսը դրան հաջորդած մ.թ.ա. 2-րդ դարի առաջին կեսի դարաշրջանն է։ Գ. Սարգսյանին հաջողվել է արմատապես վերանայել և ի նորո լուսաբանել այդ հետաքրքրագույն շրջանը և նրա «հերոս» հայոց արքա Արտաշես I-ի գործունեությունը։
Արտաշես I-ը հանդես եկավ որպես խոշորագույն զորավար և հայոց պատմության բարեփոխիչ գործիչներից մեկը, որի օրոք Հայաստանն ապրեց հողերի միավորման, Միջազգային համարում ունեցող խոշոր պետության ստեղծման, երկրի տնտեսական և վարչական կյանքի կարգավորման, թագավորական իշխանության հեղինակության շեշտակի վերելքի, Արտաշատ քաղաքի հիմնադրման և այլ պատմական գործընթացներ։ Արտաշես I-ի գործունեության այս նոր գնահատմամբ պարզվում են նաև նրա թոռան՝ Տիգրան Մեծի ունեցած հաջողությունների բուն ակունքները։
Երրորդ դրվագը հատկանշական է Սարգսյանի՝ որպես հայագետ-ասուրագետի համար։ Նրան հաջողվել է լուծել Տիգրան Մեծի երեք որդիների , մեկը մյուսին հաջորդած, հոր դեմ ապստամբելու պատճառների հետ կապված առեղծվածը։ Դրա համար նա ներգրավել է միանգամայն անսպասելի աղբյուր՝ հեռավոր Բաբելոնիայի հելլենիստական դարաշրջանի աստղաբաշխական-սեպագրական մի օրագրի՝ պատմա կան ժամանակագրություն պարունակող տվյալները, որոնցում հիշատակվում է Տիգրան Մեծի որդի Տիգրան կրտսերը։ Դրանով բացվում է նաև հայ-բաբելոնական այդ ուշ շրջանի հարաբերություններից մի հետաքրքիր էջ (Երևան, 1991, Բեռլին, 1994)։
Գ. Սարգսյանը նշանակալի վաստակ ունի նաև Հյաստանի օտարալեզու վիմագրական կոթողների՝ Արտաշես I-ի արամերեն և Գառնիի ու Տիգրանակերտի հունարեն արձանագրությունների հետազոտման գործում (Երևան, 1965, Մոսկվա, 1966, 1981)։
Գիտնականի նախասիրությունների շրջանակում էր նաև հայոց մշակույթը, հատկապես նախաքրիստոնեական, նախամեսրոպյան հոգևոր մշակույթի, լեզվի պատմությունը։ Այդ պիսին են հին Հայաստանում հելլենիստական խոշոր տերությունների օրինակով իշխող թագավորի (նաև թագուհիների) և նրա նախնիների աստվածացման և պաշտամունքի (որ, իհարկե, ուներ նաև ազգագրական արմատներ) հայտնաբերմանն ու մանրամասն հետազոտությանը նվիրված նրա աշխատությունները՝ (Մոսկվա, 1960, 1966, Երևան, 1968)։
Այնուհետև, ի մի հավաքելով անտիկ և հայկական աղբյուրների սուղ տվյալները, Գ. Սարգսյանին հաջողվել է վեր հանել Հյաստանի հողի վրա նախամեսրոպյան շրջանում գոյություն ունեցած հունալեզու պատմագրության մի ամբողջ շղթա, որը գրեթե անընդմեջ ձգվում է Տիգրան Մեծի օրերից մինչև 4-րդ դար՝ հայոց ոսկեդարի նախադուռը և, հեղինակի համոզմամբ, դարձել է 5-րդ դարում հայ ազգային պատմագրության սկզբնավորման և ծաղկման նախապայմաններից ու գործոններից մեկը (Երևան, 1969)։
Գ. Սարգսյանը շահագրգռված էր նաև լեզվաբանության խնդիրներով։ Անդրադառնալով հայ մատենագիտության ոսկե դարյան «պայթյունի» շատերին հետաքրքրող պատճառների ու նախադրյալների վիճահարույց խնդրին, նա առաջարկել է դրան նախորդող շրջանում հայ իրականության մեջ քրիստոնեական դավանանքի այլալեզու, այսինքն՝ հունարեն կամ ասոորերեն գրավոր տեքստից անմիջականորեն բանավոր հայերենով (իր առաջարկած եզրի համաձայն՝ «հետերոէպտիկ») քարոզման համակարգի էության գոյության տեսությունը։
Հայ ժողովրդի կազմավորման և հայոց հին պետականության ձևավորման հարցերը ևս չեն շրջանցվել Գ. Սարգսյանի ուսումնասիրություններում։ Հայագիտության այս կարևորագույն և, սակայն, առայժմ հստակ ձևակերպում չգտած խնդիրների մեկնաբանմանը նվիրված «Ուրարտական տերությունը և հայերը» հետազոտության մեջ (Երևան, 1988)։ Նա հստակ տարբերակելով ժողովրդի ծագումը նրա կազմավորումից, ջանացել է վերականգնել հայ ժողովրդի ազգաստեղծման գործընթացին մասնակից էթնիկական խմբերի տեղաշարժերի ժամանակագրական և աշխարհագրական շրջանակները ըստ կարելվույն պարզել դրանց պատմական համագործակցության բնույթը և կոնկրետ դրսևորումները։ Մասնավորապես նա հաջող փորձ է արել լուսաբանելու հայկականն ցեղերի ՝ Հայկական լեռնաշխարհով մեկ տարածման բնույթն ու ընթացքն Ուրարտական տերության առաջացումից առաջ, նրա գոյության օրոք և նրա անկումից հետո, ընդհուպ մինչև հայ ժողովրդի կազմավորման ավարտը և առաջին համահայկական պետության ստեղծումը։
Գ.Սարգսյանի գիտական հետաքրքրությունների շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»։ Սույն խնդիրն իր խոր և ծավալուն հարցադրումներով տևականորեն, գիտական գործունեության ամբողջ ընթացքում զբաղեցրել է նրան և քննարկվել նրա երեք մենագրություններում և տասնայակ հոդվածներում։
Գ. Սարգսյանը Խորենացու երկը դիտարկել է ավանդական խորենացիագիտության համար անսովոր հայեցակետերից, ջանալով առաջին հերթին մտնել Պատմահոր ստեղծագործական աշխարհը, աշխատանոցը. գիտնականը անմիջականորեն դիմել է «Պատմության» բուն տեքստին նրա բազմաբնույթ աղբյուրների և նրանցից Խորենացու ստացած նպաստի ճանաչմանը։ Նա պարզել է, որ արտաքին գրավոր աղբյուրները (Աստվածաշունչ, Եվսեբիոս Կեսարացու և այլն), օժանդակելով Խորենացուն համաշխարհային պատմության լայն հետնախորքի վրա իր ժողովրդի պատմության դիտարկմանը, բուն Հայաստանի համար շատ քիչ բան են տվել։ Գ. Սարգսյանը պարզել է նաև Պատմահոր ներքին, նախամաշտոցյան գրավոր հանրա հայտ աղբյուրների (Մար Աբաս Կատինայի և, ըստ Մ. Աբեղյանի՝ «Հյուսումն պիտոից մատյանի») կողքին իր կարևորագույն տեղն ունի Օղյումպ քուրմի «Մեհենական պատմությունը»։ Բանավոր աղբյուրների (առասպելների, ավանդությունների, ասքերի, երգերի) կողքին առանձնացրել է նյութական աղբյուրներից (հուշարձանների, քաղաքների, ամրոցների, ջրանցքների, ավերակների դիտարկումներից ու մտովի վերականգնումից) ստացած տեղեկությունների տեղը, պարզաբանել Խորենացու լեզվական աղբյուրների՝ հատուկ անունների ստուգաբանությունների, ինչպես և «գրական» աղբյուրների՝ իրեն դուր եկած այլևայլ մատյաններից փոխ առած «ոճական նյութի»՝ առանձին արտահայտությունների նախադասությունների ու հատվածների տեղն ու դերը։
Գ. Սարգսյանի հաջորդ քայլը դեպի Պատմահոր աշխատանոցի ընդերքը եղել է այն հարցադրման պատասխանը, թե աղբյուրների այս ճոխ ներկապնակից ստացած խայտաբղետ և, անշուշտ հաճախ նաև իրարամերժ տեղեկություններից ինչպես է Խորենացին կերտել իր «պերճ ու ողորկ»՝ ներքին հակասություններից զուրկ «Պատմությունը»։ Դարձյալ դիմելով բուն տեքստի քննությանը, Գ. Սարգսյանը հայտնաբերել է ժողովված տվյալների մշակման երկու աստիճան կամ փուլ։ Առաջին փուլում, իր չափանիշների կիրառմամբ, Խորենացին նյութը բաժանել է պիտանի (անհրաժեշտ), մասամբ պիտանի և ոչ պիտանի մասերի։ Սրանցից երրորդը նա անտեսել է, իսկ երկրորդը՝ «ճշմարտեցրել» (Պատմահոր՝ առասպելներից բանականը զտելու մեթոդին տված է Մ. Աբեղյանի հաջող բնորոշմամբ)։ Այս փուլում վերանում էր նյութի ներքին հակասականությունը։
Երկրորդ փուլը, ըստ Գ. Սարգսյանի, եղել է զտված նյութը մեծ և փոքր համակարգերի մեջ միավորելը։ Համակարգը ստեղծվել է ըստ նախապես կազմված ծրագրի։ Այսպես, նախարարական 50 տների պատմությունը գրվել է ըստ հարցաթերթիկի, որը պարունակել է մոտավորապես այսպիսի կետեր. տոհմածառի ծագումը, նրա «նախարարացումը», գրաված դիրքը, տոհմի ներկայացուցիչների բարի ու չար գործերը, ապա և տոհմի անկումը, և այս բոլորը ներկավացված են ըստ ժամանակագրության։
Գ. Սարգսյանի ապացույցներով՝ այդպես է ստեղծվել և «Պատմության» 2-րդ, 3-րդ գրքերն ընդգրկող ժամանակագրական համակարգը։ Խորենացու ժամանակագրական երկու տեսակի տվյալները (բացարձակ՝ «այսինչ արքան գահավորել է այսքան տարի» և հարաբերական՝ «այսինչ արքան գահակալել է այսինչ օտար թագավորի այնինչ տարվանից մինչև այնինչ տարին») ցրված են «Պատմության» II և III գրքերի ողջ շարադրանքով մեկ։ Հավաքելով և դասավորելով դրանք՝ ստացվում է սլացիկ, միասնական համաժամանակյա ժամանակագրական համակարգ, այսպես կոչված՝ կանոն («Մովսես Խորենացու ժամանակագրական համակարգը», Երևան, 1965), որը և կազմում է «Պատմության» ողնաշարը։ Ըստ Գ. Սարգսյանի, համակարգ են կազմում նաև Խորենացու հատուկ անունների ժողովրդական ստուգաբանությունները։
Չի շրջանցվել նաև խորենացիագիտության առանցքային համարվող առեղծվածը՝ Պատմահոր ապրելու ժամանակի խնդիրը, որպես կարևոր փաստարկ նրա՝ 5-րդ դարին պատկանելու տեսակետներին, բերելով Դավիթ Անհաղթի քաղումը Խորենացուց։
Ահա, ըստ Գ. Սարգսյանի նշված և ուրիշ համակարգերը միավորվելով և սերտաճելով մեկ գերհամակարգի, տվել են «Հայոց պատմություն» կոչվող միակտուր կոթողը (Քլիվլենդ, 1992)։
«Հայոց պատմության» բազմաթիվ շեղումները մեր իմացած հավաստի պատմությունից Գ. Սարգսյանը բացատրում էր Պատմահոր՝ հունա-հռոմեական պատմագրության դասական գործերին (Հերոդոտոս, Քսենոփոն, Ստրաբոն,Տակիտոս, Պլուտարքոս, Դիոն,Ապիանոս, Ամիանոս) անծանոթ լինելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ նա ցույց է տալիս նաև, որ իր ձեռքի տակ եղած նյութի հիման վրա Խորենացին պահպանել է ահռելի քանակությամբ հավաստի տվյալներ հայոց հնագույն պատմության, երկրի ներքին կյանքի, հեթանոսական կրոնի, բանահյուսության, պատմության պարբերացման ու ժամանակագրության, պատմագրության, այլև հարևան և հեռավոր երկրների մասին (Երևան, 1991)։
«Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խորենացին» իր մենագրության մեջ նա, անդրադառնալով Խորենացուց 3,5 և ավելի հարյուրամյակ առաջ տեղի ունեցածի՝ Պատմահորը և, ընդհանրապես միջնադարյան պատմագրությանը հասնելու ճանապարհների խնդրին, էական քայլ է արել հայտնաբերելու այդ տեղեկատվության հոսքի, բացի ժողովրդի հիշողությունից և բանահյուսությունից, նաև իրական գրավոր ուղիները, մի շարք համոզիչ փաստերով ցուցադրելով հիշյալ խնդրում Հայաստանի հեթանոսական մեհյանների, քրմության դերը։ Այսպես օրինակ, նրան հաջողվել է ցույց տալ, որ այդ ճանապարհով, մեհյաններում իրականացվող արքայական դինաստիայի պաշտամունքի բերմամբ, նրանց արխիվներում պահպանվել են և Խորենացու միջնորդությամբ մեզ են հասել ոչ միայն հայոց թագավորների մասին նյութեր, այլև Պարթև Արշակունիների՝ գիտությանը հայտնի առավել հավաստի արքայացանկը։ Նման գրավոր ուղիների բացահայտումն է, որ թույլ է տալիս Խորենացու ակներևաբար հավաստի տեղեկությունները համարել ոչ թե պատահական զուգադիպություն, այլ օրինաչափ երևույթ։
Գ. Սարգսյանի խորենացիագիտական աշխատությունների հրապարակ գալը պատմագիտական այնպիսի վերընթաց քայլ էր, որ իրենով նշանավորեց Մովսես Խորենացու և նրա «Հայոց պատմության» հետ կապված պրոբլեմների ուսումնասիրման մի նոր ու բարձր աստիճան։
Մովսես Խորենացու «Հայոց պատմության» վերաբերյալ Գ. Սարգսայնի ստեղծած ինքնատիպ հղացքը ամենասեղմ կերպով շարադրված է նրա՝ 1991 թ.Խորենացու «Հայոց պատմության»1500-ամյակի կապակցությամբ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակված փոքրիկ մենագրության մեջ։
Նույն կապակցությամբ, Հ. Էմինի թարգմանությունից 100 տարի անց, լույս տեսավ նաև «Հայոց պատմության» Գ. Սարգսյանի ռուսերեն նոր թարգմանությունը։ Աշխատանքը կատարվել է Պատմահոր օգտագործած բառագանձի, տերմինների ու արտահայտությունների համաբարբառային հետազոտության, ըստ էության ըմբռնելու, դրանց ճշգրիտ իմաստը բացահայտե լու եղանակով։ Թարգմանությունն աչքի է ընկնում և՛ գրաբար բնագրին իր հարազատությամբ, և՛ ռուսերեն ընտիր լեզվով։
Խորենացին հանգիստ չէր տալիս Գ. Սարգսյանին։ Կյանքի վաղաժամ ավարտից քիչ առաջ նա հրապարակեց «Մովսես Խորենացու Ողբը նոր մեկնաբանությամբ» հոդվածը, որտեղ ցույց է տրված, որ Ողբը, նրա երկրորդ մասը, ոչ թե հոռի իրականության վշտահար հոգու տված գնահատականն է, ինչպես բոլորը համոզված են եղել, այլ ժամանակի ոգով շարադրված և այլ գրականություններում իր զուգահեռներն ունեցող մարգարեություն, վախճանաբանական գուշակություն։
Ակադ. Գագիկ Սարգսյանն ուներ գիտնականի իր կայուն սկզբունքները, որոնք պահպանում էր սրբորեն։ Նա մշտապես հաշվի էր նստում, իր հետազոտությունների հիմքում դնում պատմական վկայությունները, փաստերը և դրանց հիման վրա եզրահանգումներ կատարում։ Նա մշտապես հակադրվել և հակադրվում էր գիտության մեջ պարզունակությանը, մակերեսայնությանը, մանավանդ գավառականությանը՝ գիտելիքի պակասը «հայրենասիրությամբ» լրացնելուն։
Որպես հայագետ և ասուրագետ Գ. Սարգսյանը քաջ հայտնի է արևելագիտական լայն շրջաններում։ Զեկուցումներով նա մասնակցել է միջազգային բազմաթիվ գիտաժողովների՝ իր երկու մասնագիտությունների գծով։ Երևանում նա կազմակերպել է անտիկ շրջանի մասնագետների «Էյրենե» միջազգային ընկերության համաժողովը (1976) Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ստեղծման 1500-ամյակի հանդիսավոր տոնակատարությունն ու միջազգային գիտաժողովը (1991)։
Գերմանիայի մասնագետների հետ համատեղ Գ. Սարգսյանը երկար տարիներ աշխատում էր «Հելլենիստական Բաբելոնիայի սոցիալ-տնտեսական պատմության սեպագրական աղբյուրներ» եռահատոր դիվանի վրա։
Վերլուծական խորքով և գնահատության պատրաստակամությամբ են առանձնանում Գ. Սարգսյանի ընդգրկուն, կողմնորոշող գրախոսություններն ակադ. Հ. Մանանդյանի՝ հին Հայաստանի քաղաքներին ու առևտրին նվիրված մենագրության երկրորդ հրատարակության (“Вестник древней истории”, 1957, № 4), ակադ. Ա. Տյումենևի՝ Շումերի պետական տնտեսությանը նվիրված ստվարածավալ մենագրության (“Вопросы истории”, 1958, № 4), Ա. Նովոսելցևի՝ Անդրկովկասի երկրներում ֆեոդա լիզմի առաջացմանը վերաբերող մենագրության (“Вопросы истории”, 1983, № 7 ինչպես և «Համաշխարհային պատմության» 1-2 հատորների (“Вопросы истории”, 1958, № 6), և «Հին աշխարհի պատմություն» եռահատորի (“Народы Азии и Африки”, 1984, № 4) վերաբերյալ։
Գ. Սարգսյանը խմբագրել և հրատարակության է պատրաստել մի շարք երևելի հայագետների՝ Ն. Ադոնցի, Հ. Մանանդյանի, Ստ. Մալխասյանցի, Թադ. Ավդալբեգյանի, Ե. Տեր-Մինասյանի, Գ. Ջահուկյանի և այլոց աշխատությունները, վճռորոշ մասնակցություն է ունեցել ընդհանրացնող աշխատությունների ստեղծմանը։ Նա «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակի ակադեմիական հրատարակության առաջին հատորի խմբագրի տեղակալն է և հելլենիստական ժամանակաշրջանի բաժնի, ինչպես և հայ ժողովրդի պատմության մեկ հատորյակների, դպրոցական դասագրքերի հին շրջանի գլուխների հեղինակը։
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում նրա՝ շուրջ քարորդդարյա տնօրինության օրոք հաստատությունը, ինչպես և արևելագիտությունը ապրեցին ծրագրված զարգացում։ Գ. Սարգսյանը կազմավորել է մի շարք գիտական նոր ուղղություններ՝ Հին Արևելքի (այժմ՝Սեպագրական քաղաքակրթությունների), Կովկասի և Բյուզանդիայի (այժմ՝ Քրիստոնիա Արևելքի) և Արևելյան աղբյուրագիտության բաժինները։ Նրա օրոք հիմնադր վել է ինստիտուտի երեք նոր մատենաշար՝ «Հին արևելք», «Կովկաս և Բյուզանդիա», «Արևելյան աղբյուրագիտություն», ինչպես և «Խուռիներ և ուրարտացիներ» մենագրությունների մատենաշարը։ Ինստիտուտն այդ շրջանում ձեռք բերեց միջազգային համարում, համալրվեց մի քանի տասնյակ երիտասարդ որակյալ մասնագետներով, որոնց մեծ մասը հմտացել է Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և Թբիլիսիի արևելագիտական կենտրոններում, ձեռք բերել երկրագիտական և լեզվական (եվրոպական և արևելյան) լավ պատրաստություն։ Գ. Սարգսյանի օրոք ու քաջալերանքով ստեղծվեց հայկական արևելագիտության դպրոցը։
Գ. Սարգսյանի գիտական ղեկավարության ներքո գրվել ու պաշտպանվել են տասնայկից ավելի ատենախոսություններ։ Ծավալուն և արդյունավետ է եղել նրա դասախոսական գործունեությունը։ Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում դասավանդել է ասուրագիտական առարկաներ և աքքադերեն (ասուրա-բաբելոներեն) լեզուն, Պատմության ֆակուլտետում վարել է «Հին հայկական պետականութ յան պատմություն» և «Հելլենիզմը Հայաստանում» դասընթացները։ Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում նա դասավանդել է Հին աշխարհի և Հայաստանի պատմություն։
Պատմաբան Գ. Սարգսյանի բանասիրական-լեզվական հիմնավոր պատրաստությունը միաձուլվում էր երևութները կուռ տրամաբանական հիմքի վրա վերլուծելու ի վերուստ տրված անուրանալի տաղանդի հետ։ Հին Հայաստանի և Հին Արևելքի պատմության ասպարեզում խոր ու լայն պատրաստության շնորհիվ գիտական հասարակությունը նրանից մշտապես նոր ծանրակշիռ ներդրումներ էր կանկալում։