Լենսեր Աբգարի Աղալովյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում 1940 թ. փետրվարի 3-ին, ուսուցչի ընտանիքում։
1956 թ. - միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ:
1961թ.- ավարտել է համալսարանը «Մեխանիկա» մասնագիտության գծով։
1961-1963 թթ. - աշխատել է նույն համալսարանի Տեսական մեխանիկայի ամբիոնում որպես ասիստենտ։
1963-1966 թթ. սովորել է ասպիրանտուրայում։
1966 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1967-1969 թթ.- աշխատել է Երևանի պետական համալսարանի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում որպես ավագ դասախոս։
1969-1987 թթ.- աշխատել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։
1980 թ.- պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։` “Асимптотические представления решений уравнений теории упругости анизотропного тела и связанные с ними прикладные теории балок, пластин и оболочек” և նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1987 թ.- մրցութային կարգով ընտրվել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն (1993,1998. 2004 թթ.–ին վերընտրվել է նույն պաշտոնում)։
1990 թ.- նրա ջանքերով ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտին կից ստեղծվել է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդ «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» և «Տեսական մեխանիկա» մասնագիտությունների գծով։
1991 թ.- նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպությունը։
1992-1996 թթ. եղել է «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահը։
1994 թ.- իր երկու աշակերտների հետ միասին արժանացել է Սորոսի միջազգային գիտական ֆոնդի (ISF) գրանտին։
1995 թ.- Հայ գիտնականների և ճարտարագետների միությունը (ԱՄՆ) նրան շնորհել է Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակ։
1995 թ.- ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ։
1996 թ.- ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս «Մեխանիկա» մասնագիտության գծով։
1997 թ.- Մոսկվայի «Նաուկա» հրատարակչության կողմից հրատարակվել է «Անիզոտրոպ սալերի և թաղանթների ասիմպտոտիկ տեսություն» լայնածավալ մենագրությունը։
2000 թ.- նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։
2005 թ.- Երևանի «Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակվել է «Անիզոտրոպ հեծանների, սալերի և թաղանթների ոչ դասական եզրային խնդիրները» լայնածավալ մենագրությունը (Աղալովյան Լ. Ա., Գևորգյան Ռ. Ս.)։
2006 թ.- ծննդյան 65 տարին լրանալու կապակցությամբ դադարեցվել են Լ. Ա. Աղալովյանի՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրենի լիազորությունները, և նա նշանակվել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդական և նույն ինստիտուտի «Բարակապատ համակարգերի մեխանիկա» բաժնի վարիչ։
2009 թ.- Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից Լ. Աղալովյանին հանձնվել է «Gold Medal For Armenia», իսկ Միջազգային կենսագրական կենտրոնի կողմից նա ճանաչվել է մեկը «Top 100 Scientists-2009»։
2015 թ.- «Համաշխարհային գիտություն» հրատարակչությունը (Սինգապուր - Լոնդոն) թարգմանաբար հրատարակել է «Asymptotic Theory of Anisotropic Plates and Shells» («Անիզոտրոպ սալերի և թաղանթների ասիմպտոտիկ տեսություն») մենագրությունը։
2016 թ.- ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։