Cover Image
close this bookՍաֆրաստյան Ռուբեն Արամի (1955)
View the documentՌ. Ա. ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՌ. Ա. ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Սաֆրաստյանը ծնվել է 1955 թ.-ի հոկտեմբերի 10-ին, Երևանում։ 1977 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը։
1980 թ. ավարտել է Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (գիտական ղեկավար՝ Հ. Գ. Ինճիկյան)։
1981 թ. աշխատանքի է անցել Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, եղել է կրտսեր, հետագայում՝ ավագ և առաջատար գիտաշխատող, Թուրքիայի ուսումնասիրման գիտական խմբի ղեկավար և Թուրքիայի բաժնի վարիչ։
1983 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Օսմանիզմի դոկտրինան Օսմանյան կայսրության քաղաքական կյանքում (19-րդ դարի 50-70-ական թթ.)», և նրան շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1988-1991 թթ. եղել է Հայաստանի ԳԱԱ Սփյուռքի ուսումնասիրման բաժնի վարիչի տեղակալի պաշտոնակատար։ 1992 թ. Ռ. Սաֆրաստյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1991-1992 թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի՝ միջազգային հարաբերությունների գծով ավագ փորձագետ։
1992-1996 թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական բաժնի վարիչի տեղակալ, մասնակցել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնադրույթների մշակման աշխատանքներին և բանակցային գործընթացներին։
1996-1997 թթ. վարել է դիվանագիտական աշխատանք Գերմանիայում՝ եղել է Բոննում ՀՀ դեսպանատան խորհրդական։
1999 թ. հաղթել է գիտական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Հումբոլդտի անվան (Գերմանիա) միջազգային գիտական մրցույթում և մեկ տարի հետազոտական աշխատանք է կատարել Գերմանիայի Բոխում քաղաքի համալսարանում։ 2001 թ. հաղթել է Ֆուլբրայթի անվան (ԱՄՆ) Միջազգային գիտական մրցույթում և մեկ տարի գիտական պրպտումներ է կատարել Կալիֆորնիայի Բըրքլի համալսարանում։
2002 թ. հաղթել է Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ, Հունգարիա) կողմից հայտարարված միջազգային քաղաքականության ուսումնասիրման գիտական մրցույթում և մեկ տարի գիտական ուսումնասիրություններ է կատարել նույն համալսարանի Քաղաքականության ուսումնասիրման կենտրոնում։
2006 թ. մրցութային կարգով ընտրվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն։
2007 թ. Ռ. Սաֆրաստյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
2008 թ. Ռ. Սաֆրաստյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։
2009 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը Օսմանյան կայսրությունում (1876-1920 թթ.)», և նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
2010 թ. պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով։
2011 թ. մրցույթով վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում։
2013 թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվոգրով։
2014 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս «Արևելագիտություն» մասնագիտության գծով։
2017 թ. հունվարին նշանակվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
2017թ. մարտին մրցույթով վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում։