Cover Image
close this bookԳոնչար Անդրեյ Ալեքսանդրովիչ (1931-)
View the documentԱ. Ա. ԳՈՆՉԱՐԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Անդրեյ Ալեքսանդրովիչ Գոնչարը ծնվել է 1931 թ. նոյեմբերի 21-ին, Սանկտ Պետերբուրգում: Հայրը՝ Ալեքսանդր Գոնչարը, ռազմական տեխնիկայի ոլորտի հայտնի մասնագետ էր, մայրը՝ Ալիսա Խանջյանը, որը ականավոր հայ պետական գործիչ Աղասի Խանջյանի քույրն էր, ուսանել էր Լենինգրադի տեխնոլոգիական ինստիտուտում: Երբ հայրը զոհ դարձավ ստալինյան ռեպրեսիաներին, ընտանիքի ողջ ծանրությունն ընկավ մոր՝ Ալիսա Խանջյանի ուսերին: 1942 թ. Լենինգրադի բլոկադայի օրերին Ալիսա Խանջյանը կարողանում է մեծ դժվարությամբ հասնել Երևան՝ հայրական տուն: Անդրեյ Գոնչարը Երևանում ապրեց մինչև 1949թ.։ Ուսում ստացավ Չկալովի անվան դպրոցում, որտեղ փայլեց մաթեմատիկական գիտելիքներով: Ի դեպ, Անդրեյ Գոնչարի մաթեմատիկայի ուսուցիչն այն նույն Ռոստոմյանն էր, որի սանն է եղել Սերգեյ Մերգելյանը:
Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո Անդրեյ Գոնչարը մեկնում է Մոսկվա՝ շարունակելու բարձրագույն կրթությունը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում:
1954 թ. գերազանցությամբ ավարտելով համալսարանը` նա դառնում է է Սերգեյ Մերգելյանի ասպիրանտը: 1957 թ. Անդրեյ Գոնչարը պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում, իսկ 1964 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը՝ Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում: Միաժամանակ նա շարունակում է մանկավարժական բեղուն գործունեությունը Մոսկվայի պետական համալսարանի ֆունկցիոնալ անալիզի և ֆունկցիաների տեսության բաժնում: 1967 թ. արժանանում է պրոֆեսորի կոչման:
Նա մշակեց Պադեի մոտարկումների տեսության ժամանակակից հիմունքները և առաջիկա շատ տարիների համար որոշեց այդ ոլորտի հետազոտությունների հիմնական ուղղությունները: Նրա կողմից երկրորդային սկզբունքային արդյունքներ ստացվեցին նաև Պադեի մոտարկումների տեսության խնդիրների հետազոտությունների բնագավառում:
Նա մշակել է ռացիոնալ մոտարկումների տեսության դասական խնդիրների լուծման սկզբունքների նոր մեթոդ:
Անդրեյ Գոնչարն ակտիվորեն զբաղվել է բազմաչափ կոմպլեքս անալիզի պրոբլեմներով: Նա ձևակերպել է մի շարք հիպոթեզներ բազմաչափ մոտարկումների և պոտենցիալների ոչ գծային տեսության վերաբերյալ՝ խթանելով վերոհիշյալ բնագավառում ակտիվ հետազոտությունների սկիզբը:
Գոնչարի աշխատանքները շաղկապում են մաթեմատիկայի այնպիսի կարևոր բաժիններ, ինչպիսիք են` մոտարկումների տեսությունը, ֆունկցիաների տեսությունը, ֆունկցիոնալ անալիզը, բազմաչափ կոմպլեքս անալիզը: Նրա ստացած արդյունքների կիրառումը խթանել է և էապես առաջ մղել սկզբունքորեն կարևոր մաթեմատիկական որոշ խնդիրների լուծումները, այդ թվում նաև՝ կիրառական բնույթի: 1972 թվականից Գոնչարը ղեկավարում է Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս փոփոխական ֆունկցիաների տեսության բաժինը: 1974թվականին Անդրեյ Գոնչարը ընտրվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1987 թ.՝ իսկական անդամ:
1988-1991 թթ. Գոնչարը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարն էր: Էական եղան Գոնչարի ջանքերը, որոնց շնորհիվ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան դարձավ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իրավահաջորդը: Առանց ցնցումների կազմակերպվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) անդամների առաջին ընտրությունը: Բարձր գնահատելով Անդրեյ Գոնչարի թե՛ գիտական մեծ տաղանդը, թե՛ կազմակերպչական հզոր ձիրքը` 1991 թ. նրան առաջարկվեց զբաղեցնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահի բարձր և պատասխանատու պաշտոնը: Այդ պաշտոնում նա մնաց մինչև 1998 թվականը:
Ներկայումս Գոնչարը շարունակում է աշխատել Մաթեմատիկայի ինստիտուտում՝ պահպանելով ՌԳԱ Նախագահության խորհրդականի իր կարգավիճակը:
Երկար տարիներ Գոնչարը եղել է «Математический сборник» կենտրոնական ամսագրի գլխավոր խմբագիրը, «Вестник Российской академи наук», «Наука в России» ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ է: Անդրեյ Գոնչարը ՌԴ նախագահին կից գիտության և բարձր տեխնոլոգիաների խորհրդի, մաթեմատիկոսների ազգային կոմիտեի անդամ է: Նա հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան գիտական հիմնադրամի ստեղծման ղեկավարներից մեկն է: Գիտության մեջ ունեցած զգալի ավանդի համար Անդրեյ. Գոնչարը երկու անգամ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, ՌԳԱ Մ. Վ. Կելդիշի անվան ոսկե մեդալով, Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակով և Դեմիդովյան ու Տրիումֆ մրցանակներով:
ՀՀ ԳԱԱ-ն, բարձր գնահատելով Անդրեյ Գոնչարի գիտական վաստակը, ինչպես նաև ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ, 2003 թվականին նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Այսօր էլ Անդրեյ Գոնչարը եռանդով աշխատում է ռուսական գիտության զարգացման և հարազատ ինստիտուտի համար: Մեծանուն գիտնականը միաժամանակ շարունակում է իր ազգանվեր գիտական գործունեությունը և համագործակցում է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ՝ իր գիտելիքներն ի սպաս դնելով հայ գիտական մտքի զարգացմանը:
Օրերս լրացավ մեծանուն մաթեմատիկոս, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Անդրեյ Գոնչարի 80-ամյակը: Ջերմորեն և սրտանց շնորհավորում ենք նշանավոր գիտնականին, ցանկանում քաջառողջություն, երջանկություն ու նորանոր հաջողություններ գիտական գործունեության ասպարեզում:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2011, դեկտեմբեր, № 12