| Հովհաննիսյան Ռիչարդ Գասպարի (1932-2023) |
|
| Ռ. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ |
|
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ
Պատմական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը
ծնվել է 1932 թ. նոյեմբերի 9-ին Կալիֆոռնիայի նահանգի Թուլերի քաղաքում: Նրա հայրը՝ Գասպար Գավրոյանը,
ծնունդով Արևմտյան Հայաստանի
Խարբերդ գավառի Բազմաշեն գյուղից
էր: Գասպարի հորը տարան «բանակ»՝
«կռվելու» Թուրքիայի թշնամիների
դեմ, իսկ գերդաստանի կանանց ու երեխաներին քշեցին դեպի Եփրատ գետ: Հենց այդ ժամանակ էլ մի քուրդ Գասպարին խլում է մոր ձեռքերից և ծառա տանում իր տուն: Սա էլ դարձավ երեխայի
փրկության, սակայն և տառապանքների
սկիզբը: 14-ամյա Գասպարը ականատես եղավ ցեղասպանության ողջ զարհուրանքին, գրեթե 2 տարի դեգերեց
Արևմտյան Հայաստանով մեկ, կռվեց
Անդրանիկի գլխավորած բանակում: 1920 թ. Կոստանդնուպոլսից փախավ
Ֆրանսիա, այնտեղից էլ՝ Միացյալ Նահանգներ: Հասնելով «Ազատության»
երկիր՝ նա որոշեց փոխել ամեն ինչ՝
հետևում թողնելով վիշտն ու անդառնալի կորուստը և հիմք դնել նոր գերդաստանի: Սահմանին պահանջեցին
անձը հաստատող փաստաթղթեր…չկար։ Հարցրեցին ազգանունը. իրեն կոչեց Հովհաննիսյան՝ վերցնելով
հոր անունը:
1925 թ. Գասպարը հասավ Թուլերի,
որտեղ ապրում էր քեռին ՝ Մանուկ Տեր-Սարգսյանը, և մեծ ագարակ ուներ: Նրա
օգնությամբ Գասպարը արագ ոտքի
կանգնեց, աշխատանք գտավ մոտակա
վարսավիրանոցում։ 1927 թ. ամուսնացավ Սիրուն Նալբանդյանի հետ: 1930-
ական թվականներին իրականացավ
Գասպարի երազանքը. նա գնեց մի հողակտոր և խաղողի այգի տնկեց:
Նրանք ունեցան 4 զավակ՝ Հովհաննես,
որ մայրը անվանափոխեց Ջոնի, Րաֆֆի՝ Ռալֆ, Ռիչարդ և վերջապես Վերնոնը
(Վարդգես): Երեխաները մեծանում էին
հոր՝ խաղողով հարուստ ագարակում՝ հաճախ վայելելով Արսեն Միքայելյանի, Սիմոն
Վրացյանի, բազմաշենցի հայրենակից Ահարոն Գրիգորյանի (Քըրք Քրքորյանի հայրը) և այլոց ներկայությունը:
1946 թ. աշնանը Ռիչարդը ընդունվեց
Թուլերի Յունյոն ավագ դպրոցը և հասկացավ, որ ուզում է զբաղվել պատմությամբ ու դառնալ ուսուցիչ: 1950 թ.
Ռիչարդը ճանաչվեց Թուլերի Յունյոն ավագ դպրոցի լավագույն աշակերտ և
ստացավ ավարտական ճառն ասելու իրավունքը: Հետագա ուսումը շարունակելու համար նա մեկնեց Ֆրեզնո: Ռիչարդը իր արտաքին տվյալների շնորհիվ՝ կանաչաչյա, սպիտակ մաշկով, ամերիկյան բարբառով և փոքր քթով երիտասարդը արագ տեղ էր գտնում ամերիկյան հասարակության մեջ: Ռիչարդն
իր հայկական ինքնության աղբյուրը
գտավ Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն
հայ առաքելական եկեղեցում, որտեղ
նա մասնակցում էր երգչախմբում:
Ֆրեզնոյի ՀՅԴ և Ասպարեզ օրաթերթերի գրասենյակներում նա հաճախում էր
Հայ երիտասարդաց դաշնակցության
հանդիպումներին:
Ֆրեզնոյի համալսարանում պրոֆեսոր Հերբերթ Ֆիլիփսի դասախոսությունների շնորհիվ նա հասկացավ, որ
պատմությունը մեռնում է միայն այն ժամանակ, երբ մոռացվում է: 1952 թ. սեպտեմբերին իրականացավ երիտասարդ
Ռիչարդի փայփայած երազանքը. նա
ընդունվեց Բերկլիի համալսարան:
1953 թ. նա ընտրվեց Հայ երիտասարդաց դաշնակցության Արևմտյան ափի
խորհրդի նախագահ։ Մինչ Ռիչարդը ամերիկահայ երիտասարդների մեջ հայոց ազգային ոգի էր սերմանում, սկսեց
վերանայել նաև իր ապագան ՀՅԴ-ում։
1952 թ. տակավին երիտասարդ Ռիչարդը մասնակցեց Սան Ֆրանցիսկոյում
համայնքի շրջանակներում տեղի ունեցող մի քննարկման, որտեղ բանախոսը
Սիմոն Վրացյանն էր: Զրույցի ժամանակ
Վրացյանը նրան առաջարկեց մեկնել Լիբանան՝ Նշան Փարաջյանի համազգային ճեմարան, անցկացնել մեկ տարի և
սովորել հայերեն:
1954 թ. Ռիչարդ Հովհաննիսյանը ավարտեց Բերքլիի համալսարանը և մեկ
տարի անց՝ 1955թ., հետևեց Վրացյանի
խորհրդին և մեկնեց Լիբանան: Լիբանանում ճեմարանի ուսանողները նրան ընդունեցին մեծ ջերմությամμ: Նրանց մեջ
էր և Վարդան Գրիգորյանը (ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, նրա մասին
նյութը կարող եք կարդալ 2012, 2-րդ համարում), որն իր վրա էր վերցրել
արևելահայերենի և արևմտահայերենի
տարբերությունները սովորեցնելու գործը:
Արդեն 1956 թ., հեռանալով Բեյրութից,
Ռիչարդը վարժ խոսում և գրում էր
հայերեն:
1957 թ. Ռիչարդը ամուսնացավ իր վաղեմի ընկերուհու և արդեն բժշկուհի Վարդիթերի հետ, ում ճանաչում էր դեռևս 1950
թ.: Այդ ամուսնությունից ծնվեցին Րաֆֆին,
Արմենը, Անին և Կարոն:
Ռիչարդը սկզբից դասավանդեց
Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում. ուսուցանում էր աշխարհագրություն,
պատմություն և անգլերեն լեզու: Սակայն նա անդադար մտածում էր Հայաստանի (թեկուզ և այն խորհրդային էր)
մասին և ցանկանում էր իր աչքով տեսնել Ավետյաց երկիրը: 1959 թ. ամռանը
Ռիչարդը առաջին անգամ ժամանեց
Խորհրդային Հայաստան։
1962 թ. Ռիչարդ Հովհաննիսյանը
Գուստավ ֆոն Գրունեբաումից՝ UCLA-ի
Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի տնօրենից, առաջարկ
ստացավ աշխատել իրենց համալսարանում՝ միաժամանակ լծվելով թեկնածուական ատենախոսության պատրաստմանը: 1966 թ. նա մեծ հաջողությամբ պաշտպանեց գիտական թեզը՝
«Հայաստանը անկախության ճանապարհին» թեմայով: 1968 թ. գարնանը
Ռիչարդ Հովհաննիսյանի անմիջական
մասնակցությամբ Լոս Անջելեսի մոտ՝
Մոնթեբելլոյի Բիքնել զբոսայգում, ութասյուն հուշարձան բացվեց, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության անմեղ
զոհերի հիշատակին: Այդ օրը նրան հաջողվեց մի պահ համախմμել ԱՄՆ-ի բոլոր
հայերին՝ անկախ կուսակցական կամ անձնական տարաձայնություններից:
1972 թ. Ռիչարդ Հովհաննիսյանը
դարձավ Հայաստանի և Մերձավոր
Արևելքի պատմության պրոֆեսոր: Նա
զբաղեցրեց Հայոց և կովկասյան պատմության բակալավրի, մագիստրոսի և
գիտությունների թեկնածուների կոչումներ շնորհող ծրագրերի ղեկավարի
պաշտոնը (1962-ից), նա Հայ կրթական
հիմնարկության հայ ժողովրդի արդի
պատմության ամբիոնի առաջին վարիչն
էր (1987-ից), Հայագիտական հետազոտությունների ընկերության հիմնադիր
նախագահն էր (1974, 1977, 1991–1992,
2006-2009): Նա Գուգենհայմի պատվավոր գիտնական է:
Ռիչարդ Հովհաննիսյանը 60-ից ավելի գիտական հոդվածների և մոտ 20
մենագրությունների հեղինակ է, որոնցից
խիստ արժեքավոր են Հայաստանը
անկախության ճանապարհին (1967),
Հայաստանի Հանրապետություն, քառահատորյակ (1981-1996), Հայոց Ցեղասպանությունը (1980), Հայկական պատկերը պատմության ու գրականության
մեջ (1981), Հայոց ցեղասպանությունը.
Պատմություն, քաղաքականություն, էթիկա (1992), Հայ ժողովուրդը հնագույն
շրջանից մինչ ժամանակակից շրջան
երկհատորյակ (1997), Հիշողություն և
մերժում. Հայոց ցեղասպանության
խնդիրը (1998), Հայոց ցեղասպանությունը.
մշակութային և բարոյական ժառանգությունը և այլն: Այսօր մեծ հայագետը լծված է նոր գործի, խմբագրում
է պատմական Հայաստանի քաղաքների
և նահանգների պատմությունը, որոնց
մեջ ներառված են Հայկական Վան/Վասպուրական, Հայկական Բաղեշ (Բիթլիս և
Տարոն), Մուշ, Հայկական Խարբերդ,
Հայկական Կարին, Հայկական Կիլիկիա,
Հայկական Կարս և Անի, Հայկական
Զմյուռնիա/Իզմիր և այլն:
1982 թ. նա արժանացել է սուրբ Մեսրոպ
Մաշտոց շքանշանին Մեծի Տանն
Կիլիկիո կաթողիկոս Գարեգին 2-ի
(Սարգսյանի) կողմից, 2001 թ. Ամենայն
հայոց կաթողիկոս Գարեգին 2-ը (Ներսիսյ
ան) նրան շնորհեց Սուրբ Սահակ և
Մեսրոպ շքանշանը, 2001 թ. Նորին
սրբություն Արամ 1-ի կողմից նրան
շնորհվեց Կիլիկիո ասպետ շքանշանը:
Ռիչարդ Հովհաննիսյանը մինչ այսօր
էլ հնարավորության դեպքում սիրով
գալիս է Հայաստան և կիսվում իր գիտելիքներով հայ երիտասարդ մասնագետների և գիտնականների հետ: Վերջին
նման հանդիպումը տեղի ունեցավ 2011
թ. նոյեմբերի19-ին, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնում, որտեղ նա կարդաց ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի
իրավարար վճռին նվիրված դասախոսություն:
Հաշվի առնելով Ռիչարդ Հովհաննիսյանի գիտական, մանկավարժական,
հայապահպանության գործում ունեցած
մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիան 1990
թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ի դեպ, նա հասարակագիտության բնագավառի առաջին
գիտնականներից մեկն էր, ով ընտրվեց
ԳԱԱ արտասահմանյան անդամ: 1994 թ.
նա դարձավ Երևանի պետական համալսարանի, իսկ 1997 թ.՝ Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտոր:
2012 թ. նոյեմբերի 9-ին լրացավ մեծանուն հայի և վաստակաշատ գիտնականի
80-ամյակը, ինչի կապակցությամբ ՀՀ ԳԱԱ
նախագահությունը ջերմորեն շնորհավորեց նշանավոր պատմաբանին:
Ռիչարդ Հովհաննիսյանը մեծ
ջանքեր է ներդել հայապահպանության, ցեղասպանության ճանաչման գործում:
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար
«Գիտություն» 2012, դեկտեմբեր, № 12