Cover Image
close this bookՀովհաննիսյան Ռիչարդ Գասպարի (1932-2023)
View the documentՌ. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը ծնվել է 1932 թ. նոյեմբերի 9-ին Կալիֆոռնիայի նահանգի Թուլերի քաղաքում: Նրա հայրը՝ Գասպար Գավրոյանը, ծնունդով Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառի Բազմաշեն գյուղից էր: Գասպարի հորը տարան «բանակ»՝ «կռվելու» Թուրքիայի թշնամիների դեմ, իսկ գերդաստանի կանանց ու երեխաներին քշեցին դեպի Եփրատ գետ: Հենց այդ ժամանակ էլ մի քուրդ Գասպարին խլում է մոր ձեռքերից և ծառա տանում իր տուն: Սա էլ դարձավ երեխայի փրկության, սակայն և տառապանքների սկիզբը: 14-ամյա Գասպարը ականատես եղավ ցեղասպանության ողջ զարհուրանքին, գրեթե 2 տարի դեգերեց Արևմտյան Հայաստանով մեկ, կռվեց Անդրանիկի գլխավորած բանակում: 1920 թ. Կոստանդնուպոլսից փախավ Ֆրանսիա, այնտեղից էլ՝ Միացյալ Նահանգներ: Հասնելով «Ազատության» երկիր՝ նա որոշեց փոխել ամեն ինչ՝ հետևում թողնելով վիշտն ու անդառնալի կորուստը և հիմք դնել նոր գերդաստանի: Սահմանին պահանջեցին անձը հաստատող փաստաթղթեր…չկար։ Հարցրեցին ազգանունը. իրեն կոչեց Հովհաննիսյան՝ վերցնելով հոր անունը:
1925 թ. Գասպարը հասավ Թուլերի, որտեղ ապրում էր քեռին ՝ Մանուկ Տեր-Սարգսյանը, և մեծ ագարակ ուներ: Նրա օգնությամբ Գասպարը արագ ոտքի կանգնեց, աշխատանք գտավ մոտակա վարսավիրանոցում։ 1927 թ. ամուսնացավ Սիրուն Նալբանդյանի հետ: 1930- ական թվականներին իրականացավ Գասպարի երազանքը. նա գնեց մի հողակտոր և խաղողի այգի տնկեց: Նրանք ունեցան 4 զավակ՝ Հովհաննես, որ մայրը անվանափոխեց Ջոնի, Րաֆֆի՝ Ռալֆ, Ռիչարդ և վերջապես Վերնոնը (Վարդգես): Երեխաները մեծանում էին հոր՝ խաղողով հարուստ ագարակում՝ հաճախ վայելելով Արսեն Միքայելյանի, Սիմոն Վրացյանի, բազմաշենցի հայրենակից Ահարոն Գրիգորյանի (Քըրք Քրքորյանի հայրը) և այլոց ներկայությունը:
1946 թ. աշնանը Ռիչարդը ընդունվեց Թուլերի Յունյոն ավագ դպրոցը և հասկացավ, որ ուզում է զբաղվել պատմությամբ ու դառնալ ուսուցիչ: 1950 թ. Ռիչարդը ճանաչվեց Թուլերի Յունյոն ավագ դպրոցի լավագույն աշակերտ և ստացավ ավարտական ճառն ասելու իրավունքը: Հետագա ուսումը շարունակելու համար նա մեկնեց Ֆրեզնո: Ռիչարդը իր արտաքին տվյալների շնորհիվ՝ կանաչաչյա, սպիտակ մաշկով, ամերիկյան բարբառով և փոքր քթով երիտասարդը արագ տեղ էր գտնում ամերիկյան հասարակության մեջ: Ռիչարդն իր հայկական ինքնության աղբյուրը գտավ Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում, որտեղ նա մասնակցում էր երգչախմբում: Ֆրեզնոյի ՀՅԴ և Ասպարեզ օրաթերթերի գրասենյակներում նա հաճախում էր Հայ երիտասարդաց դաշնակցության հանդիպումներին:
Ֆրեզնոյի համալսարանում պրոֆեսոր Հերբերթ Ֆիլիփսի դասախոսությունների շնորհիվ նա հասկացավ, որ պատմությունը մեռնում է միայն այն ժամանակ, երբ մոռացվում է: 1952 թ. սեպտեմբերին իրականացավ երիտասարդ Ռիչարդի փայփայած երազանքը. նա ընդունվեց Բերկլիի համալսարան: 1953 թ. նա ընտրվեց Հայ երիտասարդաց դաշնակցության Արևմտյան ափի խորհրդի նախագահ։ Մինչ Ռիչարդը ամերիկահայ երիտասարդների մեջ հայոց ազգային ոգի էր սերմանում, սկսեց վերանայել նաև իր ապագան ՀՅԴ-ում։
1952 թ. տակավին երիտասարդ Ռիչարդը մասնակցեց Սան Ֆրանցիսկոյում համայնքի շրջանակներում տեղի ունեցող մի քննարկման, որտեղ բանախոսը Սիմոն Վրացյանն էր: Զրույցի ժամանակ Վրացյանը նրան առաջարկեց մեկնել Լիբանան՝ Նշան Փարաջյանի համազգային ճեմարան, անցկացնել մեկ տարի և սովորել հայերեն:
1954 թ. Ռիչարդ Հովհաննիսյանը ավարտեց Բերքլիի համալսարանը և մեկ տարի անց՝ 1955թ., հետևեց Վրացյանի խորհրդին և մեկնեց Լիբանան: Լիբանանում ճեմարանի ուսանողները նրան ընդունեցին մեծ ջերմությամμ: Նրանց մեջ էր և Վարդան Գրիգորյանը (ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, նրա մասին նյութը կարող եք կարդալ 2012, 2-րդ համարում), որն իր վրա էր վերցրել արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունները սովորեցնելու գործը: Արդեն 1956 թ., հեռանալով Բեյրութից, Ռիչարդը վարժ խոսում և գրում էր հայերեն:
1957 թ. Ռիչարդը ամուսնացավ իր վաղեմի ընկերուհու և արդեն բժշկուհի Վարդիթերի հետ, ում ճանաչում էր դեռևս 1950 թ.: Այդ ամուսնությունից ծնվեցին Րաֆֆին, Արմենը, Անին և Կարոն:
Ռիչարդը սկզբից դասավանդեց Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում. ուսուցանում էր աշխարհագրություն, պատմություն և անգլերեն լեզու: Սակայն նա անդադար մտածում էր Հայաստանի (թեկուզ և այն խորհրդային էր) մասին և ցանկանում էր իր աչքով տեսնել Ավետյաց երկիրը: 1959 թ. ամռանը Ռիչարդը առաջին անգամ ժամանեց Խորհրդային Հայաստան։
1962 թ. Ռիչարդ Հովհաննիսյանը Գուստավ ֆոն Գրունեբաումից՝ UCLA-ի Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի տնօրենից, առաջարկ ստացավ աշխատել իրենց համալսարանում՝ միաժամանակ լծվելով թեկնածուական ատենախոսության պատրաստմանը: 1966 թ. նա մեծ հաջողությամբ պաշտպանեց գիտական թեզը՝ «Հայաստանը անկախության ճանապարհին» թեմայով: 1968 թ. գարնանը Ռիչարդ Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ Լոս Անջելեսի մոտ՝ Մոնթեբելլոյի Բիքնել զբոսայգում, ութասյուն հուշարձան բացվեց, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այդ օրը նրան հաջողվեց մի պահ համախմμել ԱՄՆ-ի բոլոր հայերին՝ անկախ կուսակցական կամ անձնական տարաձայնություններից:
1972 թ. Ռիչարդ Հովհաննիսյանը դարձավ Հայաստանի և Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր: Նա զբաղեցրեց Հայոց և կովկասյան պատմության բակալավրի, մագիստրոսի և գիտությունների թեկնածուների կոչումներ շնորհող ծրագրերի ղեկավարի պաշտոնը (1962-ից), նա Հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի առաջին վարիչն էր (1987-ից), Հայագիտական հետազոտությունների ընկերության հիմնադիր նախագահն էր (1974, 1977, 1991–1992, 2006-2009): Նա Գուգենհայմի պատվավոր գիտնական է:
Ռիչարդ Հովհաննիսյանը 60-ից ավելի գիտական հոդվածների և մոտ 20 մենագրությունների հեղինակ է, որոնցից խիստ արժեքավոր են Հայաստանը անկախության ճանապարհին (1967), Հայաստանի Հանրապետություն, քառահատորյակ (1981-1996), Հայոց Ցեղասպանությունը (1980), Հայկական պատկերը պատմության ու գրականության մեջ (1981), Հայոց ցեղասպանությունը. Պատմություն, քաղաքականություն, էթիկա (1992), Հայ ժողովուրդը հնագույն շրջանից մինչ ժամանակակից շրջան երկհատորյակ (1997), Հիշողություն և մերժում. Հայոց ցեղասպանության խնդիրը (1998), Հայոց ցեղասպանությունը. մշակութային և բարոյական ժառանգությունը և այլն: Այսօր մեծ հայագետը լծված է նոր գործի, խմբագրում է պատմական Հայաստանի քաղաքների և նահանգների պատմությունը, որոնց մեջ ներառված են Հայկական Վան/Վասպուրական, Հայկական Բաղեշ (Բիթլիս և Տարոն), Մուշ, Հայկական Խարբերդ, Հայկական Կարին, Հայկական Կիլիկիա, Հայկական Կարս և Անի, Հայկական Զմյուռնիա/Իզմիր և այլն:
1982 թ. նա արժանացել է սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին 2-ի (Սարգսյանի) կողմից, 2001 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ը (Ներսիսյ ան) նրան շնորհեց Սուրբ Սահակ և Մեսրոպ շքանշանը, 2001 թ. Նորին սրբություն Արամ 1-ի կողմից նրան շնորհվեց Կիլիկիո ասպետ շքանշանը:
Ռիչարդ Հովհաննիսյանը մինչ այսօր էլ հնարավորության դեպքում սիրով գալիս է Հայաստան և կիսվում իր գիտելիքներով հայ երիտասարդ մասնագետների և գիտնականների հետ: Վերջին նման հանդիպումը տեղի ունեցավ 2011 թ. նոյեմբերի19-ին, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնում, որտեղ նա կարդաց ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին նվիրված դասախոսություն:
Հաշվի առնելով Ռիչարդ Հովհաննիսյանի գիտական, մանկավարժական, հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիան 1990 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ի դեպ, նա հասարակագիտության բնագավառի առաջին գիտնականներից մեկն էր, ով ընտրվեց ԳԱԱ արտասահմանյան անդամ: 1994 թ. նա դարձավ Երևանի պետական համալսարանի, իսկ 1997 թ.՝ Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտոր:
2012 թ. նոյեմբերի 9-ին լրացավ մեծանուն հայի և վաստակաշատ գիտնականի 80-ամյակը, ինչի կապակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահությունը ջերմորեն շնորհավորեց նշանավոր պատմաբանին:
Ռիչարդ Հովհաննիսյանը մեծ ջանքեր է ներդել հայապահպանության, ցեղասպանության ճանաչման գործում:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2012, դեկտեմբեր, № 12