Cover Image
close this bookՂարիբյան Գրիգոր Մարգարի (1924-1991)
View the documentԳ. Մ. ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԳ. Մ. ՂԱՐԻԲՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գրիգոր Մարգարի Ղարիբյանը ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում` բժշկի ընտանիքում: 1943 թ. ավարտելով Բաքվի թիվ 16 միջնակարգ դպրոցը` Գ.Մ. Ղարիբյանը մեկնում է Երևան և նույն տարում ընդունվում պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը: Այստեղ Ա. Լ. Շահինյանի և Ա.Ա. Հակոբյանի դասախոսությունները ունկնդրելով` Գ.Մ. Ղարիբյանը որոշում է փոխադրվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, որտեղ և տեղի է ունենում նրա հետաքրքրությունների հետագա ձևավորումը: Նրան ավելի է գրավում տեսական ֆիզիկան: Մեկ տարի անց Գ.Մ. Ղարիբյանը փոխադրվում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Նրա համակուրսեցիներից ու ընկերներից հետագայում սովետական խոշոր գիտնականներ դարձան Ս.Ն. Մերգելյանը, Ռ.Վ. Խոխլովը, Ա.Ա. Աբրիկոսովը, Դ.Վ. Շիրկովը, Յու.Մ. Շիրոկովը, Վ.Ի. Գրիգորևը և ուրիշներ: Նրա դիպլոմային աշխատանքը ղեկավարում էր պրոֆ. Յ.Պ. Տերլեցկին: Մասնիկի կիսառելատիվիստական հավասարմանը նվիրված այդ աշխատանքում առաջադրվում էր մասնիկների շարժումը ներկայացնող մոտավոր հավասարում` շարժման ռելատիվիստական բնույթի որոշակի հաշվառմամբ: Աշխատանքը Գ.Մ.Ղարիբյանի առաջին գիտական հրապարակումն էր:

1948 թ. գերազանցությամբ ավարտելով Մոսկվայի պետհամալսարանը` Գ.Մ. Ղարիբյանը վերադառնում է Երևան և ընդունվում Հայկական ՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: Ուսումնառությունն ընթանում էր Մոսկվայում, սովետական խոշորագույն ֆիզիկոս-տեսաբան պրոֆ. Ի.Յ. Պոմերանչուկի ղեկավարությամբ, որն իր ասպիրանտին ճանաչում էր դեռ ուսանողական տարիներից: Դեռևս համալսարանի 5-րդ կուրսում պրոֆեսորը նրան առաջարկել էր հաշվել -ճառագայթների ներքին կոնվերսիայի գործակիցները, նկատի ունենալով այն ժամանակ Լենինգրադում անցկացվող փորձերը: Այդ աշխատանքը, սակայն, մնաց անավարտ, քանի որ փորձնական տվյալների հավաստիության նկատմամբ համոզվածություն չկար: Այն հետագայում միայն ավարտվեց և հրապարակվեց:

Ասպիրանտուրայում ուսանելու տարիներին Գ.Մ. Ղարիբյանը հանգամանորեն ուսումնասիրում է ֆոտոնի կողմից էլեկտրոն-պոզիտրոնային զույգի ծնունդը էլեկտրոնի դաշտում և էլեկտրոնի արգելակային ճառագայթումը էլեկտրոնի և պոզիտրոնի վրա ցրման ժամանակ:

Գիտական գործունեության հենց սկզբից Գ.Մ. Ղարիբյանը մեծապես հետաքրքրվում է փորձարարների մոտ ծագող պրոբլեմներով: Նրա ուշադրությունը գրավում է նյութի շերտի միջով անցնելու ընթացքում մասնիկի զանգվածը որոշելու և իոնացման վրա ծախսվող էներգիայի հարցը, որը լուծվեց հաջողությամբ:

Ատենախոսությունը պաշտպանելուց հետո Գ.Մ. Ղարիբյանը վերադառնում է Երևան և աշխատանքի անցնում ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում, որի հետ և կապվում է նրա հետագա գիտական գործունեությունը: 1952 թ. նա նշանակվում է ինստիտուտի գիտքարտուղար: Այդ տարիներին ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում հետազոտությունները հիմնականում տարվում էին տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ֆիզիկայի ուղղությամբ, և Գ.Մ. Ղարիբյանն ակտիվորեն ներգրավվում է այդ աշխատանքներում: Ի.Ի. Գոլդմանի հետ համատեղ նա լուծում է մի հետաքրքիր խնդիր, որտեղ տիեզերական նյուտոնների հայտնի սպեկտրների հիման վրա տարբեր բարձրություններում գուշակվում էին տիեզերական ճառագայթման մեզոնների էներգետիկ սպեկտրները մթնոլորտում: Աշխատանքը բարձր գնահատական է ստանում և 1954 թ. արժանանում է ՍՍՀՄ ԳԱ նախագահության մրցանակին: Ակադեմիկոս Ղարիբյանի գիտական դպրոցի վաստակի ճանաչման դրսևորում հանդիսացան 1977 և 1983 թթ. Երևանում անցկացված միջազգային սիմպոզիումները` նվիրված բարձր էներգիաների մասնիկների անցումային ճառագայթմանը: Այդ սիմպոզիումներին մասնակցեցին աշխարհի շատ երկրների անվանի գիտնականներ: Լինելով Հայաստանում տեսական ֆիզիկայի առաջնեկներից մեկը` Գ.Մ. Ղարիբյանը հանդես է եկել մամուլում Հայաստանում ֆիզիկայի զարգացման ուղիների մասին հոդվածներով: Նա մեծ հետաքրքրություն է ունեցել ֆիզիկայի պատմության նկատմամբ և ակտիվորեն մասնակցել է գիտության պատմությանը նվիրված գիտաժողովների աշխատանքներին:

Գ.Մ. Ղարիբյանը ավելի քան 160 տպագիր աշխատանքի հեղինակ է: Անցումային ճառագայթման բազմամյա հետազոտությունների արդյունքները ամփոփվել են նրա` Յան Շիի հեղինակակցությամբ իրականացված «Ռենտգենյան անցումային Ճառագայթումը» մենագրության մեջ, որը լույս է տեսել 1983 թ.: Լարված գիտական աշխատանքը գիտնականը հաջողությամբ համատեղել է դասախոսական գործունեությանը` սկսած 1949 թ. Երևանի պետական համալսարանում: Նրա բազմաթիվ ուսանողներից շատերը դարձել են հայտնի գիտնականներ` շնորհիվ պրոֆեսոր Ղարիբյանի կողմից մատուցվող դասախոսությունների խորքայնության և մեթոդական մանրազնին մշակվածության:

Գ.Մ. Ղարիբյանի գիտակազմակերպական գործունեությունը սկսվել է թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից գրեթե անմիջապես հետո: Նա երկար տարիներ եղել է ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի գիտքարտուղարը, գիտական գծով փոխտնօրեն, լաբորատորիայի ղեկավար: Մի քանի տարի նա գլխավորել է ՀՍՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժինը և շատ բան է արել տեսաբան-մասնագետներ պատրաստելու գործում: Նա ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել նոր գիտական կենտրոնի` ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի ստեղծմանը` 1984 թվականին: 1963 թ. Գ.Մ. Ղարիբյանը ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971 թ.` Ակադեմիկոս, իսկ 1973 թ.` ՀՍՍՀ ԳԱ նախագահության անդամ և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: Նա մի քանի գիտական խորհուրդների անդամ էր և ղեկավարում էր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան շնորհող մասնագիտացված խորհուրդը` ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում:

1966 թ. ակադեմիկոս Ղարիբյանը նշանակվել է նորաստեղծ գիտական ամսագրի` «Հայկական ՍՍՀ ԳԱ տեղեկագիր. Ֆիզիկա» -ի պատասխանատու խմբագիր: Նրա ջանքերի շնորհիվ ամսագիրը դարձել է Հայաստանի ֆիզիկոսների համար հեղինակավոր պարբերական: 1984 թվականից ամսագիրը անգլերեն է թարգմանվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Գ.Մ. Ղարիբյանի գիտական ու գիտակազմակերպական գործունեությունը բազմիցս արժանացել է կառավարական բարձր պարգևների: Գիտությանը անսահմանորեն նվիրված գիտնականը իրեն հատուկ հոգեկան շռայլությամբ հաղորդում էր իր հարուստ փորձն ու գիտելիքները երիտասարդ աշխատակիցներին` միշտ ուժ և ժամանակ գտնում նրանց օգնելու: