Ակադեմիկոս Ռուբեն ՍարգսիՎարդանյանը ծնվել է 1949թ. մարտի 20-ին Երևանում: Տ. Գ.
Շևչենկոյի անվան №42 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո 1966 թ.
ընդունվել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտելով, 1971թ. ընդունվել
է ասպիրանտուրա (ԽՍՀՄ, ԳԱ ՕՔԻ, Մոսկվա) պրոֆ. Վ. Ֆ. Կուչերովի ղեկավարությամբ:
1974թ., սահմանված ժամկետից վաղ, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
Դեռևս ուսանողական տարիներին, սկսած 1969 թվականից, Ռ. Ս. Վարդանյանը երեկոյան
հերթափոխով աշխատանքի է ընդունվել ՀՍՍՀ ԳԱ ՆՕՔԻ ռենտգենոկառուցվածքային
անալիզի լաբորատորիայում: Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո
Ռ. Ս. Վարդանյանի գիտական հետաքրքրությունները կենտրոնացել են ցավազրկման
հիմնախնդիրների վրա: Նրա աշխատանքների արդյունքում ստեղծվեց նոր, հզոր ցավազրկող
դեղամիջոց Ֆենարիդինը, որը հաստատվեց ԽՍՀՄ Դեղագործական Կոմիտեի կողմից:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի օփիոիդային շարքի ցավազրկողների
անտագոնիստ Ֆենէտամի ստեղծումը: Այս, իր տեսակի մեջ առաջին, եզակի միացությունը
ստացավ ԽՍՀՄ Դեղագործական Կոմիտեի կողմից կլինիկական փորձարկման
թույլատվություն: ԽՍՀՄ ԲԳԱ Դեղագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն,
ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Ա. Վ. Վալդմանի նախաձեռնությամբ 1984 թ. ԽՍՀՄ ԳՏՊԿ
թիրախային ֆինանսավորում հատկացվեց ՀՍՍՀ ԳԱ ՆՕՔԻ Ռ. Ս. Վարդանյանի
լաբորատորիայի ստեղծման համար:
Արդեն նորաստեղծ լաբորատորիայում սինթեզվեց հակաառիթմիկ Դիպիֆեն
դեղամիջոցը, որը հաջողությամբ անցավ նախակլինիկական փորձարկումները: Ցավոք
սրտի, բոլոր երեք դեղամիջոցներն էլ նպատակաուղղված և հաջողությամբ թաղվեցին
ՆՕՔԻ նոր մենեջմենթի կողմից՝ վերակառուցման փլատակների տակ:
Զուգահեռ այս հետազոտություններին, որոնք հիմնված էին հագեցած հետերոցիկլիկ
միացությունների ֆունկցիոնալ-տեղակալված ածանցյալների սինթեզի և
փոխարկումների վրա, առաջին անգամ առաջարկվեցին և մշակվեցին
պիպերիդինիազա-նմանակների` հեքսահիդրոպիրիդազինների սինթեզի մի շարք
էլեգանտ մեթոդներ: Հայտնաբերվեցին նախկինում անհայտ վերախմբավորումներ` 5-
էտօքսիկարբոնիլ-պիրիմիդինների վերախմբավորումը 5-ացետիլ-4-
հիդրօքսիպիրիմիդինների և 5-(α-ալկիլթիո) բենզիլամինո-պիրազոլների
վերախմբավորումը 4-(α-ալկիլթիո) բենզիլ-5-ամինոպիրազոլների:
Այս հետազոտությունների արդյունքների հիման վրա լաբորատորիայում
պաշտպանվեցին 8 թեկնածուական ատենախոսություն, իսկ 1985թ. Ռ. Ս. Վարդանյանը
պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը: 1988թ. ԽՍՀՄ ԲՈՀ-ը Ռ. Ս.
Վարդանյանին շնորհեց պրոֆեսորի գիտական կոչում: 1990թ. Ռ. Ս. Վարդանյանը
ընտրվեց ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1996թ.`ակադեմիկոս: 1992թ. ակադեմիկոս Է.
Ս. Գաբրիելյանը Ռ. Ս. Վարդանյանին հրավիրեց մասնակցելու ՀՀ ԱՆ Դեղամիջոցների
և Բժշկական Տեխնոլոգիաների Գործակալության (ԴԲՏԳ) ստեղծմանը որպես տնօրենի
առաջին տեղակալ, որտեղ նա աշխատեց մինչև 1998թ.`համատեղելով այս
գործունեությունը իր լաբորատորիայի ղեկավարման հետ:
Բազմաթիվ ապարդյուն փորձերից հետո՝ ղեկավարության ուշադրությունը հրավիրելու
ՆՕՔԻ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությանը, մասնավորապես,
ինստիտուտի արտադրական մասը դեղագործական ֆիրմայի, իսկ հետազոտականը`
հզորագույն հետազոտական հենքով դեղագործական ԲՈՒՀ-ի վերափոխելու, 1995 թ. Ռ. Ս.
Վարդանյանը իր լաբորատորիայի մի մասը տեղափոխեց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ, որտեղ
կարողացավ մասամբ իրագործել Հայաստանում դեղագործական ԲՈՒՀ-ի ստեղծման իր
գաղափարը` հիմնադրել և ստեղծել դեղագործական քիմիայի ամբիոն: Այն ներկայումս
վերափոխված է ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի և ղեկավարվում է ՀՀ ԳԱԱ ներկայիս
նախագահ Ա.Ս. Սաղյանի կողմից:
Այստեղ նա մշակեց սկզբունքորեն նոր ուսուցման համակարգ, որը շեշտը դնում էր ոչ
թե պարզապես դեղագործ-դեղագետների ավանդական պատրաստման վրա, այլ
ծրագրում էր պատրաստել բժշկական քիմիայի մասնագետներ` դեղամիջոցների
պոտենցիալ ստեղծողներ: Այս նպատակով Ռ. Ս. Վարդանյանը ստեղծեց
դասախոսությունների հատուկ շարք, որը ներկայացնում էր դեղամիջոցների
արարիչների հարուստ ներկապնակը և ուսանողներին ծանոթացնում էր դեղերի
սինթեզի աշխարհին: Ավելի ուշ այդ դասընթացը հիմք հանդիսացավ Ռ. Ս.
Վարդանյանի «Синтез основных лекарственных средств» գրքի համար, որը լույս
ընծայվեց 2004թ. Բժշկական տեղեկատվական գործակալության հրատարակչության
կողմից (Մոսկվա), որը մասնագիտանում էր բժշկական-կենսաբանական ոլորտի
գրքերի և դասագրքերի հրատարակման վրա: Դառնալով հրատարակչության
բեստսելլեր` գիրքը վերահրատարակվեց 2005թ.:
ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ ԱՊՀ երկրներում սկսվեց խորհրդային գիտության
համակարգային ճգնաժամ, Ռ. Ս. Վարդանյանր իր հետազոտական ներուժը կիրառեց
աշխարհի մի շարք համալսարաններում` Universidadede Santiago de Compostela
(Իսպանիա), University of Paris-Sud (University of Paris XI) (Ֆրանսիա), University of
Cambridge (ՄեծԲրիտանիա), University of Rhode Island (ԱՄՆ), University of California,
Los Angeles (ԱՄՆ):
2002թ., հետազոտական դրամաշնորհ ստանալով, Ռ. Ս. Վարդանյանը տեղափոխվեց
ԱՄՆ՝ Արիզոնայի համալսարան, գիտաշխատողի կարգավիճակով, ապա՝ 2004թ.,
ընտրվեց Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր:
2006թ. «Elsevier» գիտական գրականության խոշորագույն
հրատարակչությունը(Amsterdam–Boston–Heidelberg–London-New York–Oxford–Paris–San
Diego–San Francisco –Singapore–Sydney–Tokyo) լույս ընծայեց Ռ.Ս.
Վարդանյանի«Synthesis of Essential Drugs» գիրքը:
2016թ. նույն հրատարակչությունը թողարկեց Ռ. Ս. Վարդանյանի թվով երրորդ գիրքը`
«Synthesis of Best-Seller Drugs», իսկ 2017թ.-ին` չորրորդը`«Piperidine-Based Drug Discovery», որը
հանդիսացավ իր կողմից նախաձեռնած Elsevier Publishing House-ին առաջարած և
ներկայումս խմբագրվող «Heterocyclic Drug Discovery» մատենաշարի առաջին հատորը:
Նախատեսվում է հրատարակել մոտավորապես 25-30 հատոր: Մատենաշարի երկրորդ և
երրորդ հատորներն` «Imidazole-Based Drug Discovery» և «Fused Pyrimidine-Based Drug
Discovery» արդեն լույս են տեսել 2022 թվականին:
Ռ. Ս. Վարդանյանը հանդիսանում է առաջնային ամսագրերում տպագրված 130
գիտական հոդվածների, այդ թվում` 7 հոդված-ակնարկի, 25 ԽՍՀՄ հեղինակային
իրավունքի, 7 ԱՄՆ արտոնագրի հեղինակ: «Fentanyl-related compounds and derivatives:
current status and future prospects for pharmaceutical applications» հոդված-ակնարկը, որը
ընդհանրացնում է սեփական հետազոտությունների արդյունքները և դիտարկում է
ցավազրկող դեղամիջոցների ստեղծման հեռանկարները, տպագրվել է ամենաբարձր
վարկանիշ ունեցող ամսագրերից մեկում՝ Future Medicinal Chemistry-ում (2014):
Ռ. Ս. Վարդանյանը նաև հեղինակել է 20 հրապարակախոսական հոդվածներ, որոնք
նվիրված են Հայաստանում գիտության և կրթության հիմնախնդիրներին: