Cover Image
փակիր այս գիրքըՍեյսյան Ռուբեն Պավելի (1936-)
Դիտել փաստաթուղթըՌ. Պ. ՍԵՅՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Պավելի Սեյսյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսին Սոչիում: Հայրը՝ Պավել Սեյսյանը՝ որպես ժողովրդի թշնամի, գնդակահարվել է 1937- ին, մայրը՝ Լարիսա Շովեն, Կարսի նախկին դատավորի դուստրը, չորս տարի թաքնվել է հետապնդումներից և փրկվել:
1954 թ. Ռ. Սեյսյանը ոսկե մեդալով ավարտել է Սուխումի քաղաքի 2-րդ միջնակարգ դպրոցը և ընդունվել Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտի էլեկտրաֆիզիկայի ֆակուլտետը: Գիտական աշխատանքով սկսել է զբաղվել բուհում՝1957-ին ընդունվելով նոր ստեղծված ֆիզիկայի ամբիոնին կից պրոբլեմային լաբորատորիա, որտեղ էլ աշխատել է մինչև 1961 թ.: Ռ. Սեյսյանը ուսանողական տարիներին շատ ակտիվ ներգրավված է եղել ուսանողական կյանք: Որպես ծաղրանկարիչ ձևավորել է համալսարանում կազմակերպված պոեզիայի երեկոներն ու երաժշտական միջոցառումները: Ուսանողական կյանքին նվիրված նրա ծաղրանկարները տպագրվել են ինստիտուտի «Էլեկտրիկ» թերթում: Ռ. Սեյսյանին և նրա ընկերոջը (Վոլոդյա Մարամզինին) հատկացված էր ոչ մեծ մի սրահ, որտեղ նրանք կազմակերպում էին արվեստի աշխատանքների ցուցահանդեսներ:
Ռ. Սեյսյանը ինստիտուտն ավարտելուց հետո (1961 թ.) մինչև 1981 թ. աշխատել է գիտահետազոտական ինստիտուտ-34-ում, որը հետագայում վերանվանվել է «Պոզիտրոն» ԳԱՄ‘ ընդգրկվելով ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության «Գիրիկոնդ» գլխամասային գիտահետազոտական ինստիտուտի կազմ: Սեյսյանը նախկին ԽՍՀՄ տարածքում միկրոէլեկտրոնիկայի ոլորտում գիտական հետազոտությունների իրականացման նախաձեռնողներից մեկն էր: Նա մի քանի տասնյակ ինտեգրալ սխեմաների և միկրոէլեկտրոնային տեխնոլոգիաների գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումների (շուրջ 80) գլխավոր կոնստրուկտորն էր և 20-ից ավելի գյուտերի հեղինակ: Նա միկրոէլեկտրոնային հետազոտական մասնագիտացված բաժնի, իսկ հետագայում հետազոտական և արտադրական առաջին համալիրներից մեկի կազմակերպողն ու ղեկավարն էր: Սեյսյանը տնային տեղեկատվական մեքենայի գաղափարի հեղինակն է, նրա գլխավոր նախագծողը (նմուշը ցուցադրվել է 1970 թ.): Այն գերազանցում էր դրանից ավելի ուշ ի հայտ եկած անհատական համակարգչի հնարավորությունները: Նա ինտեգրալ սխեմաներով փորձարարական հեռուստացույցների մի շարք մոդելների և ռուսական առաջին «լազերային» հեռուստացույցի գլխավոր կոնստրուկտորն է: Ռ.
Սեյսյանն ավարտել է Ա. Ֆ. Իոֆեյի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան և 1969 թ. պաշտպանել թեկնածուական թեզը, որտեղ առաջին անգամ մանրամասն հիմնավորել է կիսահաղորդիչներում միջսահմանային մագնիսաօպտիկական երևույթների էկսիտոնային բնույթը: Նրա դոկտորականը՝ «Դիամագնիս էկսիտոնների սպեկտրոսկոպիան» (1978 թ.), ընդհանրացրեց այդ գաղափարներն ավելի լայն բնագավառում՝ կիսահաղորդիչ բյուրեղներում: Ռ. Սեյսյանին են պատկանում էկսիտոնների սպեկտրոսկոպիայի մի շարք նորարարական դիտարկումներ:
1981 թվականից նա Իոֆեյի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի աշխատակից է, ապա նանոհետերակառուցվածքների ֆիզիկայի կենտրոնի «Ֆունկցիոնալ և ֆիզիկական միկրոէլեկտրոնիկայի» լաբորատորիայի ղեկավար: Ներկայումս նա ղեկավարում է «ծայրահեղ ուլտրամանուշակագույն Նանոլիտոգրաֆիայի» նախագիծը, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից (ՄԳՏԿ-ի միջոցով) և միավորել է չորս ռուսական հետազոտական ինստիտուտների ջանքերը:
Ռ. Սեյսյանն ավելի քան 250 հոդվածների, գրքերի, մենագրությունների և դասագրքերի հեղինակ (և համահեղինակ) է: Նա «Դիամագնիս էկսիտոնների սպեկտրոսկոպիա» մենագրության, «Միկրոէլեկտրոնիկայի սկզբունքները» և «Կիրառական ֆիզիկա, միկրոէլեկտրոնիկա» դասագրքերի, «Լանդաուի մակարդակների սպեկտրոսկոպիա» և «Ֆիզիկայի վերջին ձեռքբերումները» գրքերի առանձին գլուխների հեղինակ է: Ռ. Սեյսյանն այսօր էլ շարունակում է աշխատել միկրոէլեկտրոնիկայի և օպտոէլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների սպեկտրոսկոպիա և նանոբաղադրության բնագավառներում, մշտապես մասնակցում է միջազգային գիտաժողովների:
Նա մասնակցել է Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտում «Պոզիտրոն» ԳԱՄ բազային ամբիոնի ստեղծմանը, որտեղ նա ամբիոնի վարիչի տեղակալ էր 1973-1981 թթ.:
Ռ. Սեյսյանը մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգի պետական տեխնիկական համալսարանում «Պինդ մարմնի էլեկտրոնիկայի» ամբիոնի ստեղծմանը, որտեղ նա պրոֆեսոր է 1983 թ.-ից և ներկայումս ամբիոնի վարիչն է: Նա Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է 2001 թ., իսկ 2005 թ.՝ ՌԲԳԱ իսկական անդամ: Չորս գիտական խորհուրդների անդամ է, որոնցից երկուսը ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդներ են: Ղեկավարել է 28 թեկնածուական թեզ, ղեկավարել է նաև հայազգի ասպիրանտների թեզեր: Ռ. Սեյսյանը մասնակցել է Հայաստանում կազմակերպված բազմաթիվ գիտաժողովների և հաճախակի հանդես է եկել դասախոսություններով:
Հաշվի առնելով Ռուբեն Սեյսյանի գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Նա պարգևատրվել է ՌԴ «Աշխատանքային արիության համար» և «Աշխատանքի վետերան» մեդալներով, ինչպես նաև արժանացել բազմաթիվ պատվավոր դիպլոմների:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2015, հուլիս-օգոստոս, № 7-8