Cover Image
փակիր այս գիրքըՍերեդենին Սերգեյ Բորիսի (1946-)
Դիտել փաստաթուղթըՍ. Բ. ՍԵՐԵԴԵՆԻՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Վ.Վ. Զակուսովի անվան դեղագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բորիսի Սերեդենինը ծնվել է 1946 թվականի մարտի 15-ին, Մոսկվա քաղաքում:
Նրա հայրը՝ Բորիս Վլադիմիրի Սերեդենինը, ծնվել է 1911թ. Լենինգրադում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին. Ինժեներ-գնդապետ էր: Մայրը՝ Թամարա Սերգեյի Ավակովան, ծնվել է Կիսլովոդսկում 1921թ., մասնագիտությամբ բժիշկ-նյարդաբան էր: Թամարա Ավակովայի հայրը՝ Սերգեյ Աղաբեկի Ավակովը, ծնվել է Շուշիում, իսկ մայրական կողմի պապիկը 1880 թ.-ից բնակություն էր հաստատել Մոսկվայում: Նա ունեցել է հյուրանոց, որտեղ ապրել են Լազարյան ճեմարանի շատ սաներ և դասախոսներ:
1969թ. Սերգեյ Սերեդենինը ավարտել է Մոսկվայի Ն.Ն. Պիրոգովի անվան Երկրորդ բժշկական ինստիտուտը, որտեղ էլ 1969-1973թթ. եղել է ասպիրանտ, աշխատել որպես կրտսեր գիտաշխատող, մոլեկուլյար դեղագործության և ռադիոկենսաբանության ամբիոնի ասիստենտ: 1973-1986թ.թ. նույն բուհում ղեկավարել է դեղագենետիկայի լաբորատորիան: Սերգեյ Սերեդենինը համապատասխանաբար 1972թ. և 1983թ. պաշտպանել է թեկնածուական և դոկտորական թեզերը: 1986թ. նշանակվել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի դեղագիտության գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն և դեղագենետիկայի լաբորատորիայի վարիչ: 1991թ. հունվարից նա զբաղեցրել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի դեղագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 1993թ. Ս. Սերեդենինը ընտրվել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1997թ.՝ ակադեմիկոս:
Ս. Սերեդենինը խոշոր դեղագետ գիտնական է: Նա Ռուսաստանում առաջինն է զարգացրել ժամանակակից գիտական այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են փորձարարական ֆարմոգենետիկան, դեղագործության մուտագենեզը: Նրա կողմից ստացված կարևորագույն արդյունք է հոգեմետ միջոցների դեղերի ֆարմակոլոգիական ազդեցության կախվածությունը ժառանգական հսկողության տիպից, որպես հուզական ներգործության ապացույց: Ս. Սերեդենինը գիտականորեն հիմնավորել է նոր սերնդի ակտոպրոտեկտորների ստեղծման անհրաժեշտությունը որոնց ազդեցությունը պետք է ուղղված լինի որոշակի հուզական ներգործության վրա: Ս.Բ. Սերեդենինի ղեկավարությամբ իրականացվել են այդպիսի դեղամիջոցների մոլեկուլաֆարմակոլոգիական բազայի որոշման աշխատանքներ, ինչպես նաև կատարվել են ֆարմակոլոգիա-քիմիական և սկրինգային հետազոտություններ, որոնք թույլ են տալիս մշակել աշխարհում կրկօրինակը չունեցող նոր յուրահատուկ հոգեմետ միջոցներ:
Նա հետազոտել է հակամուտագենեզի խնդիրը և մշակել դեղագործական ազդեցության մեթոդներ՝ հիմնված կենսաքիմիական շղթաների մուտացիաների վրա: Մեծ է նրա ներդրումը ռազմական հոգեդեղամիջոցների զարգացման, Ռուսաստանի զինված ուժերում ընդունված դեղամիջոցների օգտագործման մեթոդների մշակման և ստեղծման ասպարեզում:
2001թ. Ս.Բ. Սերեդենինը Ռուսաստանի բժշկակակն համալսարանում հիմնադրել է դեղագենետիկայի ամբիոն, որն իր բնույթով առաջինն էր Ռուսաստանում: 2004թ. լույս է տեսել նրա «Դասախոսություններ դեղագենետիկայից» ուսումնական ձեռնարկը:
Վերջին տարիներին նրա ղեկավարությամբ մշակվել են մի շարք սկզբունքորեն նոր դեղամիջոցներ և կազմակերպվել է դրանց արտադրությունը Ռուսաստանի առաջատար դեղագործական կազմակերպություններում:
Նրա գիտական հետազոտությունների արդյունքները հրատարակված են 400 գիտական աշխատանքներում, չորս մենագրություններում և երեք մենագրական ժողովածուներում: Ս. Սերեդենինը նաև հեղինակ է 27 հեղինակային իրավունքի և արտոնագրի, որոնցից երեքը՝ ԱՄն-ում, երկուսը՝ Գերմանիայում և մեկը՝ Ճապոնիայում:
Ս. Սերեդենինի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ պարբերաբար կազմակերպվում են միջազգաին գիտաժողովներ “Биологические основы индивидуальной чувствительности к психотропным средам” թեմայով, որի նյութերը տպագրվում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրներում: 1994 թվականին 26 ռուս և 28 արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ Ս.Բ. Սերեդենինի խմբագրությամբ “Biological Basis of Individual Sensitivity to Psychotropic Drugs” գիրքը տպագրվել է անգլիական “Grafham Press” հրատարակչության կողմից:
Ս.Բ. Սերեդենինը ղեկավարել է 11 դոկտորական և 18 թեկնածուական ատենախոսություն: Նրա աշակերտներն այսօր աշխատում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և Գերմանիայում: Նրա ղեկավարած ինստիտուտը համագործակցում է նաև Երևանի բժշկական համալսարանի հետ, և այդ համագործակցության արդյունք են Երևանի բժշկական համալսարանի աշխատակիցների կողմից պաշտպանված ատենախոսությունները:
Նա բազմիցս զեկուցումներով և դասախոսություններով հանդես է եկել մի շարք միջազգային կոնգրեսներում, կոնֆերանսներում և սիմպոզիումներում, ինչպես նաև ղեկավարել դրանք: Ս. Սերեդենինի ղեկավարած Ինստիտուտը համագործակցում է արտասահմանյան խոշոր համալսարանների և դեղագործական ձեռնարկությունների հետ:
Ս.Բ. Սերեդենինը Ռուսաստանի դեղագիտության գիտական խորհրդի և Ռուսաստանի դեղագետների գիտական ընկերության նախագահն է, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Ռուսաստանի տնտեսության արդիականացման և տեխնոլոգիական զարգացման հանձնաժողովի, “Медицинская техника и фармацевтика” աշխատանքային խմբի անդամ, ՌԴ կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ: Նա “Collegium Internationale Neuro-Psychopharmacology (CINP)” միջազգային ընկերության անդամների և մրցանակների գծով հանձնաժողովի անդամ է:
Ս. Սերեդենինը միաժամանակ մի շարք ռուսական և արտասահմանյան գիտական ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ է. դրանցից են “Вестник РАМН”, “Экспериментальная и клиническая фармакология”, “Физически активные вещества” (Украина), “Functioanal Neorology” (Italy) և նաև “Pharmacology, Biochemistry Behavior” (USA-Europe) :
Գիտական նվաճումների համար Ս. Սերեդենինը 1980թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, 1998թ.՝ ՌԴ պետական մրցանակի: Նա պարգևատրվել է “Պատվո նշան” շքանշանով և մեդալներով:
Հաշվի առնելով Սերգեյ Սերեդենինի միջազգային համբավը և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008թ. նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Այսօր էլ մեծանուն դեղագետը շարունակում է իր ազգանվեր գիտական գործունեությունը և համագործակցում ՀՀ գիտակրթական կազմակերպությունների հետ՝ իր գիտելիքները ի սպաս դնելով հայ գիտական մտքի զարգացմանը:
Օրերս լրացավ նշանավոր դեղագետ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Վ.Վ. Զակուսովի անվան դեղագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բորիսի Սերեդենինի ծննդյան 65-ամյակը։ Ջերմորեն և սրտանց շնորհավորում ենք ականավոր գիտնականին, ցանկանում քաջառողջություն, երջանկություն և նորանոր գիտական նվաճումներ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2010, մարտ, № 3