Cover Image
aizvērt šo grāmatuՄսըրլյան Զավեն (1938-)
Skatīt dokumentuԶ.ՄՍԸՐԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զավեն Մսըրլյանը ծնվել է 1938 թվականին Բեյրութում: Նախնական կրթությունը ստացել է Բեյրութի Մխիթարյան, Լիբանանի ազգային Նուբարյան և Բեյրութի Ս. Նշան ազգային վարժարաններում, երկրորդական ուսումը ստացել է Հայ ավետարանական քոլեջում, որն ավարտել է 1955 թվականին: Հետագա կրթությունը շարունակել է Բեյրութի ամերիկյան համալսարանում՝ մասնագիտանալով համաշխարհային պատմության բնագավառում։ 1963 թվականին ստացել է մագիստրոսի կոչում՝ «Հայկական ներկայացուցչությունը լիբանանյան խորհրդարանում» թեմայով աշխատանքի համար: Հետագայում այս թեման նա լրամշակեց և, շարունակելով ընտրությունների թեման, այն հասցրեց մինչև 2009 թ. ընտրությունները: Այս գիտական հետազոտությունները մաս առ մաս տպագրվեցին «Հայկազյան հայագիտական հանդես»-ում:
Այդ ընթացքում, 1960 թվականից, նա աշխատում էր Բեյրութի Հայ ավետարանական քոլեջում որպես ուսուցիչ: Նկատելով նրա աշխատասիրությունը և կազմակերպչական ունակությունները, քոլեջի ղեկավարությունը երիտասարդ ուսուցչին առաջարկեց զբաղեցնել երկրորդական բաժնի պատասխանատուի, իսկ արդեն 1967 թ. նա զբաղեցրեց տնօրենի պաշտոնը: 1991 թվականից մինչև այսօր Զավեն Մսըրլյանը Լիբանանի Հայ ավետարանական կրթական համադրող հանձնախմբի ատենադպիրն է։
Բարձր գնահատելով նրա վաստակը հայագիտության բնագավառում 1986թ. Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միությունը նրան շնորհեց ոսկե շքանշան՝ երկարատև ծառայությունների համար:
2003 թ. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ևս բարձր գնահատելով Զավեն Մսըրլյանի գիտակրթական գործունեությունը նրան շնորհեց ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում՝ հայագիտության բնագավառում:
Կրթության ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար 2010 թվականի մայիսին Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանի, վարչապետի և կրթության նախարարի համատեղ հրամանագրով Զավեն Մսըրլյանն արժանացավ Լիբանանի Կրթության շքանշանի:
Զավեն Մսըրլյանը մի շարք մենագրությունների և բազնաթիվ գիտական հոդվածների հեղինակ է: Նրագրչին է պատկանում «Հայկական հարցի մասին» աշխատությունը, որը տպագրվել է Բեյրությում, 1978 թվականին և արժանացել ԹՄՄ Հայկաշեն Ուզունյան մրցանակին: 1979 թ. նա հրատարակեց «Երեք դաշնագրեր» գիտական աշխատությունը: 1981 թ. տպագրվեց «Մկրտիչ Մսըրլանի ազգային-քաղաքական գործունեությունը», 2001 թ. Անթիլիասում՝ «The Premeditated Nature of The Genocide Perpetrated on the Armenians» աշխատանքները: Վերջին աշխատանքն արժանացավ Գրիգոր Մելիտենեցի մրցանակին: 2010 թ. Բեյրութում լույս տեսավ նրա «Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը և Հայկական հարցը 1900-2009 թվականներին» մենագրությունը:
Զավեն Մսըրլյանը հեղինակ է 90-ից ավել գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել «Հայկազյան հայագիտական հանդեսում, «Հասկ Հայագիտական» տարեգրքում, «Armenian Studies», «Շիրակ», «Կամար»,«Զարթոնք», «Արարատ», «Նոր օր», «Ազդակ-Երկիր» և «Խոսնակ» պարբերականներում: Զավեն Մսըրլյանը նաև մի շարք խմբագրական խորհուրդների անդամ է: 2004 թվականից առ այսօր Զավեն Մսըրլյանը Մեծի Տանն Կիլիկիոյ «Ռիչրդ և Թինա Քարոլան» հրատարակչական ֆոնդի ատենապետն է: Նա եղել է Վարդան Մատթեոսյանի «Հարավային կողմն աշխարհի» (Անթիլիաս, 2005) և Հակոբ Չոլաքյանի «Անտիոքի մերձակա ռուճի հովիտի հայերը» (Անթիլիաս, 2006) գրքերի խմբագիրը: Նա գիտական զեկույցներով հանդես է եկել Բեյրութում, Լոնդոնում, Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում և Լոս Անջելեսում: Նրա զեկույցների թեման հիմնականում Ցեղասպանության և Հայոց պահանջատիրության հարցերի քննությունն է: 1970-2006 թվականներին բազմաթիվ անգամ նախաձեռնել է հայկական վավերագրական ցուցահանդեսների կազմակերպում ողջ աշխարհով մեկ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը գնահատելով դոկտ. Զ. Մսըրլյանի ազգային, կրթական, պատմագիտական և հասարակական գործունեությունը 2007 թվականին Հայրապետական կոնդակով նրան շնորհեց Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշանը: Իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն Հայրապետական կոնդակով 2014-ին Զավեն Մսըրլյանին պարգևատրեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Զավեն Մսըրլյանը շուրջ 50 տարի մեծ նվիրումով զբաղվում է ազգային, հասարակական, գիտակրթական ու հայագիտական հարցերով: Նրա ուսումնասիրությունների առանցքը եղել են Հայոց պատմությունը, Ցեղասպանության խնդիրները, Հայ դատը:
Հայաստանի Հանրապետությունում ևս բարձր են գնահատել Զավեն Մսըրլյանի գործունեությունը: 2011 թվականին Հայաստանի Հանրապետութեան կրթության և գիտության նախարարությունը նրան շնորհեց շքանշան, իսկ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Զավեն Մսըրլյանին շնորհվեց «Մովսես Խորենացի» շքանշան: Հաշվի առնելով Զավեն Մսըրլյանի գիտական վաստա կը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Զավեն Մսըրլյանն այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում հայագիտության, Հայ դատի ոլորտում և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2016, հունվար, № 1