Cover Image
aizvērt šo grāmatuՉուբարյան Ալեքսանդր (1931-)
Skatīt dokumentuԱ.ՉՈՒԲԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայում՝ անվանի պրոֆեսոր, գրադարանագիտության ոլորտում հայտնի մասնագետ Օհան Չուբարյանի ընտանիքում: Ա. Չուբարյանը, 1950 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվում է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
1953 թ. գերազանցությամբ ավարտելով համալսարանը, նա ընդունվել է ասպիրանտուրա: ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ Ի. Մ. Մայսկին ստեղծել էր Իսպանիայի և Պորտուգալիայի պատմության հետազոտական խումբ: 1958-ին, մինչև ասպիրանտական ժամկետն ավարտելը, Ա. Չուբարյանին ընդունում են աշխատանքի: Շուտով նա հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական թեզը՝ «ԽՍՀՄ արտաքին քաղաքականության սկզբունքները» թեմայով:
1968-ին ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտը բաժանվում է երկու մասի, և ձևավորվում է ԽՍՀՄ ԳԱ համընդհանուր պատմության ինստիտուտը, որը ղեկավարում էր ակադեմիկոս Եվ. Մ. Ժուկովը՝ արդի ժամանակների միջազգային հարաբերությունների, պատմական հետազոտության մեթոդաբանության ամենախոշոր մասնագետներից մեկը: Աշխատել նրա հետ մեծ դպրոց էր երիտասարդ Ա. Չուբարյանի համար: Պատմական գիտությունների թեկնածու Ա. Չուբարյանը շարունակում էր աշխատանքը՝ մասնագիտանալով միջազգային հարաբերությունների և քսաներորդ դարի արտաքին քաղաքականության մեջ: Այդ աշխատանքի արդյունքներից է նրա «Брестский мир. 1918 г». (Մոսկվա, 1963) մենագրությունը:
1966 թ. մինչև 1973 թ. Ա. Չուբարյանը եղել է ԽՍՀՄ ԳԱ պատմության բաժանմունքի գիտական քարտուղարը: Միևնույն ժամանակ (1966-1976 թթ.) նա դասավանդում է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայիում: Մեծ հետաքրքրություն է առաջացրել Ա. Չուբարյանի «Об издании секретных договоровцарского и временного правительства» (Մոսկվա, 1970) մենագրությունը: Գրքում լուսաբանվել են Խորհրդային Ռուսաստանի իշխանությունների կողմից 1917-1918 թթ. կնքված գաղտնի պայմանագրերը և դրանց միջազգային արձագանքը: 1973 թ-ին Ա. Չուբարյանը ընտրվել է Եվրոպայի ժամանակակից պատմության միջազգային ասոցիացիայի փոխնախագահ: Ա. Չուբարյանը քառասունամյակը նշել էր՝ ավարտելով դոկտորական թեզը: Նրա գիտական աշխատանքի հիմնական ուղղություններն են դառնում Եվրոպայի պատմությունը և եվրոպական գաղափարները Ռուսաստանում, միջազգային հարաբերությունների պատմությունը և արտաքին քաղաքականությունը XX դարում: 1973-ին պատմական գիտությունների երիտասարդ դոկտոր Ա. Չուբարյանը դարձել է սեկտորի ղեկավար, ապա ԽՍՀՄ ԳԱ համընդանուր պատմության ինստիտուտի բաժիններից մեկի պետ: Այդ ժամանակ տպագրվել է «Համաշխարհային պատմություն» XI հատորը, որի համահեղինակ և պատասխանատու խմբագիրն է եղել Ա. Չուբարյանը: 1979 թ-ին նա ստացել է պրոֆեսորի կոչում։
1983 թվականին Ա. Չուբարյանը տպագրում է «Европейская идея в истории. Взгляд из Москвы» (Մոսկվա, 1983) մենագրությունը, որը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն մասնագիտական շրջանակներում՝ պատմաբանների և փիլիսոփաների, այլև հասարակության շրջանում:
1988 թ. նա ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ համընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն: 90-ականների չափազանց դժվար տարիներին անհրաժեշտ էր պահպանել առաջատար գիտնականների կազմը մի միջավայրում, ուր պահանջվում էր կրճատել աշխատակազմը: Խորհրդակցելով գիտխորհրդի հետ Ա. Չուբարյանը կայացրել է հեռատես որոշում, որը թույլ է տվել պահպանել ինստիտուտի հմուտ աշխատակազմը և սերնդափոխությունը՝ ընտրելով «լավագույներից լավագույնին»:
1990թ. Ա. Չուբարյանը ընտրվել է պատմական գիտությունների միջազգային կոնգրեսի բյուրոյի անդամ, 1994 թ.՝ ՌԳԱ թղթակից անդամ: 1996 թ. նրան շնորհվել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամի կոչում: 1996 թ. ստեղծվել է Հումանիտար գիտությունների պետական համալսարանը, որը ղեկավարում էր Ա. Չուբարյանը: Դառնալով ռեկտոր, նա պաշտոնը համատեղել է պատմության ֆակուլտետի դեկանի պարտականությունների հետ:
2000թ. Ա. Չուբարյանն ընտրվել է ՌԳԱ իսկական անդամ (ակադեմիկոս): Նրա հատուկ զեկույցը՝ «Գնահատական. XX դարի արժեքը համաշխարհային պատմության մեջ» լսվեց ՌԳԱ նախագահության նիստում: Եվրոպական գաղափարների ու Եվրոպայի պատմության ուսումնասիրությունը դարձել էր նոր ուղղություն ռուսական պատմագիտության մեջ, որն ստեղծել է ակադեմիկոս Ա. Չուբարյանը: Նա է նաև «Ռուսաստանն ու Եվրոպան XIX-XX դդ.» թեմայի ուսումնասիրության առաջնորդը: Նա Եվրոպայի պատմության (1992-2000 թթ.) բազմահատորյակի խմբագիրն է, և որպես գլխավոր խմբագիր՝ մի քանի առաջատար հրապարակումների հեղինակ:
Ակադեմիկոս Ա. Չուբարյանը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Երկրորդ համաշխարհային պատերազմի զարգացման խնդրահարույց պատճառներին, և այս թեմային է նվիրված 2008 թ. տպագրված նրա մենագրությունը «Канун трагедии. Сталин и международный кризис Сентябрь 1939 – июнь 1941 года. Ա. Չուբարյանը «Միջազգային հարաբե րությունների պատմությունը XX դարում «գիտական ուղղության առաջատարներից է: Ի դեպ, նա է առաջինը դիտարկել» սառը պատերազմի ավարտը խնդիրը՝ «Սառը պատերազմի 1945 - 1963 տարիները. Պատմական հետհայացք» (М., 2003) գրքում: 2009 թ. տպագրվել է Ա. Չուբարյանի մենագրությունը «20-րդ դար. Պատմաբանի տեսանկյուն» (М. «Наука», 2009): Միևնույն ժամանակ Ա. Չուբարյանը եղել է պատասխանատու խմբագիրը մի շարք պարբերականների՝ «Եվրոպական ալմանախ», «Ռուսաստանը և Բալթյան երկրները», «Քաղաքակրթություն», «Մի ջազգային հասարակական գիտություններ» ամսագրի, միջազգային ամսագրի, «Cold War History» («Սառը պատերազմի պատմություն»): Նա նաև գլխավոր խմբագիրն է միջազգային ասոցիացիայի ԱՊՀ երկրների պատմական ինստիտուտների` «Պատմական տարածք: ԱՊՀ երկրների պատմության խնդիրները» ամսագրի: 2007թ.
Ա. Չուբարյանը ընդգրկվել է ՌԴ կառավարությանն առընթեր Կրոնական միավորումների հանձնաժողովի կազմում: Միևնույն ժամանակ նա ՌԳԱ նախագահության անդամ էր, ՌԴ նախագահության և առընթեր գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների խորհրդի անդամ, ՌԴ նախագահին առընթեր պատմության կեղծման դեմ հանձնաժողովի անդամ: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների միջազգային ասոցիացիան, որի նախագահն է: Մեծ է նրա ներդրումը ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների հետ համագործակցության զարգացման գործում՝ այդ թվում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ: Ա. Չուբարյանը ՌԴ կրթության և գիտության նախարարության պատմության գծով գիտական և մեթոդական խորհրդի նախագահն է: Նա է ղեկավարել հեղինակային խմբերի աշխատանքը՝ մի շարք դասագրքերի և ուսումնական նյութերի պատրաստման աշխատանքները: Նա համահեղինակ և պատասխանատու խմբագիրն է XX-XXI դարի սկզբի ազգային պատմության դասագրքի և մեթոդական ձեռնարկի, որը նախատեսված է միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի համար: Ակադեմիկոս Ա. Չուբարյանը մի շարք հասարակական կազմակերպությունների անդամ է և ղեկավար: 1995-2005 թթ. նա գլխավորել է «Ռուսական պատմաբանների և արխիվիստների միությունը» և այսօր պատվավոր նախագահներից մեկն է և կենտրոնական խորհրդի անդամը: 2011 թ. Ա. Չուμարյանի նախաձեռնությամբ անց է կացվել ԲՈՒՀ-ական և դպրոցական պատմության ուսուցիչների Համառուսական առաջին համաժողովը, ուր ստեղծվել է «Պատմության և հասարակագիտության ուսուցիչների ասոցիացիա» համառուսական հասարակական կազմակերպությունը:
Ակադեմիկոս Ա. Չուբարյանը ավելի քան 300 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է: Նա պարգևատրվել է Ռուսաստանի պետական մրցանակներով և շքանշաններով‘ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի (2006 թ.) և III աստիճանի (2011 թ.), Պատվո նշան մեդալով (1999 թ.): Նա Պատվո լեգեոնի ասպետ է (Ֆրանսիա), պարգևատրվել է Սպայական խաչով (Գերմանիա) և Գրիգոր VI մեդալով (Վատիկան): Ա. Չուբարյանը արժանացել է գիտության և տեխնիկայի բնագավառում ՌԴ պետական մրցանակի (2013 թ.): Հաշվի առնելով Ալեքսանդր Չուբարյանի գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2000 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Արձանագրենք, որ այսօր էլ անվանի գիտնականը սերտորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և ընդհանրապես հայ պատմաբանների հետ։

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2015, մարտ, № 280