Cover Image
close this bookԳևորգյան Ռեյմոն (Հարություն) (1953-)
View the documentՌ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, դոկտոր, պրոֆեսոր Ռեյմոն Գևորգյանի ողջ կենսագրությունը գիտության նվիրյալի փայլուն օրինակ է:
Ռեյմոն (Հարություն) Գևորգյանը ծնվել է 1953թ. փետրվարի 22-ին, Ֆրանսիայի ծովափնյա Մարսել քաղաքում: Նրա պապիկը և տատիկը գաղթել են Արևմտյան Հայաստանից 1922-23թթ.՝ իրենց հայրենի տունը թողնելով Խարբերդում ու Սեբաստիայում, և ապաստան գտել Ֆրանսիայի նշանավոր Մարսել քաղաքում:
Ռեյմոն Գևորգյանը ուսում է ստացել Սևր քաղաքի Մխիթարյան վարժարանում, այնուհետև որոշել է առավելապես խորամուխ լինել պատմության հարցերի մեջ: 1970-ականների վերջերին նա արդեն Սորբոնի համալսարանի ասպիրանտ էր և աշխատում էր իր գիտական ատենախոսության վրա, որն էլ պաշտպանեց 1980թ., «Հայկական տպագրութեան սկիզբը և Արևմուտքը (1512-1696)» խորագրով, և արժանացավ պատմական գիտությունների դոկտորի աստիճանի:
1981 թվականից պաշտոնավարելով Ֆրանսիայի ազգային գրադարանում՝ նա ստեղծեց հայկական բաժին: Այդ պաշտոնում Գևորգյանը մնաց մինչև 1997թ.: Միևնույն ժամանակ նա իրականացնում է մանկավարժական գործունեություն: 1984-1998թթ. Արևելյան լեզուների ինստիտուտում Ռեյմոն Գևորգյանը մեծ ոգևորությամբ ու ներշնչանքով հայոց պատմություն էր դասավանդում:
Ռեյմոն Գևորգյանի անձնական նախաձեռնությամբ Ֆրանսիայում իրականացվել են մի շարք ցուցահանդեսներ, որոնք bացառապես վերաbերել են հայությանը. 1988թ. Մարսել քաղաքում կազմակերպվեց «Հայաստանի երեք հազարամյա պատմություն», 1996թ. Փարիզում, Ֆրանսիայի ազգային գրադարանում՝ «Հայաստանը Արևելքի և Արևմուտքի միջև», Փարիզի թանգարանում՝ «Անի-1000-ամյա մայրաքաղաք» խորագրով մեծ և տպավորիչ ցուցահանդեսները։
Ռեյմոն Գևորգյանը առաջին անգամ Մայր Հայաստան եկավ ողբերգական երկրաշարժից հետո՝ 1989-ի փետրվարին, որպես SOS-Armenie (Օգնություն Հայաստանին) կազմակերպության համակարգող:
1999թ. Ռեյմոն Գևորգյանը արժանացավ պրոֆեսորի կոչման Փարիզ 3-ի Սորբոն նովել համալսարանում: Նրա ուսումնասիրությունների և հետազոտությունների բնագավառը Հայ ժողովրդի XVI և XVII դարերի պատմութմյունն է, վիճակագրական պատմությունը, Հայկական հարցը և ցեղասպանությունը:
1986 թվականից ի վեր նա ղեկավարում է Հայկական բարեգործական ընդհանուր միության Նուբարյան գրադարանը, միևնույն ժամանակ՝ 1993թ.-ից մինչ օրս նա այդ կազմակերպության քարտուղարն է:
2004թ.-ից սկսած՝ Փարիզ 8 Սեն Դենի համալսարանի Աշխարհաքաղաքականության ֆրանսիական ինստիտուտի տնօրենն է, որտեղ ղեկավարում է ինչպես մագիստրոսական, այնպես էլ դոկտորական բազմաթիվ հետազոտություններ:
Հաշվի առնելով նրա օգտաշահ գործունեությունը Նուբարյան գրադարանում և նվիրվածությունը հայ դատին՝ 2006թ. Ռեյմոն Գևորգյանը արժանացավ «Շառլ Ազնավուր» պարգևին:
Ռեյմոն Գևորգյանը այսօր էլ սերտորեն համագործակցում է Հայաստանի մասնավորապես Մատենադարանի, Պատմության թանգարանի հետ, որտեղ կազմակերպել է մի շարք ուշագրավ ցուցահանդեսներ:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի հետ Ռ.Գևորգյանը իրականացնում է հետազոտական բազմաթիվ ծրագրեր: Վերջին տարիներին Ռեյմոն Գևորգյանի հրավերով մագիստրոսական և դոկտորական աշխատանքներ կատարելու համար Փարիզի համալսարան են գործուղվել հայ երիտասարդ հետազոտողներ, որոնց գիտական ղեկավարումը ստանձնել է հայ մեծանուն գիտնականը:
Ռեյմոն Գևորգյանը հայագիտական զեկուցումներով հանդես է եկել Ֆրանսիայում, Հայաստանում և միջազգային տասնյակ գիտաժողովներում, հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների:
Նա անդամակցում է Աշխարհագրական ընկերությանը (Փարիզ), Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությանը:
Հաշվի առնելով Ռեյմոն Գևորգյանի գիտական և մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ռեյմոն Գևորգյանը այսօր ևս մեծ ջանքեր է ներդնում հայագիտության զարգացման գործում և սերտորեն համագործակցում Հայաստանի գիտական կաճառի հետ:
2009թ. նա պարգևատրվել է Արվեստի և գրականության ասպետի կոչմամբ (ֆրանսիական պետական մրցանակով), իսկ 2011թ. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռեյմոն Գևորգյանը արժանացավ մրցանակի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունենալու համար։

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2012, մարտ, № 3