Վ․ Գ․ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ
Վիկտոր ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆ
Մաթեմատիկոս, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վիկտոր Փամբուկչյանը (Բամպուքճեան) ծնվել է 1959 թ. օգոստոսի 12-ին Ռումինիայում, Կռոնշտատ (Բրաշով) քաղաքում: Հաճախել է գերմանական դպրոց: Փամբուկչյանի մայրը՝ Սոնան անգլերեն լեզվի մասնագետ էր, միևնույն ժամանակ փայլուն տիրապետում էր գերմաներենին, տանը երեխաների հետ խոսում էր գերմաներենով, որպեսզի դպրոցում դժվարութուններ չունենային: Վիկտոր Փամբուկչյանի հայրը՝ Գրիգոր Փամբուկչյանը‘ 1915 թ. Ադանայից մազապուրծ եղածների շարքում էր: Հետագայում ստանալով լավ կրթություն‘ մասնագիտացել էր բժշկության ոլորտում, պրոֆեսոր էր: Իր կատարած աշխատանքների համար 1978 թ. Վազգեն Վեհափառից ստացել էր Ներսես Շնորհալի կոչում: Յոթերորդ դասարանում Վիկտորը ակնհայտորեն մեծ հետաքրքրություն ուներ մաթեմատիկայի նկատմամբ, թեև մտածում էր, թե հոր նման բժիշկ պետք է դառնա: Մաթեմատիկայի մեջ Փամբուկչյանին դուր էր գալիս ազատությունը: Նա կարծում էր, որ կարող է աշխարհից կտրվել այդպես և խորասուզվել միայն մաթեմատիկայի աշխարհում՝ հեռու մնալով հասարակությունից: Նրա որոշմանը նպաստեց նաև դպրոցի մաթեմատիկայի լավագույն ուսուցիչը՝ Շտեֆան Կլայջը: 6-րդ դասարանում Փամբուկչյանը լուծեց իր առաջին խնդիրը “Մաթեմատիկան հանդես” ամսագրում, իսկ 9-րդ դասարանում արդեն արժանացավ առաջին մրցանակի, քանի որ լուծել էր “Մաթեմատիկան հանդես”-ի թե՛ դպրոցական, թե՛ օլիմպիադայի բոլոր խնդիրները: Փամբուկչյանի ողջ աշխարհը դա մաթեմատիկան էր և և խնդիրների լուծումից ու ընթերցանությունից զատ նրան ոչինչ չէր հետաքրքրում: 1960-ականների կեսերին արդեն ընտանիքում քննարկում էին Միացյալ Նահանգներ տեղափոխվելու հարցը, սկայն դա հեշտ գործընթաց չէր Սոցիալիստական Ռումինիայի համար: 1978 թ. Վիկտորը ընդունվում է Բուխարեստի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, որտեղ բարձր առաջադիմությամբ սովորում է չորս տարի: Ավարտելուց հետո Փամբուկչյանն ընդունվեց աշխատանքի Բուխարեստից դուրս մի դպրոցում: Միևնույն ժամանակ նա պատրաստում էր թղթերը Միացյալ Նահանգներ մեկնելու համար: Հենց դրա համար նրան ազատեցին աշխատանքից, քանի որ, ըստ իշխող գաղափարախոսության, նրա օրինակը կարող էր վատ ծառայել երեխաների համար: Ի դեպ, դա վերաբերվում էր բոլոր ուսուցիչներին, ովքեր որոշում էին հեռանալ երկրից: Եվ այսպես շուրջ վեց տարի Փամբուկչյանը սպասեց իր թղթերին և ի վերջո 1988 թ. Փամբուկչյանն ու նրա կինը ստացան Միացյալ Նահանգներ մեկնելու իրավունք: 1988 թ. Միացյալ Նահանգներում ընդունվեց մասնավոր դպրոց, որպես ֆրանսերենի և մաթեմատիկայի ուսուցիչ: 1989 թ. Վիկտորն աշխատանքի ընդունվեց Միչիգանի համալսարան‘ դոկտորական հետազոտություն կատարելու համար: 1993 թ. Անդրեաս Բլասի (Andreas Blass) ղեկավարությամբ Վիկտոր Փամբուկչյանը պաշտպանեց “Էվկլիդյան երկրաչափության աքսոմատիկա” թեմայով ատենախոսությունը: Հաջողությամբ պաշտպանելուց հետո Փամբուկչյանը աշխատանքի ընդունվեց Միչիգանի համալսարանում։ 1993 թ. աշխատանքի հրավեր ստացավ Արիզոնայի համալսարանի ինտեգրատիվ ուսումնասիրությունների ամբիոնից‘ դասավանդելու մաթեմատիկա, մաթեմատիկայի պատմություն և փիլիսոփայություն առարկաներ: Այսօր Փամբուկչյանը Արիզոնայի պետական համալսարանի մաթեմատիկայի և բնական գիտությունների դպրոցում դասավանդում է հանրահաշիվ, մաթանալիզ, երկրաչափություն, թվերի տեսություն և այլն: Վ. Փամբուկչյանը 120-ից ավելի հոդվածների հեղինակ է և մի շարք գրքերում ունի բաժիններ: 1999 թ. Փամբուկչյանը սկսել է համագործակցել Հայ բարեգործական ընդհանուր միության հետ, որն ուներ “Մասնագիտական փորձառությունը Հայաստանում” ծրագիր։ Այդ շրջանակներում էլ 2 ամիս մնացել է Հայաստանում և իր գիտելիքներով կիսվել ոլորտի մասնագետների և ուսանողների հետ: Այդ ընթացքում Վիկտոր Փամբուկչյանն ու նրա ընկերները որոշեցին կարևորել մաթեմատիկայի տեղն ու դերը երիտասարդների համար: 2001 թ. ստեղծեցին Էմիլ Արթինի անվան երիտասարդ գիտնականների ամենամյա մրցանակը, որը տրվում է Հայաստանի երիտասարդ այն մաթեմատիկոսներին, ովքեր նշանակալի գիտական գործունեություն են ծավալել: Այդ ժամանակից ի վեր մրցանակը ստացել են 14 երիտասարդ մաթեմատիկոսներ, նրանց մեծ մասը այժմ էլ զբաղվում են մաթեմատիկայով և ոլորտի լավագույն մասնագետներից են: Թեպետ համագործակցությունը Հայաստանի մաթեմատիկական կենտրոնների հետ մինչ այժմ այնքան էլ արդյունավետ չի եղել, նա կարծում է, որ հետայսու կշտկվի: Անցած տարիների ընթացքում նա իր անձնական միջոցների հաշվին 30 հազար կտոր գիրք է նվիրել ԵՊՀ-ի գրադարանին: Վ. Փամբուկչյանը հրավիրված դասախոսությունների շարք է ունեցել Դորդմունտի համալսարանում, մասնակցել է բազմաթիվ գիտական կոնֆերանսների: 2018 թ. վեց ամսով Փամբուկչյանը ժամանեց Հայաստան և զեկուցումների շարքով հանդես եկավ ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար և իրականացրեց համատեղ հետազոտություններ: Հաշվի առնելով Վիկտոր Փամբուկչյանի գիտական և մանկավարժական մեծ ավանդը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2011 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Վիկտոր Փամբուկչյանը այսօր ևս մեծ ջանքեր է ներդնում մաթեմատիկայի զարգացման գործին և համագորցակցում է Հայաստանի գիտական ինստիտուտների հետ:
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար