Ա. ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սեդրակյանը ծնվել է 1965 թվականին` Երևանում, հայտնի ֆիզիկոսների ընտանիքում: Հայրը` ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի պրոֆ. Դավիթ Սեդրակյանն է:
Բնականաբար, երիտասարդ Արմենի վրա ազդել է այն մթնոլորտը, որ տիրում էր տանը,
թեպետ նրան միշտ զգուշացվել է, որ նրան սպասվում է ծանր աշխատանք,
«նստակյացություն», համերատարություն, կամքի մեծ լարում և անդադար աշխատանք: Սակայն դպրոցական տարիներին մաթեմատիկան և ֆիզիկան հեշտ էին տրվում Արմենին և շատ բնական եղավ այդ ըտրությունը՝ անկախ ծնողների ցանկությունից: Արմեն Սեդրակյանը ավարտել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցը: Ֆիզիկայի նկատմամբ հետքրքրությունն առաջացավ 8-րդ դասարանից։ Դպրոցը բարձր առաջադիմությամբ
ավարտելուց հետո ընդունվեց Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Առաջին կուրսը ավարտեց գերազանցությամբ: 1983 թվականի ամռանը նա զորակոչվեց բանակ՝ զինվորական ծառայության (այդ ժամանակ դա պարտադիր էր 18 տարեկանը լրացած
ուսանողների համար): Երկու տարի Խորհրդային բանակում ծառայելուց հետո Արմեն Սեդրակյանը շարունակեց կրթությունը ԵՊՀ-ի նույն ֆակուլտետում: 1987 թ. կուրսի լավագույն ուսանողներից 3-ին գործուղեցին Գերմանիա` շարունակելու իրենց կրթությունը: Արմեն
Սեդրակյանը 1989 թ. գերազանցությամբ ավարտեց Ռոստոկի համալսարանը։ Ուսումը տեսական ֆիզիկայի ամբիոնում դժվար և միևնույն ժամանակ հետաքրքիր էր, և այդ էր հիմնական պատճառը, որ այդ ուղղությունը նա ընտրեց իբրև իր հիմնական մասնագիտություն: Այդ տարիները, ըստ նրա, հետաքրքիր էին ինչպես գիտական և ուսումնական առումով, այնպես էլ նոր լեզվի (գերմաներեն) տիրապետելու և ԳԴՀ-ին ծանոթանալու իմաստով: Հայաստան վերդառնալուց հետո Արմեն Սեդրակյանը ընդունվեց ասպիրանտուրա՝ գիտությունների
ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի տեսական բաժնում, որը
ղեկավարվում էր Վիկտոր Համբարձումյանի կողմից: Այդ տարիներին նա գրեց իր
թեկնածուական ատենախոսությունը, որը նվիրված էր նեյտրոնային աստղերի ֆիզիկային, որը և պաշտպանեց 1992 թ.: Արմեն Սեդրակյանը ցավով է հիշում, որ իր պաշտպանությունը համընկավ մեր հայրենիքում արմատական և գիտության համար ոչ բարենպաստ հայտնի փոփոխությունների հետ: Նա ստիպված էր իր գիտական գործունեությունը շարունակել արտերկրում: Նրա նպատակն էր հետաքրքիր և կարևոր աշխատանքներ անել աստղաֆիզիկայում և միջուկային ֆիզիկայում, և իր համոզմամբ, նրան հաջողվել է կատարել իր առջև դրած ծրագրերը: Նա աշխատել է աշխարհի տարբեր երկրներում և ինստիտուտներում, ինչն էլ նպաստել է ծանոթանալու տարբեր երկրներում առկա գիտական նորություններին: Օրինակ՝ 1993-95 թթ. նա աշխատանքի անցավ Գերմանիայի Միջուկային Ֆիզիկայի
Մաքս Պլանկի համալսարանում, իսկ 1996-98 թթ. տեղափոխվեց Միացյալ Նահանգների Կորնելիի համալսարան, իսկ 1998-2001 թթ. Արմեն Սեդրակյանն արդեն աշխատում էր
Հոլանդիայի Գրոնինգենի համալսարանում, իսկ 2002-ից մինչև օրս աշխատում է
Գերմանիայում: 2002 թ. Գերմանիայի Տյուբինգենի համալսարանում Արմեն Սեդրակյանը
պաշտպանեց «Compact stars: Aspects of nuclear and particle physics» թեմայով դոկտորական ատենախոսությունը: Արմեն Սեդրակյանը մոտ 120 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք տպագրված են համաշխարային ճանաչում ունեղող գիտական ամսագրերում: Որպես ֆիզիկոս նա համարում է, որ իր աշխատանքների ուղղությունները բազմազան են՝ աշխատանքներ աստղաֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, քվանտային խրոմոդինամիկայի, սառը ատոմների ֆիզիկայի ոլորտներում: Նա այս տարիների ընթացքում համագործակցել է տարբեր երկրների մեծ ճանաչում ունեցող գիտնականների հետ և ունի համագործակցության լայն կապեր: Այս ամենով հանդերձ, Արմեն Սեդրակյանը չի մոռանում համագործակցությունը մայր Հայաստանի գիտական շրջանակների հետ: Սկսած 2008-ից նրա ջանքերով կազմակերպվում են գիտաժողովներ Երևանում‘ ԵՄՀ-ի տեսական ամբիոնի աշխատակիցների հետ միասին: Առաջին կոնֆերանսը նվիրված էր Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին: Քանի որ այդ գիտաժողովները շատ մեծ հաջողություն արձանագրեցին, որոշվեց շարունակական կոնֆերանսներ կազմակերպել «Կոմպակտ աստղերի ժամանակակից ֆիզիկա և ռելատիվիսիկ գրավիտացիա» թեմայով: Վերջին գիտաժողովը Երևանում տեղի ունեցավ 2015 թ.: Նրա անմիջական ջանքերով կազմակերպվել է համագործակցություն (2011-2014-ին) ԵՊՀ-ի մի շարք գիտնականների և Ֆրանկֆուրտի համալսարանի խմբի միջև, որը ֆինանսավորվում էր Ֆոլկսվագենի հիմնադրամը (Հաննովեր, Գերմանիա): Հանգամանքները թույլ տվեցին ինտենսիվ համագործակցության և՛ Երևանում, և՛ Ֆրանկֆուրտում: Արմեն Սեդրակյանը մի քանի տարի նաև դասախոսություններ է կարդացել ԵՄՀ-ի մագիստրոս-ուսանողների համար կիսվել իր հարուստ գիտական փորձով: Այդ ուսանողներից մեկն այժմ նրա ղեկավարությամբ ասպիրանտուրա է անցնում Ֆրանկֆուրտի համալսարանում և այն կավարտի մեկ տարի հետո: Հաշվի առնելով Արմեն Սեդրակյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2014 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Արմեն Սեդրակյանը ցայսօր մեծ ջանքեր է ներդնում և սերտորեն համագործակցում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական այլ հաստատությունների հետ:
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար