Ս. Շ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ,
ֆիզիկոս Սպարտակ Գևորգյանը ծնվել
է 1948թ. մարտի 15-ին Խորհրդային
Հայաստանում, Լոռու մարզի՝ Արեգունի
լեռան ստորոտում գտնվող Լեջան գյուղում:
Ծնողները՝ Անահիտ և Շաքար Գևորգյանները, կրթություն չունեին, կոլտնտեսականներ էին և չէին կարող ազդել
Սպարտակ Գևորգյանի մասնագիտական
ընտրության վրա: Սակայն նրանք կարողացել էին իրենց որդու մեջ դաստիարակել այն բարձրագույն արժեքները, որոնց անունն է՝ պարզություն,
մաքրություն, աշխատասիրություն:
Սպարտակը նախնական կրթությունը ստացել է Լեջանի դպրոցում, ամենասիրած առարկան հայոց լեզուն
էր, քանզի հայոց լեզվի ուսուցչուհի Էմմա Թորոսյանը
ճշմարիտ ուսուցչուհու և մանկավարժի տիպար էր:
Հատկանշական է, որ հաճախ ճակատագիրն է որոշում
մարդու մասնագիտական ընտրությունը: Սպարտակ Գևորգյանը, որքան էլ տարօրինակ հնչի, ֆիզիկայից հիմնարար կրթություն չի ստացել: Նա ֆիզիկա է սովորել ինքնուրույն, սկզբում որպես հոբի, հետագայում
նաև գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությունից
դրդված:
Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Սպարտակ Գևորգյանն ընդունվեց ռադիոէլեկտրակապի
տեխնիկում՝ ռադիոսարքաշինություն մասնագիտության բաժինը: Այս ընտրությունը մեծ եղբոր խորհրդով
էր: Տեխնիկումից անմիջապես հետո արդեն իր ցանկությամբ դիմեց պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոսարքերի նախագծման բաժին:
Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո Սպարտակ Գևորգյանն ընդունվեց Լենինգրադի Էլեկտրատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան:
Թեման վերաբերում էր սիլիցիումի հիման վրա գերբարձր
հաճախականության (ԳԲՀ) սարքերի մշակմանը: Այն
պահանջում էր խոր գիտելիքներ կիսահաղորդիչների
ֆիզիկայից: Հենց այստեղ էր, որ Սպարտակ Գևորգյանի համար սկսվեց իսկական կիրառական ֆիզիկան, որն
ուղեկցեց նրան ողջ գիտական գործունեության ընթացքում:
1977թ. նա հաջողությամբ պաշտպանեց գիտական թեզը՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: Ասպիրանտուրան
ավարտելուց հետո տարբեր ժամանակներում զբաղվել է ինտեգրալային օպտիկայով, օպտիկական ղեկավարմամբ ԳԲՀ կիսահաղորդչային սարք
երով, բարձր ջերմաստիճանային
գերհաղորդիչների, ֆերոէլեկտրիկների և բոլորովին վերջերս՝ պիեզոէլէկտրիկ ու բազմաֆերոիկ նյութերի
հիման վրա ղեկավարվող ԳԲՀ
սարքերի մշակումով: Բոլոր դեպքերում հիմնական սկզբունքը եղել է նույնը՝ ուսումնասիրել և
օգտագործել նոր ֆիզիկական էֆեկտները տարբեր նյութերում՝
նոր ղեկավարվող ԳԲՀ սարքեր նախագծելու համար: ԳԲՀ տեխնիկան իմանալուց բացի այն պահանջել է խոր իմացություն պինդ մարմնի
ֆիզիկայում: Մի խոսքով, նա ստիպված, բայց մեծ հաճույքով խորացել է կիրառական ֆիզիկայում: 1992-1993թթ. նա դասավանդել է Հայաստանում՝ պոլիտեխնիկական համալսարանում, զուգահեռ դասավանդելով
նաև Սանկտ Պետերբուրգի էլեկտրատեխնիկական
համալսարանում: Սպարտակ Գևորգյանը 1982թ. ստացավ դոցենտի աստիճան:
Գործընկերների հրավերով Սպարտակ Գևորգյանը
1993թ. կարճ ժամանակով, գիտական աշխատանք կատարելու համար, մեկնեց Շվեդիա: Հետո այդ կարճ ժամանակը երկարեց ու էլի երկարեց... Հիմա նա մշտական բնակություն է հաստատել Շվեդիայի Գյոթեμորգ քաղաքում: Սպարտակ Գևորգյանը Չալմերս տեխնոլոգիական համալսարանի միկրոտեխնոլոգիայի և նանոտեխնոլոգիայի բաժնի պրոֆեսոր է:
Սպարտակ Գևորգյանը միշտ ձգտել է չանել գիտություն
հանուն գիտության: Նրա համար կարևոր է, որ գիտական արդյունքներն օգտագործվեն արտադրության մեջ: Այս տեսակետից արդյունավետ է համարում իր աշխատանքը Էրիքսոնում: Էրիքսոնի միջոցով
նա պատենտավորել է ավելի քան երեսուն նորարարական առաջարկություն: Սպարտակ Գևորգյանը մեծապես կարևորում է առանձնապես վերջին տասը տարիների արդյունքները ֆերոէլեկտրիկների բնագավառում, որտեղ, սկսելով հիմնարար ֆիզիկական հետազոտություններից, մշակվել են ԳԲՀ սարքեր և ներդրվել արտադրության մեջ: Արդյունքներն ամփոփվել են
երկու մենագրություններում, որոնցից մեկը արդեն
հրատարակվել է Springer-ի կողմից, իսկ մյուսը պատրաստ է հրատարակության: Սպարտակ Գևորգյանը հեղինակ է չորս հարյուր հիսունից ավելի գիտական աշխատությունների, որոնք հրատարակվել են հիմնականում առաջատար միջազգային ամսագրերում և գիտաժողովների նյութերում:
Սպարտակ Գևորգյանը ոչ մի օր չի ընդհատել իր
կապը մայր հայրենիքի հետ: Նա նախաձեռնել է INTAS
նախագծեր, որում ընդգրկվել և ֆինանսավորվել են
ակադեմիկոս Վ.Հարությունյանը և պրոֆեսոր Վ.Բունիաթյանը: Ներկայումս շարունակվում է համագործակցությունը
պրոֆեսոր Բունիաթյանի և նրա ամբիոնի աշխատակիցների հետ:
Սպարտակ Գևորգյանը գտնում է, որ եթե չլիներ իր
մեծ ընտանիքի աջակցությունը, ինքը դժվար թե հասներ գիտական այն բարձունքին, որն ունի այսօր: Նախ՝
եղբայրներն ու քույրերը նրա բոլոր նախաձեռնությունների ժամանակ եղել են կողքին, այնուհետև կինը, ով
համբերատար, անտրտունջ հոգացել է ընտանիքի և երեխաների հոգսերը: Սպարտակ Գևորգյանի զավակները ինքնուրույն են ընտրել իրենց մասնագիտությունը,
նա չի փորձել ազդել նրանց մասնագիտական ընտրության վրա: Միայն մեծ տղան է, որ երկար սպասումներից հետո որոշեց ֆիզիկոս դառնալ: Նա ֆիզիկոսին
հատուկ անալիտիկ մտածելակերպ ունի:
Հաշվի առնելով Սպարտակ Գևորգյանի գիտական,
մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ
սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Սպարտակ Գևորգյանը այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում ֆիզիկայի ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական
շրջանակների համապատասխան մասնագետների
հետ:
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար