Cover Image
aizvērt šo grāmatuԹոսունյան Աշոտ Գարեգինի(1955-)
Skatīt dokumentuԱ. Գ.ԹՈՍՈՒՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Գարեգին Աշոտի ԹՈՍՈՒՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Ռուսաստանի բանկերի միության նախագահ Գարեգին Աշոտի Թոսունյանը ծնվել է 1955 թվականի մայիսին, Երևանում: Հայրը՝ Աշոտ Թոսունյանը պատմաբան էր, իսկ մայրը՝ Կիմա Թոսունյանը՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի: Դպրոցն ավարտելուց հետո Թոսունյանը 1971 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ և ավարտել 1976-ին: 1986 թ. Լենինի անվան համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1989 թ. ավարտել է Մոսկվայի համամիութենական իրավաբանական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը (հեռակա), իսկ 1992 թ. ՌԴ կառավարման ազգային ակադեմիայի տնտեսագիտության բաժնում ստացել է 3-րդ բարձրագույն կրթությունը: Այդ ընթացքում Մոսկվայի իրավաբանական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1995 թ. Թոսունյանը Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բանկային գործը և բանկային իրավաբանությունը Ռուսաստանում. փորձը, խնդիրները, հեռանկար» թեմայով:
2010 թ. ՌԴ նախագահի հրամանով նրան շնորհվել է «ՌԴ գիտության վաստակավոր գործչի» կոչում: 2011 թ. դեկտեմբերին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:
1977-1988 թթ. ընթացքում աշխատել է որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող, իսկ ավելի ուշ՝ Դուբնայի միասնական միջուկային իստիտուտի հետազո տությունների բաժնի վարիչի տեղակալ: 1988 թ. Գարեգին Թոսունյանը, թողնելով գիտության ասպարեզը, աշխատանքի է անցնում Մոսկվայի քաղաքային գործադիր կոմիտեի գիտության և տեխնիկայի գլխավոր վարչությունում, ուր հիմնել և ղեկավարել է գիտաարտադրական ընկերություն:
1990 թ. Թոսունյանը հրավիրվեց ստեղծելու և ղեկավարելու տեխնոլոգիայի և գիտության զարգացման Մոսկվայի բանկը (Տեխնոբանկ): Լինելով Տեխնոբանկի ղեկավար՝ 1991 թ. Թոսունյանը մասնակցել է Ռուսաստանի բանկերի միության ստեղծմանը և հենց այդ ժամանակ էլ ընտրվել այդ միության փոխնախագահ: Մեկ տարի անց հիմնել է միջբանկային ֆինանսական տուն և ղեկավարել է տնօրենների խորհուրդը:
1994 թ. միջբանկային ֆինանսական տանը կից ստեղծել է գիտական հետազոտությունների կենտրոն, իսկ 1996 թ. միջμանկային ֆինանսական տան հիման վրա ստեղծել է տեղեկատվական գործակալություն: 1994 թ. Թոսունյանը առաջին անգամ ընտրվել է Ռուսաստանի բանկերի միության առաջին փոխնախագահ, մասնակցել է Մոսկվայի կառավարության լիազոր բանկերի խորհրդի ստեղծմանը:
1996 թ. Թոսունյանը ընդգրկվել է ՌԴ կառավարությանն առընթեր բանկային գործունեության խորհրդի կազմում, իսկ մեկ տարի անց՝ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Թոսունյանին նշանակել է իր խորհրդականը ֆինանսաիրավական հարցերով (հասարակական հիմունքներով):
1997 թ. Թոսունյանը թողնում է Տեխնոբանկի կառավարման նախագահի պաշտոնը՝ մնալով Տեխնոբանկի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում: 1998 թ. նա դառնում է ՌԴ վարչապետ Եվգենի Պրիմակովի խորհրդականը ֆինանսակրեդիտային հարցերով: Պրիմակովի պաշտոնանկությունից հետո Թոսունյանը որոշ ժամանակ առաջին փոխվարչապետի՝ Խրիստենկոյի խորհրդականն էր, որից հետո նշանակվել է ՌԴ Պետդումայի կոմիտեի փորձագիտական խորհրդի նախագահի տեղակալ՝ ֆինանսական շուկայի և վարկային կազմակերպման հարցերով: Այդ պաշտոնից հեռանալուց հետո (2000 թ.) Թոսունյանը երկու տարի դասավանդել է ՌԴ կառավարման ազգային ակադեմիայում:
2002 թ. Գարեգին Թոսունյանը ընտրվել է Ռուսաստանի բանկերի միության նախագահ: Այդ ժամանակից էլ նա ղեկավարում է Մոսկվայի բանկերի միության խորհուրդը և ռուսական բոլոր շրջանների բանկային միությունների խորհուրդը: Նա նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խորհրդականն է և Դաշնային խորհրդի միջշրջանային բանկային խորհրդի նախագահի տեղակալը:
2006 թ.-ից Թոսունյանը Ռուսաստանի արդյունաբերողների և փորձագետների միության խորհրդի անդամ է: Թոսունյանը ավելի քան 270 հոդվածների, 50 գրքերի, մենագրությունների և դասագրքերի հեղինակ է:
Թոսունյանը առաջինն էր Ռուսաստանում, որ մշակեց «Բանկային գործ» համալսարանական դասընթացի համակարգը: 1996 թ.-ից նա ՌԴ կառավարման ազգային ակադեմիայի «Բանկային կանոններ և ֆինանսականոնային կարգապահություն» ամբիոնի վարիչն է, իսկ 1997 թ.-ից ղեկավարում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետականիրավունքի ինստիտուտի «Ֆինանսական և բանկային իրավունք» բաժինը:
Նրա գիտական ղեկավարությամբ պատրաստվել են 10-ից ավելի իրավագիտության դոկտորներ և թեկնածուներ: Նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետական իրավունքի դոկտորական խորհրդի անդամ է, «Բանկային իրավունք» և «Իրավաբանության հարցեր» ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ, «Долговой эксперт» և «Национальный банковский журнал» ամսագրերի խորհրդի նախագահի տեղակալ: Գարեգին Թոսունյանը Ռուսաստանի ազատ տնտեսական միության փոխնախագահն է, Մենեջմենթի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահ: Որպես Ռուսաստանի բանկերի միության նախագահ հիմնական ուշադրությունը նա դարձնում էր գիտական, կրթական աշխատանքի, ֆինանսական գրագիտության բարձրացման հարցերին:
Ամեն ամիս, ինտերնետի միջոցով, անց է կացնում առցանց հանդիպում և բաց բանավեճ ուսանողների, դասախոսների համար: Նա տարբեր հեռուստա և ռադիոհաղորդումների մշտական հյուրն է, ԶԼՄ-ներում հաճախ է հիշվում նրա անունը՝ որպես ֆինանսական փորձագետ:
Գ. Թոսունյանը անց է կացնում հատուկ վարպետության դասեր՝ ինչպես Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողների, այնպես ել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հայ ուսանողական միության համար:
Գ. Թոսունյանը ակտիվ մասնակցություն է ունենում ֆինանսական օմբուդսմենի (հաշտարարի) ամենամյա գիտաժողովներին Հայաստանում, Երևանում հաճախակի հանդես է գալիս զեկույցներով՝ տարբեր ֆորումներում, այդ թվում նաև երիտասարդական:
Հաշվի առնելով Գարեգին Թոսունյանի գիտական ձեռքբերումները և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Խոսելով Հայաստանի հետ նրա սերտ համագործակցության մասին, չի կարելի չնշել այն, որ Ռուսաստանի բանկերի միությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի բանկերի միության հետ:
Օրերս լրացավ Գարեգին Թոսունյանի ծննդյան 60-ամյակը, որի կապակցությամբ սրտանց շնորհավորում ենք նրան և մաղթում քաջ առողջություն, բեղմնավոր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ:


Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2015, հունիս, № 6