Cover Image
close this bookԱլիխանյան Արտեմ Իսահակի (1908-1978)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սովետական ականավոր ֆիզիկոս, հայրենական փորձարարական միջուկային ֆիզիկայի ռահվիրաներից մեկը, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Արտեմ Իսահակի Ալիխանյանը ծնվել է 1908 թ. հունիսի 24-ին, Ելիզավետպոլում (այժմ` ք. Կիրովաբադ), երկաթուղային–մեքենավարի ընտանիքում: Վախճանվել է 1978 թ. փետրվարի 25-ին, Մոսկվայում:
Ա. Ի. Ալիխանյանի մանկությունն անցել է Լենինականում, ապա` Թբիլիսիում: Այստեղ ստանալով միջնակարգ կրթություն, Ա. Ի. Ալիխանյանը 1926 թ. տեղափոխվել է Լենինգրադ և ընդունվել պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլետը, որն ավարտել է 1931 թ.: Դեռ ուսանողական տարիներից Ա. Ի. Ալիխանյանը զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով` նախ Լենինգրադի համալսարանում, իսկ 1930 թվականից` ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, որը ղեկավարում էր ակադեմիկոս Ա. Ֆ. Իոֆֆեն (ԼՖՏԻ – ում 1927 թ. աշխատում էր նաև Ա. Ի. Ալիխանյանի ավագ եղբայրը` Աբրահամ Իսահակի Ալիխանովը): Այդ հռչակավոր գիտական կենտրոնի հետ է սերտորեն կապված Ա. Ի. Ալիխանյանի ստեղծագործական կենսագրության ավելի քան տասնամյա ժամանակահատվածը` 1930–1943 թթ.:
ԼՖՏԻ–ում գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը պինդ մարմնի մեխանիկական և էլեկտրական հատկությունների ուսումնասիրությունն էր (Ա. Ֆ. Իոֆֆե, Պ. Պ. Կոբեկո, Ի. Վ. Կուրչատով և ուրիշներ): Այդ ժամանակաշրջանը բնորոշվում է նաև քիմիական ֆիզիկայի ասպարեզում հետազոտությունների Ա. Ի. Ալիխանյանի առաջին աշխատանքները` կատարված պրոֆ. Պ. Ի. Լուկիրսկու ղեկավարությամբ, նվիրված էին մետաղների հատկությունների ուսումնասիրությանը` ռենտգենյան ճառագայթների օգնությամբ:
30–ական թվականների սկզբին հատկանշական էր միջուկային ֆիզիկայի բուռն զարգացումը (դեյտերիումի, նեյտրոնի, պոզիտրոնի հայտնաբերում, ատոմային միջուկի պրոտոն–նեյտրոնային մոդելի մշակում և այլն), և միջուկային թեմատիկան ԼՖՏԻ–ում դարձավ հետազոտությունների գլխավոր և հեռանկարային ուղղություններից մեկը: 1932 թ. նոյեմբերին այնտեղ կազմակերպվեց միջուկային սեմինար, իսկ նույն թվականի դեկտեմբերին Ա. Ֆ. Իոֆֆեի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ստեղծվեց միջուկային խումբ. վերջինս 1933 թ. վերակազմվեց միջուկային ֆիզիկայի բաժնի, որը գլխավորեց Ի. Վ. Կուրչատովը:
Այդ տարիներին շատ երիտասարդ ֆիզիկոսներ ընտրեցին միջուկային թեմատիկան. նրանց շարքում էր նաև Ա. Ի. Ալիխանյանը, որը դարձավ ԼՖՏԻ–ում 1933 թ. Ա. Ի. Ալիխանովի կողմից ստեղծված և նրա գլխավորած պոզիտրոնների (հետագայում β–ռադիոակտիվության) լաբորատորիայի առաջին աշխատակիցներից մեկը: Ա. Ի. Ալիխանյանի գիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում էր ժամանակի միջուկային ֆիզիկայի հրատապ պրեբլեմները` β-տրոհում, զույգային կոնվերսիա, միկրոաշխարհում էներգիայի և իմպուլսի պահպանման օրենքների փորձարարական ստուգում, ռելյատիվիստական էլեկտրոնների փոխազդեցություն նյութի հետ:
1934 թ. Ա. Ի. Ալիխանյանը, Ա. Ի. Ալիխանովը և Բ. Ս. Ջելեպովը մեր երկրում առաջինն սկսեցին արհեստական ռադիոակտիվության հետազոտությունները: Այդ ուղղությամբ կատարած առաջին իսկ փորձերը հեղինակներին հանգեցրին, անկախ Ի. և Ֆ. Ժոլիո–Կյուրիներից, արհեստականորեն ստացված նուկլիդի կողմից էլեկտրոնների առաքման դիտմանը:
1937 թ. ռադիոակտիվ նուկլիդների β–սպեկտրների ճշգրիտ չափումների հետևանքով Ա. Ի. Ալիխանյանը, Ա. Ի. Ալիխանովի և Բ. Ս. Ջելեպովի հետ համատեղ փորձով հաստատեց դրանց ձևի կախվածությունը ճառագայթիչի կարգահամարից` ֆերմիի β–տրոհման տեսության համապատասխան:
1936 թ., երբ ֆիզիկոսների կողմից սուր վիճաբանության էր ենթարկվում միկրոաշխարհում էներգիայի և իմպուլսի պահպանման օրենքների ճշմարտացիությունը, Ա. Ի. Ալիխանյանը, Ա. Ի. Ալիխանովը և Լ.Ա. Արցիմովիչը կատարեցին սկզբունքորեն կարևոր փորձ` էլեկտրոն–պոզիտրոնային զույգի աննիհիլյացիայի դեպքում, իմպուլսի պահպանման օրենքի անխախտելիության ապացուցման ուղղությամբ:
Ակադեմիկոս Լ. Ա. Արցիմովիչի մասին հիշողությունների ժողովածուի մեջ հրապարակած իր հոդվածում Ա. Ի. Ալիխանյանը այսպես է պատմում այդ փորձի մասին. ,,… մենք երեքով` Ալիխանովը, Ալիխանյանը և Արցիմովիչը 15 օրվա ընթացքում կատարեցինք ամենագեղեցիկ փորձերից մեկը, որը հստակորեն ապացուցեց պոզիտրոնների և էլեկտրոնների միջև աննիհիլյացիայի ինտիմ ակտի ընթացքում պահպանման օրենքների խստիվ կատարումը: Երեքս էլ սարսուռ զգացինք, երբ ակներևաբար համոզվեցինք էֆեկտի առկայության մեջ,,:
30–ական թվականների երկրորդ կեսին փորձարարական միջուկային ֆիզիկայի կարևոր և հրատապ խնդիրներից մեկն էր նեյտրինոյի իրականությունը ապացուցելու պրոբլեմը: 1938 թ. վերջին Ա. Ի. Ալիխանյանը առաջ քաշեց օրբիտալ էլեկտրոնի գրավման միջոցով տրոհվող 7/4Be միջուկների օգտագործման գաղափարը` նեյտրինոյի գոյության անուղղակի ստուգման համար: 1939 թ. Ա. Ի. Ալիխանյանը և Ա. Ի. Ալիխանովը սկսեցին համապատասխան փորձի նախապատրաստումը, որի նպատակն էր` հայտնաբերել հետհարվածը, որը կրում է 7/3Li միջուկը էլեկտրոնային գրավման ընթացքում 7/4Be ռադիոակտիվ միջուկի կողմից նեյտրինո առաքելու հաշվին: Նեյտրինոյի վարկածով կանխագուշակված հետհարվածի միջուկների էներգիայի միանգամայն որոշակի արժեքի դիտումը կլիներ նեյտրինոյի գոյության անուղղակի հաստատումը: Փորձերը ընդհատվեցին Հայրենական մեծ պատերազմի սկզբին: Համանման փորձ կատարեց ամերիկացի ֆիզիկոս Ջ. Ալլենը 1942 թ.:
1938 – 1940 թթ. Ա. Ի. Ալիխանյանը, Ա. Ի. Ալիխանովը և ուրիշները կատարեցին աշխատանքների մի շարք` նեյտրինոյի հանգստի զանգվածի գնահատման վերաբերյալ β–սպեկտորի ձևը նրա վերին սահմանի մոտ ուսումնասիրելու հիման վրա: Այդ աշխատանքները հիմնարարական էին: Թեև դրանց արդյունքները չեն համապատասխանում նեյտրինոյի հանգստի զանգվածի վերաբերյալ ժամանակակից տվյալներին, այնուամենայնիվ, դրանք` պրոբլեմի դրվածքի և նրա լուծման մեթոդի առումով, խթանող դեր կատարեցին β–տրոհման հետագա հետազոտությունների զարգացման և նեյտրինոյի ֆիզիկայի կազմավորման գործում: β – սպեկտրի ձևով` նրա վերին սահմանի մոտ նեյտրինոյի հանգստի զանգվածի որոշման փորձերը ներկայումս էլ շարունակվում են, քանի որ նեյտրինոյի հանգստի ոչ զրոյի հավասար զանգվածի հարցը ունի հիմնարար նշանակություն ոչ միայն միջուկային ֆիզիկայի, այլև աստղաֆիզիկայի, և տիեզերագիտության համար:
Մեծ է Ա. Ի. Ալիխանյանի ներդրումը զույգային կոնվերսիայի ուսումնասիրման գործում: 1935–1938 թթ. Ա. Ի. Ալիխանովի, Մ. Ս. Կոզոդաևի և ուրիշների հետ կատարած արտաքին և ներքին զույգային կոնվերսիայի հետազոտությունները հանգեցրին այն տարիներին առավել լիակատար փորձարարական տվյալների, որոնք համաձայնեցվում են կոնվերսիայի տեսության եզրահանգումներին:
30–ական թվականների վերջին Ա. Ի. Ալիխանյանը զբաղվում էր նաև նյութի մեջ արագ էլեկտրոնների արգելակման և ցրման (0,6 – 2,55 ՄԷՎ էներգիաների տիրույթում) ուսումնասիրությամբ: Այդ ժամանակ քվանտային մեխանիկայի հիմնական դրույթների ճշմարտացիությունն արդեն հաստատված էր բազմաթիվ և բազմակողմանի փորձերով: Սակայն որոշ հարցերի քննարկման ժամանակ մնացել էին էական տարբերություններ փորձնական և տեսական տվյալների միջև: Այդպիսի հարցերին էին պատկանում ռելյատիվիստական էլեկտրոնների արգելակման և ցրման պրոցեսները նյութի մեջ:
Այդ պրոցեսների մանրակրկիտ հետազոտությունները ցույց տվեցին, որ արագ էլեկտրոնների և նյութի փոխազդեցության հիմնական օրինաչափությունները բավարար են նկարագրվում ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի կողմից:
Ա. Ի. Ալիխանյանն ակտիվորեն մասնակցում էր միջուկային ֆիզիկային նվիրված նախապատերազմյան համամիութենական կոնֆերանսների աշխատանքներին (1933 – 1940 թթ.), որոնք, ինչպես հայտնի է, մեծ դեր խաղացին Սովետական Միությունում գիտության այդ ճյուղի կազմավորման և զարգացման գործում: Հատուկ ուշադրության է արժանի նրա ,,Փորձարարական հետազոտություններ β–տրոհման ուղղությամբ,, զեկուցումը, որը ներկայացված էր 2-րդ միջուկային կոնֆերանսին: Այդ զեկուցման մեջ շարադրված էին ԼՖՏԻ–ի պոզիտրոնների լաբորատորիայում կատարած մեծ թվով ոադիոակտիվ նուկլիդների β-սպեկտրների ուսումնասիրությունների արդյունքները, որոնք բացահայտեցին սպեկտրների ձևի էական կախվածությունը տարրի կարգահամարից: Ա. Ի. Ալիխանյանն իր զեկուցման մեջ փորձել էր գնահատել նեյտրինոյի հանգստի զանգվածը` վերին սահմանի մոտ β–սպեկտրի ձևի ուսումնասիրման հիման վրա:
30–ական թվականների վերջին Ա. Ի. Ալիխանովը և Ա. Ի. Ալիխանյանը այն ժամանակ հայտնի փորձարարական տվյալների վերլուծության հիման վրա ուշադրություն դարձրեցին տիեզերական ճառագայթման փափուկ կոմպոնենտի ինտենսիվության մեծության պարբերական կախվածությանը չափման մեթոդից: Այսպես` Գեյգեր–Մյուլլերի հաշվիչների օգնությամբ որոշված փափուկ կոմպոնենտի կլանումն ավելի փոքր էր, քան իոնիզացիոն խցիկով չափվածը:
Այսպիսով` տիեզերական ճառագայթների փափուկ կոմպոնենտը դրսևորվում էր ավելի մեծ իոնիզացնող հատկություն, քան դա սպասվում էր այն տարիներին հայտնի նրա կազմի համար: Հիմնվելով այդ փաստի վրա, Ա. Ի. Ալիխանովը 1940 թ. մարտին ԼՖՏԻ–ում կայացած միջուկային սեմինարում կարծիք հայտնեց փափուկ կոմպոնենտի կազմում պրոտոնների աոկայության մասին:
1939 թ. Ա. Ալիխանյանը սկսեց այն տարիներին բարձր էներգիաների մասնիկների միակ աղբյուր հանդիսացող տիեզերական ճառագայթման հետազոտությունները: Այդ ասպարեզում նրա առաջին փորձերը նվիրված էին տիեզերական ճառագայթների փափուկ և կոշտ կոմպոնենտների ուսումնասիրության հիման վրա մյուոնի սպինի մեծությունը որոշելուն:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ա. Ի. Ալիխանյանը մասնակցում է 1941–1942 թթ. պաշտպանական աշխատանքներին: Նա զբաղվում էր նավերը մագնիսական ականներից պաշտպանելու արդյունավետ միջոցներ ստեղծելու հարցերով, ինչպես նաև Մոսկվան հիտլերական օդագնացության հարձակումներից պաշտպանելու ժամանակ օգտագործվող աէրոստատների համար ավտոմատիկայի մշակմամբ:
1942 թ. ամռանը տիեզերական ճառագայթները համակողմանի և մանրամասն ուսումնասիրելու համար Ա. Ի. Ալիխանովի ղեկավարությամբ կազմակերպվում է ԼՖՏԻ–ի գիտարշավ Հայասսան` Արագած լեռան վրա: Գիտարշավի կազմում էր նաև Ա. Ի. Ալիխանյանը: Հայաստանի հետ է անխզելիորեն կապված նրա գիտական կենսագրության երկրորդ փուլը (1943 – 1978 թթ.):
1942 թ. աշնանը, երբ Ա. Ի. Ալիխանովը շտապ կանչվում է Մոսկվա` ատոմային նախագծին մասնակցելու համար, Ա. Ի. Ալիխանյանը գլխավորում է Արագածի` ծովի մակերևույթից 3250 մ բարձրության վրա ստեղծված տիեզերական կայանի աշխատանքը: Այստեղ 1942–1945 թթ. Ա. Ի. Ալիխանովի և Ա. Ի. Ալիխանյանի ղեկավարությամբ կատարված փորձերի տվյալները ցույց տվեցին, որ տիեզերական ճառագայթման կազմում առկա են պրոտոններ 150 ՄԷՎ կարգի էներգիայով:
Գիտարշավները Արագածում մեծ նշանակություն ունեցան ոչ միայն գիտական տեսակետից, այլև հրաշալի դպրոց էին հայ (և ոչ միայն հայ) գիտնականների մի ամբողջ համաստեղության համար, որոնք հետագայում վճռական դեր խաղացին մեր հանրապետությունում ֆիզիկայի զարգացման գործում:
1943 թ. Արագածի կայանի հիմքի վրա Ա. Ի. Ալիխանյանը ստեղծեց ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական ինստիտուտը (1946 թվից` ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտ, իսկ 1962–ից` Երևանի ֆիզիկայի ինստիտուտ – ԵՐՖԻ), որի անընդմեջ ղեկավարն էր մինչև 1973 թ.: Նրա ղեկավարությամբ ԵՐՖԻ–ն դարձավ խոշոր գիտական կենտրոն, որտեղ տարվող հետազոտությունները բարձր էներգիայի ֆիզիկայի և տարրական մասնիկների ֆիզիկայի ասպարեզում լայնորեն հայտնի են Սովետական Միությունում և նրա սահմաններից դուրս:
1943 թ. Ա. Ի. Ալիխանյանը աշխատակիցների հետ, ուսումնասիրելով Օժեի հեղեղները (լայն մթնոլորտային հեղեղներ), հայտնաբերեց, այսպես կոչված, նեղ մթնոլորտային հեղեղներ: Այդ հայտնագործությունը ֆիզիկոսների ուշադրությունը հրավիրեց ոչ էլեկտրամագնիսական միջուկային պրոցեսների գոյության փաստի վրա, պրոցեսներ, որոնք ինտենսիվորեն ընթանում են մթնոլորտի միջով տիեզերական ճառագայթման անցնելու ժամանակ: 1945 թ. Ա. Ի. Ալիխանյանը (Թ.Լ. Ասաթիանիի հետ համատեղ) լայն մթնոլորտային հեղեղները հետազոտելու համար առաջարկեց հաշվիչների մակերեսների տարատեսակության մեթոդ և դրա օգնությամբ տիեզերական ճառագայթների կազմում դիտեց 10/11 ՄԵՎ կարգի և ավելի էներգիա ունեցող մասնիկներ: 1950 թ. Ա. Ի. Ալիխանյանը աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերեց պրոտոնների ինտենսիվ արտադրում արագ նեյտրոնների կողմից:
Մեծ է Ա. Ի. Ալիխանյանի վաստակը փորձարարական մեթոդիկայի ստեղծման և կատարելագործման մեջ: 1945 թ. նա Ա. Ի. Ալիխանովի հետ համատեղ տիեզերական ճառագայթները ուսումնասիրելու համար մշակեց բարձր իմպուլսային լուծում ունեցող մագնիսական մասս-սպեկտրաչափ, որը գիտական գրականության մեջ հայտնի է որպես Ալիխանովի–Ալիխանյանի մասս–սպեկտրաչափ: Դրա օգնությամբ 1945 թ. հաստատվեցին մինչ այդ ստացված արդյունքները տիեզերական ճառագայթման կազմում, բարձր էներգիայով օժտված պրոտոնների առկայության մասին: 1946 թ., կատարելագործելով մասս–սպեկտրաչափի մեթոդիկան, Ա. Ի. Ալիխանյանը, Ա. Ի. Ալիխանովը և աշխատակիցները տեղեկություններ ստացան տիեզերական ճառագայթների կազմում այնպիսի մասնիկների առկայության մասին, որոնց զանգվածներն ընկած էին մյուոնի և պրոտոնի զանգվածների միջև:
50–ական թվականների կեսին Ա. Ի. Ալիխանյանը աշխատակիցների հետ միասին ստեղծեց 570–լիտրանոց ֆրեոնային պղպջակային խցիկ և դրա օգնությամբ հետազոտեց π -> M -> e տրոհումը: Այդ հետազոտության արդյունքները հաստատեցին դիտվող պրոցեսում զույգության պահպանման խախտման փաստը: Ա. Ի. Ալիխանյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում կառուցվեց 6 ԳԷՎ էներգիայով էլեկտրոնային արագացուցիչը, որը շարք մտավ 1967 թ.:
Ա. Ի. Ալիխանյանը տրեկային կայծային խցիկներ ստեղծողներից մեկն էր: Այդ խցիկները հնարավորություն են տալիս տարրական մասնիկների հատկությունների մասին ավելի լիարժեք և ճշգրիտ տեղեկություն ստանալ, քան սովորական կայծային խցիկները: Այդպիսի խցիկների ստեղծման համար Ա. Ի. Ալիխանյանը և Թ. Լ. Ասաթիանին մոսկվացի և վրացի մի խումբ ֆիզիկոսների հետ 1970 թ. արժանացան Լենինյան մրցանակի:
1960 թ. Ա. Ի. Ալիխանյանը Արագած լեռան լանջին կազմակերպեց Հայաստանում երկրորդ բարձրլեռնային կայանը (բարձրությունը` 2000 մ ծովի մակերևույթից), որտեղ սկսեցին հետազոտվել տիեզերական ճառագայթման բարձր էներգիաներ կրող նուկլոնների փոխազդեցությունները միջուկների հետ: Նշենք, որ Արագած և Նոր–Ամբերդ բարձրալեռնային կայանները մեր երկրում ամբողջ տարին գործող առաջին կայաններն էին տիեզերական ճառագայթների ուսումնասիրման գծով։ Նույն թվականին Ա. Ի. Ալիխանյանի նախաձեռնությամբ Նոր–Ամբերդում սկսեց գործել ամենամյա դպրոց` փորձարարական և տեսական ֆիզիկայի գծով, որին մասնակցում էին սովետական և արտասահմանյան առաջատար գիտնականներ: Հետագայում այդ դպրոցները դարձան ավանդական:
60–ական թվականներին Ա. Ի. Ալիխանյանի ղեկավարությամբ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում անցկացվեցին փորձարարական աշխատանքներ` ԵՐՖԻ–ում Գ. Մ. Ղարիբյանի կողմից (Կ. Ա. Բարսուկովի հետ միաժամանակ) հայտնաբերած ռենտգենյան անցումային ճառագայթման հատկությունների ուսումնասիրության ուղղությամբ: Այդ հետազոտությունների հետևանքով ստեղծվեցին ռենտգենյան անցումային ճառագայթ դետեկտորներ, որոնք լայն կիրառում գտան մեր երկրում և արտասահմանում: Փաստորեն Ա. Ի. Ալիխանյանը հետագայում լայնորեն հայտնի ,,Պիոն,, փորձարարության նախաձեռնողը դարձավ, որն ուղղված էր տիեզերական ճառագայթման ադրոնների փոխազդեցությունների իդենտիֆիկացմանն ու հետազոտմանը:
Գիտահետազոտական աշխատանքին զուգընթաց Ա. Ի. Ալիխանյանը 1935 թ. զբաղվում էր նաև մանկավարժական գործունեությամբ: 1935 – 1939 թթ. նա Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի փորձարարական ֆիզիկայի ամբիոնի դասախոս էր: Ֆիզիկամեխանիկական ֆակուլտետում կարդում էր ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի և ատոմային միջուկի ֆիզիկայի դասընթացներ: 1943 թ. Ա. Ի. Ալիխանյանը Երևանի պետական համալսարանում կազմակերպեց միջուկային ֆիզիկայի ամբիոն, որը գլխավորում էր մինչև 1973 թ.: Անգնահատելի է նրա կողմից ղեկավարած ամբիոնի դերը մեր հանրապետությունում միջուկային ֆիզիկայի ասպարեզում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում:Նույնանման ամբիոն Ա. Ի. Ալիխանյանը հիմնեց 1946 թ. նաև Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտում և նրա վարիչն էր մինչև 1960 թ.:
Ա. Ի. Ալիխանյանը ստեղծեց ֆիզիկոսների հայտնի և արդյունավետ մի դպրոց, որը տվեց այնպիսի գիտական կադրեր, ինչպիսիք են Թ. Լ. Ասաթիանին, Բ. Ա. Դոլգոշեինը, Գ, Մ. Ղարիբյանը, Ն. Մ. Քոչարյանը, Վ. Գ. Կիրիլով–Ուգրյումովը և ուրիշներ:
Ա. Ի. Ալիխանյանի գիտական վաստակը բարձր գնահատականի է արժանացել. 1943 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ իսկսկսն անդամ, 1946 թ.` ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ: 1941 և 1948 թթ. նրան շնորհվել է ՍՍՀՄ պետական, իսկ 1970 թ.` Լենինյան մրցանակ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանով և մեդալներով: 1967 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Ա. Ի. Ալիխանյանի անունը և նրա բեղմնավոր գործունեությունը անխզելիորեն կապված են սովետական գիտության պատմության հետ: