Cover Image
close this bookԱղայան Ծատուր Պավելի (1912-1982)
View the documentԾ. Պ. ԱՂԱՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԾ. Պ. ԱՂԱՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ծատուր Պավելի Աղայանը ծնվել է 1912 թ. հունվարի 13-ին Ելիզավետոպոլի (Գանձակի) նահանգի Փիփ (այժմ Զագլիկ) գյուղում, հողագործի ընտանիքում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո Աղայանների ընտանիքը տեղափոխվում է Շամխորի շրջանի Գոլիցինո (այժմ Մարտունի) գյուղը։ Տարրական կրթությունը Աղայանը ստացել է Գոլիցինո գյուղում, որտեղ աչքի է ընկել որպես դպրոցի առաջադեմ աշակերտներից մեկը։
Ծ. Աղայանը ակտիվ աշխատանքի ջիղ ուներ։ Նա 1925 թ. ընդունվեց կոմերիտմիության շարքերը։ Ուշիմ և օժտված պատանին 1926 թ. ընդունվում է Գյանջայի (այժմ Կիրովաբադ) մանկավարժական տեխնիկումը։ Տեխնիկումի դասընթացներին զուգընթաց նա գերազանց գնահատականներով ավարտում է Գյանջայի ԼԿԵՄ քաղաքային կոմիտեին կից քաղաքական դասընթացները և գործուղվում Շամխորի շրջան` կոլտնտեսությունների կազմակերպման աշխատանքներին աջակցելու համար։ Այստեղ էլ նա ցուցաբերում է իրեն որպես եռանդուն կազմակերպիչ։ 1930 թ. տեխնիկումը հաջողությամբ ավարտելուց հետո նա աշխատում է Շամխորի շրջանի Մարտունու, Ջագիրի և ապա Չարդախլուի բազային օրինակելի դպրոցում որպես ուսուցիչ և ուսմասվար։ Նա միաժամանակ շրջանի հայկական դպրոցների մեթոդխորհրդի նախագահն էր։ Ադրբեջանի լուսժողկոմատը, հաշվի առնելով Ծ. Աղայանի օրինակելի աշխատանքը, 1932/33 ուս. տարում նրան գործուղում է Մոսկվա` ուսումը շարունակելու։ 1933 թ. Ծ. Աղայանը ընդունվում է Մոսկվայի պատմափիլիսոփայական-գրական ինստիտուտը, որն ավարտում է 1937-ին` առաջին կարգի դիպլոմով։ Մինչ այդ, 1936 թ. նա միաժամանակ ավարտել է նաև Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Ծ. Աղայանը աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի մարզի Մարտունու շրջանի լուսբաժնի տեսուչ, ապա` մարզային լուսբաժնի մեթոդ կաբինետի վարիչ, Բաքվի № 3 դպրոցի ուսումնական մասի վարիչ, պատմություն է դասավանդել Ստեփանակերտի և Բաքվի միջնակարգ դպրոցներում, Լեռնային Ղարաբաղի պարբերականերում հանդես է եկել մի շարք հոդվածներով։ Տակավին ուսանողական տարիներին Ծ. Աղայանը հետաքրքրություն է հանդես բերում դեպի պատմական գիտությունը։ 1938 թ. նա ընդունվում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրան, մասնագիտանում ՍՍՀՄ ժողովուրդների պատմության հետազոտման բնագավառում։ Նրա գիտական ղեկավարն է եղել հայտնի արևելագետ պրոֆ. Բ. Զախոդերը։ 1939 թ. Ծ. Աղայանը Մոսկվայից երկու ամսով գործուղվել է Երևան և ակադեմիկոս Հ. Մանանդյանի ղեկավարությամբ ավարտել է «Սասունցի Դավիթ» էպեսի էպոխային վերաբերվող ասպիրանտական աշխատությունը։ Ասպիրանտական ուսումնառության տարիներին Ծ. Աղայանը հադիպումներ է ունեցել և խորհրդատվություն է ստացել նաև ակադեմիկոս Հ. Օրբելուց և արևելագետ պրոֆ. Ի. Պետրուշևսկուց։ Ասպիրանտուրայում Ծ. Աղայանը հատկապես ուսումնասիրում էր Անդրկովկասյան ժողովուրդների ռուսական կողմնորոշման և նրանց պատմական կապերի պրոբլեմը։ Հաջողությամբ և ժամկետից շուտ ավարտելով ասպիրանտուրան, Աղայանը 1941 թ. հունիսի 25-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետում պաշտպանում է «Ադրբեջանական առաջին լուսավորիչ-պատմաբան Ա. Կ. Բաքիխանովի «Կուդսի» դիսերտացիոն աշխատությունը, որի համար նրան շնորհում է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Մանկավարժական գործունեությունը նա հմտորեն զուգակցում է գիտահետազոտական աշխատանքին, պատմակուսակցական և գիտական մամուլում հրատարակում է մի շարք արժեքավոր ուսումնասիրություններ։ Ծ. Պ. Աղայանը «1870 թ. գյուղացիական ռեֆորմը Ադրբեջանում» մենագրությամբ 1948 թ. պաշտպանում է դիսերտացիա և ստանում պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Այդ մենադրությունը խոշոր ներդրում է երկրամասի ագրարային հարաբերությունների, հասարակական մտքի հետազոտման ասպարեզում։ 1948 թ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հրավերով Ծ. Աղայանը տեղափոխվում է Երևան։ Այստեղ նա առաջին օրերից սերտորեն կապվում է Հայաստանի գիտական շրջանների հետ և առաջ քաշում մի շարք ժամանակակից պրոբլեմներ։ Արժեքավոր է նրա «Հոկտեմբերյան Սոցիալիստական մեծ հեղափոխությունը և բաքվի 1918 թ. սովետական իշխանությունը» աշխատությունը, որը լույս է տեսել 1948 թ. ՀՍՍՀ ԳԱ հասարակականգիրություններ «Տեղեկագրում»։
1950-1954 թթ. Ծ. Աղայանը զգալի դեր է կատարում Սովետական Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում` հայ ժողովրդի պատմության ակտուալ թեմաների մշակման և պատմագիտական աշխատությունների տեսական մակարդակի բարձրացման ասպարեզում։ Նա պատմության ինստիտուտում գլխավորում է նորաստեղծ Սովետական շրջանի պատմության բաժինը և ձեռնամուխ լինում առաջին անգամ Հայկական ՍՍՀ սիստեմատիկ պատմության ստեղծման գործին։ Համախմբելով սովետական շրջանի պատմությամբ զբաղվող հեղինակների մի ամբողջ խումբ, ստեղծագործական քննարկումների և հետևողական աշխատանքի շնորհիվ ստեղծվում են «Սովետական Հայաստանի պատմության ուրվագծերը»։ Այդ տարիներին նա խմբագրում էր նաև ՀՍՍՀ ԳԱ հասարակակն գիտությունների «Տեղեկագիրը»։ Գիտական աչքի ընկնող աշխատությունների համար Ծ. Աղայանը 1950 թ. ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ։ Նույն թվականին նա նշանակվում է ՍՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի Հայկական ֆիլիալի տնօրենի գիտական գծով տեղակալ։
Ծ. Պ. Աղայանը գիտական գործունեությանը զուգընթաց Հայաստանում վարում է կուսակցական, սովետական և հասարակական աշխատանքներ։ 1950-1954 թթ. աշխատում է Հայաստանի կոնունիստական կուսակցության կենտկոմում որպես գիտության և կուլտուրայի բաժնի վարիչ, 1954-1961 թթ. վարում է հանրապետության գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի նոր պատմության բաժինը, իսկ 1961-1968 թթ.` ՍՄԿԿ կենտկոմին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական ֆիլիալի տնօրենի պաշտոնը։ Ծ. Աղայանը 1950-1954 թթ. եղել է ՀԿԿ կենտկոմի անդամության թեկնածու, 1963-1971 թթ. ընտրվել է ՀԿԿ կենտկոմի անդամ, ՀՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ և գիտության և լուսավորության հանձնաժողովի նախագահ։ 1971 թ.-ից նա ՀԿԿ կենտկոմի վերստուգիչ հանձնաժողովի անդամ էր։
Ծ. Աղայանը 1968 թ. ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։ Նա հանրապետության ԳԱ ՍՄԿԿ պատմության գծով առաջին ակադեմիկոսն է։ 1968 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ 1968-1973 թթ. նա նորից խմբագրել է ՀՍՍՀ ԳԱ «Հասարակական գիտությունների լրաբերը», իսկ 1973 թ.-ից գլխավորել է Պատմության ինստիտուտի նոր պատմության սեկտորը։
Պատմագիտական հարուստ գրականությանն ու արխիվային վավերագրերին քաջածանոթությունը, վերլուծելու և ընդհանրացնելու կարողությունը հնարավորություն են ընձեռնել Ծ. Աղայանին ստեղծելու արժեքավոր մենագրություններ։ Նրա «Հեղափոխական շարժումները Հայաստանում 1905-1907 թվականներին» մենագրությունը կարևոր ավանդ է ռուսական առաջին հեղափոխության տարիներին Հայաստանի պատմության մարքսիստական լուսաբանման ասպարեզում։ Հատկապես արժեքավոր է այն, որ հեղինակը առաջին անգամ գիտականորեն հիմնավորել է ռուսական առաջին հեղափոխության պատմական նշանակությունը ոչ միայն հայ ժողովրդի քաղաքական կյանքում, այլ նաև նրա նշանակությունը հայ հասարակական մտքի զարգացման ու կուլտուրայի առաջընթացի բնագավառում։ Այդ թեմայով նա հրապարակել է մի շարք հոդվածներ, այդ թվում` «Բանվորական շարժումը Ալավերդում 1905-1907 թվականներին», «Հեղափոխական շարժումները Ալեքսանդրապոլում 1905-1907 թթ.»։
Հայաստանի հեղափոխական շարժումների պատմության պրոբլեմների ուսումնասիրությանն է նվիրված Ծ. Պ. Աղայանի 1957 թ. հրատարակած «Հոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը» մենագրությունը, որն առատ և արժեքավոր նյութեր է պարունակում Սովետական իշխանության հաստատման համար Հայաստանի և Անդրկովկասի աշխատավորների մղած պայքարի պատմությունից։ 1961 թ. հեղինակային կոլեկտիվի հետ միասին հրատարակել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի ծավալուն պրոսպեկտը։ 1962 թ. Ծ. Աղայանը հրատարակել է «Великий октябрь и борьба трудящихся Армении за победу Советской власти» մենագրությունը։ Այն ամբողջացնում է նախորդ` «Հոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը» գրքում բարձրացված պրոբլեմները, դրանք քննարկում ավելի լայն հարաբերությունների ֆոնի վրա։ Ակադեմիկոս Ծ. Պ. Աղայանը եռանդուն մասնակցություն է ցույց տվել ՍՄԿԿ պատմության և ՍՍՀՄ ժողովուրդների պատմության մոնումենտալ աշխատությունների ստեղծման և հրատարակման գործին։ Նա հանդիսանում է մարքսիզմ-լենինիզմի կլասիկների մի շարք աշխատությունների հայերեն հրատարակությունների խմբագիր։
Ծ. Պ. Աղայանը մեծ վաստակ ունի գիտական կադրերի պատրաստման ասպարեզում։ Նրա ղեկավարությամբ 40 ասպիրանտներ գրել են աշխատություններ և պաշտպանել թեկնածուական դիսերտացիա, նրանցից 10-ը արդեն գիտության դոկտորներ են։ Ծ. Պ. Աղայանը հայագիտության և Կովկասի պատմության հարցերով հանդես է եկել Վիեննայի (1965 թ.) և Մոսկվայի (1970թ.) պատմաբանների միջազգային կոնգրեսներում, զեկուցումներ է կարդացել Սիրիայում, Լիբանանում. Գերմանական ֆեդերատիվ հանրապետությունում, Հնդկաստանում, Ֆինլանդիայում, Մոնղոլիայի ժողովրդական հանրապետությունում և այլ երկրներում։ Գիտական արժեքավոր ինֆորմացիա են պարուակում նրա պատմաբանների միջազգային 12-րդ կոնգրեսին նվիրված հոդվածները, որոնք լույս են տեսել 1966 թ. հասարակական գիտությունների «Լրաբեր»-ում և «Սովետական Հայաստան»-ում։ Պրոֆ. Ծ. Պ. Աղայանը գիտության վաստակավոր գործիչ է։ Նա 1975 թ. օգոստոսին սովետական պատգամավորության կազմում մասնակցել է Սան-Ֆրանցիսկոյում (ԱՄՆ) տեղի ունեցած պատմական գիտության XIV միջազգային կոնգրեսին, ուր ելույթ է ունեցել «Փոքրամասնությունը որպես պատմական երևույթ» թեմայով կարդացված զեկուցման շուրջը, բանավիճելով բուրժուական գաղափարախոսությունների հետ, մարքսիստ պատմաբանը ցույց է տվել լենինյան ազգային քաղաքականության հաղթանակը ՍՍՀՄ-ում, նշել է, որ սովետական կարգերի և սոցիալիզմի հաղթանակի շնորհիվ մեր երկրում ստեղծվել է ազգերի տնտեսական, կուլտուրական և իրավական լիակատար հավասարություն և այդ բազայի վրա էլ, այսպես կոչված, ազգային փոքրամասնության հասկացողությունը վերացել է։ 1976 թ. սկզբներին ՀՍՍՀ ԳԱ հրատարակչությունը լույս է ընծայում Ծ. Պ. Աղայանի «В. И. Ленин и создание Закавказских Советских республик» աշխատությունը և «Հայ ազգային ազատագրական շարժումների պատմությունից» ծավալուն մենագրությունը։
Գիտամանկավարժական գործունեության և անբասիր աշխատանքի համար Ծ. Պ. Աղայանը արժանացել է կառավարական բարձր պարգևների. Նա պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի», «Պատվո նշան» շքանշաններով, մի շարք մեդալներով և ՀՍՍՀ Գերագույն սովետի «Պատվոգրով»։
Ակադեմիկոս Ծ. Պ. Աղայանը զինված մարքս-լենինյան տեսությամբ, հումանիտար գիտությունների խաչմերուկներում առաջ է քաշել և գիտական լուծում տվել պատմության կնճռոտ պրոբլեմներին։ Նա հաջողությամբ բացահայտել է ագրարային ռեֆորմի առանձնահատկությունները, փորփրել նրա ծալքերը, լուսաբանել հեղափոխական շարժումները, վեր հանել ժողովրդական մասսաների դերը, ցույց տվել կոմունիստական կազմակերպությունների գործունեությունը, Հայաստանում սոցիալիզմի կառուցման պրոցեսը և նրա օրինաչափությունները։ Իբրև հանրապետության գաղափարական ճակատի ղեկավար աշխատողներից մեկը` նա ջանացել է բարձրացնել հասարակական գիտության արդյունավետությունը, ուշադրության կենտրոնում պահել հիմնարար հետազոտությունների, գիտատեխնիկական հեղափոխության և առավել կարևոր ու հեռանկարային ուղղությունների մշակումը։