Cover Image
close this bookՀամբարձումյան Սերգեյ Ալեքսանդրի (1922-2018)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ Համբարձումյանը ծնվել է 1922 թ. մարտի 17-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի)՝ նախքան հեղափոխությունը Լոզանի (Շվեյցարիա) համալսարանն ավարտած իրավաբանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում և Երևանում։ 1937 թ., կորցնելով զանգվածային բռնարարքնների զոհ դարձած հորը, Ս. Համբարձումյանն իր ամբողջ հետագա կյանքն անցել է ինքնուրույն՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ։

1942 թ. նա հաջողությամբ ավարտում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից. սկզբում՝ ավտովերանորոգման գործարանում որպես էլեկտրիկ, ապա՝ տեխնիկական ուսումնարանում դասատու։

1946 թ. քսանչորսամյա Ս. Համբարձումյանը ստանում է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1952 թ. պաշտպանում է դոկտորական ատենախոսություն, 1953 թ. ստանում պրոֆեսորի գիտական կոչում, 1956 թ. ընտրվում Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1965 թվականին՝ ակադեմիկոս։

Ս. Համբարձումյանը միջազգային կշիռ ունեցող գիտնական է։ Այդ է վկայում նրա ընտրվելը Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Սլովակիայի ԳԱ մեխանիկների միության պատվավոր անդամ, Աստղագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս և պատվավոր պրեզիդենտ, Գիտության, կրթության և արվեստի Միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ, Ռուսաստանի Դաշնության տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ, Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր, Պենինսուլայի ինֆորմատիկայի, տեխնոլոգիայի և գործարարության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, աշխարհի բազմաթիվ այլ համալսարանների դոկտոր։

Երևանի պոլիտոխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո Ս. Համբարձումյանը դասախոսական աշխատանքի է անցնում նույն ինստիտուտում, նախ՝ ասիստենտ, ապա ավագ դասախոս։ 1945 թ. նա արդեն ԳԱ շինարարական կոնստրուկցիաների ինստիտուտի տնօրենի տեղակալն էր, այնուհետև աշխատանքի է անցնում ՀՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի նորաստեղծ ինստիտուտում, սկզբում որպես մեխանիկայի սեկտորի ղեկավար, իսկ 1959 թ. արդեն ինստիտուտի տնօրեն և, միաժամանակ, իրեն այնքան հոգեհարազատ բնագավառի՝ սալերի և թաղանթների տեսության բաժնի վարիչ։

1971 թվականից ակադեմիկոս Ս. Համբարձումյանը եղել է ՀՀ գիտությունների ակադեմիայում ստեղծված ֆիզիկա-տեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի առաջին ակադեմիկոս քարտուղարը, իսկ 1974-1977 թթ.՝ ՀՀ ԳԱ փոխպրեզիդենտ։

1977 թվականից մինչև 1991 թվականը, Ս. Համբարձումյանը հայոց մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորն էր։ Այդ տարիներին Երևանի պետական համալսարանը դարձավ ԽՍՀՄ-ում ճանաչված ու առաջատար բուհերից մեկը ոչ միայն իբրև բարձորակ մասնագետների պատրաստման դարբնոց, այլ նաև խոշոր գիտահետազոտական կենտրոն։ Ռեկտորի՝ ակադեմիկոս Ս. Համբարձումյանի նպատակամետ ջանքերի շնորհիվ էր, որ համալսարանի կազմում ստեղծվեց հանրապետության բուհական համակարգի լազերային տեխնիկայի առաջին գիտահետազոտական ինստիտուտը, բացվեցին նոր ֆակուլտետներ՝ մեխանիկայի, մաթեմատիկական կիբեռնետիկայի և հետազոտումների ավտոմատացման, ինֆորմատիկայի և հաշվողական մաթեմատիկայի, փիլիսոփայության և սոցոլոգիայի։

Ի պատիվ Ս. Համբարձումյանի անհրաժեշտ է նշել, որ այդ ընթացքում համալսարանում լայն թափ առավ նաև հայագիտության զարգացման և պրոպագանդման գործընթացը։ Նրա նախաձեռնությամբ և աջակցությամբ առանձին մատենաշարերով լույս ընծայվեցին հայոց լեզվի և գրականության, հայ պատմագրության, ընդհանրապես հայագիտությանը վերաբերող ծանրակշիռ արժեքներ։ Ս. Համբարձումյանի նախաձեռնությամբ համալսարանի բոլոր ֆակուլտետներում սկսեցին դասավանդել հայ ժողովրդի պատմություն։

Ակադեմիկոս Ս. Համբարձումյանը մեխանիկայի տարբեր բնագավառների նոր գիտական ուղղությունների հիմնադիր է։ Ս. Համբարձումյանի անունը անխզելիորեն կապված է անիզոտրոպ և շերտավոր սալերի ու թաղանթների մեխանիկայի, բարակ մարմինների էլեկտրամագնիսական մեխանիկայի, պլաստիկության, կոմպոզիտ նյութերից պատրաստված բարակապատ կոնստրուկցիաների անալիզի հիմնարար ուղղությունների ստեղծման, մաթեմատիկական մեթոդների մշակման և կիրառման հետ։

Իր 150-ից ավելի գիտական աշխատություններում, որոնք լույս են տեսել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Չինաստաում, Լեհաստանում և այլուր, ակադեմիկոս Ս. Համբարձումյանը զարգացրեց և արդիականացրեց դեֆորմացվող պինդ մարմնի վերաբերյալ մեխանիկայի մի շարք առանցքային դրույթներ՝ անիզոտրոպ շերտավոր թաղանթների դասական տեսությունը, առաձգականության տարամոդուլ տեսությունը, բարակ մարմինների էլեկտրամագնիսական մեխանիկան, մածուցիկաառաձգական մարմնի նոր, ոչ գծային մոդելը։

Կարևոր է Ս. Համբարձումյանի ներդրումը ոչ ստացիոնար ջերմային դաշտում թաղանթների և սալերի տատանումների խնդրի լուծման գործում։ Նա որոշել է տատանումների հաճախականության և ամպլիտուդայի փոփոխման բնույթը՝ կախված ջերմաստիճանի փոփոխությունից, ձևակերպել փոփոխական ջերմային դաշտում ուղղանկյուն սալերի, օրթոտրոպ գլանային թաղանթների ֆլատերի կրիտիկական արագության որոշման բանաձևը՝ նյութերի ջերմաստիճաններից կախված բնութագրիչների ֆիզիկական և մեխանիկական պայմանավորվածության հաշվառմամբ։

Ս. Համբարձումյանը տվել է նաև անիզոտրոպիայի բարձր աստիճանով սալերի և թաղանթների գծային, ոչ գծային խնդիրների լուծումներ։ Նա առաջինն է ստեղծել օրթոտրոպ սալերի և թաղանթների ջերմաառաձգականության ճշգրտված տեսությունը, երբ առաձգական հաստատունները կախված են ջերմաստիճանից։ Հոծ միջավայրի մեխանիկայում Ս. Համբարձումյանն առաջարկում է հոծ մարմնի մի մոդել, որը տարբեր դիմադրողականություններ է ցուցաբերում ձգմանն ու սեղմմանը։ Այս մոդելի հիման վրա էլ Ս. Խաչատրյանի հետ ստեղծեցին առաձգական միջավայրի յուրահատուկ և բավական կոռեկտ մաթեմատիկական տեսություն, որն ստացավ «տարամոդուլ տեսություն» անվանումը՝ երեք անկախ առաձգական հաստատուններով, առաձգականության դասական տեսություն՝ երկուսի փոխարեն։ Ապացուցվեց պոտենցիալի գոյությունը, լուծման միակությունը, դեֆորմացվող հոծ միջավայրի բոլոր էներգետիկ թեորեմների ճիշտ լինելը տարամոդուլ այն նյութի համար, որը բավարարում է որոշ հիպոթեզների։ Միաժամանակ հայտնաբերվել են միանգամայն նոր մեխանիկական երևույթներ (լարումների և դեֆորմացիաների տարածման առանձնահատուկ ձևեր), որոնք բնորոշ են միայն տարամոդուլ նյութերին։

Ս. Համբարձումյանը մշակել է ձգմանը և սեղմմանը տարբեր դիմադրություն ցուցաբերող հոծ միջավայրի ջերմաառաձգականության, բարակ թաղանթների առաձգականության տարամոդուլ տեսությունները։ Նա ստեղծել է նաև տարբեր դիմադրություն ցուցաբերող նյութերի սողքի տեսությունը։ Իր կրտսեր գործընկերների՝ Գ. Ե. Բաղդասարյանի և Մ. Վ. Բելուբեկյանի հետ Ս. Համբարձումյանը առաջադրեց բարակ մարմինների մագնիսաառաձգականության նոր կիրառական տեսություն, որը թույլ է տալիս արդյունավետորեն լուծել սալերի և թաղանթների էլեկտրամագնիսաառաձգականության մի շարք խնդիրներ։ Գիտական նոր ուղղությանն է նվիրված “Թաղանթների և սալերի միկրոպոլյար տեսություն”(ԳԱԱ, 1999թ.) հիմնարար մենագրությունը:

Որոշվել է հաճախականությունների, կրիտիկական բեռնվածության և գազի հոսքի արագության փոփոխման բնույթը՝ կախված արտաքին ինտենսիվ մագնիսական դաշտից։ Հետազոտվել են հաղորդիչ սալերի և թաղանթների տատանման ու կայունության խնդիրներ՝ արտաքին և ներքին մագնիսական դաշտում։

Բացահայտվել և ապացուցվել է, որ արտաքին մագնիսական դաշտի ազդեցության տակ գտնվող բարակ մարմինն ունի կայունության կորստի հնարավորություն։ Դիտարկվելէ հաղորդիչ սալերի և թաղանթների կայունությունը, որոշվել է դինամիկական կայունության տիրույթը՝ ժամանակի ընթացքում փոփոխվող կողմնակի հոսանքի ազդեցության տակ։

Ս. Համբարձումյանը հետազոտել է մագնիսական դաշտում հաղորդիչ սեղմելի հեղուկի հոսքում անիզոտրոպ գլանական թաղանթների ֆլատերը, դուրս է բերել ֆլատերի կրիտիկական ռեժիմի որոշման բանաձևը։

Ս. Համբարձումյանը հետազոտել և առաջարկել է նաև առաձգամածուցիկ մարմնի նոր, ոչ գծային մոդել, երբ մարմնի հատկությունները կախված են դեֆորմացիայի արագությունից, երբ միառանցք դինամիկական բեռնավորման դեպքում լարումների դեֆորմացիաների և դեֆորմացիայի արագության կապը ունի ոչ գծային տեսք և այն վերածվում է Հուկի օրենքի։ Այս հայտնագործության շնորհիվ լուծվել են վերջավոր մարմինների տատանումների և ձողում գրգռումների տարածման խնդիրները։

Ականավոր գիտնականն ու տեսաբանը նաև հմուտ և հոգատար մանկավարժ է, որը բազմաթիվ սերունդներ է դաստիարակել։ Նրա ամիջական ղեկավարությանբ պաշտպանվել են ավելի քան չորս տասնյակ թեկնածուական և դոկտորական թեզեր, որոնց հեղինակներն աշխատում են Հայաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Վիետնամի և այլ երկրների գիտահետազոտական ինստիտուտներում և բուհերում։

Գիտամանկավարժական աշխատանքին զուգընթաց Ս. Համբարձումյանը մի շարք պատասխանատու պաշտոններ է վարել հանրապետությունում և նրա սահմաններից դուրս՝ Աստղագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ, Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ, Պենինսուլայի ինֆորմատիկայի և գործարարության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ-ի ճարտարագետ մեխանիկոսների ընկերության անդամ, Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր, Ռուսաստանի կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ, Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Մեխանիկների ընկերության պատվավոր անդամ, ՀՀ մեխանիկոսների ընկերության անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։

Ակադեմիկոս Ս. Համբարձումյանի վաստակը բարձր է գնահատվել։ Նա արժանացել է բազնաթիվ բարձրագույն պարգևների, այդ թվում՝ «Լենինի», «Աշխատանքային կարմիր դրոշի», «Հոկտեմբերյան հեղափոխության», «Պատվո նշան», Ս.Սահակ, Ս.Մեսրոպ, Յան Կամենսկու շքանշանների։ Նշանավոր գիտական նվաճումների համար ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի կողմից պարգևատրվել է Ս. Ի. Վավիլովի մեդալով, «Խաղաղության մարտիկ», «Բարեկամություն», Երևանի պետական համալսարանի, Մոնպելեի համալսարանի, միջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեծ արծաթե և մեծ ոսկե, «Եվրոպական գիտական և արդյունաբերական պալատի» ոսկե մեդալներով, «Համագործակցության Աստղ» միջպետական մրցանակով։ Հայ-Ռուսական համալսարանի գրադարանում մարտի 18-ին տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մեծանուն գիտնական և հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որի ընթացքում կայացել է ՀՌՀ-ի գրադարանը նրա անվամբ կոչելու արարողությունը, նրա գեղանկարների անհատական ցուցահանդեսի բացումը և «XXI դարի հպարտ հայը» («Гордый армянин XXI века») գրքի շնորհանդեսը:

Միանշանակ է, որ մեծանուն գիտնականի երկարատև ու բեղմնավոր գիտահետազոտական աշխատանքները, հայտնագործություններն ու ուսումնասիրությունները դարձել են ակնառու ձեռքբերումներ, հարստացրել ժամանակակից մեխանիկայի գլխավոր ուղղություններն ու ճյուղերը։

Անմնացորդ, կատարյալ նվիրում գիտությանը և Հայրենիքին-այս է Սերգեյ Համբարձումյանի՝ ականավոր գիտնականի և քաղաքացու ապրած արգասավոր կյանքի արժանի գնահատականը։