Cover Image
close this bookԿարինյան Արտաշես Բալասիի (1886-1982)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Բ. ԿԱՐԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Բ. ԿԱՐԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արտաշես Բալասիի Կարինյանը / Գաբրիելյան / ծնվել է 1886 թ. նոյեմբերի 24-ին Բաքվում:
Նավթաշխարհի առաջավոր ուսանող երիտասարդության շարքերում նա ականատես է եղել բանվորական գործադուլներին, ցույցերին: Ռուսական բուրժուադեմոկրատական առաջին հեղափոխության նախօրյակին` Բաքվի առաջին գիմնազիայում սովորելու ընթացքում, ակտիվորեն նպաստում է աշակերտական անլեգալ «Նաբատ» հանդեսի հրատարակությանը: Երիտասարդ Կարինյանը բացառիկ հետաքրքրություն է հանդես բերում հրապարակախոսության և գրականագիտության նկատմամբ: 1905 թ. «Բրուտ» ծածկանունով լույս է տեսել նրա «Գրականություն և կյանք» հրապարակախոսական գրքույկը` նվիրված Մաքսիմ Գորկու «Հովեկներ» պիեսին: Հայերեն «Կայծ թերթում տպագրվում է Կարինյանի «Մեր նորագույն անարխիստները» հոդվածը` «Լևոն Բրուտյան» ծածկանունով: 1906-1910 թվականներին Ա. Կարինյանը Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր: Այդ տարիները նշանակալից են եղել նրա կյանքում: Նա հանդես է եկել սոցիալ դեմոկրատական մամուլի էջերում` հին «Իսկրայական» հայերեն առաջին լեգալ «Կայծ» թերթում: 1907 թ. նա ծանոթանում է Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի, Ա. Ջափարիձեի, Վ. Կասպարովի հետ: 1907 թ. Ա. Կարինյանին բախտ է վիճակվում Ֆինլանդիայի Տերիոկի քաղաքում տեսնել ու լսել Վ.Ի. Լենինին: Բաքվում Ստեփան Շահումյանի ղեկավարությամբ Ա. Կարինյանը հեղափոխական աշխատանք է տանում բանվորական խմբակներում, «Բակինսկի ռաբոչի» թերթում հանդես է գալիս «Սինդիկալիստները և քաղաքական պայքարը» հոդվածով: Ցարական կառավարությունը Ա. Կարինյանին 1913 թ. արտաքսում է Բաքվից և արգելում ապրել Կովկասում: Հետագայում նա աքսորվում է Ցարիցին / Վոլգոգրադ /, որտեղից փոխադրվում է Պետերբուրգ և այնտեղ մնում մինչև 1917 թ. աշունը: Այստեղ նա տարբեր ծածկանուններով հանդես է գալիս «Պրավդայի» էջերում: Հրապարակախոսական հոդվածներում նա սուր ծաղրի է ենթարկում դեկադենտներին, ցույց է տալիս, որ պրոլետարիատի գաղափարախոսությունը միակ առաջավոր գաղափարախոսությունն է, որովհետև պրոլետարիատը ձգտում է վերակառուցել ամբողջ հին աշխարհը:
Կարինյանը իրեն հատուկ ոգևորությամբ մասնակցում է Հոկտեմբերյան մեծ հեղափոխության նվաճումների պաշտպանությանը և Անդրկովկասում սովետական կարգերի հաղթանակի համար մղվող ճակատագրական պայքարին: 1917 թ. աշնանը Կարինյանը տեղափոխվում է Բաքու, ուր Ստ. Շահումյանի և Ա. Ջափարիձեի առաջարկությամբ ընտրվում է «Բանվոր, զինվոր և նավաստի պատգամավորների Բաքվի սովետի Տեղեկագրի» գլխավոր խմբագիր: 1918 թ. ապրիլին Ստ. Շահումյանի գլխավորությամբ ստեղծվում է Բաքվի ժողկոմսովետը. Ա. Կարինյանն ընտրվում է արդարադատության կոմիսար և ակտիվ մասնակցություն է ունենում Կոմունայի գործունեությանը:
Կուսակցությունը մի խումբ կոմունիստների հետ 1921 թ. Ա. Կարինյանին ուղարկում է Սովետական Հայաստան, ուր Ա. Մյասնիկյանի գլխավորած Հայաստանի կառավարության կազմում նա դառնում է արդարադատության ժողկոմ: 1921 թ. վերջերին կուսակցության հանձնարարությամբ Ա. Կարինյանը մեկնում է արտասահման` հայ գաղութների հետ ծանոթանալու, Սփյուռքի աշխատավորությանը սովետական իշխանության քաղաքականությունը պարզաբանելու նպատակով:
Նա լինում է Պոլսում, ապա մեկնում է Աթենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ /Նյու Յորք, Բոստոն, Ֆիլադելֆիա/: Հայ դեմոկրատական պարբերականները տպագրել են Սովետական Հայաստանի տնտեսական վիճակի մասին, ինչպես նաև հայ և ռուս գրականությանը նվիրված նրա ակնարկները և հոդվածները:
Արտասահմանից վերադառնալուց հետո Ա. Կարինյանը երկար տարիներ վարել է կուսակցական-սովետական ղեկավար պաշտոններ, եղել է ՀՍՍՀ Կենտգործկոմի նախագահ, Լուսժողկոմի տեղակալ, բազմիցս ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, Անդրֆեդերացիայի կենտգործկոմի նախագահության անդամ: 1941 թվականից Արտաշես Կարինյանը անցնում է գիտական աշխատանքի` սկզբում Գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտում, իսկ 1965 թվականից` Պատմության ինստիտուտում: Իր բազմամյա գործունեության ընթացքում Ա.Բ. Կարինյանը սերտորեն կապված է եղել գրականության, արվեստի, մշակութային կյանքի հետ; Վաստակաշատ գիտնականի գրչին են պատկանում նաև պատմահրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ, որոնք լույս են տեսել ինչպես բոլշևիկյան մամուլում, այնպես էլ տարբեր պարբերականներում: Ակադեմիկոս Կարինյանի նախաձեռնությամբ ակադեմիայում ստեղծվել է Հայ պարբերական մամուլի պատմության սեկտորը, որը և երկար տարիներ ինքն է ղեկավարել:
Բազմավաստակ գիտնականը, հասարակական-քաղաքական գործիչը միշտ բարձր է գնահատվել գիտական հասարակայնության կողմից: Նա ընտրվել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, երկար տարիներ աշխատել է որպես ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, փոխնախագահի պաշտոնակատար: Նա եղել է ՍՍՀՄ մինիստրների սովետին առընթեր գիտության և տեխնիկայի գծով Լենինյան մրցանակներ շնորհող կոմիտեի անդամ:
Ականավոր գիտնականի ծննդյան 90-ամյակի առթիվ ՀՍՍՀ ԳԱ նախագահության որոշմամբ լույս տեսավ նրա «Ժաղովուրդների եղբայրության դրոշի ներքո» ստվարածավալ ժողովածուն, ուր ամփոփված են պարբերական մամուլի էջերում զետեղված հեղինակի գրական-քննադատական, գիտական-հրապարակախոսական ակնարկները:
Կուսակցությունը և կառավարությունը բարձր գնահատելով Ա. Կարինյանի ծառայությունները` նրան պարգևատրել են Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով: 1976 թ. ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով Արտաշես Բալասիի Կարինյանին շնորհվել է Սոցիալիստական Աշխատանքի Հերոսի կոչում: