Cover Image
close this bookՏեր-Ստեփանյան Գեորգ Եսայիի (1907-2006)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ե. ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԳ. Ե. ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Ե. Տեր-Ստեփանյանը ծնվել է 1907 թ. ապրիլի 16-ին Թիֆլիսում /այժմ` Թբիլիսի/: 1924 թ. ավարտել է տեղի 6-րդ քիմիական տեխնիկումը, իսկ 1931թ.` Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: Գ. Տեր-Ստեփանյանի գիտահետազոտական գործունեությունն սկսվել է դեռ ուսանողական տարիներից: 1930 թ. նա աշխատել է Կառույցների անդրկովկասյան ինստիտուտում` որպես գիտաշխատող, զբաղվել է Տկվիբուլիի և Միջևանի սողանքների ուսումնասիրությամբ, ապա` որպես խորը հորատման խմբի պետ, հետազոտել է Վրաստանում Խրամի հիդրոկայանի ամբարտակի հիմքի ապարների ֆիլտրացիոն հատկությունները: 1931 թ. վերջին Գ. Տեր-Ստեփանյանը գործուղվում է Լենինգրադ` կատարելագործվելու բնահողերի մեխանիկայի ասպարեզում: 1933-1934թթ. նա աշխատում է Հանքային հումքի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում, որտեղ զբաղվում է Մեծ Վոլգայի պրոբլեմի հետ կապված հարցերով: 1933-1936 թթ. Գ. Տեր-Ստեփանյանն աշխատում է Լենինգրադի կառույցների գիտահետազոտական ինստիտուտում, զբաղվելով բնահողերի շինարարական հատկությունների հետազոտությամբ երկրի տարբեր շրջաններում` Լենինգրադում, Նովգորոդում և այլուր: Բնահողերի ներքի շփման փորձարարական հետազոտությունների ընթացքում հնարավոր դարձավ կարևոր արդյունքներ ստանալ: Ի տարբերություն բնահողերում սողքի սահուն ընթացքի մասին ընդունված պատկերացման` փորձերը ցույց տվեցին, որ սողքն ուղեկցվում է բնահողի կառուցվածքի թռիչքաձև փոփոխություններով, որոնք կախված են բնահողի հանքաբանական կազմից և լարվածության աստիճանից: Հետազոտությոնների արդյունքները ներկայացվեցին բնահողերի մեխանիկային և հիմքաշինությանը նվիրված Միջազգային առաջին կոնգրեսին /Քեմբրիջ,1936 թ./ և հրապարակվեցին նրա աշխատություններում` հետագայում հիմք դառնալով նաև հեղինակի թեկնածուական ատենախոսության համար:
1937 թ. Գ.Տեր-Ստեփանյանը գործուղվում է Իրան` որպես «Էքսպորտշինի» լաբորատորիայի ինժեներ-գեոտեխնիկ:
1939 թ. նա շարունակում է աշխատանքը Լենինգրադի Կառույցների գիտահետազոտական ինստիտուտում, որը վերակազմվել էր Խորքային աշխատանքների տրեստի Լենինգրադյան բաժանմունքի գիտահետազոտական ենթաբաժնի: Այնտեղ նա զբաղվում է Լենինգրադի և Մուրմանսկի մի շարք օբյեկտների բնահողերի շինարարական հատկությունների հետազոտությամբ, ինչպես նաև սողանքային երևույթների ուսումնասիրությամբ: Տեսական և գործնական նշանակություն ունեն Գ. Տեր-Ստեփանյանի կատարած հետսառցադաշտային կավային բնահողերի որոշ տարատեսակների /իոլդյան և ժապավենային/ հետազոտությունները, որոնք անցկացվեցին Մուրմանսկում` Խորհուրդների տան և Լենինգրադի մոտ` Դինասի գործարանի հիմքերի բնահողերն ուսումնասիրելիս: Պարզվեց, որ այդ բնահողերի բնական կառուցվածքի խախտումը հանգեցնում է նրանց ամրության էական անկմանը: Այդ հետազոտությունների կարևոր գործնական արդյունք հանդիսացավ նշյալ շրջանի զգալի մասում ցցային հիմքերի կառուցման բացառումը: Հայրենական մեծ պատերազմից քիչ առաջ Գ. Տեր-Ստեփանյանը նշանակվում է Խորքային աշխատանքների տրեստի Անդրկովկասյան գիտարշավի գիտական ղեկավար, իսկ այնուհետև` պետ: Գիտարշավը Վրաստանում Լիխիի սողանքների հետազոտություններ էր անցկացնում: Անդրկովկասյան երկաթուղու լեռնանցքային հատվածում` Սուրամի թունելի մոտ գտնվող սողանքների ուսումնասիրությունը խիստ կարևորվեց պատերազմի ընթացքում և, անհրաժեշտաբար, աշխատանքները շարունակվեցին: Անցկացվեցին ինժեներաերկրաբանական հետազոտություններ հակասողանքային միջոցառումների նախագիծ կազմելու համար և կազմակերպվեց սողանքային տեղամասով գնացքների երթևեկության անվտանգության ծառայություն:
Այդ տարիներին Լիխիում Գ. Տեր-Ստեփանյանի կողմից մշակված սողանքային ճեղքերի դասակարգումը, դառնալով սողանքների ուսումնասիրման առավել մանրամասն, տեսականորեն և գոծնականորեն հիմնավորված մեթոդ, լայն կիրառում գտավ: Այդ դասակարգումը տեղ է գտել սողանքների ուսումնասիրությանը նվիրված մի շարք տեղեկատուների և ձեռնարկների մեջ և հրատարակվել է նաև արտասահմանում: 1944 թ. Գ. Տեր-Ստեփանյանն աշխատանքի է հրավիրվում ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանության ինստիտուտ` նախ որպես խորհրդական, իսկ այնուհետև` ինժեներական երկրաբանության և հիդրոերկրաբանության սեկտորի վարիչ:
1946-ից մինչև1949 թթ. Գ. Տեր-Ստեփանյանը գործուղվել է Գերմանիա` որպես ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի` ռեպարացիաների /պատերազմական տուգանքների/ հաշվին գիտական սարքավորումների պատվերների տեղադրման գծով Խորհրդային զինվորական վարչությանը կից ՀԽՍՀ ԳԱ լիազորված անձ: Այդ գործուղման արդյունքը եղավ այն, որ հանրապետության գիտական հիմնարկությունները ստացան զգալի քանակությամբ գիտական սարքավորումներ, ինչը նպաստեց բազմաթիվ ուղղություններով տարվող փորձարարական աշխատանքների զարգացմանը: Հատկապես մեծ և դժվար աշխատանք պահանջվեց Ենայում ` Ցեյսի գործարանում պատրաստված, սակայն անավարտ մնացած Շմիդտի համակարգի մեկմետրանոց տրամագծով աստղադիտակը ԽՍՀՄ ուղարկելու համար:
1949 թ. Գ. Տեր-Ստեփանյանը ձեռնամուխ եղավ ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանության ինստիտուտի ինժեներական երկրաբանության և հիդրոերկրաբանության սեկտորի բնահողերի մեխանիկայի լաբորատորիայի ստեղծմանը, իչպես նաև նրա շենքի շինարարությանը: Մի շարք գործիքներ, ինչպես օրինակ, բնահողերի` խտացնող և զտող կոմբինացված սարքը` կոմֆիլմետրը, ստեղծվել է Գ. Տեր-Ստեփանյանի կողմից և լայն տարածում է գտել երկրի լաբորատորիաներում: Նրա գիտական հետազոտությունները նվիրված են ինժեներական երկրաբանության բարդ խնդիրներից մեկի` սողանքային երևույթների և լանջերի կայունության ուսումնասիրությանը: Նա սողանքների մեխանիզմի ուսումնասիրության հիմք ընդունեց պրոցեսի կինեմատիկայի հետազոտությունը, որի համար մշակեց գեոդեզիական դիտարկումների բազմաճառագայթային դիֆերենցիալ գրաֆիկական մեթոդը, որը հայտնի է որպես «Գ. Տեր-Ստեփանյանի մեթոդ»: Այդ մեթոդը նկարագրված է «Սողանքների դինամիկայի ուսումնասիրման գեոդեզիական մեթոդները» մենագրության մեջ, որը հրատարակվել է ռուսերեն /1972, 1979 թթ./ և գերմաներեն /1976 թ./ լեզուներով:
1951 թ.-ից մինչև 1957 թ. Գ. Տեր-Ստեփանյանը ուսումնասիրում էր սողանքները Ուլյանովսկում, Գյումուշի, Աթարբեկյանի և Եգորլիկի հիդրոկայաններում և այլուր: Կատարած աշխատանքները թույլ տվեցին հավաքել ծավալուն փաստացի նյութ, որը վերաբերում էր լանջերի դեֆորմացիաներին` տարբեր երկրաբանական պայմաններում: Այդ նյութի հիման վրա Գ. Տեր-Ստեփանյանը մշակեց և առաջարկեց լանջերի խորքային սողքի տեսությունը, որը սողքային պրոցեսը դիտարկում է նրա զարգացման ընթացքում` սկսած դանդաղ տեղաշարժի նախնական փուլից: Լանջերի խորքային սողքի հետազոտությունները դարձան Գ. Տեր-Ստեփանյանի` «Լանջերի խորքային սողքը և նրա ուսումնասիրության մեթոդները» դոկտորական ատենախոսության թեման: Այդ տեսությունը մտել է ինժեներական երկրաբանության դասագրքի մեջ:
1962 թվականից Գ. Տեր-Ստեփանյանի գիտական գործունեությունն ուղղված է եղել լանջերի խորքային սողքի տեսության հետագա մշակմանը և տարբեր երկրաբանական պայմաններում սողքի մեխանիզմի ուսումնասիրությանը: Այդ նպատակով մշակվել են սողանքների ուսումնասիրության նոր մեթոդներ` հիմնված լանջերի խորքային սողքի տեսության վրա, այն է` բնահողերի դեֆորմացիայի չափումը խորքում, դեֆորմացիոն հորերում և դաշտային պայմաններում, բնահողերի ռեոլոգիական հատկությունների որոշումը, շենքերի և ինժեներական շինությունների սողանքային դեֆորմացիաների վերլուծության մեթոդների մշակումը սողանքային մարմինների քարտեզագրման և սողքի ուժգնության գնահատման համար, սողանքների վերլուծության մեթոդների մշակումը` ըստ գեոդեզիական դիտարկումների արդյունքների տվյալների վրա հիմնված տեղաշարժերի արագությունների` հողոգրաֆներ կազմելու միջոցով և այլն: Կիրառելով նոր մեթոդներ` Գ. Տեր-Ստեփանյանն իրականացրել է մի շարք սողանքների հետազոտությունները Հայաստանում, Սոչիում, Բուլղարիայում / Բալչիկ / և տվյալներ ստացել բնահողերի մեխանիկայի և ինժեներային երկրաբանության տեսական խնդիրները լուծելու համար:
Հետազոտությունների արդյունքներն իրենց արտացոլումը գտան Օսլոյում, Ստոկհոլմում, Պրահայում, Սոֆիայում, Բուդապեշտում, Վարշավայում, Գենտում, Տոկիոյում կարդացած մի շարք դասախոսություններում: Բնահողերում և ժայռապարներում սողանքների տեսության վերաբերյալ հետազոտությունները գիտական նոր առարկայի` գեոմեխանիկայի կարևոր տարրը դարձան: Դրանք Գ. Տեր-Ստեփանյանին հնարավորություն տվեցին ձևակերպել գեոմեխանիկայի զարգացման խնդիրները /1967/, մշակել նրա տեսական դրույթները և առանձին խնդիրների լուծման գործնական մեթոդները: Այդ ձևակերպումների վրա է հիմնված Սովետական մեծ հանրագիտարանի 3-րդ հրատարակության մեջ «Գեոմեխանիկա» գիտության սահմանումը: Բնահողերի մեխանիկայի ասպարեզում Գ. Տեր-Ստեփանյանը մշակել է սողքի ժամանակ բնահողի ռեոլոգիական վարքի տեսությունը: Տեսականորեն հայտնաբերված է և փորձնականորեն հաստատված, որ բնահողերի սողքը սահքի ժամանակ տեղի է ունենում չորս մակարդակներում` մոլեկուլային, մասնիկային, կառուցվածքային և գրեգատային` ենթարկվելով տարբեր օրենքների: Կիռարական մաթեմատիկայի ասպարեզում Գ. Տեր-Ստեփանյանը մշակեց ուղղագիծ սանդղակներով շղթայական նոմոգրամների տեսությունը, որը շարադրված է ,,Ինժեներական շղթայական նոմոգրամներ,, մենագրության մեջ / 1965 թ./: Գ. Տեր-Ստեփանյանի մի շարք հետազոտություններ վերաբերում են մազանոթային համակարգերի, շերտերի գլուխների կեռածռման մեխանիզմի, հիդրոերկրաբանության, հիմքաշինության պատմության, ինժեներաերկրաբանական քարտեզագրման, լանջերի ամրացման, շերտավոր նստվածքների կոնսոլիդացման և այլ հարցերի ուսումնասիրությանը: Նա նկարագրել է լանջերի խորքային սողքի հիմնական տեսակները և բարդ ու բաղադրյալ սողանքների տիպերը, մշակել է սողանքների դեմ պայքարի տնտեսապես նպատակահարմար դիտական մեթոդը, առաջարկել է հիդրոդինամիկ սելավային հոսքերի լավինային մեխանիզմի տեսությունը, առաջին անգամ տվել է բազմահարկ սողանքների սահմանումը և նկարագրել նրանց մեխանիզմը, առաջարկել է հողահոսքերի և այլ ինժեներաերկրաբանական երևույթների մեխանիզմը:
Խորհրդային և արտասահմանյան գիտնականների հեղինակակցությամբ նա մասնակցել է կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը, Բուլղարիայի և Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիաների երկրաբանական ինստիտուտների և Հունգարիայի ԳԱ գեոմեխանիկայի բաժանմունքի հետ համատեղ աշխատանքներ է տարել սողանքների ուսումնասիրման ուղղությամբ: 1967 թվականից Գ. Տեր-Ստեփանյանը «Գեոմեխանիկայի պրոբլեմներ» գիտական Ժողովածուի համահեղինակներից է և պատասխանատու խմբագիրը: Ժողովածուն հրատարակում է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Գիտնականը անգլերենից թարգմանել է մի շարք արտասահմանյան գիտնականների աշխատություններ: Նա պոլիտեխնիկական ինստիտուտին կից ատենախոսությունների պաշտպանության գծով մասնագիտացված գիտական խորհրդի անդամ է, ինչպես նաև ԽՍՀՄ ԳԱ ինժեներական երկրաբանության և ջրաերկրաբանության գծով գիտական խորհրդի անդամ: 1968-1988 թթ. նա այդ խորհրդի` սողանքների պրոբլեմային հանձնաժողովի նախագահն էր: 1983 թվականից` ՀԽՍՀ ԳԱ ինժեներական երկրաբանության և ջրաերկրաբանության գիտական խորհրդի նախագահն էր: Գ. Տեր-Ստեփանյանն ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ միջազգային, տարածաշրջանային և համամիութենական կոնգրեսներին, կոնֆերանսներին, սիմպոզիումներին` նվիրված բնահողերի մեխանիկային և հիմքաշինությանը, սողանքներին, էկոլոգիային և այլն: Նա հեղինակ է 200 և ավելի աշխատությունների, այդ թվում ութ մենագրության: Գ. ՏԵր-Ստեփանյանը գիտական լայն հետաքրքրությունների և ստեղծագործական մտահղացումների տեր գիտնական է, բարեկիրթ և եռանդուն մարդ: Նա արժանացել է գիտական հասարակայնության ճանաչմանն ու հարգանքին ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում: