Cover Image
փակիր այս գիրքըԱզիզյան Ռուբեն (1961-)
Դիտել փաստաթուղթըՌ. ԱԶԻԶՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Իլյիչի Ազիզյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, բժիշկների ընտանիքում:
Հայրը ՝ Իլյիչ Բաբկենի Ազիզյանը, եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջ մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչը, Հայաստանի առողջապահության նախարարության մանկական գլխավոր օտոլարինգոլոգը: Մայրը Երևանի պետական համալսարնի բջջաբանության և գենետիկայի ամբիոնի դոցենտ էր:
Ռուբեն Ազիզյանը 1978 թ. ավարտելով Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1984 թ.: Նույն թվականին ընդունվել է կլինիկական օրդինատուրա քիթ-կոկորդ-ականջ ուռուցքաբան մասնագիտությամբ‘ Հայկական ԽՍՍՀ-ի առողջապահության նախարարության գիտահետազոտական ճառագայթաբանության և ուռուցքաբանության բազայի հիման վրա ստեղծված ինստիտուտում: Նույն թվականին Ռուբեն Ազիզյանը գործուղվել է սովորելու ԽՍՀՄ առոջապահության նախարարության բժիշկների կատարելագործման քիթ-կոկորդ- ականջ հիվանդությունների կլինիկայի կենտրոնական ինստիտուտի օրդինատուրա: Հենց այստեղ էլ Ռուբեն Ազիզյանը մեծ հաջողությամբ 1989թ. պաշտպանել է իր գիտական ատենախոսությունը «Доброкачественные опухоли и опухолеподобные новообразования уха» թեմայով: Վերադառնալով Հայաստան նա աշխատանքի անցավ Հայաստանի առողջապահության նախարարության գիտահետազոտական ճառագայթաբանության և ուռուցքաբանության ինստիտուտում:
1994 թ. Ռուբեն Ազիզյանը ընդունվում է Ն. Ն. Բլոխինի անվան Ռուսաստանիբժշկական գիտությունների ակադեմիայի ուռուցքաբանության գիտական կենտրոնի դոկտորանտուրան գիտահետազոտական աշխատանքները շարունակելու նպատակով: 1997թ. նա պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը «Комбинированные реконструктивные операции при опухолях головы и шеи», որի արդյունքները ստացել էր տարիների ընթացքում իրականացրած բազմաթիվ վիրահատությունների շնորհիվ:
Ռուբեն Ազիզյանը անցնելով պրոֆեսոր Ո. Ս. Պողոսովի, պրոֆեսոր Գ. Ո. Ֆալիլովայի, պրոֆեսոր Ե. Գ. Մատյակինայի գիտական դպրոցը, հանձն առավ աշխատել կլինիկական ուռուցքաբանության՝ բժշկության ամենածանր ոլորտներից մեկում:
Դոկտորականը պաշտպանելուց հետո Ռուբեն Ազիզյանը աշխատանքի անցավ Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի համակարգի Ն. Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնում՝ սկզբից որպես բժիշկ-վիրաբույժ, այնուհետև ավագ գիտաշխատող (1998 թ.), առաջատար գիտաշխատող (1999-2015 թթ.): Ներկա պահին Ն. Ն. Բլոխինի անվան Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի գանգ-ծնոտ-դեմք վիրաբուժական բաժանմունքի ղեկավարն է:
Ռուբեն Ազիզյանը այս տարիներին ձեռք բերած գիտելիքները փոխանցում է նաև ուսանողությանը: 2007 թ. նա ԲՈՀ- ի կողմից ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ մինչ այդ՝ 2000-2007 թթ. դասավանդում էր Մոսկվայի պետական բժշկաատամնաբուժական համալսարանում: Նրա դասավանդման առարկայի հիմնական թեման եղել է դեմքի շրջանի ծնոտի հատվածի ուռուցքները: Այս տարիների ընթացքում արդեն կայացած գիտնական և հայտնի վիրաբույժ Ռուբեն Ազիզյանը հրատարակել է 105 գիտական աշխատանք Ռուսաստանի և արտասահմանյան գիտական ամսագրերում և պարբերականներում, համահեղինակ է «Комбинированные реконструктивные операции при опухолях головы и шеи » գրքի, հեղինակ է մեկ մենագրության, 6 դասագրքի և 4 արտոնագրի: Արդյունավետ գիտական աշխատանքից զատ Ռուբեն Ազիզյանը իրականացնում է նաև շատ կարևոր մի առաքելություն՝ պատրաստում է կադրեր այդ նույն ոլորտի համար:
Այս տարիների ընթացքում նրա ղեկավարությամբ պաշտպանել են գիտությունների թեկնածուական 6 և մեկ դոկտորական ատենախոսություններ: Միևնույն ժամանակ նա Ռուսաստանի ուռուցքաբանության ասոցիացիայի ընկերության անդամ է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գլխի և վզի չարորակ ուռուցքների գիտական խորհրդի նախագահի տեղակալը: Ռուբեն Ազիզյանի իրականացրած աշխատանքը բարձր է գնահատվում ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում:
2003 թ. Ռուբեն Ազիզյանը Ռուսաստանի բժշկա-տեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս է, 2006 թ. նա պարգևատրվել է ոսկե մեդալով, որը նվիրված էր Հայաստանի առողջապահության նախարարության Ուռուցքաբանության գիտական կենտրոնի 60 ամյակին, 2012թ. պարգևատրվել է Ն.Ն. Բլոխինի 100-ամյակի նվիրված մեդալով:
Հաշվի առնելով Ռուբեն Ազիզյանի գիտական վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Ռուբեն Ազիզյանը այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում առողջապահության, ուռուցքանաբության ոլորտում նոր գիտական մշակումներ իրականացնելու գործում և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական և առողջապահական շրջանակների համապատասխան մասնագետների հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2016, նոյեմբեր, № 11