Cover Image
փակիր այս գիրքըՉայլախյան Ռուբեն Կարպի (1937-)
Դիտել փաստաթուղթըՌ. Կ. ՉԱՅԼԱԽՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԲԳԱ Ն. Գամալեի անվ. համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտի իմունիտետի ստրոմալ կարգավորման լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռուբեն Չայլախյանը ծնվել է 1937 թվականին Երևանում:
Ռուբեն Չայլախյանը սովորել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցում: Նկարագրելով իր դպրոցական տարիները նա իրեն բնութագրում է որպես ակտիվ, չարաճճի երեխա, որն առանձնապես մեծ ուշադրություն չէր դարձնում սովորելուն՝ նախապատվությունը տալով բակային խաղերին: Սակայն, արդեն բարձր դասարաններում նա սկսեց հրապուրվել կենսաբանությամբ: Անտարակույս μնագիտության և ընդհանրապես բժշկագիտության նկատմամբ հետաքրքրությունը նրա մեջ սերմանեց ավագ քույրը՝ Իվետա Չայլախյանը, որն ընդունվել էր Երևանի բժշկական ինստիտուտ:
1955թ. Ռուբեն Չայլախյանը նույնպես ընդունվեց Երևանի բժշկական ինստիտուտ, սակայն երրորդ կուսրից տեղափոխվեց Խարկովի բժշկական համալսարան և 1961թ. այն ավարտեց բարձր առաջադիմությամբ: Ուսումնառության տարիներին երիտասարդ Չայլախյանը դեռևս չէր կողմնորոշվում, թե հետագայում նախապատվությունը որ ոլորտին է տալու:
ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո, Չայլախյանը մեկնեց Ղրիմ՝ հանգստանալու: Բայց շուտով աշխատանքի առաջարկ ստացավ Ղրիմի Գուրզուֆի զինվորական առողջարանից, որտեղ էլ սկսեց աշխատել որպես բժիշկբօրդինատոր: Երեք տարի աշխատելով առողջարանում, Չայլախյանը 1963թ. վերադառնում է Հայաստան և աշխատանքի անցնում գիտությունների ակադեմիայիբկենդանաբանության ինստիտուտի փորձարարական կենսաբանության լաբորատորիայում՝ որպես ավագ լաբորանտ: Այստեղ նա աշխատեց շուրջ մեկ տարի: Այդ տարիներին Մոսկվայից Հայաստան էին գալիս գենետիկայի հայտի մասնագետներ, որոնք էլ նկատեցին Չայլախյանի պատրաստվածությունը և նրան առաջարկեցին շարունակել կրթությունը: 1964թ.Չայլախյանը հանձնեց ասպիրանտական քննությունները և մեկնեց Մոսկվա՝ շարունակելու գիտական գործունեությունը: Չայլախյանը արդեն հստակ գիտեր գիտության այն ուղղությունը, որին նվիրաբերելու էր իր ողջ կյանքը: Փոխպատվաստման նոր ձևավորվող ոլորտն էր զարմացրել ու հետաքրքրել երիտասարդ գիտնականին:
Նա ընդունվեց Ն. Գամալեի անվ. համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտ՝ որպես ԳԱԱ-ից գործուղված ասպիրանտ: Ինստիտուտի գիտքարտուղար Մարգարիտա Թումանյանի ղեկավարությամբ էլ Չայլախյանը սկսեց գիտական գործունեությու- նը:
Ոսկրածուծի ցողունային բջիջները դարձան երիտասարդ գիտնականի ուսումնասիրության հիմնական հետաքրքրության առարկան: 1970թ. Չայլախյանը մեծ հաջողությամբ պաշտպանեց գիտական թեզը՝ «Фибробластоподобные клетки в монослойных культурах кроветворной ткани» վերնագրով՝ մասնագիտանալով իմունոլոգիայի և ալերգոլոգիայի բնագավառում:
Գիտական թեզը պաշտպանելուց հետո գրեթե 17 տարի Չայլախյանը ուսումնասիրություններ է իրականացրել ցողունային բջիջների ուղղությամբ:
Բացի գիտական հետազոտություններից, Չայլախյանը իր գիտելիքները սիրով փոխանցում էր երիտասարդ գիտնականներին: Ի դեպ, 1960-70-ական թվականներին Հայաստանից մեծ թվով երիտասարդ վնասվածքաբաններ մեկնել են Չայլախյանի մոտ, համալրել իրենց գիտելիքները և վերադարձել Հայաստան: 1960- ական թվականների վեջերից Չայլախյանը ևս հաճախ եկել է Երևան և ներկայացրել իր ձեռքբերումները:
1985թ. Չայլախյանն աշխարհում առաջիններից էր, որ իրականացրեց գիտական իր ձեռքբերումը՝ Հայաստանում մարդուն փոխպատվաստեցին հյուսվածք, որը աճեցվել էր մարմնից դուրս՝ արհեստական պայմաններում: Այս փոխպատվաստման հաջող գործընթացը իրականացվեց վնասքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտում: Հետագայում իրականացված 40 վիրահատություններով ապացուցվեց, որ նման միջամտությունները ապահովում են 94% հաջողություն:
1987թ. Չայլախյանը և Հայաստանի գիտնականները համատեղ աշխատություն գրեցին, որով ի լուր աշխարհի հայտնեցին փոխպատվաստման ոլորտում ձեռք բերած իրենց հաջողությունների մասին:
Գիտական երկար ու ձիգ ուսումնասիրություններից հետո 1993թ. Ռ.Չայլախյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը, որի մեջ մեծ նորություններ և հայտնագործութններ կային: Գիտական թեմայի վերնագիրն էր. «Дифференцировочные потенции стромальных фибробластов кроветворных и лимфоидных органов и их роль в формировании гемопоэтического и иммунологического микроокружения»
Չայլախյանը շատ է ցավում, որ այսօր Ռուսաստանում երիտասարդներն այնքան էլ հետաքրքրված չեն գիտությամμ, և ինքը չի կարողանում նրանց փոխանցել իր գիտելիքները: Գիտնական Չայլախյանը ունի երկու արտոնագիր, եղել է մի քանի երիտասարդների համաղեկավար:
Չայլախյանի գիտական գործերը այսօր էլ բավական մեծ հետաքրքրություն են ներկայացնում աշխարհում: Այս ոլորտի գիտնականները, սկսելով իրենց գործունեությունը, անպայմանորեն հղումներ են կատարում հայազգի գիտնականից, որը այս ոլորտի հիմնադիրներից մեկն է: Հաշվի առնելով Չայլախյանի գիտական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Չայլախյանը մեծ հետաքրքրություն ունի Հայաստանում արտադրվող «Գալարմին» պրեպարատի նկատմամբ, որի միջոցով հնարավոր է խթանել ոսկրածուծում կենսական կարևորության բջիջների ավելացումը 10 անգամ:
Չայլախյանն այսօր էլ համագործակցում է Հայաստանի գիտական կառույցների և հատկապես ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2013, մայիս, № 5