Cover Image
փակիր այս գիրքըՍիմոնյան Ալեքսանդր Լյուդվիգի (1945-)
Դիտել փաստաթուղթըԱ. Լ. ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սիմոնյանը ծնվել է 1945 թ. հունվարի 15-ին, Հայաստանում: Հայրը՝ Լյուդվիգ Սիմոնյանը, գաղթել էր Կարսից, ապաստան գտել ամերիկյան մանկատանը, այնուհետև ավարտել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Հետագայում նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել, այնուհետև գյուղատնտես աշխատել Հայաստանի տարբեր շրջաններում: Մայրը՝ Վերգինե Բուրխաչյանը, արմատներով Էրզրումից էր, սակայն ծնվել էր Կրասնոդարում, ավարտել էր քիմիայի տեխնոլոգիական ինատում՝ որպես տնօրեն, իսկ հետագայում՝ սննդի նախարարությունում:
Ալեքսանդր Սիմոնյանը բարձր առաջադիմությամբ ավարտել է Երևանի Կամոյի անվան թիվ 76 դպրոցը: Սովորելու տարիներին իր համար բացահայտել է, որ իր հետագա ուղին պետք է կապի միմիայն ֆիզիկայի հետ: Նրա սերը առ ֆիզիկան այնքան մեծ է եղել, որ կարողացել է համադասարանցիներին էլ «վարակել», և նրանցից 8-ը իրենց մասանգիտական կողմնորոշումը կապել են ֆիզիկայի հետ: Ալեքսանդր Սիմոնյանը մեծ երախտագիտությամբ հիշում է իր մաթեմաթիկայի ուսուցչուհուն՝ Մարգարիտա Սարգսյանին, որին համարում է իր հաջողությունների հիմնական «մեղավորը»: «Չլիներ Մարգարիտա Սարգսյանի խստությունը ես ո՛չ կսովորեի, ո՛չ ձգտում կունենայի»,-ժպտալով հիշում է արդեն ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Սիմոնյանը: Դպրոցական տարիներին մեծ սիրով զբաղվում էր նաև սպորտով՝ վոլեբոլով, Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ էր և շարունակեց սպորտով զբաղվել նաև ուսանողական տարիներին:
1963 թ. Ալեքսանդր Սիմոնյանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որը գերազանց ավարտելուց հետո, աշխատանքի է անցնում Երևանի ֆիզիկայի ինստիտուտում:
1973 թ. Ալեքսանդրը պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը՝ «Իոնոֆորան որպես էլեկտրական շունտ մկանային մեմբրանային թելիկի մեջ» թեմայով:
1983 թ. սկսեց զբաղվել նոր ուղղությամբ, որն առավել հայտնի է ֆերմենտային էլեկտրոդներ անվամբ, այսօր այն կոչվում է բիոսենսինգ: «Դժվարությամբ կարողացանք ստեղծել աշխատանքային խումբ, սակայն հետագայում այն ընդլայնվեց, և բավական մեծ հաջողությունների հասանք»,- նշում է Ալեքսանդր Սիմոնյանը: Այդ աշխատանքների արդյունքում նրանց հաջողվեց պատրաստել ֆերմենտային անալիզատոր «Multiferm» սարքավորումը, որը մեծ հաջողությամբ մտավ կիրառության մեջ։ Լիզինի գործարանում, ախտահարման հիվանդանոցում ու մի շարք հաստատություններում տեղադրվեց այդ սարքը: Այն օգտագործվեց նաև Մոսկվայի մի շարք գիտահետազոտական հիմնարկներում, որի միջոցով 20 վայրկյանում որոշվում էր գլյուկոզայի, ամինաթթուների քանակը: Հատկանշական է, որ «Multiferm»-ը 1989թ. Մոսկվայի ժողտնտեսության ցուցահանդեսում արժանացավ արծաթե մեդալի։
1988-1994 թթ. Ալեքսանդր Սիմոնյանը արդեն գլխավորում էր բիոսենսորների լաբորատորիան:
Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո խախտվեց ամենօրյա կապը, ֆինանսավորումը կենտրոնի հետ, և յուրաքանչյուր երկիր ստիպված էր հոգալ իր խնդիրները՝ ապավինելով սեփական ուժերին: Արդյունքում մեծ հաջողությամբ շահագործվող լաբորատորիան սկսեց քայքայվել:
1993-94 թթ. Ալեքսանդր Սիմոնյանը հրավիրվեց Իտալիա՝ Ջենովայի համալսարանի բիոֆիզիկայի բաժանմունք:
1993 թ. Ալեքսանդր Սիմոնյանը Մոսկվայում մեծ հաջողությամբ պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը՝ «Հոսք-ինեկցիոն անալիզատորներ հիմնված իմոμիլիզացված ֆերմենտների վրա» թեմայով:
1994 թ. ԱՄՆ-ի Տեքսասի համալսարանից աշխատանքի հրավեր ստացավ, որտեղ աշխատեց ութը տարի՝ մինչև 2002 թ., այնուհետև՝ 2003 թ. աշխատանքի հրավեր ստացավ Աուբորնի համալսարանից, որտեղ իր կատարած գիտական աշխատանքների շնորհիվ 2007 թ. ներկայացվեց պրոֆեսորի կոչման:
Ի դեպ, Միացյալ Նահանգներում պրոֆեսորության հայտ ներկայացրած գիտնականը հինգ տարվա ընթացքում պետք է ապացուցի, որ նա կարող է ունենալ ուսանողներ, այսինքն՝ իր առարկան կընտրեն ուսանողները, պետք է հոդվածներ հրապարակի առաջատար ամսագրերում և, որ ամենակարևորն է՝ պետք է դրամաշնորհներ բերի համալսարան, որպեսզի ուսանողների կրթության կամ փորձերի համար հատկացումներ արվի: Նա կարողացավ սենսորների վերաբերյալ ստեղծել լուրջ մթնոլորտ, որի շուրջ իրականացվեց բեղուն աշխատանք, ինչը իր հերթին ապահովեց դրամաշնորհներով և երկարատև աշխատանքային հնարավորությամբ:
2008 թ. ԱՄՆ-ի Ազգային գիտության հիմնադրամը աշխատանքի հրավիրեց Ալեքսանդր Սիմոնյանին. սա մեծ պատիվ էր ոչ միայն գիտնականի, այլև այն համալսարանի համար, որը նա ներկայացնում էր: Չորս տարվա աշխատանքի ընթացքում նա առաջարկեց նոր և հիմնարար ծրագիր, որը դրվեց կիրառության: Նրա ծրագրի նկատմամբ հավանությունը այնքան մեծ էր, որ Ալեքսանդր Սիմոնյանը Ազգային գիտության հիմնադրամում դարձավ բիոսենսորների ոլորտի հիմնադիր-ղեկավարը:
Այսօր Ալեքսանդր Սիմոնյանի գիտական խումբը, որը մեծ հաջողությամբ գործում է Աուբորնի համալսարանում, տարեկան մոտ 7-8 աշխատանք է հրապարակում. նա միաժամանակ մի շարք գրքերի խմբագիր է և 80-ից ավելի հոդվածների համահեղինակ: Սիմոնյանը յոթ արտոնագրի հեղինակ է, մասնակցել է 70-ից ավելի գիտական կոնֆերանսների ու հանդես եկել զեկույցներով:
Հատկանշական է, որ Ալեքսանդր Սիմոնյանը իր կատարած փայլուն աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ պարգևների. 1982 թ. և 1988 թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ «Լավագույն հետազոտական ծրագիր», 1990 թ. ԽՍՀՄ մինիստրների խորհրդի, 2006 և 2008 թթ. Աուբորնի համալսարանի պարգևներին: 2011 թ. ստացել է Alumni professor-ի կոչում:
Ալեքսանդր Սիմոնյանը այս տարիների ընթացքում չի դադարեցրել իր համագործակցությունը Հայաստանի գիտական աշխարհի հետ:
Հաշվի առնելով Ալեքսանդր Սիմոնյանի գիտական և մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև սերտ կապերը մայր հայրենիքի հետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2011 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Ալեքսանդր Սիմոնյանը այսօր ևս մեծ ջանքեր է ներդնում բիոսենսորների զարգացման գործում և սերտորեն համագործակցում Հայաստանի գիտական կաճառի և մասնավորապես մանրէների ավանդադրման կենտրոնի հետ:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2012, սեպտեմբեր, № 9