Cover Image
close this bookԲարխուդարյան Վլադիմիր Բախշիի (1927-2017)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Բ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Բ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է 1927թ. սեպտեմբերի 22-ին Վրաստանի ԽՍՀ Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական գյուղում, ծառայողի ընտանիքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1945թ. նա ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և այն հաջողությամբ ավարտում 1950թ.: Ուսման ընթացքում Վ. Բարխուդարյանը դրսևորել է գիտահետազոտական աշխատանքի ակնհայտ հակումներ: Պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ նա երաշխավորվում է ասպիրանտական ուսուցման և համալսարանն ավարտելու նույն տարում ընդունվում է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադ. Ս. Տ. Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության հարցերում: Թեկնածուական ատենախոսության թեմա է ընտրվել «Հայաստանի ավատատիրական հողատիրությունը 9-11-րդ դարերում» հետազոտությունը, որը հաջողությամբ պաշտպանել է 1954 թվականին:
Միջնադարյան Հայաստանի պատմության առանցքային խնդիրներից մեկը հանդիսացող այդ թեմայի ուսումնասիրությունը իրականացվել է սկզբնաղբյուրների վերլուծության, երկրի տնտեսական զարգացման խոր հետազոտության, հարակից երկրների սոցիալ-տնտեսական հարաբերությունների հետ զուգահեռներ անցկացնելու հիման վրա, որը և մեծապես նպաստել է ասպիրանտի լայն աշխարհայացքի ձևավորմանը:
1955 թ. Վ. Բ. Բարխուդարյանը աշխատանքի է անցել այն ժամանակ Գիտությունների ակադեմիայի կազմում գործող Հայաստանի պատմության պետական թանգարանում` որպես կրտսեր գիտական աշխատող: Թանգարանում աշխատելու տարիներին ավելի ընդլայնվեց երիտասարդ գիտաշխատողի գիտական հետաքրքրությունների շրջանակը: Շուտով լույս տեսավ Հայաստանում 1905-1907թթ. հեղափոխության պատմության վերաբերյալ հրատարակված ուսումնասիրությունների մասին նրա վերլուծական աշխատանքը (1956): 1958թ. նա աշխատանքի անցավ ԳԱ պատմության ինստիտուտում, իսկ 1990 թվականից` ԳԱ նախագահությունում:
Վ. Բարխուդարյանի գիտական գործունեությունն ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության և հայ-ռուսական հարաբերությունների երեք հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Նրա գիտական հետաքրքրությունները պայմանավորված էին առաջին հերթին ժամանակի առաջադրած պահանջներով: 1950-ական թվականների երկրորդ կեսին անհատի պաշտամունքի քննադատությունը բավականաչափ դրական տեղաշարժեր կատարեց գաղափարական ոլորտում` այդ թվում և պատմագրության մեջ: Թուլացան պաշտոնական ատյաններից պարտադրվող գաղափարական ճնշումները: Պատմագիտությունը սկսեց զբաղվել նախկինում արգելված շատ թեմաներով:
Խորհրդահայ պատմագրության մեջ ուսումնասիրությունների ոլորտից դուրս մնացած հիմնահարցերից էր հայ գաղթավայրերի պատմությունը: Անտեսվում էր այն էական գործոնը, որ առանց հայկական գաղթավայրերի հնարավոր չէ ներկայացնել հայ ժողովրդի ամբողջական, գիտականորեն հիմնավորված պատմությունը: Նկատի չէր առնվում այն ակնառու հանգամանքը, որ արտերկրում է բնակվել հայության զգալի մասը, որ որոշ պատմափուլերում այնտեղ են գործել գիտության ու մշակույթի հիմնական կենտրոնները:
Վ. Բարխուդարյանը իր գիտական հետազոտությունների առանցքը դարձրեց ուսումնասիրության կարոտ հենց այդ բնագավառը: Նա առաջին մասնագետներից էր, որ գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարևորությունը դարձավ այդ ուղղության համակարգված և գիտական նորովի ուսումնասիրության սկզբնավորողներից մեկը և իր ուսերի վրա կրեց հիմնախնդրի գիտական մշակման ծանրությունը: Հայտնի է, որ ռուս և հայ ժողովուրդների միջև տնտեսական, մշակութային և հասարակական-քաղաքական հարաբերությունների հաստատման ու զարգացման գործում մեծ էր Ռուսաստանի տարածքում ձևավորված հայկական գաղութների դերը: Դրանց մեջ առանձնանում է հատկապես Կովկասի նախադռներում հաստատված հայկական կյանքով ապրած ամենից խոշոր ու հարուստ գաղութը` Նոր Նախիջևանը: Նա ձեռնամուխ եղավ հենց այդ գաղութի պատմության հետազոտմանը:
Վ. Բարխուդարյանը երկար տարիներ աշխատել, պրպտումներ է կատարել Պետերբուրգի, Մոսկվայի, Ռոստովի արխիվներում, Հայաստանի ազգային գրադարանի, Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի արխիվներում, Մատենադարանի արխիվային ու ձեռագրական ֆոնդերում, օգտագործել թեմային առնչվող ողջ գրականությունը, հայկական և ռուսական պարբերական մամուլը: Ժողովել է վիթխարի նյութ, որի մի մասը առաջին անգամ է գիտական շրջանառության մեջ դրվել, և դրա հիման վրա երկու ստվար հատորներում (1967, 1985) շարադրել նոր Նախիջևանի հայկական հայկական գաղութի ամբողջական պատմությունը:
Հեղինակը հանգամանորեն անդրադարձել է տնտեսության զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմաններին և այդ պայմաններն օգտագործելու հայերի ձեռներեցությանը: Ի տարբերություն ճորտատիրական Ռուսաստանի, Նոր նախիջևանը և նրա հինգ հայկական գյուղերը զերծ մնացին ճորտությունից, որը և հնարավորություն ընձեռեց տնտեսության անկաշկանդ զարգացման համար: Հայերը խթանեցին տնտեսության որոշակի ճյուղերի, հատկապես ներքին և արտաքին առևտրի, ճարպի և բրդի արտադրությունը, հացահատիկային կուլտուրաների մշակւմը, այգեգործությունը: Նրանք հարավային Ռուսաստանում տարածեցին շերամապահությունը: Դոնի հայության շրջանում մեծ զարգացում ապրեց արհեստագործությունը: Հեղինակը ցույց է տալիս, որ արհեստավորական կազմակերպությունները` համքարությունները, ռուսական միջավայրի ազդեցությունը կրելով հանդերջ, նրանք հար և նման են եղել Անդրկովկասի հայկական համքարություններին: Արհեստների տնտեսական նշանակությունը բացահայտելուց զատ ցույց է տրվում համքարությունների պահպանողական բնույթը և օտար միջավայրում հայկական բարքերին, ազգային սովորություններին ու մայրենի լեզվին հավատարիմ մնալու, այլ խոսքով, ազգային նկարագիրը պահպանելու նրանց կարևոր նշանակությունը:
Վ. Բարխուդարյանի ուսումնասիրությունը ակնառու է դարձնում հայկական գաղութի նշանակալի տեղը հարավային Ռուսաստանի` Նովոռոսիայի գրեթե անմարդաբնակ տափաստանները յուրացնելու, առևտրատնտեսական կյանքը զարգացնելու գործում: Հեղինակը հանգամանորեն լուսաբանել է Նոր Նախիջևանի կապերն ու շփումները հայ-ռուսական հասարակական-քաղաքական կյանքում, կրթության, գրականության ու արվեստի ոլորտներում: Նա Նոր Նախիջևանի օրինակով խորությամբ բացահայտել է այն իրողությունը, որ օտար երկնակամարների տակ ծվարած հայկական համայնքների կենսունակությունը մեծապես պայմանավորված է եղել Մայր Հայրենիքի հետ ունեցած կապերով: Մայր Հայրենիքի հետ տարբեր ձևերով կապերն ու շփումներն արգասավորում, բեղուն են դարձնում հայ համայնքների ազգային կյանքը, ամրապնդում նրանց ազգային դիմագիծն ու գոյատևումը: Հեղինակը ճիտ է բնորոշում Դոնի հայության կատարած ներդրումը նշելով, որ հասուն և առաջադեմ մտավորականության մի ամբողջ փաղանգ ունեցող Նոր Նախիջևանը դարձավ ազգային լիաթոք կյանքով ապրող հայկական նշանավոր կենտրոն և մնայուն ու չխամրող հետք թողեց հայ ժողովրդի նոր շրջանի պատմության մեջ:
Վ. Բարխուդարյանի նախաձեռնությամբ ու խմբագրությամբ ստեղծվեցին հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք հոդվածների ժողովածուներ: "Հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությունից", "Հայ ազատագրական շարժումները և հայկական գաղթավայրերը 16-18-րդ դարերում"(1985), "Էջեր հայ գաղթավայրերի պատմության" (1996): Հունգարահայերի պատմությանը նվիրված ժողովածուն ստեղծվեց Հունգարիայի ժողովրդական հանրապետության և Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի միջև կնքված համագործկցության պայմանագրի շրջանակներում, հունգար և հայ մասնագետների համատեղ ջանքերով: Հունգար պատմաբանները տեղի արխիվներից արժեքավոր նյութեր հայտնաբերեցին և գիտական շրջանառության մեջ դրեցին: Նրանց ուսումնասիրություն¬ների շնորհիվ ընդլայնվեցին մեր իմացությունները երկրի ազատագրական պայքարում, պետական կառավարման ու մշակույթի բնագավառներում հունգարահայերի նշանակալի դերի մասին: Այդ ժողովածուի համար Վ. Բարխուդարյանը պարգևատրվեց ՀԺՀ Գիտությունների ակադեմիայի մեդալով:
Սույն հիմնահարցին նվիրված աշխատություններում և բազմաթիվ հոդվածներում հեղինակը մշակեց գաղթավայրերի պատմության հայեցակարգային բնույթի հարցեր: Այսպես օրինակ, ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող ենք խոսել գաղութի կամ համայնքի ձևավորման մասին: Չէ որ արտագաղթի և օտար երկրում հանգրվան գտած որևէ ժողովրդի զանգվածը կարող է ցրվել հյուրընկալ երկրում և համայնքի ձևավորման որևէ կռվան չտալ: Ի՞նչ գործոններից ելնելով կարելի է հավաստել գաղւթի կամ համայնքի առկայությունը: Օտար երկրում բնակություն հաստատած որևէ ժողովրդի զանգվածը, եթե պահանջ է զգում ազգային ոգին, մայրենի լեզուն պահպանելու և այդ նպատակով եկեղեցի է կառուցում ու ազգային լեզվով դպրոց է հիմնում, նշանակում է ձևավորվել է համայնքը:
Վ. Բարխուդարյանը տվեց հայ գաղթավայրերի ընդհանուր պատմության պարբերացումը` միջնադար, նոր շրջան և նորագույն ժամանակաշրջան: Միջնադարում, որպես կանոն, հայ համայնքները ստանում են առանձնաշնորհումներ և առևտրատնտեսական ձեռներեցությամբ բարեկեցիկ դրություն են ստեղծում: Միաժամանակ նրանք միջնադարին հատուկ ներփակ կյանքով են ապրում: Նոր շրջանում վերացվում են արտոնությունները, ինքնավարությունը մարմնավորող մարմինները /մագիստրատ, ռաթհաուզ և այլն/, թվում է, թե գաղութները կկորցնեն նաև ազգային հատկանիշները և կտարալուծվեն շրջական միջավայրում: սակայն նր պայմանները ծնում են նաև նոր հնարավորություններ:
Այս փուլում երևան են գալիս բարեգործական տարատեսակ հասարակական կազմակերպություններ, տպագիր խոսքն ու մամուլը: Դրանց և կենդանի հաղորդակցության միջոցով ուժեղանում են կապերը հայրենիքի հետ, որոնց միջոցով արգասավորվում և շարունակվում է համայնքների գոյատևումը:
Երրորդ փուլը մեծ եղեռնի հետևանքով հայ բնակչության տարբեր երկրներ գաղթելն ու հայ սփյուռքի առաջացումն է:
Գաղթավայրերի պատմության ծալքերը բացահայտող մասնագետի կողմից առավել ընդգծվեց և ակնառու դարձվեց հայ համայնքների հյուրընկալ երկրի պահանջներին և մայր հայրենիքին միաժամանակ ծառայելու, երկու հայրենիքների գաղափարների լծորդումը, մայր հայրենիքի հետ տարատեսակ կապեր պահպանելու անհրաժեշտու¬թյունն ու դրա կենսահաստատ նշանակությունը:
Գաղթավայրերը հայոց պատմության մեջ մեծ նշանակություն են ունեցել կրթության, առհասարակ մշակույթի այլևայլ բնագավառներում, սակայն առավել կարևորվում է գաղթավայրերում սկիզբ առած Հայաստանի ազատագրման գաղափարախոսության ձևավորումն ու ծավալումը: Հայկական գաղութների պատմությունը սոսկ հայ ժողովրդի մի հատվածի, տարբեր երկրներում սփռված նրա առանձին զանգվածների ինքնաբավ պատմություն չէ: Այն միաժամանակ հայ ժողովրդի` աշխարհի այլևայլ ժողովուրդների հետ ունեցած նրա պատմական կապերի պատմությունն է:
Վ. Բարխուդարյանի հետաքրքրությունների մյուս բնագավառը երկու ժողովուրդների կապերը, հայ-ռուսական հարաբերություններն են եղել: Ռուսահայ գաղութների պատմությունը ինքնին հայ-ռուսական հարաբերությունների մի օղակը, նրա մի մասն է կազմում: Դրանից զատ այդ հիմնահարցին նա նվիրել է բազմաթիվ հոդվածներ և աշխատություններ: Դրանց մեջ առանձնանում են Վ. Ոսկանյանի հեղինակցությամբ գրված «Հայ-ռուսական հարաբերությունները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին» (1978) և «Համառոտ ուրվագիծ ռուսական կայսրության հայկական դպրոցների պատմության (2006)» աշխատությունները: Երկու այդ աշխատանքներում փաստական նյութերի հիման վրա քննարկվել և արժևորվել են հայ-ռուսական հարաբերությունների բազմապիսի հարցեր:
Պատմագիտության խնդիրները Վ. Բարխուդարյանի նախասիրությունների շրջանակներից երբեք դուրս չեն եղել, սակայն դրանց նա անդրադարձել է գերազանցապես կյանքի առաջադրած պահանջների թելադրանքով: Տակավին 1962 թվականին նրան, որպես պատմության ինստիտուտի գիտական քարտուղարի, ի պաշտոնե առաջարկվեց, ավելի ճիշտ` պարտադրվեց արձագանքել ՍՄԿՊ XXII համագումարին և նրա որոշումների լույսով ներկայացնել պատմության ինստիտուտի խնդիրները:
Տպագրված հոդվածում Պատմության ինստիտուտի առաջ ծառացած անմիջական հարցերից բացի հեղինակն անդրադարձավ նաև խորհրդահայ պատմագրության մեջ տիրող ընդհանուր իրավիճակին: Հեղինակը համարձակորեն խարազանեց ժամանակի գաղափարախոսության ազդեցությամբ իրականությունից կտրված, փաստական նյութը անտեսելու եղանակով գրված աշխատոթյունների երևան գալը: «Անհատի պաշտամունք վնասակար հետևանքները,- կարդում ենք հոդվածում,- արտահայտվել են պատմության մոդեռնացման` հաճախ ցամկալին իրականության տեղ ընդունելու ուսումնասիրության արատավոր եղանակի մեջ ևս: Մի շարք հետազոտություններում, օրինակ, հարցերը առաջ են քաշվում և մեկնաբանվում այնպիսի եղանակով, որ կամա թե ակամա դուրս է գալիս, թե բոլշևիկյան պարտիայի, բոլշևիզմի գաղափարները իրենց առաջացման օրից համակել են ժողովրդական մասաներին այն աստիճան, որ առաջին բուրժուա-դեմոկրատական ռևոլյուցիայի տարիներին աշխատավորական մասսաները գրեթե ամբողջությամբ համախմբված գնում էին այդ պարտիայի հետևից: Այդ նույն բանը արդեն առավել անառարկելի էր համարվում 1917 թ. փետրվարյան ռևոլյուցիայի ժամանակ»:
Կուսակցությունը պատմագրության ոլորտի աշխատողներից պահանջում էր չտարվել պատմական անցյալով, այլ պատմագիտությունը մոտեցնել կյանքին, ասել է թե` զբաղվել ժամանակակից հարցերով: Վ. Բարխուդարյանը պարզորոշ ընդիմանում է նաև միակողմանի ու սխալ այդ մոտեցմանը և միանգամայն այլ մեկնաբանություն տալիս թեմայի ակտուալությանը, գիտությունը կյանքին մոտեցնելու հասկացությանը:
«Երբեմն միակողմանիորեն է ընկալվում,- գրում է նա,- պատմական թեմայի ակտուալությունը և պատմագիտությունը կյանքին մոտեցնելու հույժ կարևոր խնդիրները: Թեմայի ակտուալությունը միայն նրա ժամանակակից լինելով չի բնորոշվում... Հետևաբար, բնավ զարմանալի չպետք է թվա, եթե ասենք, որ ժամանակակից թեման երբեմն կարող է այնպիսի եղանակով ու որակով ուսումնասիրվել, որ ակտուալ նշանակություն չունենա և ընդհակառակն, հին կամ հնագույն շրջանի թեմաները կարող են այնպիսի եղանակով ու որակով ուսումնասիրվել, որ ունենան ակտուալ նշանակություն»:
Համանման ձևով վեր է հանվում պատմագրության մեջ տարածում գտած դոգմատիզմը, աշխատությունների մեջ հաճախ մարքսիզմի դասականներից բերված քաղվածքներով այն առատորեն այն աստիճան ծանրաբեռնելը, որ դրանք փոխարինելու են գալիս փաստական նյութին: Հոդվածում խոսվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական շարժումները, 1918թ. Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը ուսումնասիրությունների ոլորտից դուրս թողնելու, Խորհրդային Հայաստանի պատմության միակողմանի հետազոտությունը նրա հիմնավոր, գիտական մշակումով փոխարինելու անհրաժեշտության և պատմագրության մեջ նկատվող այլ թերությունների մասին:
1980-ական թվականների վերջերին Խորհրդային Միության տնտեսական ետ մնալը հաղթահարելու նպատակով երկրի ղեկավարությունը այն վերակառուցելու գործընթաց սկսեց: Կարճ ժամանակում "վերակառուցումն" իր ոլորտի մեջ առավ նաև գաղափարախոսության, ազգային հարաբերությունների ասպարեզները: Ժողովրդավարական սկզբունքներով գոյություն ունեցող իրավիճակը բարեփոխելու լայն շարժում սկսվեց: Վ. Բարխուդարյանը Լ. Խուրշուդյանի հետ հանդես եկավ անհատի պաշտամունքի ժամանակ և լճացման տարիներին խորհրդահայ պատմագրության թերացումները վերացնելու անհրաժեշտության մասին ուղենշային հոդվածով` ընդգրկելով հայ ժողովրդի ամբողջ պատմությունը: Հայաստանի հին շրջանի պատմության մեջ առաջարկվում էր հայ ժողովրդի կազմավորման մեջ լիաթոք կերպով ներառել Ուրարտուի կամ Վանի թագավորությունը: Թեպետև պատմագրության մեջ ճանաչում է գտել, բայց փաստական նյութերը բավարար կռվան չեն տալիս հին Հայաստանի հասարակարգը համարելու ստրկատիրական: Հետևաբար անհրաժեշտ է շարունակել և խորացնել այդ ուղղությամբ կատարվող հետազոտությունները` գիտականորեն հիմնավորված ու համոզիչ վերջնական տեսակետ մշակելու համար:
Հարց բարձրացվեց ուսումնասիրելու մշտապես իր ժողովրդի հետ քայլող և նրա ազգային շահերին ծառայող հայ եկեղեցու պատմությունը: Մի հանգամանք, որում մենք չափից ավելի մտավախություն ենք ցուցաբերել: Այլապես ինչով բացատրել, որ Խորհրդային իշխանության միևնույն պայմաններում Ն. Նիկոլսկու ռուսական եկեղեցու պատմությունը տպագրվել և վերահրատարակվել է մի քանի անգամ, իսկ Հայաստանում այդ ուղղությամբ բառացիորեն ոչինչ չի արվել:
Նորովի, անկաշկանդ մոտեցմամբ վերանայելու շատ ավելի հիմնահարցեր կային խորհրդահայ պատմագրության նոր և նորագույն շրջաններում: 19-րդ դաարի վերջի և 20-րդ դարի սկզբի ազգային ազատագրական պայքարի, ազգային կուսակցությունների և հարակից հարցերը կարոտ էին ուսումնասիրության: "Շարադրել հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի պատմությունը,- ասված է հոդվածում,- առանց ազգային կուսակցությունների գործունեության և հայդուկային շարժման, առանց արևելահայերի` այդ պայքարին ցույց տված ակտիվ մասնակցության, նշանակում է խեղաթյուրել հայ ժողովրդի այդ առասպելական փուլի պատմությունը, այն զրկել գիտականությունից":
Նոր մոտեցմամբ ուսումնասիրության պահանջ էր դրվում հատկապես 1917-1920թթ. ընդամենը մի քանի տարվա, սակայն ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող բուռն քաղաքական իրադարձություններով հարուստ շրջանը: Ստեղծել Խորհրդային Հայաստանի գիտական պատմությունը, բուհական և դպրոցական դասագրքեր և այլն: Այդ ամենը հնարավոր է իրականացնել հարուստ նյութերի ու փաստերի հիման վրա: Հետևաբար հարց է բարձրացվում շրջանառության մեջ դնել հնարավոր բոլոր սկզբնաղբյուրները, ուսումնասիրողների համար լիովին բացել արխիվների դռները:
Խորհրդային կարգերի փլուզման ընթացքում, երբ հախուռն կերպով ժխտվում էր այն ժամանակաշրջանի ամեն մի երևույթ, նույն գնահատականի էր արժանանում նաև խորհրդահայ պատմագրությունը: Այն դիտվում էր իրականությունը միայն խեղաթյուրված ներկայացնող մի բնագավառ: Վ. Բարխուդարյանը հանդես եկավ հակախորհրդային ժողովրդական համընդհանուր շարժմամբ լիցքավորվող զգացմունքային այդ վերաբերմունքի դեմ: Գիտական ամսագրում նա տպագրեց (ՊԲՀ, 1990) "Խորհրդահայ պատմագրության գնահատության հարցի շուրջը" հոդվածը, ուր լուսաբանեց խորհրդահայ պատմագրության թերացումներն ու սխալները: Նա միաժամանակ անդրադարձավ սկզբնաղբյուրների հրատարակման և պատմագիտական շատ հարցերի գիտական հետազոտման ուղղությամբ կատարված վիթխարի ձեռքբերումներին: Հետագա տարիներին, սթափ դիտարկմամբ ավելի ամրապնդվեց և ընդհանուր ճանաչում գտավ այդ մոտեցումը:
Հայաստանում անկախ հանրապետության առաջացումը նոր հեռանկարներ բացեց հայագիտության այդ թվում և պատմագրության համար: Սակայն անցման շրջանում ստեղծված դժվարությունների պատճառով պատմագրությունը, հայագիտությունն իր ամբողջության մեջ անկախության ընձեռած հնարավորություններին համապատասխան զարգացման պայմաններ չստացան: Ընդհակառակն, նրանք ընկան ծանր կացության մեջ, ավելի անբարեհույս[՞՞] դարձան նրանց շարունակական զարգացման հեռանկարները: Ստեղծված իրավիճակը վերլուծելու և ըստ ամենայնի արժևորելու, ապագա անելիքները ծրագրելու նպատակով գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը 2003թ. Երևանում հրավիրեցին հայագիտական առաջին միջազգային համաժողով: Գիտական նստաշրջանին մասնակցեցին արտերկրի 72, իսկ Հայաստանի հանրապետությունից 100-ից ավելի մասնագետներ:
Վ. Բարխուդարյանը ակտիվ մասնակցություն ունեցավ գիտաժողովի կազմակերպման և նյութերը առանձին գրքով հրատարակելու գործին: Միջազգային գիտաժողովի լիագումար նիստում նա հանդես եկավ "Հայագիտության արդի վիճակը Հայաստանում և զարգացման հհեռանկարները" զեկուցումով: Զեկուցման մեջ արժևորվեցին պատմագրության մեջ կատարված ձեռքբերումները և ուղենշվեցին արդիական նշանակության հիմնահարցերն ու այն խնդիրները, որոնք ծաացած են պատմական գիտության առաջ:
Վ. Բարխուդարյանը իր ուսուցիչների, գործընկերների (Աշոտ Հովհաննիսյան, Մկրտիչ Ներսիսյան, Սուրեն Երեմյան, Գագիկ Սարգսյան և ուրիշներ) հոբելյանական տարելիցներին արձագանքել է նրանց գիտական գործունեության մասին գիտական պարբերականներում հոդվածներ տպագրելով: Վաստակաշատ գիտնականներին նվիրված այդ հոդվածներում ի հայտ է գալիս նրանց բերած նորույթը, գիտական ներդրումը: Հետևաբար այդ հոդվածները ևս պատմագիտական ուղղվածություն ունեն և արժևորվում են որպես այդպիսիք:
Վ. Բարխուդարյանը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ հանրապետության պատմագիտական մտքի ձևավորմանն ու զարգացմանը: Նա երկար տարիներ եղել է ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի և այլ հաստատությունների գիտական խորհուրդների անդամ և գործուն մասնակցություն է ունեցել նրանց աշխատանքներում:
Նա լուրջ ներդրում ունեցավ Պատմության ինստիտուտի կողմից ստեղծված հայ ժողովրդի հնագույն շրջանից մինչև մեր օրերն ընդգրկող պատմության գիտական-ակադեմիական ութհատորյակի ստեղծման մեջ` որպես հեղինակ, խմբագիր և գիտակազմակերպական աշխատանքները համակարգող:
Անկախություն ձեռք բերելուց հետո դժվարին կացություն ստեղծվեց դպրոցներում մասնավորապես պատմության դասագրքերի հարցում: Հասկանալի պատճառով անհնար էր դարձել նախկին դասագրքերով հայոց պատմության դասավանդումը: Վ. Բարխուդարյանը ստանձնեց հրամայական պահանջ դարձած նոր դասագրքեր ստեղծելու խնդիրը: Նա ընտրեց համապատասխան հեղինակային կոլեկտիվ և կարճ ժամանակում ավարտին հասցրեց կարևոր այդ հանձնարարությունը: Իր խմբագրությամբ լույս տեսան հայ ժողովրդի ամբողջական պատմությունն ընդգրկող չորս դասագիրք, որոնք անկախության հենց առաջին տարիներին հասցվեցին դպրոցներին: Այդ դասագրքերն ունեցել են մի քանի հրատարակություններ և մինչև այժմ դպրոցներում ուսուցումը կազմակերպվում է դրանցով:
Վ Բարխուդարյանը համազգային հայ կրթական և մշակութային միության հայագիտական բարձրագույն հիմնարկի տնօրեն Երվանդ Փամբուկյանի հետ սփյուռքահայ դպրոցների համար դասական ուղղագրությամբ հրատարակեց (Բեյրութ, 1998) "Հայոց պատմություն" դպրոցական դասագրքի առաջին գիրքը, որն ընդգրկում էր Հին Հայաստանի պատմության ժամանակաշրջանը: Ցավոք, Բեյրութում համատեղ աշխատանքն ընդհատվելուց հետո, հնարավորություն չեղավ իրականացնել հաջորդ հատորների ստեղծումը:
Վ. Բարխուդարյանը առանձնակի ջերմությամբ ու եռանդով է մասնակցում հայոց եկեղեցու հոգևոր ու գիտամշակութային կյանքին: Նա երկար տարիներ բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ է: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Ս.Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը: Գլխավորելով դպրատան գիտական խորհուրդը, ակտիվ դերակատարություն ունեցավ հանրապետության գիտակրթական հաստատությունների և հոգևորականության ուժերով կազմակերպվող գիտաժողովներին և նյութերի հրատարակությանը: Վերջերս (2005թ.) նրա խմբագրությամբ հրատարակվեց "Աստվածաշնչական Հայաստան" գիտաժողովի նյութերի մեծարժեք հատորը:
Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը որպես պատմության ինստիտուտի փոխտնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, փոխպրեզիդենտ, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ավելի քան չորս տասնամյակ ծավալել է գիտական կազմակերպական ակտիվ գործունեություն: