Cover Image
close this bookԱճառյան Հրաչյա Հակոբի (1876-1953)
View the documentՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲԻ ԱՃԱՌՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրաչյա Աճառյանը ծնվել է 1876 թվականին, Կոստանդնուպոլսում, արհեստավորի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է իր ծննդավայրում` սովորելով Պոլսի կենտրոնական վարժարանում, ապա` 1895 թվականին մեկնել է Ֆրանսիա` բարձրագույն կրթություն ստանալու. այստեղ նա սովորել է Սորբոնի համալսարանում, աշակերտելով հատկապես Անտուան Մեյեին: 1897 թվականին Փարիզի լեզվաբանական ընկերությանը (Société de linguistique de Paris) ներկայացնելով լազերենի ուսումնասիրությունը` ընտրվում է ընկերության անդամ: Նույն թվականին մասնակցում է արևելագետների տասներեքերորդ կոնգրեսին` Փարիզում: Այստեղ նա կարդում է երկու զեկուցում հայերենի մասին: Հայագետ Հյուբշմանը, որ նիստի նախագահն էր, հավանելով զեկուցումները, հրավիրում է Աճառյանին իր մոտ` Ստրասբուրգ, իր դասախոսու թյունները լսելու: Ընդունելով այդ հրավերը` Հրաչյա Աճառյանը 1898 թվականին գնում է Ստրասբուրգ և մեկ սեմեստր ունկնդրում Հյուբշմանին:
Ավարտելով բարձրագույն կրթությունը և ստանալով լեզվաբանական լուրջ պատրաստություն` Աճառյանը 1898 թվականին գալիս է Անդրկովկաս և ամբող ջությամբ նվիրվում է գիտական-մանկավարժական գործունեության, իբրև ուսուցիչ աշխատելով Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում և այլուր: Սակայն Աճառյանի բեղմնավոր գործունեությունն սկսվում է Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո: Հիմնադրվում է Երևանի պետական համալսարանը. Աճառյանը հրավիրվում է որպես հայագիտական, լեզվաբանական ու արևելագիտական առարկաների դասախոս և անհուն սիրով ու ոգևորությամբ նվիրվում երիտասարդ սերնդի դաստիարակության պատվավոր գործին: Հենց այդ շրջանում էլ Աճառյանը հրատարակում է իր խոշոր մենագրական աշխատությունները: Նրա գրչին են պատկանում շուրջ երկու հարյուր գիտական մեծարժեք աշխատություններ: Նրա «Հայերենի արմատական բառարան», «Հայ բարբառագիտություն», «Հայոց անձնանունների բառարան», «Հայոց լեզվի պատմություն», «Հայոց լեզվի լիակատար քերականություն» և այլ մենագրական ստվարածավալ աշխատությունները մեծագույն ավանդ են ոչ միայն հայագիտության, այլև սովետական լեզվաբանական գիտության բնագավառում:
Արտակարգ բեղմնավորության հասնող իր գիտական գործունեությամբ Հրաչյա Աճառյանն ընդգրկել է հայոց լեզվի ուսումնասիրության բոլոր բնագա վառները` հիմնադիր հանդիսանալով հայագիտության մի շարք ճյուղերի:
Իր բեղմնավոր գիտական գործունեության ընթացքում Հ.Աճառյանը զանազան առիթներով անդրադարձել է ընդհանուր լեզվաբանական, տեսական բազմաթիվ հարցերի, քննության նյութ դարձրել դրանք և արտահայտել իր տասակետը դրանց մասին: Այդ բոլոր հարցերին էլ, հակառակ ստեղծված սխալ կարծիքի, նա մոտեցել է որպես մեծ ու բազմակողմանի պատրաստականությամբ օժտված տեսաբան: Բայց իր բոլոր տեսական-լեզվաբանական պրպտումների ամփոփումն է հանդիսանում «Լիակատար քերականություն հայոց լեզվի» աշխատության ներածական հատորը, որտեղ և իրենց ամբողջական արտահայտությունն են գտել նրա լեզվաբանական սկզբունքները: Իր գործունեության առաջին շրջանում Հ. Աճառյանը 19-րդ դարի վերջում և 20-րդ դարում Եվրոպայում լեզվաբանության բնագավառում մեծ տարածում ստացած սոցիոլոգիական ուղղության ներկայացուցիչն է եղել և, մասնավորապես, հետևել է այդ ուղղության խոշորագույն ներկայացուցիչ Անտուան Մեյեին: Սակայն հետագայում, սովետական կարգերի հաստատումից հետո, նա որոշ չափով հեռացել է այդ ուղղությունից և առանձին հարցերի մասին ունեցած իր տեսակետներով կանգնել սովետական լեզվաբանության դրույթների վրա: Այսպես է հատկապես լեզվի բնորոշման, լեզվի ծագման, լեզուների խաչավորման և մի քանի այլ խնդիրներում: Իր բազմաթիվ աշխատությունների մեջ անդրադառնալով լեզվի բնորոշման հարցերին` Հ. Աճառյանը հանգում է այն ճիշտ տեսակետին, որ լեզուն հասարակական երևույթ է, գոյություն ունի միայն հասարակության մեջ և ծառայում է հասարակությանը` որպես մարդկանց փոխադարձ հաղորդման միջոց: Այս դրույթն իբրև ելակետ ընդունելով` հիշյալ աշխատության մեջ նա մանրամասն քննության է առնում մի կողմից` մարդկային լեզվի ու կենդանական «լեզվի», մյուս կողմից` հնչյունական լեզվի ու «նշանացի լեզուների» տարբերությունների հարցը: Բազմաթիվ տվյալների օգտագործումով քննելով զանազան կենդանիների «լեզուները», նա ցույց է տալիս, որ կենդանիները չունեն այնպիսի լեզու, ինչպիսին է մարդկային լեզուն, որ նրանք ունեն միայն բնազդական ճիչեր, որոնք և կազմում են նրանց բնազդների ձայնական արտահայտությունը: Նույնպես և զանազան նշանների «լեզուները» զուրկ են ինքնուրույն հաղորդակցման միջոցի վերածվելու հնարավորությունից, որովհետև նրանք բոլորն էլ հիմնված են հնչյունական լեզվի վրա, պայմանավորված են նրանով և առանց նրա գոյություն չեն կարող ունենալ: «Բոլոր տեսակի նշանացի լեզուները», - եզրակացնում է նա,- ինչպես վայրենիների գործածած, նույնպես և մեր կյանքում հնարված այբուբեն, թվանշան, հեռագրա նիշներ, լապտերներով կամ դրոշակներով խոսակցությունը, շեփորներով հաղորդագրությունը, կույրերի այբուբենը, գույների կամ ծաղիկների «լեզուն» և այլն և այլն, ոչ մի ճիշտ հասկացողություն չպիտի տային, եթե չունենայինք նրանց հոդավոր թարգմանությունը»: Այդ պատճառով էլ, ահա, «լեզու» ասելով հասկանում ենք միայն ձայնական հոդավոր լեզուն»: Այսպես ճիշտ գնահատելով մարդկային լեզվի դերն ու էությունը` նա անցնում է լեզվի ծագման խնդրին: Այստեղ հեղինակը համառոտակի շարադրում է այդ հարցի մասին եղած տեսությունները, վեր հանում այդ տեսությունների սխալներն ու թերությունները և հիմնվելով Ֆրիդրիխ Էնգելսի դրույթների վրա, հիմնականում ճիշտ կերպով լուսաբանում լեզվի առաջացման պատմական պրոցեսը:
Գիտական մեծ արժեք են ներկայացնում Հ. Աճառյանի հիշյալ հատորի այն գլուխները, որոնց մեջ քննության են առնվում` լեզուն որպես հասարակական երևույթ, լեզվի փոխանցումը, լեզվի էվոլյուցիան, լեզվի կենսաբանությունը: Հեղինակն իրեն հատուկ բարեխղճությամբ ու մանրակրկիտ պրպտումներով կուտակած հարուստ փաստերով քննության է առնում հիշյալ խնդիրները և հիմնականում ճիշտ եզրակացությունների հանգում: Բնորոշելով լեզուն որպես հասարակության հաղորդակցման միջոց` հեղինակը փաստերով ցուցադրում է լեզվի ընդհանրությունը, նրա համաժողովրդական բնույթի էությունը` հասարակական կյանքի տարբեր պայմաններում, ցույց տալիս այդ ընդհանրության աստիճանը` տարբեր հասարակական-քաղաքական հանգամանքներում: Ճիշտ կերպով վերլուծելով լեզվական փաստերը` հեղինակը լեզվական տվյալներով հերքում է լեզվի դասակարգման ոչ մարքսիստական տեսությունը և կանգնում մարքսիստական այն ճշմարիտ սկզբունքի վրա, որ դասակարգային լեզուներ գոյություն չունեն, որ լեզուն դասակարգային երևույթ չէ: Անցնելով լեզվի` սերնդից-սերունդ փոխանցվելու և լեզվի զարգացման հարցերին` Հ. Աճառյանը բազմաթիվ փաստերով ու խոր վերլուծություններով կարողանում է ճիշտ պատկերացում տալ այդ մասին: Այստեղ էլ, սակայն, դրսևորվում է սոցիոլոգիական ուղղության խիստ ազդեցությունը: Հ. Աճառյանը լեզվի զարգացման հարցում հետևում է, այսպես կոչված, լեզվաբանական անընդհատության տեսությանը: Այս տեսության էությունն այն է, որ ընդունելով լեզվի էվոլյուցիոն զարգացումը, բացասում է լեզվի որակական անցումները: Ստացվում է այնպես, որ լեզուն անընդհատ ձևափոխություններ է կրում, բայց երբեք որակական անցումներ չի կատարում, նոր լեզուն ոչ այլ ինչ է, եթե ոչ հին լեզուն`ձևափոխված վիճակում:
Իր շատ աշխատությունների մեջ Հ. Աճառյանը անդրադարձել է լեզվաբանության համար կարևորագույն հարցերից մեկին` լեզուների ցեղակցության խնդրին: Բազմաթիվ օրինակներով ցույց տալով տարբեր լեզուների միջև եղած ընդհանրությունները` հեղինակը քննարկում է այն հարցը, թե ինչից կարող էին առաջանալ այդ ընդհանրությունները և հերքելով մի շարք վարկածներ, հանգում է այն եզրակացության, որ այդ ընդհանրությունները հետևանք են ընդհանուր ծագման.այստեղից էլ, ահա, բխում է լեզուների ցեղակցության սահմանումը: «Ցեղակից են կոչվում այն լեզուները, որոնք միևնույն ծագումն ունեն, ընդհակառակը՝ ցեղակից չեն այն լեզուները, որոնք տարբեր ծագում ունեն: Ավելի գիտական բացատրությամբ` լեզուների ցեղակցություն ասելով հասկանում ենք այն պատմական իրողությունը, որով մի լեզու դարերի ընթացքում, աստիճանական փոփոխությամբ հասել է մի վիճակից մի ուրիշ վիճակի»: Այսպես ճիշտ սահմանելով լեզուների ցեղակցությունը, հեղինակը, այնուամենայնիվ, այդ երևույթը բացատրում է նախալեզվի տեսության համաձայն: Նա այն տեսությանն է հետևում, որի համաձայն ցեղակից լեզուները երբեմնի նախալեզվի շարունակությունն ու ճյուղավորումներն են: Ըստ այդ տեսության, նախնական ժամանակներում գոյություն է ունեցել, օրինակ` հնդեվրոպական միասնական մի ժողովուրդ, որ ապրել է մի որոշ տեղում, հեղինակի կարծիքով այժմյան Ռուսաստանի տեղում, հետագայում այդ ժողովուրդը մասնատվել է, նրա հատվածները գաղթել, տարածվել, բնակություն են հաստատել Ասիայի ու Եվրոպայի զանազան մասերում` կազմելով առանձին ժողովուրդներ, որոնցից էլ հետագա մասնատումներով առաջացել են դարձյալ նորանոր ժողովուրդներ, և այսպես գոյացել են «հնդեվրոպական ժողովուրդները»:
Այս հարցի հետ սերտորեն առնչվում է նաև այսպես կոչված «ընդհանուր նախալեզվի» հարցը, որ Հ. Աճառյանը քննության նյութ է դարձնում հիշյալ հատորի վերջին գլխում:
Այսպիսով, Հ. Աճառյանը անցնելով սոցիոլոգիական դպրոցի բովից` իր վրա կրել է նրա խիստ ազդեցությունը և շատ հարցերում մինչև վերջ էլ կանգնած է մնացել այդ ուղղության սկզբունքների վրա: Սակայն մի կողմից սովետական կարգերի օրոք նրա մեջ տեղի ունեցած էվոլյուցիան, իսկ մյուս կողմից լեզվական իրողությունների բազմակողմանի օբյեկտիվ ուսումնասիրությունը նրան հնարավորություն են տվել ազատագրվելու այդ դպրոցի սահմանափակ վածությունից և որոշ հարցերի լուսաբանման մեջ մոտենալ մարքսիստական լեզվաբանության սկզբունքներին կամ ուղղակի ընդունելու դրանք, ինչպես, օրինակ, լեզվի ծագման խնդրում:
Հրաչյա Աճառյանի հայագիտական ուսումնասիրությունների կարևորագույն բնագավառներից մեկն է եղել հայոց լեզվի պատմությունն ու պատմահամեմատական քերականությունը: Այս ուղղությամբ կատարած իր հետազոտությունների արդյունքներն ամփոփված են «Հայոց լեզվի պատմություն» երկհատոր աշխատության մեջ (Ա մաս, 1940, Բ մաս,1951): Նոր ժամանակներում շատ են գրել ու գրում են ուրիշ լեզուների պատմություն, որոնք, սակայն, իրականում այս կամ այն լեզվի պատմահամեմատական կամ միայն պատմական քերականությունն են հանդիսանում: Աճառյանի այս աշխատությունը բոլորովին այլ բնույթ ունի. այստեղ տրվում է նախ հայոց լեզվի առաջացման պատմությունը, ապա` հայերենի բառամթերքի մանրամասն պատմությունը, որ ընդգրկում է գրեթե ամբողջ առաջին մասը և երկրորդ մասի որոշ գլուխներ, և վերջապես` հայերենի կրած պատմական փոփոխությունները նրա զարգացման տարբեր շրջաններում և այդ շրջանների (վիպասանական, դասական կամ մեսրոպյան, հետմեսրոպյան, հունաբան հայերեն, միջին հայերեն, լատինաբան հայերեն, աշխարհաբար` բազմաթիվ բարբառներով հանդերձ) լեզվի նկարագրությունը (Բ. մաս): Բառամթերքի ուսումնասիրության տեսակետից այս աշխատությունը օրգանական շարունակությունն է կազմում «Արմատական բառարանի»:
Եթե «Արմատական բառարանում» ամփոփված են հայերեն արմատները և նրանց ստուգաբանությունը, ապա այստեղ այդ բոլոր ստուգաբանությունների հիման վրա խմբավորված են բոլոր բառերն ամենից առաջ ըստ իրենց ծագման, որով և նախ` պարզված է, թե ինչն է «բնիկ-հնդեվրոպական» ապա` թե օտար լեզուներից հայերենն ինչ ազդեցություն է կրել բառամթերքի կողմից: Դրանցից յուրաքանչյուրի մեջ էլ բառերը դարձյալ ըստ իրենց նշանակության տարբեր խմբավորումների ենթարկելով, հեղինակը ցույց է տալիս, թե ինչ արժեք են ներկայացնում նրանք հայ ժողովրդի տնտեսական ու քաղաքական կյանքի պատմության համար, թե յուրաքանչյուր լեզվից փոխ առած բառերը, յուրաքանչյուր լեզվի ազդեցությունը հայերենի վրա ինչ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար` քաղաքակրթության տեսակետից: Բնականաբար բառացանկերը տալուց առաջ հեղինակը լուսաբանում է պատմական այն հանգամանքները, որոնց մեջ այս կամ այն լեզվից հայերենը ազդեցություն է կրել: Առաջին հերթին հայերի նախապատմության ու «հնդեվրոպական նախահայրենիքից» գաղթելու մասին խոսելով` նա նկարագրում է հնդեվրոպացիների, ապա՝ հայերի քաղաքակրթության աստիճանը նախնական շրջանում, այնուհետև տալիս այն բոլոր հայերեն բառերը, որոնք հնդեվրոպական ծագում ունեն, այսինքն «բնիկ» հայերեն են. այստեղ յուիաքանչյուր բառի դիմաց տրված են հնդեվրոպական վերականգնված նախաձևը և ցեղակից լեզուների միջև եղած համապատասխան ձևերը: Այնուհետև հեղինակն անցնում է ուրիշ լեզուների ազդեցությանը:
Հայտնի է, որ Աճառյանը հայագիտության հիմնական հարցերում, հատկապես հայերենի ցեղակցության հարցում, Հյուբշմանի դպրոցին է հետևում: Իբրև այս դպրոցի վերջին և մեծագույն ներկայացուցիչ, իր աշխատությունների հատկապես «Հայոց լեզվի պատմության » մեջ ամփոփել է այն բոլոր արդյունքները, որոնք ձեռք են բերված հայերենի ուսումնասիրության մեջ այս դպրոցի տարբեր ներկայացուցիչների կողմից`ավելացնելով իր ուսումնասիրությունների արդյունքները:
Առաջին հատորի մեջ առանձնակի կարևորություն են ներկայացնում առաջին երկու գլուխները («Հնդեվրոպական նախաշրջան» և «Հնդեվրոպական բարբառները և հայերենի դիրքը նրանց մեջ»), որտեղ հեղինակը քննության է առնում լեզվի պատմական զարգացման, լեզուների ցեղակցության, հայերենի և հնդեվրոպական լեզուների ցեղակցության և ցեղակից լեզուների շարքում նրա գրաված դիրքի և նրա կազմավորման հարցերը: Աճառյանը ելնում է այն ճիշտ դրույթից, որ լեզուն` հասարակական երևույթ լինելով` զարգանում է հասարակության հետ, նա ունի իր անընդհատ զարգացման ընթացքը, ունի յուր «ձևափոխությունների» պատմությունը: Ընդունելով լեզվի պատմականությունը և նրա կապը հասարակության հետ` հեղինակը գտնում է, որ լեզվի զարգացման համար գոյություն ունեն երեք գործոններ. Առաջինը և ամենակարևորը լեզվի ներքին «բարեշրջությունն է», նրա էվոլյուցիան, նրա բնական զարգացումը, որ մի հարատև պրոցես է լեզվի կյանքում. այսինքն` հեղինակը լիովին ընդունում է լեզվաբանական անընդհատությունը: Երկրորդ գործոնն է համարում օտար ազդեցությունները, որոնք նույնպես մեծ դեր են խաղում լեզվի զարգացման մեջ: Վերջապես երրորդը` անհատական նորմուծություններն են, որոնք մեծ մասամբ գրական ճանապարհով են կատարվում և լեզվի զարգացման մեջ շատ ավելի փոքր դեր են խաղում:
Անցնելով մասնավորապես հայերենին, հեղինակը, իհարկե, անվերապահորեն հնդեվրոպական լեզու է համարում այն` հիմնվելով քերականության վրա, որ ընդունվում է իբրև լեզվի անխառն մասը. «Լեզվաբանությունը հաստատել է, որ հայերենը պատկանում է լեզուների այն մեծ ընտանիքին, որ հայտնի է գիտության մեջ հնդեվրոպական լեզվաբուն անունով»:
Երկրորդ հատորում հետաքրքրական են այն գլուխները, որոնց մեջ քննության են առնվում հայերենի քերականության կրած փոփոխությունները, հայերենի բարբառների առաջացման, միջին հայերենի ու ժամանակակից հայերենի կազմավորման հարցերը: Հենց սրանից է բխում այն մեծ գիտական արժեքը, որ ներկայացնում է Հ. Աճառյանի «Հայոց լեզվի պատմություը», որով հեղինակը հիմնադրել ու ինքն իսկ ամբողջական ուսումնասիրության է ենթարկել հայագիտության այս ճյուղը, հանրագումարի է բերել նախորդ շրջաններում արվածը` խստագույն գիտական քննության բովով անցկացնելով այն և իր կողմից ավելացնելով սեփական հետազոտությունների արդյունքները:
Հայերենի պատմահամեմատական ուսումնասիրությանն է նվիրված Հ. Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի`համեմատու թյամբ 562 լեզուների» մեծարժեք մենագրությունը, որ բաղկացած է 10 հատորից.
1. Ներածություն
2. Ձայնաբանություն
3. Գոյական
4. Ածական և թվական
5. Դերանուն
6. Բայ
7. Դերբայ, նախադրություն, մակբայ, շաղկապ
8. Շարահյուսություն
9. Բառաքննություն
10. Իմաստաբանություն
Սրանցից, հաջորդականության որոշ խախտումով, առայժմ հրատարակված է միայն 3 հատոր. Ներածությունը, 1-ին հատորը` Ածական և թվական և 2-րդ հատորը` Դերանուն: Վերջին երեք հատորները (շարահյուսություն, բառաքննու թյուն, իմաստաբանություն) ներկայացնում են անմշակ նյութեր, իսկ մյուսները հիմնականում ավարտված են և հրատարակության համար կարիք ունեն միայն մասնակի լրացումների: Խոսքի մասերից յուրաքանչյուրին նվիրված մասում` նյութերի ուսումնասիրությունը հեղինակը կատարում է հետևյալ սկզբունքով` նախ քննության է առնում լեզվական տվյալ երևույթը համեմատվող բազմաթիվ լեզուներում և դրանով իսկ ամբողջական գաղափար տալիս այն մասին, թե տվյալ երևույթը ինչ դրսևորումներ ունի աշխարհի լեզուներում. սա աշխատության ընդհանուր լեզվաբանական մասն է, որ յուրաքանչյուր բաժնի առաջին հատվածն է կազմում: Այդ ընդհանուր լեզվաբանական մասին հաջորդում է այն գլուխը, որի մեջ քննության է առնվում տվյալ երևույթը հնդեվրոպական լեզուների մեջ`սկսած «հնդեվրոպական նախալեզվից», որ և կազմում է հնդեվրոպական լեզուների համեմատական քերականության բաժինը: Այնուհետև հեղինակն անցնում է հայերենին` քննության առնելով նույն երևույթը պատմահամեմատական մոտեցմամբ, այսինքն, նախ հայերենի տվյալ երևույթը քննում է հնդեվրոպական լեզուների համեմատությամբ, մեկնաբանում նրա առաջացումն ու նախնական շրջանում կրած փոփոխությունները և ցույց տալիս այդ կետում եղած ընդհանրություններն ու տարբերությունները հայերենի ու ցեղակից լեզուների միջև, ապա` ամենայն մանրամասնությամբ քննում է տվյալ երևույթը պատմականորեն` իր բոլոր դրսևորումներով` գրաբարում, միջին հայերենում, հայերեն բարբառներում և ժամանակակից հայերենում: Այսպիսով, աշխատության բոլոր բաժիններն էլ բաղկացած են երեքական մասից. ընդհանուր լեզվաբանություն, հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն և հայերենի պատմահամեմատական քերականություն: Նյութի այսպիսի բազմակողմանի ընդգրկումը այս աշխատությանը տալիս է լեզվաբանական հանրագիտարանի բնույթ:
Այսպիսով, հայոց լեզվի պատմահամեմատական քերականության բնագավառում Հրաչյա Աճառյանը ամփոփել է այդ ուղղությամբ կատարված բոլոր ուսումնասիրությունները, ավելացրել իր հետազոտությունների արդյունքները և ստեղծել այնպիսի մի աշխատություն, որը հիմնականում սպառում է հայերենի համեմատական ու պատմական ուսումնասիրության բոլոր կարևորագույն հարցերը:
Հրաչյա Աճառյանի գիտական ուսումնասիրությունների կարևորագույն բնագավառներից մեկն էլ եղել է հայոց լեզվի բառագանձի քննությունը: Երկար տարիների ընթացքում զանազան առիթներով նա հրատարակել է բառագիտական հետազոտություններ, որոնց մեջ բացատրել է հին ձեռագրերում գործածված բառերի իմաստը, ճշտել տարբեր գրություններ ունեցող հին բառերի ձևը, քննել իր կողմից մատենագրության մեջ հայտնաբերված նորագյուտ բառերը և, վերջապես, ստուգաբանել բազմաթիվ բառեր: Բազմաթիվ հոդվածներով և առանձին գրքերով լույս տեսած իր բառագիտական ու ստուգաբանական հետազոտություններով նա շարունակեց անվանի հայագետների արդյունավետ աշխատանքը հայերենի բառագանձի ուսուոմնասիրության բնագավառում: Սակայն այդ ուղղությամբ կատարած նրա աշխատանքների մեջ որպես գլուխ գործոց է մնում շուրջ քառասուն տարիների աշխատանքի արգասիքը հանդիսացող «Հայերեն արմատական բառարանը» (Երևան, 1926-1932), վեց հատորից բաղկացած մի ծովածավալ աշխատություն, որին նայելն անգամ պատկառանք է ներշնչում: Յոթերորդ հատորն է կազմում հավելվածը, որ լույս է տեսել 1935 թվականին: Համեստ վերնագիր կրող այս աշխատությունը լիակատար ցանկն է հայերեն լեզվի արմատների,նրանց բացատրությամբ, քերականական տեղեկություններով ու ստուգաբանությամբ հանդերձ: Բառարանում հերթականությամբ ամփոփված են հայերեն բոլոր արմատները. յուրաքանչյուր բառի մասին խոսված է հինգ բաժնով. 1) Բառագիտություն, որտեղ տրվում են` արմատը (գլխատառով գրված), այդ արմատի հոլովական ու խոնարհման ձևերը, նշանակությունը, վկայություններ` բառի գործածության մասին, նրանցից կազմված բառերը, և վերջապես, տարբեր գրությունները: 2)Ստուգաբանություն, որ կազմում է բառարանի հիմնական, ամենակարևոր մասը. այստեղ հեղինակը բերում է արմատի ստուգաբանությունը, որ իր կողմից ճիշտ է համարված. հեղինակը, սակայն, առաջարկված բազմաթիվ ստուգաբանություններն ընդունելու կամ մերժելու մեջ միայն իր ընտրությամբ չի բավականացել. նա յուրաքանչյուր ստուգաբանություն ճիշտ կամ անճիշտ համարելու համար ստացել է Հյուբշմանի, իսկ նրա մահվանից հետո` Մեյեի հավանությունը. այնպես որ` «Այսքան զգուշությունից հետո, կարծում եմ, որ իբր ուղիղ նշանակված ստուգաբանությունները իրոք կարելի է ստույգ համարել» (հատ. 7, էջ 17): 3) Ստուգաբանությունների պատմություն. այս բաժնում հեղինակն ամփոփում է բոլոր այն բառազննական քննությունները կամ` նույնիսկ դիտողությունները, որոնք կատարվել են 5-րդ դարից մինչև բառարանի հրատարակությունը` հայ կամ օտար հեղինակների կողմից: Այստեղ հեղինակը բերում է տվյալ արմատի մասին եղած բոլոր ստուգաբանությունները, որոնք երկրորդ բաժնում տեղ չեն գտել իբրև անճիշտ, ինչպես և հայտարարում է, թե ով է առաջին անգամ առաջարկել ճիշտ ստուգաբանությունը. այսպիսով տրվում է հայերեն բառերի ստուգաբանության կատարյալ պատմությունը: 4) Գավառական բառեր, որտեղ տրված են յուրաքանչյուր արմատի ստացած զանազան ձևերը հայերեն զանազան բարբառներում: Այս բաժինն առանձնապես մեծ կարևորություն ունի հայերենի բարբառների ուսումնասիրության համար. հեղինակը կազմել է 30 գավառների (բարբառներ և ենթաբարբառներ) բառացանկը և ներմուծել բառարանի այս բաժնի մեջ: Այս մասի արժեքը է'լ ավելի մեծանում է այն պատճառով, որ հայերենի շատ բարբառներ այժմ անհետացել են, մանավանդ առաջին համաշխարհային պատերազմից հետո` հենց պատերազմի հետևանքով, ուստի և նրանցից գիտության համար պահպանված նյութը միայն այստեղ եղածն է: 5) Հայերենից փոխառյալ բառեր, որոնց մեջ տրված են, թե հայերեն այսինչ բառը, որ լեզվի մեջ է մտել՝ իբրև փոխառություն. այս բաժինը նույնպես կարևոր է այն տեսակետով, որ ցույց է տալիս հայերենի ազդեցությունն ուրիշ լեզուների վրա, մի բան, որով առհասարակ լեզվաբանները քիչ են զբաղվել:
Արմատական բառարանը ամփոփումն է հայ լեզվաբանության մի ճյուղի, այն է` ստուգաբանության. նրա մեջ ամփոփված է այն ամենը, ինչ որ որևէ ժամանակ, որևէ մեկի կողմից, որևէ հայերեն բառի մասին ասված է. դրա շնորհիվ է, ահա, որ դարագլուխ կազմող այս աշխատությունը դարձել է հայագիտության ամենամեծ արժեք գործերից մեկը:
«Արմատական բառարանի» լրացումը կարելի է համարել «Հայոց անձնանունների բառարանը», հինգ հատորից բաղկացած մի մեծածավալ աշխատություն, որի չորս հատորն է առայժմ հրատարակված (1942-1948): Այս աշխատության մեջ հեղինակը հավաքել, դասավորել և ուսումնասիրել է հայոց լեզվի մեջ գործածվող բոլոր անձնանունները` սկսած հնագույն ժամանակներից մինչև տասնհինգերորդ դարը. 1500 թվականից հետո միայն գրականության ու պատմության մեջ նշանավոր անձերի անուններն է հավաքել: Յուրաքանչյուր անվան մասին խոսում է երկու հատվածում. առաջինում բերում է անունը` տալով նրա ծագումը կամ ստուգաբանությունը, և հիշելով նրա փաղաքշական ու ժողովրդական ձևերը: Երկրորդ հատվածում պատմական հաջորդականությամբ բերված են նույն անունը կրող բոլոր անձինք` տալով նրանց մասին կենսագրական համառոտ տեղեկություններ (եթե կան), ապա և` այն բոլոր տեղերը, ուր հիշատակված է այդ անձը ամբողջ հայ հին մատենագրության, ձեռագրաց ցուցակների և հեղինակի կողմից առանձնապես կարևոր համարված նոր աղբյուրների մեջ: Այդ ընդարձակ ծրագիրը ևս հեղինակն ի կատար է ածել բացառիկ բարեխղճությամբ և ուշադրությամբ և այսպիսով տվել մի աշխատություն, որ չափազանց մեծ արժեք է ներկայացնում թե' հայ լեզվաբանության, թե' հայոց պատմության և թե' հայ բանասիրության համար:
Հայոց լեզվի բառային կազմի կարևոր մասն են կազմում այն բազմաթիվ հայերեն բառերը, որոնք գործածվում են բարբառներում և որոնք մուտք չեն գործել գրականության մեջ: Ուստի և հայերենի բառային կազմի ամբողջական ուսումնասիրությունը պահանջում է նաև մեր բարբառների հարուստ ու բազմակողմանի բառամթերքի հավաքումն ու քննությունը: Եվ այս գործում էլ, ահա, Հ. Աճառյանն առաջին մշակներից մեկն էր. նրան է պատկանում հայերեն բարբառների բառարանը, որ լույս է տեսել 1913 թվականին, «Հայերեն գավառական բառարան» խորագրով: Այստեղ ամփոփված են ավելի քան 40 բարբառների ու ենթաբարբառների մոտ 30000 բառ: Թեև, ինչպես հեղինակն է խոստովանում, այս բառարանի հրատարակությունը կատարված է հակառակ իր կամքի և իր բացակայությամբ, որի պատճառով էլ հնարավորություն չի ունեցել վերանայելու և անհրաժեշտ լրացումներն ու փոփոխությունները կատարելու, բայց և այնպես, այդ վիճակում էլ հայերեն բարբառների լավագույն բառարանն է, թեև միակը չէ (իբրև մրցակից ունի Ամատունու «Հայոց բառ ու բանը», որ պարունակում է 16000 բառ և ոճ):
Վերջապես Աճառյանի բառաքննական-բառարանագրական աշխատանքների թվին է պատկանում նաև «Թուրքերենե փոխառյալ բառեր հայերենի մեջ» աշխատությունը, որ հրատարակվել է 1902 թվականին, և ընդգրկում է թուրքերենից հայերեն բարբառներին անցած բառերը. Հեղինակը որպես հիմնական աղբյուր վերցրել է Պոլսի հայերեն բարբառը, որ ամենից ավելի շատ փոխառություններ ունի թուրքերենից:
Այսպիսով, Հրաչյա Աճառյանը իր բառարաններով ու բառագիտական հետազոտություններով ևս խոշոր ավանդ է թողել հայագիտության գանձարանում: Ավարտելով ուսումը և լեզվաբանական անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելով` Աճառյանը, իբրև հայագետ, նախ և առաջ իր ուսւոմնասիրության առարկան է դարձնում հայերենի բազմաթիվ ու բազմազան բարբառները: Օգտագործելով հայերեն բարբառների մասին մինչև այդ եղած ուսումնասիրությունները և ավելացնելով իր հետազոտությունների տվյալները, նա առաջին հերթին զբաղվում է բարբառների գիտական դասակարգման հարցով և նրանց ընդհանուր նկարագրությմբ: Դրան է նվիրված նրա «Classification des dialects arméniens» («Հայ բարբառների դասակարգումը») աշխատությունը, որ իբրև դիսերտացիա ներկայացվել է Սորբոնի համալսարանին ու լույս է տեսել 1909 թվականին` ֆրանսերեն լեզվով` և որը, վերամշակված ու ընդարձակված, լույս է տեսել հայերեն 1913 թ.Նոր Նախիջևանում, «Հայ բարբառագիտություն» խորագրով:
Թե որքան ճիշտ է կարողացել լուծել իր առջև դրած խնդիրը` հայերեն բարբառների դասակարգումը, պարզ է դառնում այն բանից, որ հետագա բառարանագիտական բոլոր ուսումնասիրությունները նորանոր տվյալներով հաստատեցին այդ դասակարգումը: Իր աշխատության մեջ Աճառյանը ցույց է տալիս, որ աշխարհագրական դասակարգումը չի տալիս հայերեն բարբառների ճշգրիտ պատկերը. Արևելյան և Արևմտյան կոչված խմբերը իրենց մեջ ընդգրկում են բարբառներ, որոնք միանգամայն տարբեր են իրենց հիմնական քերականական հատկանիշներով. hնչյունական տարբերությունները նույնպես դասակարգման հիմք չեն կարող հանդիսանալ, որովհետև մի կողմից` իրարից բոլորովին տարբեր, նույնիսկ տարբեր ճյուղերի մեջ մտնող բարբառները հնչյունական միևնույն հատկանիշներն ունեն (ինչպես` պայթականները Ագուլիսի և Մեղրու բարբառներում), մյուս կողմից` երբեմն միևնույն բարբառի խոսվածքները տարբեր հնչյունական հատկանիշներ ունեն (ինչպես` պայթականները Նոր-Նախիջևանի խոսվածքներում): Ելնելով այս բոլորից, Աճառյանը գտնում է, որ հայերեն բարբառների դասակարգման հաստատուն հիմք կարող են ծառայել ձևաբանական տարբերությունները: Քննության առնելով բարբառների ունեցած ձևաբանական տարբերությունները նա հանգում է այն եզրակացության, որ ամենից ավելի աչքի ընկնող ձևաբանական տարբերությունը սահմանական եղանակի ներկայի և անցյալ անկատարի կազմությունն է, “որին զուգադիպում է նաև ներգոյականի և երբեմն էլ բացառականի կազմության եղանակը: Բարբառների մի մասը հիշյալ բայական ձևերը կազմում է -ում մասնիկով, մի ուրիշ, ավելի ստվար մասը` կը նախամասնիկով և մի ավելի փոքր մասն էլ -ել վերջավորությամբ: Այսպես` բերում եմ, բերում էի,- կը բերիմ, կը բերէի,- բերել եմ, բերել եմ էր”: Այսպիսով, Աճառյանը, հիմնվելով իր հետազոտությունների վրա, հայերեն բոլոր բարբառները բաժանում է երեք ճյուղի, կոչելով դրանք ում, կը, ել ճյուղեր: Այս դասակարգումն է, ահա, որ ընդունված է հայ բարբառագիտության կողմից: Հետագայում, ճիշտ է, այդ դասակարգումը ենթարկվել է որոշ ճշտումների ու լրացումների, բայց և այնպես նա մնացել ու մնում է իբրև հայերեն բարբառների գիտական դասակարգման հիմք:Իր բարբառագիտական հետազոտություններով Հ. Աճառյանը մշակեց նաև բարբառների ուսումնասիրության մի սիստեմ, որ անխախտ կերպով պահպանված է հայերեն առանձին բարբառներին նվիրված նրա բոլոր մենագրություններում: Այդ սիստեմի համաձայն մանրամասն քննության են առնվում ուսումնասիրվող բարբառի հնչյունական համակարգը, հնչյունափոխությունները, ձևաբանությունը, ինչպես և շարահյուսական այն առանձին երևույթները, որոնք տվյալ բարբառի յուրահատկություններն են կազմում: Այս սիստեմը, սակայն, որոշ չափով թերի է. բարբառի ուսումնասիրությունն ամբողջական կլինի միայն այն դեպքում, երբ նույնպիսի խորությամբ քննության ենթարկվի նաև բառային կազմը: Հիշյալ սիստեմով Հ. Աճառյանը ուսումնասիրել է հայերեն բազմաթիվ բարբառներ. այդ ուսումնասիրություններից լույս են տեսել Մարաղայի, Ագուլիսի,Նոր Ջուղայի, Նոր-Նախիջևանի, Ղարաբաղի, Համշենի, Առտիալի, Պոլսի, Վանի բարբառներին նվիրված մենագրությունները:
Այսպես, ուրեմն, շուրջ 60 տարվա իր գիտական գործունեության ընթացքում Հրաչյա Աճառյանը իրեն հատուկ բարեխղճությամբ ու գիտական մեծագույն հմտությամբ ուսումնասիրել է հայերեն բարբառները, նրանց պատմությունն ու արդի վիճակը և իր հետազոտություններով հիմնադրել ու զարգացրել հայագիտության ճյուղերից մեկը ևս, հայ բարբառագիտությունը:
Մենք փորձեցինք այս համառոտ ակնարկում բնութագրել Հրաչյա Աճառյանի հայագիտական ու ընդհանուր լեզվաբանության ամենագլխավոր գործերը: Դրանցով, սակայն, չեն սպառվում ոչ միայն նրա աշխատությունները, այլև հայագիտության այն ճյուղերը, որոնցով նա զբաղվել է իր բեղմնավոր գիտական գործունեության ընթացքում և որոնք հարստացրել է նույնպես ոչ նվազ արժեքավոր աշխատություններով: Նրա գրչին են պատկանում հայ գրերի գյուտին և նրանց զարգացման պատմությանը, հայ հին մատենագրության բազմազան հարցերի, հայ նոր գրականությանը, հայ ժողովրդի պատմության զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ մենագրություններ և գիտական առանձին հոդվածներ, որոնց մասին հանգամանորեն խոսել այս ակնարկի մեջ հնարավոր չէ: Անհնարին է նաև անդրադառնալ ձեռագիր վիճակում մնացած աշխատություններին, որոնց ցուցակը տրվում է մատենագիտական ցանկում:
Այսպես, ուրեմն, Հրաչյա Աճառյանը մեր ժամանակի ամենաբեղմնավոր և ամենամեծ հայագետ-լեզվաբանն է, որի բազմաթիվ գիտական աշխատություններից յուրաքանչյուրը մի կոթող է հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում: Իր գիտական գործունեության հետ միասին նա միշտ էլ զուգակցել է մանկավարժական աշխատանքը և մինչև իր կյանքի վերջին օրն էլ ամենագործուն մասնակցություն ունեցել երիտասարդ հայագետների պատրաստման գործին: