Cover Image
close this bookՀովհաննիսյան Աշոտ Գարեգինի (1887-1972)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԱ. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Գարեգինի Հովհաննիսյանը ծնվել է 1887 թ. հունիսի 17 – ին, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Ռուսական առաջին հեղափոխության տարիներին նա ուսանում էր Շուշիի ռեալական ուսումնարանում։
1906 թ. Աշոտ Հովհաննիսյանը ավարտում է ուսումնարանը և բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնում է Գերմանիա։ Այնտեղ նա ուսանում է Ենայի, Հալլեի և Մյունխենի համալսարաններում։ Ուսումնառության տարիներին ուսումնասիրում է փիլիսոփայություն, պատմություն, տնտեսական գիտություններ, տիրապետում է գերմաներեն, ֆրանսերեն և լատիներեն լեզուներին։
Մտահոգված լինելով հայ ժողովրդի ազատագրության գաղափարով՝ Ա. Հովհաննիսյանն սկսում է ուսումնասիրել նրա ազգային-ազատագրական դարավոր պայքարի պատմությունը։ Երկարատև պրպտումներից ու մտորումներից հետո լույս է տեսնում նրա ատենախոսությունը Մյունխենում, 1913 թ, գերմաներենով՝ «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը» վերնագրով, որի համար նրան շնորհվում է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։
Գիտության մեծ պաշարով զինված՝ Աշոտ Հովհաննիսյանը վերադառնում է Անդրկովկաս և աշխատանքի անցնում հայրենի Շուշի քաղաքի հայկական հոգևոր սեմինարիայում ՝ դասավանդելով գերմաներեն և ընդհանուր պատմություն։
Մեկ տարի հետո՝ 1914 թ. Աշոտ Հովհաննիսյանը՝ գալով Վաղարշապատ, աշխատանքի է անցնում Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Նրան գրավում էր Գևորգյան ճեմարանի հայագիտական միջավայրը և ճեմարանի մատենադարանում պրպտումներ կատարելու հնարավորությունը։ Ճեմարանում նա դասավանդում էր ընդհանուր պատմություն, քաղաքատնտեսություն, լատիներեն և գերմաներեն։ Նա գրում է մեծ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հոդվածներ, որոնք հրատարակվում են «Արարատ» ամսագրում կամ լույս են տեսնում առանձին գրքույկներով։
Հայ պատմագիտության մեջ կարևոր և առանցքային հարցերից մեկը եղել և մնում է ազգային-ազատագրական շարժումների ուսումնասիրությունը։ Եվ պատահական չէ, որ ազգային-ազատագրական շարժումների հանգամանալից հետազոտությունը գտնվել է հայ պատմաբանների ուշադրության կենտրոնում։
Աշոտ Հովհաննիսյանը իր «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» երկհատոր աշխատության մեջ հանգամանալից վերլուծության ենթարկեց հայ ազատագրական մտքի էվոլյուցիան՝ վաղ միջնադարից մինչև նոր ժամանակաշրջանի շեմը։ Այդ աշխատության մեջ պատմաբանը չի սահմանափակվում միայն հայ ազատագրական տեսիլների ու լեգենդների տեսությամբ, նա ցույց է տալիս պատմական տարբեր ժամանակաշրջանների առանձնահատկությունները, տվյալ ժամանակահատվածին բնորոշ սոցիալական միջավայրը և դրանցում տեսիլների կրած ձևական ու որակական փոփոխությունները։ Վերլուծելով պատմության պահպանած և մեզ հասած փաստերը՝ պատմաբանը ցույց է տալիս այն զարտուղի կածանները, որոնցով ընթացել է հայ ժողովրդի ազատագրական միտքը, քննարկում է հայ ազատագրական շարժման գործիչների ունեցած երբեմնի սին պատրանքները։ Հովհաննիսյանի ուշադրության կիզակետում է գտնվել հատկապես այն փաստերի ուսումնասիրությունը, որոնք նախապատրաստել ու սկզբնավորել են ազատագրության համար պայքարող հայ ժողովրդական զանգվածների քաղաքական, պատմության կողմից արդարացված շրջադարձը դեպի Ռուսաստան, որոնք Իսրայել Օրուն, Եվրոպայում կատարած երկարատև ու ապարդյուն դիմում- բանակցություններից հետո տարան Մոսկվա։ Քաղաքական այդ բախտորոշ շրջադարձն էր, որ նոր ոգի ու մարմին հաղորդեց հայ ազատագրական վաղեմի լեգենդին։ Իմաստավորելու և տրամաբանորեն ըմբռնելի դարձնելու համար հայ ազատագրական մտքի շրջադարձը՝ Աշոտ Հովհաննիսյանը մանրամասնորեն մեկնաբանում է արևմտաեվրոպական տերությունների հետ կատարված բանակցությունները, վեր է հանում քաղաքական նախորդ ուղեծրի սնանկությունը և դրա հիմնապատճառները։
Աշոտ Հովհաննիսյանի գիտական ժառանգության մեջ կարևոր տեղ են գրավում 19-րդ դարի երկրորդ կեսի հայ հեղափոխական – դեմոկրատական մտքի ռահվիրա Միքայել Նալբանդյանի կյանքին և գործունեությանը նվիրված ուսումնասիրությունները։ Դեռևս 1930-ական թվականներին, Մոսկվայի և Լենինգրադի կենտրոնական արխիվներում պրպտումներ կատարելիս, Աշոտ Հովհաննիսյանը հայտնաբերում է հայ մեծ հեղափոխական-դեմոկրատի մի շարք անտիպ երկասիրություններ, որոնք կարող էին նոր լույս սփռել Նալբանդյանի ողջ գործունեության վրա։
1935 թ. Աշոտ Հովհաննիսյանը հրատարակում է Միքայել Նալբանդյանի «Անտիպ երկերը», իսկ 1955-1956 թվականներին հրատարակում է Մ. Նալբանդյանին նվիրված մի նոր կապիտալ գործ՝ «Նալբանդյանը և նրա ժամանակը» վերտառությամբ։ Ուսումնասիրության մեջ հանգամանալից կերպով ներկայացված է 1850-60-ական թվականներին հայկական իրականության մեջ եղած հասարակական – քաղաքական չորս հոսանքները՝ կղեա – աղայական, լիբերալ – բուրժուական, ազգային – պահպանողական և հեղափոխական – դեմոկրատական ՝ իրենց գործելակերպով և նպատակադրումներով, տարաձայնություններով և պայքարի ուրույն մեթոդներով։
Հասարակական-քաղաքական հիշյալ հոսանքների գաղափարական ու քաղաքական բնութագիրը միաժամանակ հնարավորություն է տալիս բացահայտել նրանց հետագա էվոլյուցիան 70-80-ական թվականներին հայ հասարակական-քաղաքական կյանքում կատարված վերախմբավորումների մեջ։
Բացի ստվարածավալ մենագրություններից, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանն ունի բազմաթիվ փոքրածավալ հետազոտություններ, գիտական հոդվածներ, որոնք նվիրված են հայ ժողովրդի պատմության ամենատարբեր ժամանակաշրջանների առանձին հարցերի։ Դժվար է գերագնահատել այդ հետազոտությունների նշանակությունը, որովհետև դրանք նոր լույս են սփռում այնպիսի հարցերի վրա, որոնք տարակարծություններ են առաջացրել հետազոտող մասնագետների մոտ։
Ինչպես հեղափոխական բուռն պայքարի տարիներին, այնպես էլ սովետական իշխանության հաստատումից հետո՝ երկրի սոցիալիստական վերակառուցման տարիներին, մշտապես գտնվելով պայքարի առաջավոր դիրքերում, ակադեմիկոսն արձագանքել է կյանքի առաջադրած կենսական ու առաջնահերթ հարցերին։ Նա ունի բազմաթիվ մեծ ու փոքր հոդվածներ՝ ուղղված մեր գաղափարական հակառակորդների դեմ, որտեղ մերկացնում է նրանց և ժողովրդին է ներկայացնում այն իդեալը, հանուն որի պետք է պայքարել ՝ առանց կյանքը խնայելու։
Աշոտ Հովհաննիսյանը առաջիններից էր, որ ձեռնամուխ եղավ Հայաստանում սովետական կարգերի հաստատման պատմությունը գրելուն։ «Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը» աշխատության մեջ նա քննության է ենթարկել Մայիսյան ապստամբությունը, իսկ «Համազգային կրիզիսը» նվիրված է Հայաստանում սովետական կարգերի հաստատման նախապայմանների վերլուծությանր։ Այս աշխատություններում ընդհանուր գծերով տրված են Հայաստանում սովետական իշխանության համար մղված պայքարի կարևորագույն էտապները, փորձ է արված բացահայտելու Հայաստանում սոցիալիստական հեղափոխության հաղթահակի համար մղված պայքարի օրինաչափությունները։
Աշոտ Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս են տեսել բազմաթիվ պատմագիտական աշխատություններ, որոնք իրենց վրա կրում են հմուտ խմբագրի ազդեցության կնիքը։
Անձնվեր քաղաքացու և խոշոր գիտնականի անուրանալի ծառայությունները հարազատ ժողովրդին և հայրենի գիտությանը ըստ արժանվույն են գնահատվել ժամանակակիցների կողմից և կգնահատվեն նաև ապագա սերունդների կողմից, քանի որ նրա կյանքը գիտությանը և ժողովրդին բոլորանվեր ծառայելու ուսանելի օրինակ է։