Cover Image
close this bookՖանարջյան Բարդուղիմեոս Արտեմի (1898-1976)
View the documentԲ. Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԲ. Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ, ՍՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Բարդուղիմեոս Արտեմի Ֆանարջյանը հայրենական ռենտգենաբանության հիմնադիրներից մեկն է, ուռուցքաբանության և ռադիոգիտության հիմնադիրը Հայաստանում, հայկական ռենտգենաբանության դպրոցի ստեղծողը։ Նրա անունը քաջ ծանոթ է առողջապահության բնագավառում, ինչպես նաև լայն հասարակայնությանը։
Ռենտգենային ախտորոշմանը վերաբերող նրա մենագրությունները, ձեռնարկները և դասագրքերը երկրի ռենտգենաբանների համար դարձել են սեղանի գիրք։
Բարդուղիմեոս Արտեմի Ֆանարջյանը ծնվել է 1898 թ. սեպտեմբերի 1-ին Ախալցխայում /Վրաստան/, ատաղձագործի ընտանիքում։ 1917 թ. ավարտել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանը, իսկ 1924 թ.՝ Բաքվի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։
Դեռևս դպրոցական տարիներին Բ.Ա. Ֆանարջյանը աչքի է ընկել բացառիկ աշխատասիրությամբ, արտակարգ հիշողությամբ և գիտելիքներ ձեռք բերելու բուռն ձգտումով։ Այդ հատկանիշները առավել ցայտուն դրսևորվեցին հետագայում՝ առողջապահության ասպարեզում նրա բազմակողմանի գիտական գործունեության մեջ։
Բ.Ա. Ֆանարջյանի բժշկական գործունեությունն սկսվում է 1924 թ. Թբիլիսիում։ Մեկ տարի հետո նա հրավիրվում է Հայաստան և ռենտգենագիտության բնագավառում կատարելագործվելու նպատակով գործուղվում Գերմանիա։
Ակադեմիկոս Ֆանարջյանի անվան հետ է կապված Հայաստանում ռենտգենառադիոգիտության, հետագայում նաև ուռուցքաբանության ճյուղի ստեղծումը, կազմավորումը և հաջող զարգացումը։ 1926 թ. Երևանում Բ.Ա. Ֆանարջյանը հանրապետական կլինիկական հիվանդանոցին կից կազմակերպում է առաջին ռենտգենառադիոգիտական բաժանմունքը՝ հագեցած ռենտգենաախտորոշման և ռենտգենաթերապևտիկ նորագույն սարքավորումներով։ Հետագա տարիներին այդ բաժանմունքը զգալիորեն ընդլայնում է ռենտգենյան կաբինետների թիվը, բացվում են Հայաստանում առաջին ստացիոնար մահճակալները՝ օնկոլոգիական բաժնի հիվանդների համար։
Պրոֆեսոր Ֆանարջյանը կազմակերպում է ռենտգենաախտորոշման կաբինետներ նաև Երևանի տարբեր հիվանդանոցներում և հանրապետության մի շարք քաղաքներում ու շրջաններում։
Հանրապետության բնակչության բժշկական սպասարկման գործում նոր տեխնիկայի կիրառումը պահանջում էր համապատասխան կադրերի պատրաստում, և պրոֆեսոր Ֆանարջյանը իրեն հատուկ եռանդով ձեռնամուխ է լինում ռենտգենաբանների, ռենտգենլաբորանտների և ռենտգենտեխնիկների պատրաստման գործին։ Կազմակերպչական և գործնական աշխատանքը ոչ միայն չի խանգարում, այլև օգնում է նրա գիտամանկավարժական գործունեությանը։
Ակադեմիկոս Բ.Ա. Ֆանարջյանի նախաձեռնությամբ 1927 թ. Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետին կից կազմակերպվում է ռենտգենաախտորոշման կուրս, որը հետագայում հիմք է դառնում Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնի ստեղծման համար։
1932 թ. Բ.Ա. Ֆանարջյանին շնորհվում է դոցենտի, իսկ 1936 թ.՝պրոֆեսորի գիտական կոչում։ 1941 թ. ապրիլին նա նշանակվում է Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնի վարիչ, սակայն վերահաս Հայրենական մեծ պատերազմը ստիպում է նրան վերադառնալ Հայաստան։
Հայրենական պատերազմի տարիներին Բ.Ա. Ֆանարջյանը ամբողջովին նվիրվում է սովետական բանակի մարտիկների բարձրորակ բժշկական օգնությունն ապահովելու և բժիշկ – ռենտգենաբաններ պատրաստելու գործին։ Սովետական կառավարությունը՝ բարձր գնահատելով բժիշկ – գիտնականի ծառայությունները բանակի բժշկական սպասարկման գործում, նրան պարգևատրել է Սովետական Միության շքանշաններով և մեդալներով։
1946 թ. հունվարին ՍՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ Երևանում կազմակերպվում է ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտ, որի անփոփոխ տնօրենը և գիտական ղեկավարը Բ.Ա. Ֆանարջյանն էր՝ մինչև իր կյանքի վերջը։
Իրականացավ գիտնականի վաղեմի երազանքը. ինստիտուտը դարձավ խոշոր գիտագործնական կենտրոն՝ իր հակի տակ հավաքելով մեծավաստակ գիտնականի աշակերտներին և երիտասարդ մասնագետներին։
Բ.Ա. Ֆանարջյանի գործունեությունը անխզելիորեն կապված էր հանրապետության գիտությունների ակադեմիայի հետ, որի թղթակից անդամ է ընտրվել 1945 թվականից, 1956 թվականից՝ ակադեմիկոս։ Նա բազմիցս ընտրվել է կենսաբանական և բժշկակենսաբանական բաժանմունքների ակադեմիկոս – քարտուղար, ՀՍՍՀ ԳԱ նախագահության անդամ, կազմակերպել և գլխավորել է ՀՍՍՀ ԳԱ «Էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդեսը»։
Հայրենասեր գիտնականը չէր սահմանափակվում իր մասնագիտական շրջանակներում, ակտիվորեն մասնակցում էր հանրապետության կուսակցական և սովետական օրգանների ու բազմաթիվ հասարակական կազմակերպությունների աշխատանքներին, գլխավորում էր ռենտգենաբանների , ռադիոգետների և ուռուցքաբանների հանրապետական ընկերությունը, մի շարք համամիութենական ընկերությունների վարչության և միութենական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ էր, իսկ 1964 թվականից՝ ռենտգենաբանների համամիութենական ընկերության պատվավոր անդամ։ Ակադեմիկոս Ֆանարջյանը ակտիվորեն մասնակցել է նաև համամիութենական և միջազգային համագումարների և գիտաժողովների, սակայն համաշխարհային ճանաչման և համբավի նա հասել է իր գիտական գործունեության շնորհիվ։
Բ.Ա. Ֆանարջյանի աշխատությունները, որոնք « Вестник рентгенологии и радиологии » հանդեսում տպագրված խմբագրական հոդվածի արտահայտությամբ «հիմք դրեցին սովետական ռենտգենաբանությանը» իրոք նշանակալից երևույթ են հայրենական բժշկագիտության մեջ։
Մեծ է ակադեմիկոս Ֆանարջյանի թողած գիտական ժառանգությունը։ Նրա գրչին են պատկանում ավելի քան 150 աշխատություն, այդ թվում 20 ստվար մենագրություն և ձեռնարկ։
Ներքին օրգանների ախտաբանությունը, որը հնարավոր է ենթարկել ռենտգենաբանական հետազոտության, այս կամ այն չափով ուսումնասիրվել է գիտնականի կողմից և արտացոլվել նրա բազմաթիվ աշխատություններում։
Բ. Ա. Ֆանարջյանի գիտական ժառանգության մեջ հատկապես խիստ կարևորվում է «Ռենտգենադիագնոստիկայի ձեռնարկը» , որն ունեցել է մի քանի հրատարակություն և մինչև օրս ամենանշանակալից գործն է բժշկագիտության տվյալ ասպարեզում։ Այդ ձեռնարկով ուսանել և ուսանում են սովետական ռենտգենաբանների ամբողջ սերունդներ։
Այդ աշխատության առաջին հրատարակությունն իրականացվել է Երևանում 1934-1939 թթ.։ Ձեռնարկի առաջին մասը՝ «Արյան շրջանառության օրգանները» առաջին մենագրությունն էր նաև ռուսերեն լեզվով՝ նվիրված սրտի և անոթների հիվանդությունների ռենտգենային ախտորոշմանը։ 1935 թ. լույս է տեսնում ձեռնարկի երկրորդ մասը՝ «Մարսողական տրակտ», երկու պրակով /«Կերակրափող, ստամոքս» և «Աղիքներ»/։ 1939 թ. հրատարակվում է երրորդ մասի առաջին պրակը՝ «Շնչառության օրգաններ»՝ առանձին լույս տեսած ատլասի հետ միասին։ Հայրենական մեծ պատերազմը ընդհատեց ձեռնարկի ամբողջական հրատարակումը. երրորդ մասի երկրորդ պրակը, որը շնչառական օրգանների, միջնապատի և ստոծանու ռենտգենաախտորոշման շարունակությունն է, մնաց անավարտ։
1947-1951 թթ. մեծ տպաքանակով լույս տեսավ «Ռենտգենադիագնոստիկայի ձեռնարկի» երկրորդ, զգալիորեն ընդլայնված և բարեփոխված հրատարակությունը՝ բաղկացած երկու ստվար հատորներից։ Առաջին հատորը նվիրված է կրծքավանդակի օրգանների, իսկ երկրորդը՝ մարսողական ուղիների հիվանդությունների ռենտգենաախտորոշմանը։ Այդ գիրքրը լույս է տեսել նաև ռումիներեն։
Բ.Ա. Ֆանարջյանը մեծ ուշադրություն է նվիրել հանրապետության ուսանողների և բուժաշխատողների համար ռենտգենաախտորոշման դասագիրք և ձեռնարկ ստեղծելուն։ Այդ նպատակով նա հայերեն է հրատարակել «Ձեռնարկի» երկու մասը՝ «Արյան շրջանառության օրգաններ» /1937/ և «Մարսողական տրակտ», պր. 1. / «Որկոր, ստամոքս, 1938 /, ինչպես նաև «Ռենտգենադիագնոստիկա» դասագիրքը /1952/։
1951 թվականին Բ.Ա. Ֆանարջյանը հրատարակեց նաև «Ռենտգենադիագնոստիկա» դասագիրքը՝ որպես ուսումնական ձեռնարկ բժշկական ինստիտուտների համար, որտեղ հեղինակը առաջին անգամ կանգ է առնում ռենտգենտեխնիկայի, ռենտգենֆիզիկայի հարցերի վրա, նկարագրում է ռենտգենաբանական հետազոտության հատուկ մեթոդիկան, ինչպես նաև շարադրում ոսկրահոդային համակարգի հիվանդությունների ռենտգենաախտորոշման հիմունքները։ Գիրքը, լրացված և վերափոխված ձևով, վերահրատարակվել է հետմահու։ Այն թարգմանվել է նաև չինարեն։
Ակադեմիկոս Ֆանարջյանի հետազոտական աշխատանքի առաջին բաժինը նվիրված էր տասներկումատնյա աղիքի հիվանդությունների ռենտգենաախտորոշման ուսումնասիրմանը։ Նա հեղինակ է այդ թեմայով ռուսերեն լեզվով առաջին մենագրության, որը լույս է տեսել 1933 թ.։ Հեց դա էլ ներկայացվել է որպես դոկտորական ատենախոսություն, որը Բ.Ա. Ֆանարջյանը պաշտպանել է 1936 թ. Խարկովում։ Այս հետազոտության մեծ նշանակության մասին է վկայում այն փաստը, որ հեղինակի կողմից նկարագրված տասներկումատնյա աղիքի խոցի որոշման ախտանիշը մտել է համաշխարհային ռենտգենաբանական գրականության մեջ որպես «Ֆանարջյանի օրինաչափություն»։
Մի շարք աշխատություններում և, հատկապես, վերոհիշյալ մենագրության մեջ Բ.Ա. Ֆանարջյանը ուսումնասիրված հարուստ նյութի, ինչպես նաև ռենտգենաբանական հետազոտության մեթոդիկայի ասպարեզում ձեռք բերված նվաճումների հիման վրա տալիս է տասներկումատնյա աղիքի ռենտգենաախտորոշման հանգամանալից շարադրանքը, բազմաթիվ նոր, բացառիկ արժեք ունեցող տվյալներ է ներմուծում տարբեր հիվանդությունների՝ մասնավորապես տասներկումատնյա աղիքի կոճղեզի խոցային հիվանդության ճանաչման հարցում։
«Ֆանարջյանի օրինաչափությունը» բազմիցս ստուգվել է Երևանում, Ժելեզնովոդսկում, արտացոլվել հայրենական և արտասահմանյան մամուլում, ինչպես նաև ռենտգենաբանների միջազգային կոնգրեսի աշխատություններում։ Չնայած մենագրության առաջին հրատարակումից անցել է կես դար, նրա հիմնական դրույթները մինչև այժմ պահպանում են իրենց արժեքը։
Գիտնականի գիտահետազոտական աշխատանքում, նրա ամբողջ կյանքի ընթացքում հատուկ տեղ է գրավել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ռենտգենաախտորոշման ուսումնասիրությունը։
Ա.Բ. Ֆանարջյանի հետազոտական աշխատանքի երկրորդ բաժինը՝ կրծքավանդակի օրգանների՝ մասնավորապես սրտի և թոքերի հիվանդությունների ուսումնասիրությունն է։ Նա հետազոտել է աորտայի, թոքային սրտի ռենտգենաախտորոշման, կիմոգրաֆիայի և անգիոկարդիոգրաֆիայի հարցերը։ Արժեքավոր շատ բան է ներդրել Ա.Բ. Ֆանարջյանը թոքախտի, պլևրիտի, սիլիկոզի և առաջին հերթին թոքերի քաղցկեղի ու ատելեկտազի ռենտգենաախտորոշման մշակման մեջ։ Նա ներկայացրել է յուրօրինակ դասակարգումներ, աշխատանքային սխեմաներ, որոնք զգալիորեն նպաստել են այդ հիվանդությունների համակարգմանն ու նրանց ճիշտ և ժամանակին ախտորոշմանը։ Հետազոտման հատուկ մեթոդների կիրառումը, ինչպիսիք են բրոնխոգրաֆիան , տոմոգրաֆիան, ընդլայնեց նրա գիտական պրպտումների շրջանակները այդ ասպարեզում։ Թոքերի հիվանդությունների ռենտգենային ախտորոշմանն է վերաբերում Բ.Ա. Ֆանարջյանի մենագրությունը՝ նվիրված թոքերի էխինոկոկի ռենտգենաախտորոշմանը / հեղինակակիցներ՝ Ս.Ա. Հովհաննիսյան, Վ.Ա. Կարապետյան/։
Երրորդ բաժինն ընդգրկում է Բ.Ա. Ֆանարջյանի այն աշխատությունները, որոնք վերաբերում են ռենտգենյան ճառագայթների կենսաբանական ազդեցության ուսումնասիրմանը և նրանց օգտագործմանը տարբեր տեղայնացում ունեցող չարօրակ ուռուցքների և բորբոքային կամ դեգեներատիվ բնույթի ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման համար։ Այս աշխատություններով Բ.Ա. Ֆանարջյանը Հայաստանում հիմք դրեց գիտական ու գործնական ռադիոգիտությանը և ռադիոկենսաբանությանը։
Երեսուն տարիների ընթացքում ՝ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտի հիմնադրման օրից, ակադեմիկոս Ֆանարջյանի միտքը հիմնականում բևեռված է եղել ուռուցքաբանության հարցերի վրա։ Այդ ինստիտուտում նա ստեղծեց լաբորատորիաներ և ուռուցքաբանական կլինիկա։
Պրոֆեսոր Բ.Ա. Ֆանարջյանի ղեկավարությամբ ռենտգենաախտորոշման և ուռուցքաբանության գծով պաշտպանվել են 40 թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։ Նրա ղեկավարությամբ հրատարակված «Вопросы рентгенологии» ժողովածուի տաս հատորները մեծ ներդրում են գիտական ուռուցքաբանության մեջ Հայաստանում։
Բ.Ա. Ֆանարջյանի մենագրությունները, ձեռնարկներն ու դասագրքերը, որոնցով սովորել ու սովորում են ռենտգենաբանների սերունդներ, բազմիցս վերահրատարակվել են ու թարգմանվել տարբեր լեզուներով, այդ թվում չինարեն և ռումիներեն, իսկ Շվեդիայում հրատարակված «Ձեռնարկը» համարվում է հիմնական դասագիրք երկրի բժշկական ուսումնական հաստատությունների համար։
Բ.Ա. Ֆանարջյանը զեկուցումներով հանդես է եկել միջազգային կոնգրեսներում՝ Իտալիայում, Ամերիկայում, Մեքսիկայում, Կանադայում, Ճապոնիայում, Ռումինիայում։ Նրա անունը տեղ է գտել ԱՄՆ-ում հրատարակվող «Ով՝ ով է գիտության մեջ» հանրագիտարանում։
Սովետական կառավարությունը բարձր գնահատելով պրոֆեսոր Բ.Ա. Ֆանարջյանի գիտական բարձր հեղինակությունը և վաստակը հայրենական ռենտգենաբանության և առողջապահության զարգացման գործում, նրան պարգևատրել է Լենինի, «Պատվո նշան», Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, մեդալներով և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրերով, իսկ 1977 թ. հանրապետության Մինիստրների խորհուրդը մեծավաստակ գիտնականի հիշատակը հավերժացնելու նպատակով ՀՍՍՀ Առողջապահության նախարարության ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտը կոչել է նրա հիմնադրի՝ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Բարդուղիմեոս Արտեմի Ֆանարջյանի անունով։